ԱԱԾ-ն հրաժարվում է տրամադրել որևէ տեղեկատվություն, որը կվկայի Մուրադ Փափազյանի «հակապետական» կամ «ահաբեկչական» մտադրությունների մասին
17 Մայիս 2023
Գործող իշխանությունը իրականացնում է հայապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց Հայաստան մուտքի զանգվածաբար արգելքով։ Այս մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործով դատական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, ինչից հետո վերջինս դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։
«Այս մարդիկ դեմ են ՀՀ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու այնքան հստակ է այստեղ քաղաքական դրդապատճառը, որ այլ բան մտածելու տեղ չի էլ թողնում»,-ասաց Մինասյանն ու շեշտեց. «Հիմա, որպեսզի իշխանությունը իր դեմքը փրկի, էն որ «ժողովրդավարություն» է ամբողջ օրը խոսում, գոռգոռում Եվրոպայում և աշխարհով մեկ, էստեղ պետք է պարտվի, հակառակ դեպքում հաստատվելու է նրա բռնապետական հերթական փորձը»։