Արդարության համար պայքարները երբեք չեն դադարելու
13 Հոկտեմբեր 2023
Հոկտեմբերի 12-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր մամուլի գործիչ, հրապարակախոս Վաչե Բրուտյանը: Նա անդրադարձել է տասնամյակներ ձգվող արաբա-իսրայելական հակամարտության պատմությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև վերջին օրերին բռնկած պաղեստինա-իսրայելական զինված բախումներին: Այս հակամարտությունը երբեք չի լուծվի, քանի դեռ չլուծված կմնան իրենց անկախության ու ազատության համար պայքարող պաղեստինցիների արդարացի պահանջները՝ նշել է Վաչե Բրուտյանը: Նրա կարծիքով՝ բոլոր ազգերի միջազգային իրավունքները պաշտպանող առանձին գերտերություններ տասնամյակներ շարունակ երկակի ստանդարտներ են կիրառել այս խնդրի կարգավորման գործընթացում: Նույնը կատարվում է նաև այս օրերին՝ ասել է Վաչե Բրուտյանը: Նա զուգահեռներ է անցկացրել նաև Արցախի և Պաղեստինի նկատմամբ համապատասխանաբար՝ Ադրբեջանի և Իսրայելի վարած քաղաքականությունների միջև՝ նշելով, որ Արցախի հարցում նույնպես մենք ականատես եղանք միջազգային հանրության երկակի մոտեցումներին:
Մամուլի գործիչն անդրադարձել է նաև խնդրի արծարծման գործում հայկական լրատվության միջոցների դերակատարությանը: Նրա կարծիքով՝ հայկական լրատվամիջոցները հաճախ կրկնում և այդկերպ տիրաժավորում են ժողովուրդների ազատ կամքի վրա բռնացող տերությունների քարոզչությունն ու բառապաշարը, իրականությունը ներկայացնում բուն կոնտեքստից կտրված, մինչդեռ նման դեպքերում պետք է հանդես բերել Հայաստանի շահերից բխող մոտեցումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
