Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները
20 Հունիս 2023
Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին իրար հակասող այնքան հայտարարություններ է արել, որ ամբողջ հակասությունները պարզելու համար մի ամբողջ նախաքննություն է պետք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այդ բոլոր հակասությունների հիմնական մեխը մեկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ։ Նույնիսկ իրավական քննության մասին չպետք է լինի քննությունները, բոլոր գործուն դեմքերը պետք է խոսեն իրար հետ, հասկանանք՝ ինչ կատարվեց։ Շուշին մեկ դրվագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկզիբ է առել սեպտեմբերի 25-ին։ Ինքը չի ասում՝ սեպտմբերի 27-ին, ժամը 07։00-ին պատերազմի լուրն առավ, ի՞նչ արեց։ Առաջին օրով Նիկոլը բանաստեղծություն է դնում իր էջում։ Դու լսում ես՝ Արցախը ռմբակոծվում է ու բանաստեղծություն ես դնում։ Իր էջում տանկերի տեղաշարժի վիդեո է դնում, զանգում եմ, ասում՝ անասունին ասեք, թող հանի, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, հանեցին»,- ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ հանձնաժողովն ինքնին անհամաչափ պայմաններ է ստեղծել, որովհետեւ նախկինում բոլոր հարցաքննությունները եղել են փակ դռների հետեւում, եւ իրենց հայտարարություններից ոչ մեկս տեղյակ չենք։
«Անդրանիկ Քոչարյանը շատ բան կարող է ասել, ես Օնիկ Գասպարյանի հայտարարություններին տեղյակ չեմ, որ ասեմ՝ ցուցմունքներն իրար հակասում են, թե՝ ոչ․ այ այստեղ է խաղը։ Պատերազմի ընթացքի մասին անհնար է ուղիղ եթերում նստել ու խոսել, որովհետեւ մենք գործ ունենք ռազմական բազմաթիվ գաղտնիքների հետ։ Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու են հարցաքննությա՞ն, որ օբյեկտիվությունը հասկանանք։ Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետեւ ես արդեն 18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես «Հայկական ժամանակի» խմբագիր։ Անդրանիկ Քոչարյանը թող Նիկոլին ասի նախ Արցախի ճանապարհը բացի, հետո Արայիկ Հարությունյանին ու Սամվել Բաբայանին հրավիրի»,- նշեց Գեղամ Մանուկյանը։