Մեր խնդիրն արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է
02 Սեպտեմբեր 2024Հիմնական խնդիրը արցախցիների Արցախ վերադառնալու գծով հարցը միջազգային օրակարգում պահելն է. Արցախի Անկախության օրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Այնպես չէ, որ դա օրակարգում չկա, օրակարգում է, բայց նաեւ հաշվի առնելով հատկապես ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը, կարող է այդ օրակարգից դուրս մնալ: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ մնա միջազգային համայնքի օրակարգում:
Այստեղ կարեւոր անելիք ունեն Արցախի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը եւ Սփյուռքն իր տարբեր կառույցներով, որն էլ անում է»,-ասաց նա:
Մանոյանի խոսքով, ՀՀ իշխանություններն են հիմնական պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք:
Հարցին՝ ինչպե՞ս են ընդունում Նիկոլ Փաշինյանին Սփյուռքում, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Ասել, որ ամբողջ Սփյուռքը մեկ կարծիք ունի, այդպես չէ, բայց դժգոհությունը շատ է մեծացել: Նույնիսկ շրջանակներ, որոնք 6 տարի առաջ փոփոխություններից գոհ էին, ակնկալիքներ, հույսեր ունեին, հիմա նույնիսկ նրանցից շատերը հասկացել են, որ դա խաբկանք է: Այս իշխանությունները եկել են հստակ առաքելությամբ, հստակ ծրագրով, եւ դա քայլ առ քայլ կատարում են: Հիմնականում Արցախը կորցնել, Հայաստանը դարձնել ոչ հայկական ինչ-որ մի պետություն: Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն եւ ինչ-որ իմաստով նույնիսկ ՀՀ-ից երես թեքում»: