Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին
25 Ապրիլ 2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրոսցի պատգամավոր, խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը` ձգտելով հայաթափել Արցախը: Պատգամավորը նշել է, որ առանց արցախյան հակամարտության արդարացի լուծման հնարավոր չէ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատել: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը Եվրոպական խորհրդարանից գործուն քայլեր է ակնկալում. մասնավորապես, որպեսզի կառույցը ճնշում գործադրի ԵՄ գործադիր մարմինների վրա, որ նրանք հարկադրեն Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի վճիռը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել Արցախի շրջափակմանը: Ըստ պատգամավորի` դա քաղաքական խնդիր է, որի հետեւանքով հումանիտար խոր ճգնաժամ է առաջացել: Խորհրդարանականը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել Արցախում:
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը տեղեկացրել է, որ այցի ընթացքում եղել է Սյունիքի մարզում, արձանագրել ադրբեջանական առաջխաղացումները: Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի պատգամավորը վստահեցրել է հայ գործընկերներին` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին զեկույց է պատրաստելու եւ ներկայացնելու է ինչպես Եվրոպական խորհրդարանին, այնպես էլ Եվրահանձնաժողովին: