Խաղաղության պայմանագիր չի կնքվելու. լինելու է պատերազմի և կապիտուլյացիայի փաստաթուղթ
08 Մայիս 2023
Խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման պատմական օրը դատարանի դահլիճում են զինվորականներ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը և Շուշիի ազատագրող հրամանատարներից մեկը Սեյրան Օհանյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Կոռուպցիայի հարցերով դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի նույն օրը դատարանի դահլիճում էին Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը:
Պատգամավորի խոսքով, այն իշխանութունների մոլագարության ցուցանիշն է:
Նա կարծիք հայտնեց, որ խաղաղության պայմանագիր չի կնքվելու և եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն լինելու է պատերազմի և կապիտուլյացիայի փաստաթուղթ. «Նախ՝ իշխանության ջանքն է ամեն անգամ «խաղաղություն-խաղաղություն» շրջանառելով մարդկանց մտքերի վրա ազդել, թե իրականում ինչ-որ բան ստորագրվելու է:
Ընդդեմ կապիտուլյացիայի այսօր ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես խոչընդոտ, վտանգ, նույնիսկ մահացած մարդիկ են դիտարկվում որպես խոչընդոտ և վտանգ, ինչնպես օրերս «Նեմեսիսի» հուրշարձանի շուրջ քննարկումները փաստեցին»,-ասաց Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են դատվում հայ գեներալները և արդյոք փաստը կապ ունի ստորագրվելիք փաղաղության պայմանագրի հետ:
Հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմությունը այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը թույլ չտալու համար, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Շատ բան է անում: Օրինակ, շաբաթ օրը եթե մեր պատգամավորների հետ լինեիք Տավուշում կամ Ջերմուկում կամ Վայքում, դա ավելի ցցուն կլիներ: Այս երկու տարվա մեջ առաջին անգամ է, որ ցանկացած բնակավայրում, այն ժամանակ, որ մարդիկ անտարբեր էին, ամեն մեկն իր դարդով, ցավով էր, այսօր ամենացցուն այն է, որ ուր գնում ես, խոսում են անվտանգության սպառնալիքի մասին: Առաջին անգամ կարող եմ արձանագրել, որ հանրության մեջ էլեկտրականացվածությունը, անվտանգության հարցում անհանգստությունը շատ ցցուն է դարձել»: