ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների այժմեականությունը

29 Ապրիլ 2024

Երբ անդրադառնում ենք պատմագիտության ուտիլիտարիզմին, գիտակցում ենք, որ պատմության գրեթե ամեն մի դարաշրջանի կամ դրվագի ուսումնասիրություն կարևոր է՝ ներկան արժևորելու և ապագան ճիշտ կառուցելու համար։ Ինչ վերաբերում է մեր պատմությանը, ապա, ըստ իս և ի ցավ սրտի, Հայոց ցեղասպանության շրջանի պատմությունը՝ իր ամբողջ ընդգրկումով, 100 տարի անց անգամ շարունակում է մնալ արդիական։ Հայոց ցեղասպանության պատմության ամենակարևոր դրվագներից մեկն էլ երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունները կամ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքի հիմքով հարուցված 60-ից ավել դատական գործերն են, որոնք քննվել են Օսմանյան պետության ռազմական արտակարգ ատյաններում։

Թեև երիտթուրքերի դատավարությունները բավականաչափ ուսումնասիրված են հայ և օտարազգի մասնագետների կողմից, այնուամենայնիվ Թուրքիայի պատմության՝ մեզ անմիջականորեն առնչվող այդ դրվագին ևս մեկ անգամ անդրադարձն ու վերարժևորումը այժմեական են հատկապես մեր օրերում, երբ Թուրքիա պետությունը շարունակում է ոչ միայն ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև անտեսում օսմանյան դատարանների վճիռները։

Հայոց ցեղասպանության ուրացման հարցում արդեն բավականին պատկառելի փորձառություն ձեռք բերած Թուրքիան՝ քարոզչության իր բոլոր գործիքներով, 2024 թ․ ևս շարունակում է իր հակագիտական գործունեությունը։ Թուրքիայի իշխանություններն ու նրանց խոսափողները, այս հարցում ունենալով 100-ամյա փորձ, հասկացել են, որ ավելի ճիշտ կլինի դեռ ապրիլքսանչորսյան շաբաթը չհասած՝ հակադարձման անցնել Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։

Այսպես՝ ապրիլի սկզբներից թուրքական ամենաազգայնամոլ պարբերականներից մեկը՝ «Յենի Չաղը», ձեռնարկել է հոդվածաշարի հրապարակում Հայոց ցեղասպանության և դրանից բխող պահանջատիրական պայքարի դեմ։ Հոդվածաշարի հեղինակն էլ ոչ թե պատմաբան է, այլ քաղաքագետ ու քաղաքական գործիչ։ Մուրադ Սուրուրի Օզբյուլբյուլ անվամբ այդ անձը հայերի հանդեպ ատելությամբ հայտնի ուլտրանացիոնալիստական «Ազգային շարժում» կուսակցության (Milliyetçi Hareket Partisi / MHP) հայտնի գործիչներից է։

2024 թ․ ապրիլի 10-ին «Յենի Չաղ»-ում «Հայկական պահանջներն իրատեսակա՞ն են» («Ermeni Talepleri Gerçekçi mi?») վերնագրով հրապարակված հոդվածում Մուրադ Սուրուրի Օզբյուլբյուլը, շեշտելով, թե իբր ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը չի կարող Օսմանյան կայսրության ժառանգորդը համարվել, գրում է․ «Ահա թե ինչու իրավական առումով Թուրքիայի Հանրապետությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել, ինչ էլ որ եկած լինի հայերի գլխին» ։

Նույն հոդվածում նա թեև հպանցիկ անդրադառնում է երիտթուրքերի դատավարություններին՝ նշելով, որ հայերի դեմ հանցագործությունները քննելու նպատակով 120 հոգու Մալթա են աքսորել, սակայն լինելով քաղաքական գործիչ և պատմական անցքերը լուսաբանելիս առաջնորդվելով ոչ թե պատմական փաստերով, այլ քաղաքական շահերով՝ գրում է, թե իբր ռազմական դատարանները հիմնվել են Ստամբուլը գրաված մեծ տերությունների (Անտանտի պետությունների) կողմից։ Հրապարակման վերջում Օզբյուլբյուլը հանգում է հակագիտական և սխալ եզրակացության, քանի որ ի սկզբանե էլ նրա նպատակը ոչ թե պատմական իրական փաստերը վեր հանելն էր, այլ դրանց խեղաթյուրումը։ Այսպես՝ նա, լիովին անտեսելով, որ այդ դատական գործերը քննվել են և հանգուցալուծվել ոչ թե այլազգի, այլ թուրքական դատարանների, մասնավորապես՝ Օսմանյան պետության ռազմական արտակարգ ատյանների կողմից, հայտնում է, թե իբր «Ստամբուլում և Մալթայում ձերբակալված անձանց վերաբերյալ հանցագործությունը հաստատող ապացույցներ չգտնվելու պատճառով անգլիացիները փորձել են ուսումնասիրել օսմանյան արխիվները, սակայն այնտեղ ևս չեն կարողացել հանցանշաններ գտնել»։

Այդպիսով՝ նա լռության է մատնում այն պատմական փաստը, որ իրականում Մեծ Բրիտանիան Մալթա աքսորված Հայոց ցեղասպանության պատասխանատուներին բաց է թողել, որպեսզի նրանց փոխանակի Առաջին աշխարհամարտի ընթացքում գերի ընկած իր զինվորականների հետ։ Դրա փոխարեն՝ պնդում է, թե իբր անգլիացիների կողմից դատական գործընթաց չի սկսվել ապացույցների անբավարար լինելու հետևանքով ։

Անմիջապես հաջորդ օրը լույս տեսած մեկ այլ հոդվածում, որը կրում է «Հայերին փոխհատուցելու խնդիրը» («Ermenilere Tazminat Meselesi») վերնագիրը, նույն հեղինակը դարձյալ գնում է պատմական անուրանալի փաստերն աղավաղելու և ժխտելու ճանապարհով և նշում, թե իբր «1915 թ․ դեպքերի վերաբերյալ ոչ մի դատական վճիռ չի կայացվել» ։ Միտումնավոր կերպով անտեսելով 1919-1921 թթ․ օսմանյան դատարանների կայացրած վճիռները՝ Օզբյուլբյլուլը խեղաթյուրում է օսմանյան ռազմական արտակարգ ատյանում քննված այդ գործերը և գրում, թե երիտթուրքերին դատելու համար հիմնվել են միայն «Մալթայի դատարանները», որոնք, սակայն, չեն գործել «ապացույցների անբավարար լինելու հետևանքով» ։

Ժամանակ առ ժամանակ, հատկապես՝ ամեն տարվա ապրիլին թուրքական մամուլում հայտնվող նմանատիպ հոդվածները մեզ հիշեցնում են երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների թեման մշտապես ակտիվ պահելու և այդ կարևոր պատմական փաստը վերստին արժևորելու անհրաժեշտության մասին։

Օսմանյան կայսրության մայրամուտին կամ թուրքական պատմագրության եզրով՝ զինադադարի շրջանում օսմանյան դատական մարմինների կողմից իրականացված այդ դատաքննությունները կարևորվում են հետևյալ հանգամանքներով․

1․ Հայոց ցեղասպանության փաստը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության փաստը հաստատող վավերագրերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում օսմանյան պաշտոնական փաստաթղթերը։ 1919-1921 թթ․ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված այս 60-ից ավել դատական գործերի նիստերում հատկապես 1919 թ․ երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության ժամանակ ներկայացված մեղադրական եզրակացությունները, դատաքննությունների ընթացքում ունկնդրության արժանացած վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, ընթերցված պաշտոնական ծածկագիր հեռագրերը և հատկապես դատավճիռներն ընդգրկող այս փաստաթղթերի դերն իրապես անգնահատելի է Հայոց ցեղասպանության փաստն ապացուցելու առումով։ Դատական վավերագրերի շարքում առաձնահատուկ հիշատակման է արժանի «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների դատաքննության առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) ներկայացված ամբաստանագիրը, որը բաղկացած էր 41 պաշտոնական ու կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերից, ինչպես նաև 1919 թ. հուլիսի 5-ին երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների վերաբերյալ կայացված ընդհանուր դատավճիռը, ըստ որի` մահվան են դատապարտվել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները:

2․ Դատական մարմնի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դատապարտում

Որքան էլ հավակնոտ հնչի, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այս դատական գործընթացների և դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Օսմանյան պետությունը և նրա իրավահաջորդ Թուրքիան արդեն իսկ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն՝ Թուրքիան, ի դեմս այն ժամանակվա իշխանությունների, այդ կերպ ընդունել է, որ հայերը զանգվածաբար կոտորվել են` նախապես որոշված պետական ծրագրի համաձայն: Այն, որ թուրքերը, փաստորեն, առաջինն են դատապարտել Մեծ եղեռնի հեղինակներին, թերևս, կարող է առաջին հայացքից աբսուրդային թվալ, մանավանդ, երբ նկատի առնենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում իշխանությունները շարունակաբար ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա անուրանալի պատմական փաստ է, որը պետք է ելակետային լինի թուրքական ժխտողականության դեմ մեր պայքարում։

Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության արդարադատության և ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը: Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Հենց այս ընթացակարգի շնորհիվ էլ սույն դատավարություններն անգնահատելի աղբյուր են ոչ միայն պատմագիտական, այլև իրավական տեսանկյունից: Ուստի, մեծանուն ցեղասպանագետ Վահագն Տատրյանի դիպուկ բնորոշմամբ, «ռազմական դատարանների փաստաթղթերի հավաքականությունը ամենաուժեղ հակաթույնն է թուրքական ժխտողականության դեմ» :

Ահա թե ինչու Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի պաշտոնական պատմագրությունն ի սկզբանե ուրացել է այդ դատավարություններն իրականացրած դատական մարմինների որոշումներն ու վճիռները։ Հենց դա է պատճառը, որ ներկայում ևս թուրքական իշխանություններն, օգտագործելով քարոզչության իրենց բոլոր հնարավորությունները, անտեսում կամ աղավաղում են երիտթուրքերի դատավարությունները քննած ռազմական արտակարգ ատյանների վճիռներն ու փաստաթղթերը։

Մելինե Անումյան

«Դրօշակ» թիվ 4, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company