Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ 10-րդ համարը
31 Հոկտեմբեր 2024«Դրօշակի» այս տարվա 10-րդ համարը այսօրվանից ընթերցողի տրամադրության տակ է: Հետևելով տագնապահարույց ժամանակի հևքին պաշտոնաթերթի հերթական համարի առանցքում ևս հանրությանը հուզող ճակատագրական հարցերի քննությունն է: Ազգային խնդիրների շարքից պետք է համարել վերլուծաբան Սարգիս Սարգսյանի ծավալուն հոդվածը 44-օրյա պատերազմում հայկական և ադրբեջանական կողմերի կիրառած զենքի, պատերազմի այլ մանրամասների և դասերի վերաբերյալ: Հիշեցնենք որ երկու երկրների ինչպես և միջազգային տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ներկայացրած տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության առաջին մասը հրապարակվել էր «Դրօշակի» նախորդ համարում:
Արևելագետ Լիանա Պետրոսյանը վերլուծություն է ներկայացրել այն մասին, թե Ադրբեջանի հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» նկատմամբ:
Իսկ Արևելագետ Նարե Գևորգյանը անդրադարձել է Իրան-Իսրայել հարաբերություններում առկա վերջին սուր զարգացումներին:
Մի քանի օրից ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Սուր մրցակցություն վարող երկու թեկնածուներից որ մեկի հաղթանակի դեպքում ամերիկյան քաղաքականությունը ինչպիսի ընթացք կունենա և փոփոխություններ կկրի տարբեր, այդ թվում Հայաստանի նկատմամբ որդեգրված քաղաքականության առումով: Այս հարցերի քննությանն է նվիրված հերթական վերլուծությունը, որը «Դրօշակի» համար պատրաստել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:
Համարում ներկայացված ընդարձակ նյութերից է նաև պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանի ուսումնասիրությունը նվիրված Բուլղարիայում Դաշնակցության գործունեությանը՝ կազմակերական այդ կառույցի ձևավորման շրջանից սկսած:
Անշուշտ այսքանով չի ավարտվում ՀՅԴ պաշտոնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կգտնի հետաքրքրող այլ նյութեր ևս:
«Դրօշակ»ի 2024թ 10-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:
«Դրօշակ» թիվ 10 2024 թ.