2019թ. հունվարի 1-ից գազի գնի հետ կապված մեծ պարտքեր կարող ենք կուտակել
30 Դեկտեմբեր 2018
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Factor.am-ի հետ զրույցում մտահգություն հայտնեց՝ կապված գազի սակագնի բարձրացման և հայկական կողմի՝ պարտքեր կուտակելու հնարավորության հետ. «Շատ կարևոր էր, որ գոնե այս ամսվա ընթացքում կառավարությունը հայտարարեր, որ գնի շուրջ եկել ենք հստակ համաձայնության: Հակառակ դեպքում, մենք կարող ենք 2019 թվականի հունվարի 1-ից հետո պարտքեր կուտակել: Ռուսական կողմը, պայմանագրի համաձայն, կարող է գազ մատակարարել իր կողմից նախանշված գնով: Ենթադրենք՝ մեզ 2018 թվականի ընթացքում գազ են մատակարարել 150 դոլարով, ինքը կարող է հունվարի 1-ից մատակարարել 180-215 դոլարով, որի արդյունքում հայկական կողմը կկուտակի մեծ պարտքեր»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իշխանության լավատեսական մոտեցումներին, տնտեսագետը պատասխանեց. «Ինձ հույսեր կներշնչեին այդ հայտարարությունները, եթե իրենք նշեին, որ եկել ենք համաձայնության գազի գնի պահպանման շուրջ, թեկուզ համաձայնագիրը դեռ չի կնքվել: Հակառակ դեպքում, մենք կկանգնենք նույն խնդրի առաջ, ինչ 2011 թվականին, երբ հունվարի 1-ից հետո չունեինք գազի ներկրման գնի հետ կապված պայմանագիր, ինչի արդյունքում մինչև 2013 թվականը գազի գինը բնակչության համար մնաց նույնը, բայց ռուսական կողմն այդ ընթացքում գազի ներկրման գինը բարձրացրել էր, և դրա հետևանքով մենք 300 միլիոն դոլար պարտք կուտակեցինք»:
Լիլիթ Շաբոյան