Ալիևը շարունակելու է Հայաստանից նոր տարածքներ պահանջել
28 Մայիս 2024
Միսակ Մանուշյանին նվիրված միջոցառմանը ես հարցրեցի Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, թե որքան հեռու է Ֆրանսիան պատրաստ գնալ Հայաստանի հետ ռազմական համագործակցության հարցում։ Նա պատասխանեց, որ Ֆրանսիան պատրաստ է գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ Հայաստանը։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Ես չգիտեմ Հայաստանի արձագանքի մասին։ Եթե Հայաստանը պահանջի ավելի լայն ռազմական համագործակցություն, ապա Ֆրանսիան կհամաձայնի, իսկ մենք կօգնենք Ֆրանսիային համաձայնել։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանն ու Ֆրանսիան լուրջ ռազմական համագործակցություն հաստատեն։ Իշխանությունները գալիս ու գնում են, բայց պետականությունն ամրապնդման կարիք ունի»,- ընդգծեց նա։ Այս պահին Փափազյանը չի պատկերացնում, որ Ֆրանսիան ցանկանում է զորք մտցնել Հայաստան։ «Միևնույն ժամանակ, մենք պետք է աշխատենք ապահովելու, որ Ֆրանսիան ցանկանա համաձայնել դրան», – ասաց նա: ՀՅԴ Բյուրոյի անդամը կարծում է, որ Երևանը պետք է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարի։
«Եթե Հայաստանը կենտրոնանա միայն Արևմուտքի վրա և թշնամական քաղաքականություն վարի Ռուսաստանի դեմ, ապա հաջողության չի հասնի, քանի որ կդառնա Արևմուտքի պատանդը։ Պետք է զարգացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի, և՛ այլ ուժերի հետ»,- հավելեց նա։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Մուրադ Փափազյանն ասաց. Միջազգային զանգվածային լրատվամիջոցները սկսել են լուսաբանել Հայաստանում անցկացվող «Հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցերը, քանի որ այն նոր փուլ է ստացել, երբ շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց մինչև վերջ գնալու մտադրության մասին:
Նա նշեց, որ շարժումը համաժողովրդական բնույթ է կրում, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս գալիս հրապարակներ ու փողոցներ, ցույցերին մասնակցում են հասարակության տարբեր շերտեր՝ տարբեր տարիքի, տարբեր վայրերից, ներառյալ՝ Սփյուռքից։ Նա պարզաբանել է, որ շարժման առաջնորդին Սփյուռքի մի կարևոր հատված արդեն աջակցություն է հայտնել, և արտասահմանյան դեսպանատները աստիճանաբար զեկույցներ են գրում, իսկ միջազգային լրատվամիջոցներն ավելի ու ավելի ակտիվորեն են լուսաբանում այս հարցը։
Փափազյանի համոզմամբ՝ սա հնարավորություն է տալիս օտար երկրներին ավելի շատ բան իմանալ շարժման, մասնակցող ուժերի, նրանց պահանջների վերաբերյալ և հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել՝ ինչ ճանապարհով կգնա Հայաստանը, եթե Գալստանյանը դառնա ՀՀ վարչապետ։
«Բագարտ Գալստանյանն այս բոլոր հարցերի պատասխանները տվել է, և ակնհայտ է, որ այս շարժումն արտացոլում է Սփյուռքի պահանջները։
Շարժումը չունի արտաքին քաղաքական վեկտոր: Բագրատ Գալստանյանն ասում է, որ պետք է լավ հարաբերություններ հաստատել արտաքին բոլոր խաղացողների հետ, և սա նոր մոտեցում է, որը կարող է մեծացնել հետաքրքրությունը միջազգային ասպարեզում։
Հայաստանի իշխանությանը քննադատելու մեջ ոչ մի լավ բան չկա, բայց երբ հայ ժողովրդի շահերը վտանգված են, ստիպված ենք դա անել։
Իշխանությունները չեն պաշտպանում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող աչք փակել խախտումների վրա և ստիպված են արձագանքել։ Միաժամանակ, իշխանությունները դիմում են հալածանքների, իսկ դա նշանակում է, որ նրանք ժողովրդի պահանջին պատասխանելու բան չունեն։
Դա նշանակում է, որ Բագրատ Գալստանյանն այնքան ուժեղ անհատականություն է, որ Փաշինյանը չի ուզում նրա հետ գործ ունենալ։
Ինչո՞ւ Փաշինյանը չհամաձայնեց բանավիճել Գալստանյանի հետ: Որովհետև պատասխանելու բան չունի։ Փաշինյանն ուզում է շարունակել զիջումների քաղաքականությունը»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը պատշաճ կերպով չդիմեց միջազգային հանրությանը: Ընդհակառակը, ասում էր՝ ամեն ինչ լավ է, և մենք հաղթելու ենք։ Մակրոնին և ֆրանսիացի մյուս քաղաքական գործիչներին մենք հակառակն էինք ասում, բայց երբ Մակրոնը կապ հաստատեց Փաշինյանի հետ, սա պնդեց, թե ամեն ինչ լավ է, և անհանգստանալու կարիք չկա.ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
«Աշխատում էինք նրա շուրջ, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, սակայն Հայաստանի իշխանությունները նույն կոչը չարեցին։ Ընդհակառակը, ապատեղեկատվություն էին տարածում»,- ասաց Փափազյանը։
Նա համոզմունք է հայտնեց, որ ռազմական գործողությունները հնարավոր էր դադարեցնել և թույլ չտալ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հաղթանակ արձանագրի։
«10-20 օր անց պատերազմը հնարավոր էր դադարեցնել։ Պատերազմի ընթացքում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ երեք անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Ադրբեջանն ամեն անգամ խախտում էր պայմանավորվածությունը։
Դրանից հետո Փաշինյանը պետք է մեկներ Եվրոպա ու պատերազմը դադարեցնելու վճռական կոչով հանդես գար, մենք էլ իրեն կօգնեինք։ Եթե նա ավելի ակտիվ ու օբյեկտիվ լիներ ու խոսեր Արցախի և Հայաստանի գլխին կախված սպառնալիքների, Թուրքիայի կողմից 2000 ջիհադիստների ներգրավման մասին, դա ազդեցություն կգերծեր»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը:
Նա հիշեցրեց՝ ՌԴ նախագահ Պուտինն ասում էր, որ ավելի վաղ առաջարկել է դադարեցնել պատերազմը, Հայաստանի իշխանություններն էլ այդ տեղեկությունը չեն հերքել։
Փաշինյանն ասում է, որ եթե տարածքները չզիջենք, պատերազմ կլինի, իսկ Ալիևը Հայաստանին անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա սկսել է Տավուշի 4 գյուղից և շարունակելու է պահանջել նոր տարածքներ, և սպառնալիք կա, որ Փաշինյանը կհամաձայնի՝ բերելով պատերազմի սպառնալիքի մասին նույն փաստարկները. ասաց Մուրադ Փափազյանը։
Նա նշեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքը միշտ կա, բայց միևնույն ժամանակ Ալիևը փորձում է վախեցնել Հայաստանի ժողովրդին, որպեսզի շարունակի իր քաղաքականությունը։ Փափազյանը հավելեց, որ Հայաստանին անհրաժեշտ է մի առաջնորդ, ով կասի «բավական է» և կդիմի միջազգային հանրությանը։
«2021 թվականին, երբ բռնազավթված էր Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը, մենք դատապարտեցինք դա և միջազգային հանրությանը կոչ արեցինք նույնն անել։ Սակայն Հայաստանի կառավարությունը միջազգային հանրությանը նույն կոչով չդիմեց, ուստի մեր ձայնն անլսելի մնաց, քանի որ միջազգային հանրությունը շփվում է Հայաստանի պաշտոնական իշխանությունների հետ։ Երբ Սփյուռքի և Հայաստանի՝ որպես պետության դիրքորոշումները համահունչ են, դա հանգեցնում է հաջողության։ Հակառակ դեպքում պաշտոնական Երեւանի ձայնն ավելի բարձր է հնչում։
Եթե Հայաստանի կառավարությունը Սփյուռքի աջակցությամբ աշխատանք տաներ միջազգային ասպարեզում, հնարավոր կլիներ արդյունքի հասնել։ Եվ այսօր արդյունքն այն է, որ 2021 թվականից ի վեր բռնազավթված տարածքներին գումարվել է տարածքների հանձնումը:
Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գոտում, Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի. ասաց Մուրադ Փափազյանը։
«Կան այլ երկրներ ևս, որոնք տարածաշրջանում շահեր ունեն։ Դրանց թվում են Միացյալ Նահագներն ու Մեծ Բրիտանիան, որոնք լուրջ հարաբերություններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և ձգտում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդյո՞ք ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հզորացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-նշում է նա։
Փափազյանի համոզմամբ՝ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզորացնել կովկասյան հարցերով զբաղվելու համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը վստահություն հայտնեց, որ Մակրոնը ԵՄ այս դիրքորոշման հետ չի համաձայնի:
«Միևնույն ժամանակ, այսօր կա այնպիսի իրողություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպություն է Արևմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նույնպես պետք է հաշվի առնել: Ուստի տունը Արևմուտքին վստահելիս պետք է հաշվի առնել, որ նա հույսը դնելու է պանթյուրքիստական ծրագրերը չմոռացած Թուրքիայի վրա, որը ցանկանում է դրանք իրականացնել Բաքվի հետ ձեռք-ձեռքի տված։
Բաքուն և Անկարան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մրցակցելու համար ձգտում են Արևելքում տնտեսական և էներգետիկ շուկա ստեղծել, մինչդեռ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշվի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականություն ստեղծեցին, որպեսզի իշխանությունները չխանգարեն այս երազանքն իրականացնելու իրենց ձգտմանը։ Թուրքիան ձգտելու է Հայաստանում հաստատել իր ազդեցությունը «փափուկ ուժի» կիրառմամբ։
Այս պայմաններում Հայաստանն ուզում է հաշտության պայմանագիր կնքել, բայց Ադրբեջանի գրչո՞վ։ Ինչի՞ կհանգեցնի նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնում են, որ ի դեմս Հայաստանի իշխանությունների, իրենց առջև թույլ բանակցող է նստած։
«Այդ դեպքում նրանք ինչո՞ւ չպետք է ձգտեն իրականացնել իրենց նպատակները։ Հայաստանին աջակցող եվրոպացի պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Փափազյանը։
https://youtu.be/1QLl0UOMIqw
