Ֆրանսիայի Սենատի բանաձեւի եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշման հակասությունները
20 Հունվար 2024
«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը պատահականություն չէ, անսպասելի չէ, այն իմաստով, որ անակնկալ ինչ-որ բան կատարվեց: Բանաձեւը Սենատում ներկայացվել էր դեկտեմբերի սկզբին: Նախագահ Մակրոնի կուսակցությունը մեծամասնություն չէ այդտեղ, եւ դա էլ պատահականություն չէր, որ Սենատում ներկայացվեց, ոչ թե Ազգային ժողովում»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին: Նրա դիտարկմամբ, Ֆրանսիայի շահերից է բխում տարածաշրջանում շարունակել դերակատար լինելը, բայց դա նաեւ ՀՀ-ի շահերից է բխում եւ պետք է կարողանալ պետությունների հետ աշխատանքում համադրել այդ շահերը՝ առանց որեւէ այլ երկրի շահին հակադրելու:
Նա նկատում է, որ Ֆրանսիան առավել հավասարակշիռ մոտեցում է դրսեւորում՝ առհասարակ կողմ արտահայտվելով ՌԴ-ի հետ Արեւմուտքի՝ ինչ-որ ձեւ հարաբերություններ ունենալուն, քան հակադրվելուն:
Բանախոսը մի քանի առումներով կարեւոր է համարում բանաձեւի ընդունումը. նախ՝ կարեւոր է, որ տարբեր պետությունների խորհրդարաններ ընդունեն այնպիսի հիմնավորված բանաձեւեր, որոնց գործակցությունը կարող է նպաստել Արցախի հանրապետության խնդիրների լուծմանը եւ ՀՀ անվտանգության ապահովմանը: Բանախոսի դիտարկմամբ, արդեն որերորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարանը համարձակվում է այնպիսի բովանդակությամբ բանաձեւեր ընդունել, որպիսի բովանդակություն, ՀՀ ԱԺ-ն իր մեծամասնությամբ, մերժում է:
Նա նաեւ նկատում է, որ ՀՀ իշխանությունները որեւէ դերակատարում չունեն սույն բանաձեւի ընդունման գործում, թեեւ ողջույնի խոսք հնչեց ԱԺ նախագահի կողմից: Իր դիտարկմամբ, ավելին, պաշտոնական Երեւանը կողմ չէ Սենատի որոշման բոլոր դրույթների հետ: Ֆրանսիայի Սենատի բանաձեւը Կիրո Մանոյանը կարեւոր է համարում նրանով, որ այն արտացոլումն է այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշման, որոնց հետ ակտիվ աշխատում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ի դեպ, նախագահ Մակրոնի քաղաքական ուժը ներկայացնող խմբակցությունն էլ միով-բանիվ կողմ է քվեարկել բանաձեւին:
Կիրո Մանոյանը չի բացառում նաեւ ԱՄՆ խորհրդարանի կողմից համանման բանաձեւի ընդունման, քանի որ համապատասխան աշխատանք Հայ դատի գրասենյակը տանում է: Բայց այս գործունեությունը կարող է էական արդյունքներ գրանցել, եթե ՀՀ իշխանությունը ճիշտ կեցվածք դրսեւորի եւ գոնե ՀՀ ԱԺ-ում հստակ արձանագրվեն Արցախի եւ ՀՀ անվտանգության հետ կապված հարցերը, որոնք դեռ տորպեդահարվում են իշխանության կողմից: Մասնավորաբար, խոսքը Ադրբեջանի կողմից գերեւարված անձանց եւ Բաքվում պահվող այլ անձանց, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին է: Մինչդեռ, ՀՀ իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով՝ ընդհուպ մինչեւ ետ վերցրեց ՀՀ-ի հայտը՝ հօգուտ COP-29-ը Ադրբեջանում անցկացնելու: Կիրո Մանոյանը սա խնդիր է համարում, քանի որ ՀՀ իշխանությունների նման կեցվածքը ուղիղ հակասության մեջ է մտնում այն աշխատանքի հետ, որը հայկական լոբբիստական կազմակերպությունները փորձում են իրականացնել եւ տվյալ երկրներում, հիմք է ընդունվում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:
Կիրո Մանոյանն այս բանաձեւով չի պայմանավորում Ֆրանսիայի ամբողջական եւ գործնական կեցվածքը, բայց հավատացնում է, որ այն ազդում է այդ երկրի կառավարության աշխատանքի վրա, որը իրականում փորձում է հավասարակշռության մեջ պահել ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:
Առաջիկայում եվրոպական 50-ից ավելի երկրներում ցույցեր եւ բողոքի տարբեր արտահայտություններ կլինեն՝ ՀՀ անվտանգությանը, Արցախի հարցին, Բաքվում գերեւարված եւ պահվող այլ անձանց վերաբերվող: Եվ եթե պաշտոնական Երեւանի դիրքորոշումները շարունակեն մնալ այնպիսիք, ինչպիսիք այսօր են, Կիրո Մանոյանի գնահատմամբ, բարդանալու է բոլորիս աշխատանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am
Մանրամասները՝ տեսանյութում
