ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գրախօսութիւններ. «Ռոստոմի Անտիպ Նամակները» Հրատարակութեան Պատրաստութիւն, Խմբագրութիւն Եւ Ծանօթագրութիւն` Երուանդ Փամպուքեանի, «Վէմ» Մատենաշար, Թիւ 4, Եր., «Լուսակն», 2022, 732 Էջ*

30 Հոկտեմբեր 2023

ՅՈՎԻԿ Բ. ԳՐԻԳՈՐԵԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու

Բանալի բառեր – անտիպ նամակներ, ՀՅԴ Կեդրոնական արխիւ, «Դրօշակ»-ի խմբագրութիւն, ՀՅԴ Բիւրօ, «Պատճէնների մատեան», «Սեւագրութիւնների» մատեաններ, հայ ազատամարտ:

19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատամարտի յորձանուտում ծնուել են այնպիսի բացառիկ անհատականութիւններ, որոնք աչքի էին ընկնում իրար յաջորդող իրադարձութիւնները կանխատեսելու, դրանց հնարաւոր հետեւանքները հաշուարկելու եւ բարդ իրավիճակների յաղթահարման համար ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակութեամբ: Նրանցից էր ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը (Ստեփան Զօրեան), որ շուրջ երեք տասնամեակ լինելով հայ իրականութեանն առնչուող գրեթէ բոլոր առանցքային իրադարձութիւնների կեդրոնում` հանդէս է բերել ամենաբարդ պայմաններում անգամ պայքարի մարտավարական խնդիրներն առանձացնելու եւ դրանց գործնական լուծումներն ուրուագծելու անուրանալի կարողութիւններ: Ուստի բնական է, որ նրա կեանքին ու գործունէութեանն առնչուող իւրաքանչիւր նոր վաւերագրի` գիտական շրջանառութեան մէջ դրուելու փաստը դուրս է գալիս անձնական ու կուսակցական հետաքրքրութիւնների շրջանակից եւ դառնում հայոց նոր պատմութեան հիմնախնդիրներով զբաղուող պատմաբանների ու քաղաքագէտների հետաքրքրութեան առարկան: Այս առումով հաճելի անակնկալ է ՀՅԴ պատմութեանը խորագիտակ, բազմամեայ հետազօտող Երուանդ Փամպուքեանի կողմից Ռոստոմի անտիպ նամակների նոր հատորի հրատարակութիւնը(1):

Վերջին հարիւրամեակում Ռոստոմի վերաբերեալ տարաբնոյթ հրապարակումների (փաստաթղթեր, յուշեր, ուսումնասիրութիւններ) պակաս չի զգացուել: Սփիւռքում դեռեւս 1920-ականներից, իսկ Հայաստանում անկախութեան շրջանում հրատարակուած բազմաթիւ ուսումնասիրութիւններում արժեւորուել է նրա ներդրումը հայ ազատամարտում եւ հայոց պետականութեան վերականգնման գործում: Տասնամեակների ընթացքում տարբեր ձեւաչափերով հրատարակուել են նաեւ Ռոստոմի գրչին պատկանող յօդուածներ կամ անմիջականօրէն նրան առնչուող փաստաթղթեր: Այդ գործընթացի սկիզբը դրուել է նրա մահուան 10-րդ տարելիցի առթիւ «Դրօշակ»-ում հրատարակուած արժէքաւոր նիւթերով եւ Ս. Վրացեանի խմբագրութեամբ լոյս տեսած «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան» ժողովածուի զոյգ հատորներով: Աւելի ուշ այդ փաստաթղթերի մի մասը վերահրատարակուել է Հ. Տասնապետեանի, ապա Է. Փամպուքեանի կազմած «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» բազմահատորեակի տարբեր հատորներում: Հ. Տասնապետեանը դրանք ի մի է բերել Ռոստոմի մահուան 60-րդ տարելիցի առթիւ տպագրուած հատորում եւ 80-րդ տարելիցի առթիւ հրատարակուած «Նամականի»-ում(2):

Վերոնշեալ հրատարակութիւններից յետոյ էլ չէր բացառւում ՀՅԴ Կենտրոնական արխիւի եւ յատկապէս տարբեր երկրների արխիւների ֆոնտերում Ռոստոմին առնչուող նոր վաւերագրերի ի յայտ գալը: Բայց այն, ինչ արել է Հ. Տասնապետեանի գործը շարունակող Ե. Փամպուքեանը, վեր է բոլոր սպասելիքներից եւ, անկասկած, հիացմունքի է արժանի: Վերջին տասնամեակների իր յամառ պրպտումների շնորհիւ նա յայտնաբերել է «Դրօշակ»-ի խմբագրութեան եւ ՀՅԴ տարբեր ղեկավար մարմինների անունից Ռոստոմի ուղարկած նամակների պատճէնները, ՀՅԴ Կենտրոնական արխիւի մատեաններում պահուող` Ռոստոմի ձեռագրով գրուած սեւագիր գաղտնի հրահանգները եւ այլ փաստաթղթեր: Դրանց մի մասը հրատարակուել է «Վէմ» հանդէսի էջերում(3), իսկ ամբողջութեամբ ընթերցողի դատին է յանձնուել գրախօսուող ժողովածուի տեսքով:

Ռոստոմի անտիպ նամակների նոր ժողովածուն բնաւ չի կրկնում ժամանակին Հ. Տասնապետեանի հրատարակած «Նամականի»-ն, այլ գալիս է հարստացնելու եւ հնարաւորինս ամբողջացնելու այն` բնականաբար տեղ թողնելով նաեւ հետագայ յաւելումների համար: 732 էջանոց ստուարածաւալ հատորում զետեղուած 735 տարաբնոյթ նամակների ու գրութիւնների եւ 1917 թ. Սթոքհոլմում կայացած Սոցինտերնի համաժողովին Ռոստոմի ներկայացրած «Յիշատակագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» ծաւալուն փաստաթղթի հարուստ բովանդակութիւնը թոյլ է տալիս միանշանակ պնդել, որ գիտական հանրութեան քննութեանն է ներկայացուել վաւերագրերի մի հարուստ փունջ, որն անխուսափելի է դարձնում քննութեան առարկայ ժամանակաշրջանի տարբեր հարցերի վերաբերեալ նոր մօտեցումներ մշակելու կամ կարեւոր ճշգրտումներ կատարելու խնդրի լուծումը:

Ե. Փամպուքեանի այս հատորում ներառուած նամակները, ըստ իրենց բնոյթի եւ բովանդակութեան, պայմանականօրէն կարելի է բաժանել երեք խմբի`

Պոսթընի արխիւի տարբեր թղթածրարներում պահպանած եւ Ռոստոմի ստորագրութիւնը կրող նամակներ(4),
ՀՅԴ տարբեր մարմինների ու «Դրօշակ» պաշտօնաթերթի անունից, բայց Ռոստոմի ձեռագրով շարադրուած նամակներ, որոնց մեծ մասը քաղուած է «Պատճէնների մատեան» կոչուող ստուարածաւալ տետրերից,
«Սեւագրութիւններ» խորագիրը կրող մատեաններում յայտնաբերուած` Ռոստոմի գրչին պատկանող նամակներ: Այդ մատեաններում ներառւում էին գաղտնի հրահանգներ ու տեղեկատուութիւն պարունակող այն գրութիւնները, որոնք, գաղտնի թանաքով արտագրուելով, ուղարկւում էին Թուրքիայում եւ Ռուսաստանում գործող ՀՅԴ մարմիններին կամ անհատ գործիչներին:
Ե. Փամպուքեանն անշուշտ ճիշդ է վարուել, երբ այս երեք խումբ փաստաթղթերն առանձին բաժիններով չի ներկայացրել: Մասնաւորապէս «Պատճէնների մատեանի» տետրերից եւ «Սեւագրութիւնների» մատեաններից քաղուած նամակները ներկայացւում են մէջընդմէջ` ապահովելով դրանց հրապարակման ժամանակագրական յաջորդականութիւնը: Ժողովածուն դրանից միանշանակ շահում է, քանի որ հասկանալի են դառնում նամակների փոխկապակցուածութիւնը, քննարկուող հարցերի տրամաբանական կապը, ինչը թոյլ է տալիս պատկերացում կազմել ՀՅԴ մարմիններին կամ գործիչներին ուղղուած հրահանգների ու յանձնարարականների արդիւնաւէտութեան մասին:

Պատմաբանների համար բացառիկ հետաքրքրութիւն են ներկայացնում յատկապէս «Սեւագրութիւնների» մատեաններից քաղուած նամակները: Դրանց հասցէատէրերը պարտաւոր էին բովանակութեանը ծանօթանալուց յետոյ անմիջապէս ոչնչացնել դրանք, ուստի տրամաբանական է, որ այդ նամակների բնագրերը ժամանակին գրեթէ ամբողջութեամբ կորսուել են: Դա նշանակում է, որ այդ մատեաններում պահպանուած գրութիւնները, այդ թւում` Ռոստոմի գրչին պատկանողները, բացառիկ սկզբնաղբիւրի արժէք ունեն: Ժողովածուում ներառուած նամակների այդ խումբը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում յատկապէս հայ ազատամարտում կիրառուող մարտավարութեան նրբութիւններն ընկալելու եւ պայքարի տարբեր դրուագների վերաբերեալ ճշգրիտ տեղեկատուութիւն քաղելու առումով:

Ժողովածուում ներառուած անտիպ նամակների ընդգրկած ժամանակահատուածը լայն է` 1895 թ. մարտից մինչեւ 1918 թ. նոյեմբեր: Բովանդակային առումով, որակապէս առանձին խումբ են կազմում 1890-ականների երկրորդ կէսով թուագրուող առաջին 256 նամակները, որոնք թէ՛ թուաքանակով, թէ՛ ծաւալով կազմում են ժողովածուի աւելի քան 1/3-ը(5): Հասցէատէրերի աշխարհագրական ընդգրկումը նոյնպէս բաւականին լայն է` Թիֆլիս, Թաւրիզ, Վան, Կ. Պոլիս, Զմիւռնիա, Տրապիզոն, Կիպրոս, Եգիպտոս (Գահիրէ եւ Աղեքսանդրիա), Պուլկարիայի տարբեր քաղաքներ, Ռումանիա (Պուքրէշ, Սուլինա, Քոսթանցա), Օտեսա, Ժընեւ, ԱՄՆ, Ֆրանսա (Փարիզ, Նանսի, Մարսէյ), Լոնտոն, Պերլին, Վիեննա եւ այլն: Դրանց մեծագոյն մասը յղուած է «Դրօշակ»-ի խմբագրութեան անունից: Բայց նամակներում քննարկուող հարցերի եւ տրուած յանձնարարականների շրջանակը շատ աւելի ընդգրկուն է, իսկ մի շարք դէպքերում կարծես դուրս է «Դրօշակ»-ի խմբագրութեան իրաւասութիւններից: Ուստի յաճախ այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ այդ խմբագրութեան գործերը տնօրինող Ռոստոմը միայնակ իր վրայ էր վերցրել ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյի գործառոյթները, մարմին, որը փաստացի պէտք էր ստեղծուէր 1898 թ. տեղի ունեցած ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովից յետոյ: Հայ ազատամարտում ՀՅԴ-ի կիրառած մարտավարութեան, Oսմանեան դրամատան գրաւման, դրա մասնակիցների հետագայ ճակատագրի, Խանասորի արշաւանքի, կուսակցութիւնների միաւորման շուրջ վերակազմեալ հնչակեանների հետ բանակցութիւնների, թուրք ընդդիմադիր գործիչների հետ շփումների ու համագործակցութեան առաջին քայլերի, Արթին փաշա Տատեանի ներկայացուցիչների միջոցով սուլթանի հետ վարուող բանակցութիւնների եւ այլ խնդիրների վերաբերեալ վերոնշեալ նամակներում տեղ գտած հարուստ փաստական նիւթը բացայայտում է այդ հարցերի նոր ծալքեր եւ միանշանակ մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում դրանցով զբաղուող մասնագէտների համար:

Անտիպ նամակների անհամեմատ փոքր մի խումբ (257-276) ներառում է 20-րդ դարի առաջին տարիների (1901 թ. նոյեմբեր – 1904 թ. յունիս) գրագրութիւնը, այդ թւում` այն մի քանի ամիսների, երբ Ռոստոմը բանտարկուած էր կամ Օտեսայի աքսորավայրում էր(6):

Բանտարկութեանը նախորդող շրջանի նամակները մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում հայ ազատամարտի խնդիրներով զբաղուող մասնագէտների համար: Իսկ բանտից եւ աքսորավայրից ուղարկուած նամակները պարզորոշ վկայում են, որ անգամ նման պայմաններում Ռոստոմը դուրս չի մնացել իրադարձութիւնների յորձանուտից եւ կարողացել է իր տեսակէտները հաղորդել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերեալ: Ուշագրաւ է, որ այդ նամակներում նշուած որոշ նկատառումներ հաշուի առնուեցին կուսակցութեան կողմից ծրագրային եւ մարտավարական ճշգրտումներ կատարելու ընթացքում:

ՀՅԴ 3-րդ Ընդհանուր ժողովից յետոյ կրկին Ժընեւ անցած Ռոստոմը գլխաւորապէս ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյի, մասամբ էլ «Դրօշակ»-ի խմբագրութեան անունից 1904-1905 թթ. գրել է բազմաթիւ նամակներ (277-627), որոնք պահպանուել են «Սեւագրութիւնների» մատեաններում եւ «Պատճէնների մատեանի» տետրերում: Ակնյայտ է, որ աւելի քան 290 էջ ներառող այդ շուրջ 350 նամակներում տեղ գտած փաստական նիւթն անհամեմատ բազմազան ու հարուստ է եւ արտացոլում է ՀՅԴ-ի համար որակապէս նոր իրողութիւններ(7):

Հայ ազատամարտի պատմութեամբ զբաղուողների համար չափազանց արժէքաւոր է Ռոստոմի նամակների հաղորդած հարուստ տեղեկատուութիւնը արիւնոտ սուլթանի դէմ իրականացուած մահափորձի, Զմիւռնիայում նախապատրաստուող դաւադրական ձեռնարկների, Սասունի 1904 թ. ապստամբութեան հետեւանքների, Վանի նահանգում, Կիլիկիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում եւ Պուլկարիայում ՀՅԴ կառոյցների ծաւալած գործունէութեան մասին:

Միւս կողմից` 1905 թ. յունուարից ծաւալուած ռուսական առաջին յեղափոխութիւնը, հայ-թաթարական կռիւները նոր խնդիրներ էին դնում ՀՅԴ-ի առաջ` ուրուագծելով նրա միանգամայն նոր գործելակերպը: Հայութեան զինում եւ ինքնապաշտպանութեան կազմակերպում, Ռուսաստանում գործող ռուսական եւ այլ յեղափոխական կազմակերպութիւնների հետ համագործակցութիւն, նրանց օգնութեամբ զէնքի ու զինամթերքի հայթայթում եւ հայաբնակ շրջաններ փոխադրում, նոր պայմաններին ՀՅԴ ծրագրի ու գործելակերպի համապատասխանեցում` ահա մի քանիսն այն խնդիրներից, որոնք առաջնահերթութիւններ էին ՀՅԴ-ի համար: Բնականաբար այդ ամէնի կիզակէտում պէտք էր յայտնուէր գործի մարդ Ռոստոմը, ինչը լիովին արտացոլուել է ժողովածուում տեղ գտած անտիպ նամակներում:

Անտիպ նամակների երրորդ խումբը ժամանակագրական ընդգրկմամբ (1906 թ. մարտ – 1918 թ. նոյեմբեր) ու թուաքանակով (628-734) մեծ չէ: Դրանք ուղարկուել են Թիֆլիսից, Պաքուից, Պուլկարիայից, Ժընեւից, Ատրպատականից, Թեհրանից, Ղազուինից, Կ. Պոլսից, Կարինից, Վանից, Փարիզից, Լոնտոնից, Սթոքհոլմից, Ցարիցինից եւ շօշափում են բազմազան, յաճախ հրատապ լուծում պահանջող խնդիրներ(8): Տարբեր վայրերից յղուած լինելն ինքնին պայմանաւորել է այդ նամակներում արծարծուող խնդիրների բազմազանութիւնը` հայ-թաթարական կռիւներ, ՀՅԴ-ի դէմ Ռուսաստանում ծայր առած բռնութիւններ, ՀՅԴ-ի մասնակցութիւնը իրանական յեղափոխութեանը, թուրք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցութիւն, երիտթուրքական յեղաշրջում, ՀՅԴ-«Իթթիհատ» ոչ միանշանակ յարաբերութիւններ, հայ ազատամարտի մարտավարութեան փոփոխութիւն, արեւմտահայերի ինքնապաշտպանութեան նախապատրաստմանն ուղղուած քայլեր, կամաւորական շարժման կազմակերպում, գաղթական եւ աքսորեալ արեւմտահայերին որեւէ կերպ օգնելու փորձեր, Հայկական հարցը միջազգային հանրութեանը, այդ թւում` Սոցինտերնի քննարկմանը ներկայացնելու փորձեր եւ այլն:

Ժողովածուի վերջում որպէս յաւելուած հրապարակուել են 1917 թ. Սթոքհոլմում կայացած Սոցինտերնի համաժողովին Ռոստոմի` ՀՅԴ-ի անունից ներկայացրած «Յիշատակագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» արժէքաւոր վաւերագիրը եւ դրան առնչուող այլ գրութիւններ, որոնք բովանդակային առումով ամբողջացնում են ժողովածուն(9): Դրանց միջոցով ընկերվար հանրութեան ուշադրութեանն էր ներկայացւում համակողմանի տեղեկատուութիւն Մեծ եղեռնի, հայկական դիմադրութեան հերոսական դրուագների, արեւմտահայ մտաւորականներին բաժին ընկած դառը ճակատագրի, աքսորավայրերում տարագիր հայութեան բեկորների ծանր վիճակի, նրանց հրատապ օգնութիւն ցուցաբերելու անհրաժեշտութեան մասին, եւ հիմնաւորւում էր աշխարհամարտից յետոյ Հայկական հարցի արդարացի լուծման անհրաժեշտութիւնը: Յիշատակագրում տեղ գտած հարուստ փաստական նիւթը վկայում է ստեղծուած իրավիճակին Ռոստոմի քաջատեղեակ լինելու մասին: Ուշագրաւ է, որ յայտնի փաստերի կողքին, այս փաստաթղթում կայ բացառիկ տեղեկատուութիւն Մեծ եղեռնին զոհ դարձած առանձին գործիչների ճակատագրի մասին: Օրինակ` ՀՅԴ նշանաւոր գործիչ, օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Ա. Վռամեանի (Օ. Դերձակեան) վախճանի հանգամանքների մասին ուշագրաւ տեղեկատուութիւնը(10) հիմնականում հաստատում է տարիներ առաջ մեր կողմից շրջանառութեան մէջ դրուած փաստերը(11):

Գրախօսուող ժողովածուն գիտական նշանակալից արժէք ունի: Գնահատելի են նաեւ Ե. Փամպուքեանի տուած ծանօթագրութիւններն ու պարզաբանումները, որոնք թոյլ են տալիս հնարաւորինս ճիշդ ընկալել տպագրուած նամակների` առաջին հայեացքից մշուշոտ թուացող հատուածները: Ժողովածուում երբեմն հանդիպող վրիպակներն աննշան են, ուստի հարկ չենք համարում անդրադառնալ դրանց: Համոզուած ենք, որ գրախօսուող ժողովածուն իր վրայ կը հրաւիրի 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի պատմութեան հիմնախնդիրներով զբաղուող մասնագէտների ուշադրութիւնը, իսկ Ե. Փամպուքեանն իր անխոնջ գործունէութեամբ ապագայում եւս նոր ու հաճելի անակնկալներ կը մատուցի գիտական հանրութեանը:

Յովիկ Բ. Գրիգորեան – գիտական հետաքրքրութիւնների շրջանակը
ընդգրկում է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման պատմութեան հիմնախնդիրները: Հրապարակել է 2 մենագրութիւն ու բազմաթիւ յօդուածներ ՀՅԴ յեղափոխական պայքարի մարտավարութեան եւ հայ ազատամարտի զինման ու ֆինանսաւորման խնդիրների վերաբերեալ:

Էլ. հասցէ` [email protected]

* Ընդունուել է տպագրութեան 04.12.2022:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company