Արմեն Գրիգորյանը ներկայացրել է արցախահայերին վերաբերող մի շարք հարցեր
12 Հոկտեմբեր 2023
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իրենց հետ չեն կարողացել բերել իրենց փաստաթղթերը՝ անձնագիր, զինվորական գրքույկ, բնակարանի, բնակելի տան կամ այլ անշարժ գույքի սեփականության վկայական և այլն։ Այս ամենը պետք է վերականգնել՝ ստեղծելով առանձին հարթակ, առանձին արցախահայության հարցերով զբաղվող մարմին։ Այս մարդկանց սեփականության փաստաթղթերը առաջին հերթին իրենց իրավունքների վերականգնման մարդասիրական, պահանջատիրական, քաղաքական կարիքների բավարարաման համար է։
Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել և վերականգնել Արցախի պետական բոլոր գերատեսչությունների կայքերը, փոխել ծածկագրերը, հնարավորության դեպքում վերականգնել ամբողջ բազան։ Հարցը պետք է դառնա առաջնային օրակարգ։
Պետք է միջազգային ատյաններում պահանջել, որպեսզի Ադրբեջանը հետ քաշվի և մարդիկ կարողանան գնալ և վերցնել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։ Հայաստան պետք է տեղափոխվի պատմամշակութային արժեք համարվող և տեղափոխվելու համար ամեն ինչ՝ օրինակ Գանձասարի Մատենադարանի, ազգային թանգարանի, եկեղեցապատկան ցուցանմուշները։
Չափազանց կարևոր է, որպեսզի Արցախից Հայաստան տրանսպորտային միջոցներին չտուգանվեն օրինակ Երևանի տխրահռչակ կարմիր գծերի համար։ Պետությունը բյուջեից պետք է հատկացնի նաև նշված տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրերի համար անհրաժեշտ գումարը՝ հետագա վթարներից, դրանցում առաջացած բարդություններից խուսափելու համար։
Հայաստան պետք է բերվի Արցախի պետական համալսարանի պրֆեսորադասախոսական, կազմի և ուսանողների գործերը՝ եթե առկա են, եթե ոչ պետք է վերականգնել անմբողջը։ Արցախցի ուսանողներին պետք է ազատել զինվորական կոմիսարիատներից տեղեկանքների ներկայացման պահանջը և ավարտողներին անխոչընդոտ տրամադրել դիպլոմները։
Եվ առհասարակ մի շարք պարտադիր կարգավորումներ պետք է վերանայվեն, պարզեցվեն և պրոցեսները գործի դրվեն։ Որքան երկար մնաց խնդիրներն այսպես, այնքան ավելի կբարդանա և լուծումները կդժվարանան։
Անհրաժեշտ է վերանայել մի շարք իրավական ակտեր՝ օրենքներ, կառավարության և գերատեսչական որոշումներ կատարել շտկումներ և կարգավորել առկա վիճակը։
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ
