Անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ՝ Հանրապետության մարզերում եւ Երեւանում
25 Ապրիլ 2024Ի աջակցություն Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող մեր հայրենակիցների, այսօր, ապրիլի 25-ին անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել Հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում: Փակվել են միջպետական ճանապարհներ, փողոցներ: Մասնակիցներն այսպիսով իրենց զորակցությունն են հայտնել տավուշցիներին, ովքեր մեկ շաբաթից ավելի պահանջում են Նիկոլ Փաշինյանին հրաժարվել հակահայ քաղաքականությունից ու սահմանազատման գործընթացից:
Ակցիաներին մասնակցել են քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ:
Փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Արարատի մարզի Զոդի կամուրջը: Փողոցներ են փակվել նաև Երևանում՝ Խորենացի-Զաքյան խաչմերուկ, Չարենցի փողոց:
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել է, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի քաղաքացիները, փակեն ճանապարհը:
Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա են նստեցրել ակցիայի մի քանի մասնակիցների՝ այդ թվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին և բերման ենթարկել նրանց:
Լարված իրավիճակ է ստեղծվել նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Այնտեղ էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջել են բացել ճանապարհը: Գառնիկ Դանիելյանը ոստիկաններից պահանջել է ժողովրդին հարգանքով վերաբերվել:
Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ է սկսվել, որի ժամանակ Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է, վերջինիս տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց:
Նշենք, որ Բագրատաշենի հատվածից բերման է ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը:
Մինչ այս պահը, ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել Հայաստանի տարբեր հատվածներից. 17-ը՝ Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում: