Կամ հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից, կամ կատարել 9-րդ կետը․ Փաշինյանն այլընտրանք չունի
11 Հոկտեմբեր 2024
Հոկտեմբերի 10-ի Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Սրբազան շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:
Նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է վերջին շրջանում Շարժման շուրջ ծավալված ոչ միանշանակ խոսակցություններին՝ դրանք որակելով արշավ ժողովրդական շարժման դեմ, հիմնական դերակատար քաղաքական ուժերի և լայն զանգվածների միջև անվստահություն սերմանելու անհաջող փորձ: Գառնիկ Դանիելյանը միևնույն ժամանակ կարևորել է նաև Շարժումն առավել ամբողջական դարձնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ մեր առանձին թեմերի առաջնորդները ևս անելիք ունեն այդ ուղղությամբ: «Այսօր նրանց ոչինչ չի խանգարում դիմադրություն ձևավորել իրենց թեմերում, իշխանությունների մարզային այցելությունների ժամանակ հստակ հարցադրումներ անել և պատասխան պահանջել այս ծանր իրավիճակի համար, որում հայտնվել ենք բոլորս»,- նշել է պատգամավորը:
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, որոնց ամբողջական կատարումն ըստ էության հանգեցնելու է կապիտուլյացիայի: Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն իրարամերժ հայտարարություններով խուսանավել ու ձգձգել, միևնույն է՝ մյուս կողմերը գալու են այդ համաձայնագրի կետերի, այդ թվում նաև 9-րդ կետի հետևից, որով նախատեսվում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Խոսելով ԱԺ-ի վավերացմանը ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման և սահմանագծման «կանոնակարգի» մասին՝ Գառնիկ Դանիելյանն ասել է. «Սահմանազատման և սահմանագծման այս անտրամաբանական գործընթացը շատ լուրջ մարտահրավեր է դառնալու Հայաստանի համար: Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ Ազգային ժողովում ձախողվի «կանոնակարգի» վավերացումը: Ես կարծում եմ, որ թե Ազգային ժողովում պետք է դա լուրջ դիմադրության հանդիպի, թե փողոցում: Մեր հասարակությունն էլ պետք է պահանջի, որ դա չվավերացվի, որովհետև այդ փաստաթղթով մեր երեխաների, մեր սերունդների կյանքն ու ճակատագիրն է որոշվում: Եվ պատահական չէր, որ մենք գնացինք Սահմանադրական դատարան, այնտեղ մանրամասն խոսեցինք, որ այն դատավորներն ու պատգամավորները, որոնք դրական որոշումներ կկայացնեն այս իրավիճակում, օր ու արև չեն ունենալու, անիծվելու են, նզովվելու են և տեղ չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում»:
Մանրամասները՝ տեսանյութում
