Անթույլատրելի է Արցախի ժողովրդի մեջ պառակտման սերմեր ցանելը
27 Սեպտեմբեր 2024Սեպտեմբերի 26-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը: Նա խոսել է միջազգային հարթակներում Արցախի և առհասարակ Հայաստանի օրախնդիր հարցերը չբարձրացնելու, դրանք չհետապնդելու՝ ՀՀ իշխանությունների անբացատրելի վարքագծի, Հայաստանում արցախահայության խնդիրների, արցախյան պետական կառույցների պահպանության անհրաժեշտության, այդ կառույցների, որպես ընտրված և լեգիտիմ մարմինների, ներուժը արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ոլորտում կիրառելու հնարավորությունների մասին:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի մի շարք ելույթների՝ Արա Պուլուզյանը մասնավորապես նշել է. «Բավարարված չեմ այդ համաժողովում Հայաստանի վարչապետի մինչ այս տրված բացատրություններով և ելույթներով: Հայաստանի հարցերը դրանց մեջ ներկայացված են մի տեսակ վերացական ձևով: Խաղաղություններից է խոսում, խաչմերուկներից է խոսում, ապագայից է խոսում, չհասկանալով, գուցե, որ Հայաստանն այդ հարցերում խոսք ասող չէ, հարց լուծող չէ: Նույնիսկ տարածաշրջանային առումով Հայաստանի այդ դիրքորոշումները հստակ չեն, որովհետև իրական պատկերները և իրական մտահոգությունները չեն ներկայացվում՝ այդ թվում սպառազինությունները, այդ թվում Արցախի հիմնահարցի լուծման հնարավորությունները, այդ թվում արցախահայերի անքակտելի իրավունքները: Այս ամենը հաղթաթղթեր են, որոնք կարելի է օգտագործել բանակցություններում, որոնք խելոք ղեկավարն անպայման կօգտագործեր»:
Արա Պուլուզյանը հանգամանալից խոսել է նաև այն մասին, թե ինչու պետք է պահպանել և ավելի ուժեղացնել Արցախի պետական կառույցները:
Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործոնը բանակցություններից հանելը թուլացնում են Հայաստանի բանակցային դիրքերը: Դու այլևս չես ունենում այն արգումնետը, որ բանակցող կողմերին ասես՝ այս մարդիկ են ներկայացնում Արցախի ժողովրդին: Մինչդեռ Արցախում իրավազրկում է տեղի ունեցել: Բոլորը համաձայն են, որ Արցախում իրավազրկում է կատարվել՝ բռնագաղթ է տեղի ունեցել, բռնազավթում է տեղի ունեցել, մշակութային արժեքներ են ոչնչանում, ժողովրդի կենցաղն է ավերվել և այլն: Պետք է այս ամենի վերականգնման պահանջ դնել և դա անել Արցախի պետական կառույցների անմիջական մասնակցությամբ՝ նրանց գոյության փաստն օգտագործելով:
Մանրամասները՝ տեսանյութում