Իրանի դեմ իսրայելական հարվածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու որոշումը կկայացնի ԱՄՆ-ն
16 Ապրիլ 2024
Տեսականորեն Իսրայելը կարող է հարվածել Իրանին Ադրբեջանի տարածքից, որտեղ նա բազաներ ունի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նա հիշեցրել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում և Իրանի հետ սահմանի մոտ իսրայելական բազաների տեղակայումը Թեհրանի կողմից չի կարող հանգիստ ընդունվել, և դա իր ազդեցությունն է ունեցել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։
«Ադրբեջանի հնարավոր ներգրավումը հակաիրանական պատերազմում ադրբեջանական կողմի համար վտանգներ է պարունակում, ուստի Բաքուն պետք է կշռի այդ վտանգները։ Այս դեպքում Ադրբեջանն ինքնուրույն որոշում չի կայացնի, և ամեն ինչ կհամաձայնեցնի Անկարայի հետ»,- նշել է Գանտահարյանը։
Նա հավելել է, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո Անկարայի կախվածությունն ԱՄՆ-ից մեծացել է։
«Սա նշանակում է, որ Թուրքիան ինքը չի կարողանա նման թույլտվություն տալ Ադրբեջանին առանց ԱՄՆ-ի հավանության։ Եթե խոսքը վերաբերվեր մի իրավիճակի, երբ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին լարվածության գագաթնակետին, ապա կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանին կհանձնարարվեր իր տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակումների համար։ Բայց այդ լարվածությունը թուլացել է»,- ընդգծել է Գանտահարյանը։
Ըստ նրա, այս թուլացումը պայմանավորված է Ռուսաստանի մեկուսացմամբ, որն այժմ Արևմուտքի գլխավոր հակառակորդն է։
«Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է, որ Փարիզն ու Թեհրանը պաշտպանում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և որ երկրները նախանշել են որոշակի համագործակցություն։ Սա նույնպես Իրանի և Արևմուտքի հարաբերությունների փոփոխության ցուցանիշ է։
Իրանի համար կա ռազմավարական կարևոր երևույթ՝ Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա նախագիծը։ Մի քանի ամիս առաջ տեղեկատվություն եղավ Հայաստանի հարավում նախագծի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու Իրանի պատրաստակամության մասին։
Այս նախագիծը չէր աշխատի, եթե Իրանի և Արևմուտքի միջև համաձայնություն չլիներ՝ հաշվի առնելով վերջինիս ազդեցությունը Վրաստանի վրա»,- ասել է նա։
Ըստ Գանտահարյանի ՝ Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմը կշարունակվի, բայց չի վերաճվի լայնածավալ գործողությունների:
Նա պարզաբանել է, որ Կարմիր ծովում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իսրայելում բազմաթիրախային պատերազմ է ընթանում, բայց դա չի հանգեցնի լայնածավալ պատերազմի։
Գանտահարյանը հիշեցրել է Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանի սահմանազատման գործընթացը։
«Դա չէր կարող տեղի ունենալ, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնություն չլիներ, ինչը նշանակում է, որ նրանց միջև լարվածությունը նվազել է»,- ասել է նա։
Նրա կարծիքով, վերահսկվող քաոսի մասին քաղաքագիտական տեսությունը՝ բազմաթիրախ պատերազմի տեսքով առայժմ գործում է Մերձավոր Արևելքում։
Գանտահարյանը հավելել է, որ բուֆերային գոտիների ձևավորմանը և խաղաղ բանակցություններին նախորդում են սահմանափակ, բազմաթիրախ ռազմական գործողություններ։
Նա հիշեցրել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին հայտարարել էր, որ Թեհրանի գործողությունները լինելու են սահմանափակ և թիրախային և չեն հանգեցնելու լայնամասշտաբ պատերազմի, սակայն անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով Իսրայելի վրա Իրանի հարձակվման փաստն ինքնին դարձավ նախադեպ, ինչպես նաև խաղի կանոնների փոփոխության նախանշան։
«Նախկինում Իսրայելը հարվածներ էր հասցնում Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական հենակետերի վրա, իսկ վերջինս պատասխանում էր «Հեզբոլլահի» միջոցով։ Սակայն այժմ Իրանն ինքն է հարվածել Իսրայելին։ Անկախ հարձակման արդյունքներից, այս փոփոխությունը նույնպես կարևոր է արձանագրել։ Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը դիմել է թուրք գործընկերոջը, որպեսզի նա միջնորդ դառնա Իրանի և Իսրայելի միջև։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են տարածաշրջանի համար։
Գազայում պատերազմի բռնկումը ոչնչացրեց իսրայելական բանակի մասին առասպելները, և գործեց անակնկալ գործոնը: Իսրայելի նախաձեռնությունները հաճախ չեն անցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քվեարկության պատկերը փոխվում է, ԱՄՆ-ն կոչի տեսքով Իսրայելին թույլ չի տալիս հարվածել Իրանին։ Այս ամենը խոսում է իրավիճակի փոփոխության մասին։ Զսպող գործոն են հանդես գալիս ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, որը նույնպես խաղացող է և արբիտր»,- ընդգծել է Գանտահարյանը
Մանրամասները՝ տեսանյութում