ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ-ատրպէյճանական սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները (Բ.)

25 Հունվար 2024

Սոյն յօդուածի առաջին մասով անդրադարձել էինք սահմանազատման (delimitation) եւ սահմանագծման (demarcation) երեւոյթներին, դրանց էութեանը, իրականացման միջազգայնօրէն ընդունուած մօտեցումներին։ Յօդուածի առաջին մասում շարադրել էինք այն ընթացակարգերը, որոնցով երկու հարեւան պետութիւններ, դրսեւորելով քաղաքական կամք եւ ելնելով բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման կամ զարգացման շարժառիթից, միջազգայնօրէն ընդունուած կարգով իրականացնում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Հարեւան պետութիւնների միջպետական յարաբերութիւններին բնորոշ այս գործընթացը ընթացակարգերի եւ մօտեցումների առումով որեւէ ընդհանրութիւն սակայն չունի Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների հետ։

Ատրպէյճանի նպատակը ակնյայտօրէն շարունակում է մնալ ոչ թէ խաղաղութեան հաստատումը, այլ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ատրպէյճանը փորձում է սահմանազատումը յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեանը՝ մասնաւորապէս ստրատեգիական կարեւորութեան բարձունքներում դիրքաւորուած մնալով։

Մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրուած Ատրպէյճանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցուածքների նկատմամբ վերահսկողութիւնը պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատուածի կեանքը կաթուածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։

Ինչպէս նշեցինք նախորդիւ, 2020 թ․ աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ատրպէյճանական պարտադրմամբ, հայ-ատրպէյճանական բանակցային օրակարգի առանցքային կէտերից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկուել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ․ Մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետերի գլխաւորութեամբ ստեղծուեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի նախկին, ինչպէս նաեւ առաջիկայում պլանաւորուած հանդիպումներին, դեռեւս յուսադրութիւն չեն ներշնչում։

Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնճուկ է, որն էլ աւելի է խճճուել ատրպէյճանական զանազան պատմաշխարհագրական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։ Յօդուածի երկրորդ մասով, արդէն տեսական գիտելիքի համակարգմամբ, կ’անդրադառնանք Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդրին՝ վեր հանելու գործընթացի դժուարութեան առարկայական պատճառները եւ իրավիճակի շարունակական ապակայունացմանն ուղղուած ատրպէյճանական քաղաքականութիւնը։

Քաղաքական խոչընդոտներ

Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման գործընթացում առկայ խնդիրները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերում։ Առաջին խումբը կարող է ներառել այն խնդիրները, որոնք ուղղակիօրէն վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ երկրորդ խումբը զուտ քաղաքական խնդիրներն են, Ատրպէյճանի բացայայտ թշնամական կեցուածքը, ցեղասպանական գործողութիւնները Արցախում, որոնց անդրադարձը էականօրէն կը մեծացնի այս աշխատանքի ծաւալն ու մեզ կը շեղի բուն նիւթից։ Միայն նշենք, որ ատրպէյճանական թշնամական քաղաքականութիւնը եւ բոլորովին վերջերս ռազմատենչ հռետորաբանութեան եւ Հայաստանից տարածքային պահանջների նոր նշաձողերը, անիմաստ են դարձնում նաեւ սահմանների սահմանազատման գործընթացը, քանի որ վերջինս մի բան է, որ պէտք է ծառայի հարեւան պետութիւնների միջեւ համակեցութեան հաստատմանն ու զարգացմանը, եւ ոչ թէ պատերազմական յանցագործութիւնների արդիւնքում զաւթած տարածքների ու դիրքերի փաստաթղթային ամրագրմանը։ Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդիրներին, որոնք ուղղակի կապ ունեն սահմանազատման հետ, մասնաւորապէս․

Սահմանազատման համար փոխադարձ իրաւական հիմք

Ինչպէս յօդուածի առաջին մասում ենք քանիցս անդրադարձել՝ սահմանազատման համար փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի շուրջ պայմանաւորուածութիւնը նախապայմանային նշանակութեան չափազանց կարեւոր հանգամանք է հետագայ աշխատանքների արդիւնաւէտութեան ապահովման տեսանկիւնից։ Հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում այս խնդիրը գալիս է 20-րդ դարասկզբից եւ իր ազդեցութիւնն ունի մերօրեայ քաղաքական զարգացումներում։ Միջանկեալ նշենք, որ թէեւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը իրեն հռչակել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան իրաւայաջորդ, Ատրպէյճանն անկախութիւնից յետոյ սահմանադրութեամբ իրեն հռչակել է Մուսաֆաթական Ատրպէյճանի իրաւայաջորդ, այն պետութեան, որի քարտէզները չեն ընդունուել նոյնիսկ Ազգերի Լիգայի կողմից։ Հաւանաբար այդ մտացածին սահմանները երեւակայելով էր, որ Յունուարի 10-ի հարցազրոյցի ժամանակ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ Ատրպէյճանի տարածքն ի սկզբանէ եղել է 100․000 քառ․ քլմ., եւ որ այդ տարածքներից տրամադրուել են հայկական պետութեանը։

Ամէն դէպքում խորհրդայնացուած Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ առաջին սահմանային յստակեցումները փորձ արուեցին կատարել խորհրդայնացումից մի քանի տարի անց։ Հետագայում ԽՍՀՄ զինուած ուժերի գլխաւոր շտաբը հաստատել է մի շարք քարտէզներ, որոնց արդիւնքում Հայաստանը կորցրել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք, այդ թւում ինքնիշխան կապը Արցախի հետ։

Այս հարցն իրական խնդրի է վերածուել հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում, քանի որ Պաքուն ոչ միայն պահանջում է սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ ամենավերջին սահմաններով, որոնք իր համար ամենայաջողն են, այլ նաեւ գոնէ յայտարարութիւնների մակարդակով չի պատրաստւում խաղաղ կերպով հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Կողմերը կարծես թէ մօտ էլ չեն համաձայնութեան թէ ԽՍՀՄ գլխաւոր շտաբի որ թուականների քարտէզներով պէտք է սահմանազատում իրականացուի, վերջերս ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հնչեցրեց 1974 եւ 1978 թուականները, ինչի համաձայնութիւնը ատրպէյճանական կողմից կարծես թէ դեռեւս հաստատուած չէ։

Ալմա Աթայի հռչակագրին յղման հարցը

Յետպատերազմեայ բանակցային գործընթացում ՀՀ իշխանութիւնների կողմից անհարկիօրէն կիրառութեան մէջ դրուեց Հայաստանի եւ Ատրպէյճանի կողմից միմեանց տարածքային ամբողջականութիւնը ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմա Աթայի հռչակագրով իբր թէ ճանաչուած լինելու մասին կեղծ թէզը։ Ընդ որում Հայաստանի իշխանութիւնները փորձում էին Ալմա Աթայի խաղաքարտը խաղարկել ինչպէս Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից ձերբազատուելու, այնպէս էլ ՀՀ-Ատրպէյճան միջպետական խնդիրները լուծելու համար։

Իրականում 1991 թ․ Դեկտեմբերի 21-ին Ատրպէյճանի Հանրապետութեանը, Հայաստանի Հանրապետութեանը, Պելառուսի Հանրապետութեանը, Ղազախստանի Հանրապետութեանը, Ղրղզստանի Հանրապետութեան, Մոլտովայի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան (ՌՍԴԽՀ), Տաճկաստանի Հանրապետութեան, Թուրքմենիստանի, Ուզպէքիստանի Հանրապետութեան եւ Ուքրանիայի կողմից ստորագրուած Ալմա Աթայի հռչակագրով որեւէ կերպ չէր կարող ճանաչուել Ատրպէյճանի սուվերենութիւնը Արցախի նկատմամբ՝ ի թիւս այլնի, նախ, որովհետեւ այդ հռչակագրի ստորագրման ժամանակ արդէն Արցախը՝ համաձայն միջազգային եւ ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան հանրաքուէով հռչակել էր իր անկախութիւնը, ապա նաեւ այն պատճառով, որ Արցախի հարցում տարընկալումները կանխելու համար ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունել էր համապատասխան վերապահումներ։ Բայց քանի որ սոյն յօդուածի քննարկման նիւթն ուղղակիօրէն չի վերաբերում Արցախին, ապա զերծ մնանք այս ուղղութեամբ յաւելեալ քննարկումներից։ Ալմա Աթայի հռչակագիրը, նաեւ չի կարող իրաւական հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ սահմանազատման եւ սահմանագծման համար, ի թիւս այլնի նաեւ այն պատճառով, որ Ատրպէյճանը, ի տարբերութիւն Հայաստանի, չի վաւերացրել Ալմա Աթայի հռչակագիրը։

Մասնաւորապէս, պաշտօնական Պաքուն նախ առ ոչինչ է յայտարարել հռչակագիրը ստորագրած Այաս Մութալիբովի ստորագրութիւնը։ Ալմա Աթայի հռչակագրում Ատրպէյճանի ստորագրութիւնը երկրորդ անգամ զետեղւում է 1993 թ․ Սեպտեմբերի 24-ին, սակայն հռչակագիրը, որպէս այդպիսին ատրպէյճանական օրէնսդրի կողմից չի վաւերացւում։ Սակայն նոյն օրը, Ատրպէյճանի Գերագոյն խորհուրդը վաւերացնում է Անկախ Պետութիւնների Համագործակցութեան Կազմակերպութեան (ԱՊՀ) կանոնադրութիւնը՝ այդպիսով դառնալով ԱՊՀ անդամ։ Ալմա Աթայի հռչակագիրը Ատրպէյճանի կողմից շարունակում է մնալ ստորագրուած, բայց չվաւերացուած։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի՝ միջազգային պայմանագրի ստորագրումն ու վաւերացումը տարբեր հասկացութիւններ են։ Ըստ կոնվենցիայի 14-րդ յօդուածի՝ «Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետութեան համաձայնութիւնն արտայայտւում է վաւերացման միջոցով»։

Ելնելով վերոգրեալից կարող ենք եզրայանգել, որ սահմանազատման գործընթացում նախապայմանային նշանակութիւն ունեցող փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի փնտռտուքներում Ալմա Աթային հռչակագիրը որպէս այդպիսին լինել չի կարող։

Անկլաւների հարց

Ատրպէյճանական կողմը պարբերաբար բարձրացնում է նաեւ այսպէս կոչուած անկլաւների հարցը, իրականում անկլաւներն առաջ եկան 1920-ական թթ․, երբ խորհրդային իշխանութիւնը, ելնելով գիւղատնտեսական նպատակներից Ատրպէյճանին անկլաւներ տուեց Հայաստանի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց, ատրպէյճանական քաղաքականութեան արդիւնքում անկլաւացաւ հայկական Արծուաշէնը ու շարունակեց մնալ որպէս այդպիսին։ Հայկական անկլաւ Արծուաշէնի եւ Տաւուշի ու Արարատի մարզերի ատրպէյճանական անկլաւները (միասին վերցուած) գրեթէ նոյն տարածքն ունեն 44-45 քառ․ քլմ.։

Ընդ որում, ժամանակին Ատրպէյճանին տրուած անկլաւները գտնւում են Հայաստանի Հանրապետութեան կարեւորագոյն միջպետական ճանապարհների՝ դէպի Վրաստան եւ Իրան մայրուղիների վրայ։ Բացի այդ, համաձայն քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի՝ 1920-30-ական թթ․ Ատրպէյճանը Հայաստանից բռնագրաւել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք1, այդ թւում Լաչինի հատուածում, որի արդիւնքում, ինչպէս նշուեց կտրուել է Հայաստանի կապն Արցախի հետ։ Հետաքրքիր է, որ համաձայն 1926-1927 թթ․ քարտէզների՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը 30․948 քառ․ քլմ. էր, իսկ Ատրպէյճանինը 2000 քառ․ քլմ. աւելի փոքր, քան այժմ է։ Իսկ աւելի վաղ՝ 1920-ակաների քարտէզների համաձայն՝ նոյնիսկ Հայաստանն Արցախի հետ ունէր ցամաքային կապ, որը վերացաւ այսպէս կոչուած «Կարմիր Քրտստանի» ստեղծման պատրուակով, երբ Հայաստանից տարածքներ տրուեցին Ատրպէյճանին։

Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի բռնագրաւում

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ մի քանի ռազմական ագրեսիաների արդիւնքում Ատրպէյճանին յաջողուել է Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազաւթել շուրջ 200 քառ․ քլմ. տարածք։

Սահմանային խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետութեան տասնեակ բնակավայրեր, ատրպէյճանական զինուժի գործողութիւնների արդիւնքում, զրկուած են իրենց մշակովի հողատարածքներն ու արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից։ Յունուարի 10-ի իր ասուլիսում Ալիեւը բացէիբաց յայտարարեց, որ չեն պատրաստւում ատրպէյճանական զինուած ուժերը յետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս հարցում ատրպէյճանական դիրքորոշումը եւս մէկ առանցքային խոչընդոտ է Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման աշխատանքներում։

Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցի» պահանջ

Սահմանազատման գործընթացը տորպեդահարող՝ ատրպէյճանական միւս պահանջը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն է՝ ատրպէյճանաթուրքական ուղենիշներով։ Պատերազմից յետոյ ատրպէյճանաթուրքական տանդեմը մշտապէս խօսում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» բացմնան անհրաժեշտութեան մասին՝ յաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամութիւնը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակմանը եւ այդպիսով Ատրպէյճանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապը հնարաւոր դարձնելուն, այնուամենայնիւ պաշտօնական Պաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որի վրայ չի տարածուի ՀՀ ինքնիշխանութիւնը: Վերջին շրջանում ատրպէյճանական պետական ու մերձիշխանական շրջանակների կողմից ակտիւացել են խօսակցութիւնները նաեւ այդ, իրենց կողմից ենթադրելի, միջանցի երթուղու շուրջ։ Եթէ նախկինում դիտւում էր նաեւ Սիւնիքի մարզի հիւսիսային հատուածը, ապա այժմ հիմնական շեշտը դրւում է Հայաստանի ծայր հարաւի՝ Իրանի հետ սահմանային Մեղրիի վրայ։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ յարաբերութիւններում վերջինիս կողմից բացակայում է սահմանազատման, ապա եւ սահմանագծման վերաբերեալ քաղաքական կամքը, ինչը ընթացիկ գործընթացն ընդամէնը միջոց է՝ միջազգային յարաբերութիւնների ներկայ տեղապտոյտից ու Հայաստանի թոյլ կեցուածքից օգտուելով պաշտօնական Երեւանից աւելին պոկելու, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, ինչպէս նաեւ արդէն իսկ ձեռքբերուածը փաստաթղթային ամրագրման հասցնելու համար։ Այս իրավիճակում սահմանազատման գործընթացը չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Հայաստանի իշխանութիւնների բացարձակապէս ոչ կոմպետենտութեան ու ադեկվատ պատասխանի բացակայութեան պայմաններում, սահմանազատման այս գործընթացը հետզհետէ վերածում է ոչ թէ Հայաստանի անվտանգային կարիքները մեղմող ու կայունացնող գործընթացի, այլ ճիշդ հակառակը՝ յղի նոր անկայունութիւններով ու սպառնալիքներով։

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company