Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը Բուլղարիայում (1894-1924 թթ.)
04 Նոյեմբեր 2024Աշխարհագրական դիրքով, բուլղար ժողովրդի քաղաքական իղձերով և թուրքերի հանդեպ ունեցած հակակրանքով պայմանավորված, Բուլղարիան Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հանդիսացել է կարևոր հենակետ Կոստանդնուպոլիս և այնտեղից Երկիր անցնելու ու ազգային-ազատագրական պայքարն առաջ մղելու համար: Գտնվելով Կ. Պոլսին կից, Երկրին մոտիկ, միաժամանակ Եվրոպայում՝ նրա դիրքը բացառիկ էր հեղափոխական գործի համար: Կարևոր էին նաև Բուլղարիայի ծովային հաղորդակցության հնարավորությունները Տրապիզոնի, Բաթումի և Զմյուռնիայի հետ:
Աշխարհագրական և քաղաքական առանձնահատկությունները պատճառ են դարձել, որ ՀՅ Դաշնակցությունը շատ վաղուց արմատներ նետեր Բուլղարիայում: Նախընթաց շրջանում Բուլղարիայում թուրքերի վարած հալածական քաղաքականությունը փաստորեն նպաստել էր, որ բուլղար ժողովուրդը և նրա իրարահաջորդ կառավարությունները ոչ միայն բարյացակամ վերաբերվեին հայ հեղափոխական շարժմանը, այլև երբեմն ուղղակի կամ անուղղակի կարևոր օժանդակություն ցուցաբերեին :
ՀՅԴ մուտքը Բուլղարիա
Կուսակցական առաքելությամբ Բուլղարիա ժամանած առաջին դաշնակցական գործիչը Գարեգին Խաժակն (Չաքալյան) էր՝ Բաբա-Գասպար կեղծանունով : Նա 1894 թ. վերջերին Յամբոլ և Սլիվեն քաղաքներում մի շարք հանդիպումներ է ունենում տեղի հայրենասեր ու սրտացավ հայերի հետ: Սլիվենի հայությանը ոգևորելու տեսակետից բավական ազդեցիկ է եղել Ամբակում աղայի տանը տեղի ունեցած հավաքույթի ժամանակ Գ. Խաժակի հնչեցրած հայրենաշունչ ճառը: Նա այստեղ ներկայացրել է արևմտահայության ծանր վիճակը, Սասունի կոտորածները:
Գ. Խաժակը համոզմունք է հայտնել, որ Օսմանյան կայսրության դեմ հեղափոխական պայքարի ելած ժողովուրդներն ազատագրվել են բռնակալությունից: Ուստի «հայն ալ պիտի թօթափէ ստրկութեան լուծը՝ ազատ եւ անկաշկանդ ապրելու եւ հայ մշակոյթը
զարգացնելու համար»:
Գարեգին Խաժակը շատ կարճ ժամանակամիջոցում Սլիվեն և Ֆիլիպե (ներկայումս՝ Պլովդիվ) քաղաքներում ձևավորում է դաշնակցական բջիջներ, որոնք նույնիսկ կարողանում են հանգանակություն կազմակերպել Սասունի կարոտյալների համար: 1895 թ. Գ. Խաժակը դաշնակցական խումբ է ստեղծում նաև Վառնայում :
1895 թ. աշնանը ՀՅ Դաշնակցության Բյուրոն Բուլղարիա է գործուղում Վարդոյին (Վարդ Պատրիկյան) : Վարդոն այստեղ զբաղվում էր փամփուշտի տարանցումը կազմակերպելու գործով: Նա եվրոպական երկրներից Արևմտյան Հայաստանի համար ձեռք բերված փամփուշտը բուլղարական նավահանգիստներով ուղարկում էր Կովկաս:
1897 թ. Կ. Պոլսից Վառնա է անցնում Արշակ Վռամյանը (Օննիկ Դերձակյան) և նույն տարվա օգոստոսի 20-22-ին կազմակերպում Բուլղարիայի Յամբոլ, Ֆիլիպե, Բուրգաս, Սլիվեն, Ռուսճուք, Վառնա, Շումլա (Շումեն) քաղաքների դաշնակցական մարմինների առաջին շրջանային ժողովը, որն ընտրում է Բալկանյան Կենտրոնական Կոմիտե:
ՀՅԴ կառույցը Բուլղարիայում 1898-1907 թթ.
Առաջին շրջանային ժողովից հետո, սակայն, Կենտրոնական Կոմիտեն չցուցաբերեց ակնկալվող աշխուժությունը: 1898 թ. ՀՅԴ 2-րդ Ընդհանուր Ժողովից հետո Ֆիլիպեում հաստատվեց կուսակցության առանցքային դեմքերից Ռոստոմը (Ստեփան Զորյան) : Վերջինիս գլխավոր խնդիրը Դաշնակցության տեղի կազմակերպության հզորացումն էր: Ռոստոմի անմիջական նախաձեռնությամբ. «սարքուեցան խառն կամ զուտ դաշնակցական բազմաթիւ լսարաններ, օրիորդաց, տիկնանց եւ երիտասարդներու համար առանձին լսարաններ, յետոյ կազմուեցան երգեցիկ ու թատերասէր երկսեռ խումբերը եւ հետզհետէ զինավարժական-մարմնամարզական խումբերը, առանց հաշուելու զուտ յեղափոխական 3-4 օժանդակ խումբերը, որոնք նոյնպէս այդ ժամանակ կազմուեցան: Այս եղանակաւ քաղաքի գրեթէ բոլոր երիտասարդ ու տրամադրելի ուժերը ներգրաւուեցան, եւ շատ չանցած՝ բոլորը դաշնակցական դարձան» : Այս ընթացքում Ռոստոմն իր կնոջ՝ Եղիսաբեթ Շահնազարյան-Զորյանի հետ Ֆիլիպեում հիմնում է հայկական դպրոց, որտեղ հաճախող հայ մանուկները դաստիարակվում էին հայկական ոգով: Դպրոցը բազմաթիվ հայ ընտանիքների կապեց ՀՅ Դաշնակցության հետ:
Ֆիլիպեում Ռոստոմի հայկական դպրոց բանալը յուրատեսակ մեծ հանդգնություն էր: Քաղաքում ապրում էր մոտ 1000 տուն հայ ընտանիք:
Ռոստոմի աշակերտուհիներից Պերճուհի Բարսեղյանը այդ կապակցությամբ հետագայում հետևյալը պիտի գրեր. «¬Անհաւատալի աղմուկ մը առաջ բերաւ այդ դպրոցին բացումը: Աղաներու շշմանքին, զարմանքին այդպիսի յանդգնութեան դէմ՝ յաջորդեցին զայրոյթը եւ պայքարը ամէն զէնքերով: Անոնցմէ ոմանք չվարանեցան անգամ տաճիկ հիւպատոսին միջոցաւ պուլկար կառավարութեան դիմելու եւ բողոքելու, որ Ռոստոմի դպրոցին մէջ ռումբեր կը պատրաստուին թիւրք կառավարութեան դէմ: Այնպէս որ պուլկար կառավարութիւնը ձեւական քանի մը խուզարկութիւններ կատարել տուաւ դպրոցին մէջ: Ձեւական, որովհետեւ կառավարական շրջանակները, որոնց մէջ աչքի կը զարնէին մակեդոնական յայտնի գործիչներ, շատ լաւ գիտէին թէ ինչ էր դպրոցին նպատակը» : Իրականում աղաները մտահոգված էին, որ հայ միջին և ստորին դասի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ուղարկում էին Ռոստոմի դպրոցը: Այլևս Ֆիլիպեի հայության մեջ Ռոստոմն էր հեղինակությունը և ոչ իրենք: Ռոստոմի շնորհիվ Ֆիլիպեի հայության հասարակական-քաղաքական կյանքը եռում էր, կանայք ներգրավված էին Կարմիր խաչի, մշակութային ձեռնարկների մեջ, վարժարանը դարձել էր զանազան քննարկումների կենտրոնատեղի :
Մինչև 1905 թ. վարժարանի նյութական կարիքները՝ մոտ 7000 ֆրանկ, հոգացվում էին աշակերտների թոշակների, հիմնադիրների անձնական զոհողությունների և կովկասցի կրթասեր անձանց նվիրատվությունների հաշվին: Վարժարանի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, հիմնականում դաշնակցականներ, աշխատում էին առանց վարձատրության: Սակայն 1905-1906 թթ. կովկասյան դեպքերը (հայ-թաթարական զինված բախումները) խանգարեցին այնտեղից նյութական աջակցություն ստանալուն, և վարժարանը հայտնվեց կարիքի մեջ :
Բուլղարիայում Ռոստոմի հաստատվելու պատճառներից մեկն էլ մակեդոնացի հեղափոխականների հետ համագործակցության ծրագրերի մշակումն ու իրականացումն էր: Բուլղարահայ դաշնակցականները կապ էին հաստատել Բուլղարիայում գործող մակեդոնական ազգային-ազատագրական շարժման ղեկավարների հետ և հիմնել Օսմանյան կայսրության դեմ ուղղված «Հայ-մակեդոնական եղբայրություն» դաշինքը: Ռոստոմը, օգտվելով մակեդոնացի հեղափոխականների աջակցությունից, կատարելագործեց նաև պայթուցիկներ պատրաստելու իր հմտությունը, որը հետագայում պիտի շարունակեր Քրիստափոր Միքայելյանը : Մակեդոնացի հեղափոխականների աջակցությամբ և բուլղարական կառավարության «արտոնությամբ», մի փոքր ուշ ՀՅ Դաշնակցությունը նաև զինվորական վարժարան բացեց Բուլղարիայում:
Հայ-մակեդոնական համագործակցությունը, ցավոք, նաև ողբերգական դրվագներով է հայտնի: Բուլղարիայում հայ հեղափոխականներից մակեդոնացիների հետ սերտ հարաբերություններ ուներ Պետրոս Սերեմճյանը: Վերջինս իր մակեդոնացի ընկերների հետ ստեղծեց 10 հոգուց բաղկացած հայ-մակեդոնական զինյալ խումբ, որը պետք է Ադրիանապոլսի բանտից ազատեր հայ և բուլղար մի քանի բանտարկյալների: Խմբի մեջ էին Պետրոս Սերեմճյանը, Թաթուլը (Արամ Արամյան), Օննիկ Թորոսյանը, Խաչիկ Ասլանյանը, բուլղարներից՝ Սոկոլովը, Ս. Մերջանովը, Խրիստո Հաջի Իլիևը և ուրիշներ: Հեղափոխականների խումբը որոշել էր գերի վերցնել Ադրիանապոլսի վալիին և փոխանակել խնդրո առարկա բանտարկյալների հետ: Իմանալով վալիի գտնվելու հստակ վայրը, հեղափոխականները հատում են թուրք-բուլղարական սահմանը և 1901 թ. հուլիսի 6-ին անցնում հարձակման: Սակայն մինչ նրանք հասնում էին, վալին արդեն հեռացել էր, փոխարենը գերի են վերցնում մի թուրք մեծահարուստի որդուն: Սկսվում է կռիվ, հեղափոխականներից վեցը անհավասար կռվում զոհվում են, իսկ չորսը՝ Պետրոս Սերեմճյանը, Օննիկ Թորոսյանը, Ս. Մերջանովը, Խրիստո Հաջի Իլիևը գերի են ընկնում: Թուրքական իշխանությունները հայ-մակեդոնական համագործակցությունը սաղմի մեջ խեղդելու դիտավորությամբ որոշում են ամենախիստ պատիժը կիրառել գերի ընկածների նկատմամբ. հայ և մակեդոնացի գերի հեղափոխականները 1901 թ. նոյեմբերի 27-ին (դեկտեմբերի 9-ին) կախաղան են բարձրացվում :
Բուլղարիայից Ռոստոմի հեռանալուց հետո այնտեղ ՀՅ Դաշնակցության ղեկավար դեմքը դառնում է Վարդոն, ով նոր էր վերադարձել Ժնևից: Սակայն 1904 թ. Վարդոյի և Կենտրոնական կոմիտեի մյուս ընկերների միջև անհամաձայնությունների պատճառով ձախողումներ են արձանագրվում : Դրանք հետագայում ավելի են խորանում և պատճառ դառնում Վարդոյի նկատմամբ կուսակցական պատժական տնօրինման:
1904-1907 թվականները Բուլղարիայում ՀՅԴ-ի գործունեության առումով նշանավոր են մի շարք իրադարձություններով՝ Սոֆիայի Ընդհանուր ժողով, Վիտոշի ողբերգություն, ՀՅԴ զինվորական դպրոց և այլն:
1904 թ. փետրվար-մարտին Սոֆիայում տեղի է ունենում ՀՅԴ 3-րդ Ընդհանուր ժողովը, որտեղ որոշվում է մի ցուցական գործողություն իրականացնել Կ. Պոլսում: Այդ նպատակով ժողովն ընտրում է նաև Ցուցական պատասխանատու մարմին : Այդ մարմնում ընդգրկվում է նաև Քրիստափոր Միքայելյանը, ում համար սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի ահաբեկումը գերագույն նպատակ էր : Բացի Քրիստափորից, Ցուցական պատասխանատու մարմնի անդամ ընտրվեցին նաև Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հովնան Դավթյանը, Աշոտ Բագրատունին (Կարապետ Եղիկյան, Սև Աշոտ) : Աշխատանքներում ներգրավվեցին նաև օրիորդ Ռուբինա Արեշյանը (հետագայում՝ Օհանջանյան), Վռամ Քենտիրյանը (ով հետագայում պիտի նահատակվեր Քրիստափորի հետ), Քրիս Ֆեներճյանը, Գրիգոր Սայանը (Ջայիլ), օրիորդ Էմիլը, կես-հույն, կես-իտալացի Սիլվիո Ռիչչին, գերմանուհի Սոֆի Ռիպսը և ուրիշներ : Բուլղարիայում Քրիստափորն իր համախոհների հետ ձեռնամուխ եղավ սուլթանի ահաբեկման նախապատրաստական աշխատանքներին:
1905 թ. մարտի 4(17)-ին Սոֆիայից ոչ հեռու, Վիտոշ լեռան լանջին ռումբի վերջին փորձարկման ժամանակ, Քրիստափորը և Վռամը զոհվում են : Քրիստափորի նահատակությունից հետո գործի ղեկավարումը վստահվում է Սաֆոյին: Վերջինիս ղեկավարությամբ, սուլթանի մահափորձը տեղի է ունենում 1905 թ. հուլիսի 21-ին: Ցավոք, Աբդուլ Համիդ Բ-ն ողջ է մնում:
Այս ընթացքում Վառնայում լույս տեսնող «¬Շարժում» թերթում Վարդ Պատրիկյանը սկսում է քննադատել Քրիստափորին և Ցուցական մարմնի գործունեությունը, ինչն, ըստ էության, գաղտնապահության կոպիտ խախտում էր: 1906 թ. տեղի ունեցած ՀՅԴ Բալկանյան ժողովը քննում է նաև Վարդոյի հարցը: Վարդոն մեղադրվում էր ոչ միայն կուսակցական մարմիններին հրապարակավ քննադատելու և գաղտնապահությունը խախտելու, այլև կուսակցության նյութական միջոցները յուրացնելու մեջ: Ժողովը բավական երկար անդրադարձավ այս հարցին և միաձայնությամբ որոշեց «գիտակցաբար ու բացարձակօրէն զեղծարարութիւն ընող Իսակ Առվախի Վարդոյի նկատմամբ յեղափոխութեան եւ կազմակերպական կանոններու տրամադրած ամենածանր պատիժը , անոր վաւերացումը յանձնարարելով Ընդհանուր ժողովին կամ Դաշնակցութեան Խորհուրդին» :
1907 թ. փետրվար-մայիսին Վիեննայում տեղի ունեցած ՀՅԴ 7-րդ Ընդհանուր ժողովն անդրադարձավ նաև «Վարդոյի խնդրին¬»:
Ապրիլի 28-ի նիստում, լսելով Վարդոյի գործի համար կազմված Դատական հանձնաժողովի մանրամասն զեկուցումը, Ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ Վարդոն գիտակցաբար, սեփական կարիքների համար յուրացրել և ծախսել է ՀՅԴ Բալկանյան Կենտրոնական կոմիտեի գումարները՝ ընդհանուրը 12112 ֆրանկ: Բացի դա, Վարդոն շահագործել է նահատակ ընկերոջ՝ Պետրոս Սերեմճյանի հիշատակը, իր խմբագրած «Շարժում» թերթի մեջ Պ. Սերեմճյանի բանաստեղծությունները հրատարակելու նպատակով հանգանակություն է կազմակերպել և յուրացրել հավաքված գումարը: Ժողովը եզրակացրեց, որ «¬Վարդոն իւր բոլոր անմաքուր գործերը եւ, մանաւանդ, իւր զեղծումները չքմեղելու համար հանրային կարծիքին առջեւ՝ դիմած է ամէն տեսակ անորակելի միջոցներու՝ ջանալով արատաւորել Դաշնակցութիւնը, դաշնակցական ամենամաքուր գործիչները, նկրտելով կասկածի ստուեր ձգել անոնց գործունէութեան վրայ, անուանարկութեան ու խեղաթիւրման հակասական ամէն փորձ ի գործ դնելով իւր թերթին մէջ» : Ելնելով վերոնշյալ ծանրակշիռ եզրակացություններից՝ Ընդհանուր ժողովը որոշեց հաստատել ՀՅԴ Բալկանյան Շրջանային Ժողովի որոշումը Վարդոյի վերաբերյալ¬:
Վարդոյի ահաբեկումն իրականացվեց Ռուսճուքում 1907 թ. Հակոբի (Կըճի) կողմից :
1905 թվականից Ֆիլիպեում սկսում է հրատարակվել «¬Ռազմիկ» պարբերականը, որը գաղափարա-քաղաքական լուրջ դերակատարում է ունեցել : Թերթի կայացման գործում առանձնապես մեծ է խմբագրի՝ Ռուբեն Զարդարյանի ներդրումը: Լինելով լուրջ մտավորական և միաժամանակ քաղաքական անձնավորություն, նա կարևոր որակ է հաղորդում թերթի հրապարակումներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտեն թերթին ֆինանսական և բարոյական մեծ աջակցություն է ցուցաբերում : Շրջանի Կենտրոնական կոմիտեն մեծ աշխատանքներ է կատարել «Դրօշակ» և «Ռազմիկ» թերթերի հնարավորինս շատ օրինակներ Երկիր ուղարկելու գործում :
1907 թ. Բուլղարիայի հայության թիվը 13.000 էր, որոնց մեջ դաշնակցականները՝ 1000-1200 հոգի : Դաշնակցական կառույցներ կային Ֆիլիպե, Սոֆիա, Ռուսճուք, Վառնա, Բուրգաս, Սլիվեն քաղաքներում : Այսպիսով, 1905-1907 թվականներին ՀՅԴ Բուլղարիայի կառույցը բավական ուժեղ կազմակերպություն էր, որը հիմք էր տալիս արևմտահայ-ազգային ազատագրական պայքարում առավել լուրջ քայլեր ձեռնարկելու:
ՀՅԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
1906 թ. ՀՅԴ Բալկանների Շրջանային ժողովը որոշեց. «¬պարբերաբար Երկիր մտնելու համար ուժեր պատրաստել, կրթել փափաքողները զինուորական մարզանքով, տալ անոնց մասին տեսական եւ գործնական ծանօթութիւններ, ինչպէս նաեւ յեղափոխական գործունէութեան համար անհրաժեշտ գիտական, քիմիական ուսուցում: Այս նպատակին իրագործման համար հետեւեալ միջոցները խորհեցաւ ժողովը. Կեդրոնական Կոմիտէն փափաքող յարմարագոյն եւ վստահելի ընկերները մէկ տեղ հաւաքէ եւ մասնագէտներու միջոցաւ անոնց հարկ եղածը սորվեցնելէ ետքը, անոնց մէկ մասը ղրկէ Երկիր, իսկ միւս մասը ցրուէ Պալքանի մէջ, այս ձեռնարկէն անկախաբար՝ իւրաքանչիւր քաղաքի մէջ կազմուած զինավարժական խումբերու հարկ եղածը սորվեցնող, կրթիչներ ըլլալու նպատակաւ» :
Զինվորական դպրոց-վարժարան բացելու այս որոշումը էապես բարձրացրեց ՀՅԴ Բուլղարիայի կառույցի դերակատարումը արևմտահայ ազգային-ազատագրական պայքարում:
Դպրոցի կազմակերպմանը նյութական մեծ աջակցություն էր ցույց տալու ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն :
ՀՅԴ Բուլղարիայի զինվորական դպրոցի կազմակերպման գործում մեծ է Անդրանիկ Օզանյանի ներդրումը: Ինչպես հայտնի է, Սասունի 1904 թ. ապստամբությունից հետո Անդրանիկն անցնում է Վասպուրական, ապա՝ Ատրպատական, Արևելյան Հայաստան, այնուհետև մեկնում է Ժնև, որտեղ կուսակցական մարմինների և ընկերների աջակցությամբ հետևում է իր քայքայված առողջության վերականգնմանը: Ռոստոմի կարգադրությամբ, մեծանուն հայդուկապետը Արևմտյան Եվրոպայում սկսեց զբաղվել ազատամարտի համար զենքի գնումներով: ՀՅԴ Արևմտյան Բյուրոն 1906 թ. Անդրանիկին գործուղեց Բուլղարիա՝ նույն առաքելությամբ, ինչպես նաև «¬մակեդոնացի յեղափոխականներու եւ պուլկար պետական շրջանակներու հետ Հ. Յ. Դաշնակցութեան կապերը ամրապնդելու համար»:
Անդրանիկին վստահվեց նաև ՀՅԴ Բուլղարիայի զինվորական դպրոց-վարժարանի կազմակերպման գործը: Դպրոցը սկզբնապես նախատեսված է եղել 12 հոգու համար: Բուլղարները ողջունել են, խոստացել են աջակցել, եթե հայերը բուլղար-թուրքական պատերազմի դեպքում ապստամբություն սկսեն Արևմտյան Հայաստանում: ՀՅ Դաշնակցության բարեկամ մակեդոնացի հեղափոխական Բորիս Սարաֆովի ջանքերով, զինվորական դպրոցը 1906 թ. տեղակայվեց Բուլղարիայի Դուբնիցայի շրջանի մի վանքի տարածքում՝ թուրք-բուլղարական սահմանի մոտ : Բուլղարական բանակի կապիտան Պողոս Պողոսյանը (Պետրոս Սերեմճյանի հորեղբորորդին) ՀՅԴ-ի կողմից նշանակվեց դպրոցի տնօրեն, օգնականն էր Ռաշիդը (Նիկոլայ Պանով) : 1907 թ. դպրոցն ուներ մոտ 50 աշակերտ, յուրաքանչյուրի վրա ամսական ծախսվում էր 100 ֆրանկ: Դասընթացները տևում էին 10 ամիս : Դպրոցը դրականորեն ազդեց ՀՅԴ-ի մարտական ուժի որակի բարձրացման վրա: Դպրոցի սաներից և կամավորներից 1912 թ. կազմավորվեց Հայկական վաշտը՝ Անդրանիկի և Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։
Անդրանիկի ներկայությունը Բուլղարիայում նաև վերաթարմացրեց Ռոստոմի գործունեության շրջանում այստեղ ծավալված հայ-մակեդոնական հարաբերությունները : 1906 թ. հունիսին ՀՅԴ Արևմտյան Բյուրոյին Անդրանիկի գրած նամակից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Բորիս Սարաֆովին, ով բուլղարական կառավարության առջև բարձրացրել է հայ-մակեդոնական հեղափոխական գործնական շփում և համագործակցություն ստեղծելու խնդիրը: Անդրանիկը հանդիպել է նաև Բուլղարիայի ռազմական նախարարին, որից ակնկալում էր զինական աջակցություն հայկական հեղափոխությանը : Բուլղարական կառավարությունը խոստացել է Արևմտյան Հայաստանի համար Վիեննայում կամ այլուր պատվիրված զենքը բուլղարական մաքսատանը ընդունել առանց մաքսի, իբրև մակեդոնական հեղափոխության համար նախատեսված ապրանք, փոխադրել հայերի համար ցանկալի որևէ բուլղարական նավահանգիստ, այնտեղից էլ՝ ապահովությամբ տեղափոխել մեկ այլ ցանկալի նավահանգիստ: «¬Զինուորական նախարարութիւնը պատրաստ է մինչեւ 10.000 հոգինոց հայ եւ պուլկար խառն բանակ մը սպառազինել եւ զինուորական շտապի մը հետ դնել իմ հրամանատարութեան տակ, որպէսզի առաջին նաւերով կարող ըլլամ գրաւել սեւծովեան թրքական նաւահանգիստներէն մէկը կամ աւելին»,– գրում է Անդրանիկը :
Ոգևորված բուլղարական կառավարության խոստումներից, Անդրանիկն առաջարկում է արագացնել Ընդհանուր ժողովի գումարումը: Ընդհանուր ժողովն արագացնելը կապված էր նրա հետ, որ Անդրանիկի պայմանավորվածությունները ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտեն լուրջ էր համարում՝ դրանց հաղորդելով անհետաձգելի հանգամանքի բնույթ, և պետք չէր հապաղել գործնական քայլերի անցնելու համար : Այսպիսով, Բուլղարիայում զինվորական դպրոց-վարժարանի բացումը ոչ միայն ցույց էր տալիս ՀՅԴ կառույցի հզորությունը Բուլղարիայում, այլև վկայում էր հայ-բուլղարական բարձր մակարդակի համագործակցության մասին: Այդ համագործակցության շրջանակներում բուլղարական կառավարությունը օգնում էր հայ հեղափոխականներին զենք հասցնել Արևմտյան Հայաստան: Բացի նշվածներից, բազմաթիվ հայորդիներ (որոնց թվում՝ Գարեգին Նժդեհը) հնարավորություն ունեցան ռազմական գիտելիքները հարստացնել Բուլղարիայի Բարձրագույն Սպայական վարժարանում:
ՀՅԴ գործունեությունը Բուլղարիայում 1908-1914 թթ.
Բուլղարիայում ՀՅ Դաշնակցության 1908-1914 թթ. գործունեությունը լեցուն է իրարամերժ իրադարձություններով:
Այստեղ շարունակում էր հրատարակվել «Ռազմիկ¬» թերթը՝ Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ: Սակայն, 1908 թ. հուլիսին, օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, Ռ. Զարդարյանը տեղափոխվեց Կ. Պոլիս՝ իբրև ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու մարմնի անդամ: Այստեղ նա պետք է նաև խմբագրեր նորաբաց «Ազատամարտ¬» օրաթերթը: Բուլղարիայից Կ. Պոլիս անցավ նաև Բարթող Զորյանը (Ժիրայր) : Ռ. Զարդարյանի Կ. Պոլիս մեկնելուց հետո, նյութական դժվարություններ ունեցող «¬Ռազմիկ»-ը առավել ծանր վիճակի մեջ հայտնվեց: «Ազատամարտ»-ի հրատարակումից հետո նրա կարևորությունն ընկավ: Ըստ էության, մինչ «Ազատամարտ»-ի հրատարակումը «Ռազմիկ»-ը Կ. Պոլսի վերաբերյալ տեղեկություններ հաղորդող, Կ. Պոլսում ամենաշատը տարածվող կարևոր թերթ էր համարվում: 1909 թ. դադարեցվում է «Ռազմիկ»-ի հրատարակումը : Թերթի բոլոր տպագրական պարագաները տեղափոխվում են Կ. Պոլիս՝ «¬Ազատամարտ»-ի խմբագրություն :
Օսմանյան սահմանադրության հռչակումը և թուրք-բուլղարական հարաբերությունների ջերմացումը բարդացրին Բուլղարիայում ՀՅ Դաշնակցության գործունեությունը: Նախընթաց ժամանակաշրջանի բարենպաստ պայմաններն անցյալում էին: Բուլղարական կառավարությունն սկսեց խոչընդոտներ և դժվարություններ հարուցել: Մասնավորապես, 25-30 գործուն դաշնակցականների սպառնում էին արտաքսել Բուլղարիայից :
Օսմանյան սահմանադրության հռչակած ազատությունը մեծապես ոգևորեց Բուլղարիայում ապաստանած արևմտահայ գաղթականությանը՝ վերադառնալու հայրենի օջախներ: Պանդխտությունից Երկիր վերադառնալու շարժում սկսվեց: Ցավոք, հայրենադարձների ճնշող մեծամասնությունը հիասթափություն ապրեց, երբ վերադառնալուց հետո ոչ միայն տնտեսական ու քաղաքական ազատություն չտեսավ, այլև իրավիճակը երբեմն ավելի տխուր էր, քան աբդուլհամիդյան վարչակարգի դժնդակ օրերին :
Չնայած նրան, որ Ադանայի 1909 թ. կոտորածների արձագանքները բացասական ազդեցություն ունեցան Բուլղարիայի դաշնակցական կառույցի վրա , այնտեղ շուտով կրկին բյուրեղացավ զինված պայքարի գաղափարը: Պատահական չէ, որ այդ օրերին նույնիսկ զենք էին տեղափոխում Երկիր :
ՀՅ Դաշնակցության Բուլղարիայի կառույցի վրա օսմանյան սահմանադրության բացասական ազդեցությունն ավելի ակնառու դարձավ 1910-1912 թվականներին: ՀՅԴ Բալկանյան կոմիտեի 1910-1911 տարեշրջանի գործունեության տեղեկագրից պարզ է դառնում, որ նույնիսկ առաջ են եկել կուսակցության գործունեությունն աննպատակահարմար համարող տրամադրություններ: Սա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ որոշ դաշնակցականներ բավարար են համարել օսմանյան սահմանադրության հռչակած ազատությունը : Այս շրջանում Բուլղարիայում որպես ՀՅԴ գործիչ աշխատել է Արշակ Իսահակյանը (Ջամալյան) :
Բալկանյան պատերազմների տարիներին (1912-1913 թթ.) կուսակցական-կազմակերպական կյանքը Բուլղարիայում զգալի չափով խաթարվեց: ՀՅԴ Բալկանների ԿԿ-ի դիրքորոշումն անշուշտ պետք է լիներ ի նպաստ Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության: Պատահական չէր, որ. «բացի զինակոչի ենթարկուած պուլկարահպատակ հայ երիտասարդութենէն, կազմակերպուած էր նոյնպէս կամաւորական զօրագունդ» :
Բալկանյան առաջին պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցեց նաև Հայկական կամավորական վաշտը (270 հոգի) վոյեվոդա Անդրանիկ Օզանյանի և պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց Հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ կառավարական պարգևների արժանացան։
Բալկանյան պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցելու նախաձեռնությունը թեև պաշտոնապես ազգային-եկեղեցական մարմինների ներքո առաջ եկավ, սակայն. «¬չէր կրնար այսուհանդերձ, անտես առնուիլ կուսակցական ղեկավարութենէն, մանաւանդ, որ հայկական գունդին գլուխ անցած էին ազգային հերոս Անդրանիկն ու պուլկար Զին. Վարժարանէն շրջանաւարտ երիտասարդ սպայ Գարեգին Նժդեհը, մանաւանդ, որ շարժումը մեծ խանդավառութիւն յառաջացուցած էր ժողովրդական զանգուածներու մօտ» :
Հարկ է նշել նաև, որ բուլղարական բանակի կազմում պատերազմին մասնակցելը չողջունեցին ինչպես ՀՅԴ Արևմտյան Բյուրոն, այնպես էլ Արևմտյան Հայաստանում ու Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող հայությունը: Դա յուրատեսակ վրեժի պատրվակ էր համարվում թուրքական խուժանի կողմից հերթական նախճիրը գործադրելու համար: «Կը հասկնանք ձեզ թելադրող զգացումները, սակայն Երկրի հայ ժողովուրդի ներկայ տագնապալի կացութիւնը ստիպողաբար կը թելադրէ զգոյշ մնալ այնպիսի քայլերէ, որոնք կրնան գրգռել իսլամ ժողովուրդը: Կամաւոր գրուող մեր հայրենակիցները աւելի օգտակար գործ ըրած կ’ըլլան եթէ երթան մասնակցելու Երկրի մէջ ինքնապաշտպանութեան գործին»,– ասված է ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի՝ Բալկանյան ԿԿ-ին ուղարկած նամակում : Թուրք-բուլղարական պատերազմում բուլղարահայերի կամավորությանը վերապահումով է մոտենում նաև Բարթող Զորյանը, որը ժամանակին գործել էր Բուլղարիայում և այդ օրերին Կ. Պոլսում էր կուսակցական պատասխանատու հանգամանքով: Նա ընկերներին կոչ է անում խնայել իրենց անունը և թուրքերին ավելորդ չգրգռել Երկրում հայերի դեմ, հատկապես, որ դիմացը շատ չնչին ակնկալիք կարող էր լինել :
Մյուս կողմից էլ «¬ցնորք կը համարուէր՝ հայութեան ի սպառ բնաջնջումը հետապնդող Թուրքիայէն ակնկալել որեւէ բարեկարգում կամ բարիք» :
Բալկանյան պատերազմների տարիներին բավական աշխույժ էին ՀՅԴ Բուլղարիայի կանանց և բարեսիրական կազմակերպությունները: Օրինակ՝ Ռուսճուքի կանանց «Մարո» խումբը գործունեության կարճ ժամանակաընթացքում 800-900 ֆրանկի օգնություն է ապահովել: Եռանդուն են եղել նաև Սոֆիայի Կարմիր խաչի ընկերուհիները :
1913 թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը գումարված ՀՅԴ Բալկանյան հերթական Շրջանային ժողովը, հաշվի առնելով օսմանյան կառավարության՝ հայերին հալածելու հանգամանքը, առաջարկում է կուսակցության Արևմտյան Բյուրոյի կազմը տեղափոխել արտասահման և ավելի ազատ ու անկաշկանդ կազմակերպել ինքնապաշտպանության գործը :
Հետաքրքիր է Բալկանյան Շրջանային Ժողովի վերաբերմունքը 1914 թ. հուլիս-օգոստոսին տեղի ունեցած ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովի օրակարգին : Ժողովը կոչ էր անում մի կողմից ամրապնդել սահանադրական վարչակարգը Օսմանյան կայսրությունում, հարկ եղած դեպքում չբացառելով նաև անլեգալ գործողությունները, մյուս կողմից հորդորում էր թշնամական դիրք չբռնել Ռուսաստանի հանդեպ՝ ռուսներին համոզելով, որ հայ ժողովուրդը հակառուս ձգտումներ չունի և հայաշատ, ու շեն Հայաստանի գոյությունը բխում է Ռուսաստանի շահերից :
Ինչպես տեսնում ենք, Առաջին աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանում ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպությունը մի կողմից ներքաշված էր Բալկանյան պատերազմների թոհուբոհի մեջ, որն ինքնին հակասական տրամադրություններ էր ստեղծում ինչպես հայության տարբեր հատվածների միջև, այնպես էլ կուսակցության ներսում, մյուս կողմից՝ վերահաս աշխարհամարտի վտանգն իր հնարավոր սարսափելի հետևանքներով Բուլղարիայի դաշնակցականներին դրդում էր չեզոքության մղել կուսակցության ղեկավար մարմիններին:
ՀՅԴ գործունեությունը Բուլղարիայում Առաջին աշխարհամարտի տարիներին
Առաջին աշխարհամարտը ծանր պարտականություններ դրեց ՀՅԴ բալկանյան կառույցի վրա: Հերթական անգամ, Բուլղարիան, աներևակայելի դժվարություններ հաղթահարելով, կապող օղակ հանդիսացավ Կ. Պոլսի, Երկրի, Կովկասի կազմակերպությունների և արտասահմանի կուսակցական մարմինների միջև:
Պատերազմի սկսվելուն պես ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպության շատ անդամներ ու համակիրներ անցան Անդրկովկաս և համալրեցին հայկական կամավորական ջոկատները։ Քանի որ Բալկաններում թուրքական լրտեսական ցանցը բավական տարածված էր, այս գործը կաշկանդող զգուշություն էր պահանջում: ՀՅԴ Բալկանյան Կենտրոնական կոմիտեն կարողացավ համոզել Բուլղարիայի և Ռումինիայի կառավարություններին և հաջողեցնել հազարից ավելի կամավորներ ուղարկել Կովկաս :
1914 թ. դեկտեմբերին ՀՅԴ Բալկանյան Կենտրոնական կոմիտեն կոչ է անում Բալկանների հայությանը՝ վեր կանգնել «իր գաղութային սահմանափակ մտահոգութիւններուն շրջանակէն» և տեսնել հայությանն սպառնացող ահեղ աղետը :
1915 թ. փետրվարին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանյան արտահերթ Շրջանային Ժողովը որոշում է սահմանափակել կամավորական շարժմանն իր մասնակցությունը և չսպառել հայության բոլոր ուժերը՝ պատճառաբանելով, որ դա ավելի էր վտանգում արևմտահայության կացությունը, քանի որ ռուսները կամավորական շարժմանը պատշաճ չեն աջակցում : Փաստորեն, եթե սկզբնական շրջանում Բուլղարիայում ոգևորվեցին ռուսական կողմի տված խոստումներից, ապա պատերազմի ընթացքն ստիպեց վերանայելու նախկին ոգևորությունը և վերադասավորելու ունեցած հնարավորությունների սպառումը:
Պատերազմի տարիներին ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտեի մյուս կարևոր ձեռնարկը Սոֆիայում «¬Հայաստան» թերթի լույս ընծայումն էր, որը ոչ միայն վեր հանեց շրջանի հայությանը հուզող խնդիրները , այլև անփոխարինելի դեր կատարեց արտերկրի հայությանը բոլոր կարևոր իրադարձությունների մասին պարբերաբար տեղեկացնելու գործում, որոնք ¬տագնապալի այդ օրերին տեղի էին ունենում Կովկասում, Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանում :
ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպությունը և Հայաստանի Առաջին Հանրապետությունը
Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումից անմիջապես հետո Դաշնակցության Բուլղարիայի կազմակերպության գործունեության գլխավոր օրակարգը կրկին հայրենիքն էր:
1918 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ՀՅԴ Բուլղարիայի հերթական Շրջանային Ժողովն առաջարկում է «Ստեղծել անկախ Հայաստան մը, ազգային ժողովի մը գերիշխանութեամբ, որ լինի իր ձեւով Ռամկավարական Հանրապետութիւն եւ որուն հողային տարածութիւնը պարփակէ պատմական Հայաստանը իր երեք հատուածներով – Ռուսական, Պարսկական եւ Թրքական (Փոքր Հայքով եւ Կիլիկիայով միասին)» : Միաժամանակ, ժողովը գտնում էր, որ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը և զինադադարից հետո օսմանյան զորքի ներկայությունն Արևմտյան Հայաստանում, դաշնակից ուժերը պետք է օգնեն ազատագրելու այն: Շատ կարևոր էր նաև Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի և հասարակական հոսանքների համագործակցությունն ու նրանցից որևէ մեկին չանտեսելը :
Շրջանային Ժողովն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրագործողներին պատժելու խնդրին: Այս կապակցությամբ հստակ էր ժողովի կայացրած որոշումը. «Դաշնակցութիւնը պէտք է նշանակէ մասնաւոր մարմին մը, որուն նպատակը պիտի ըլլայ ճշդել բոլոր հեղինակները բոլոր այն ոճրագործութեանց, որոնզ զոհ գնաց հայ ժողովուրդը: Անհրաժեշտ քննութենէ մը վերջ կուսակցութիւնը պարտաւոր է առանց այլեւայլի, հնարաւոր ամէն միջոցներով տնօրինել անոնց արժանի պատիժը» : Ավելի ուշ, 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը համապատասխան որոշում կայացրեց այս մասին: Պետք է ընդգծել նաև Առաջին աշխարհամարտի ընթացքում օսմանյան կառավարության կողմից հայ ժողովրդին հասցված նյութական վնասի հատուցման մասին ժողովի պնդումը :
1919 թ. հունիսի 2-ին տեղի է ունենում Բալկանների արտակարգ Շրջանային Ժողովը, որը քննում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուրն Ժողովի օրակարգը:
Շրջանային Ժողովը 9-րդ Ընդհանուր Ժողովին առաջարկում է մինչև Սահմանադիր Ժողովի գումարումը Հայաստանում՝ «ճանչնալ Կովկասեան հանրապետութիւնը իբրեւ կորիզ Հայաստանի» : Առաջարկվում է Սահմանադիր Ժողովը գումարել ներգաղթի կազմակերպումից հետո, իսկ մինչ այդ, կառավարության կազմի մեջ ընդգրկել նաև արևմտահայ հակառակ հոսանքների ներկայացուցիչների՝ նրանց պահանջներին զիջումներ կատարելու համար :
Սահմանադիր Ժողովի ընտրության համար առաջարկվում է ընտրական հավասար իրավունք 20 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար :
Ընդհանուր ժողովին առաջարկվում է լրջորեն մոտենալ հայրենադարձության կազմակերպմանը, հողային հարցին, տնտեսության
վերականգնմանը :
Այս ժողովը որոշեց վերահրատարակել «¬Հայաստան» թերթը: Պարբերականը պետք է ունենար կուսակցական, հայ կյանքի, միջազգային, տեղական, մամուլի տեսության, լուրերի, մշակույթի բաժիններ : Մինչև 9-րդ Ընդհանուր ժողովի ավարտը թերթի խմբագիրը լինելու էր Հովհաննես Դևեճյանը (Արմեն Սևան) : «¬Հայաստան» թերթի հրատարակումը շարունակելու վերաբերյալ որոշում կայացրեց նաև 1920 թ. օգոստոսի 3-13-ը Սոֆիայում տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 14-րդ Շրջանային Ժողովը :
Ինչպես տեսնում ենք, 1918-1920 թթ. ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպությունը գործում էր Հայաստանի Հանրապետությունը կայացնելու, հայ գաղթականներին հայրենիք տեղափոխելու, ցեղասպանության մեղավորներին պատժելու, հայ ժողովրդին փոխհատուցելու խնդիրները լուծելու ակնկալիքով:
ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպության գործունեությունը գործունեությունը 1921-1924 թթ. Հանրապետության անկումից հետո նախկին ղեկավարներից մի քանիսը՝ Գարեգին Նժդեհ, Ռուբեն Դարբինյան, Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան և ուրիշներ, ժամանակավորապես հաստատվեցին Բուլղարիայում:
1921-1925 թթ. ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպության հիմնական նպատակը տեղի գաղութի վերակազմակերպումն ու Հայկական հարցի հետապնդումն էր:
1921 թ. օգոստոսի 16-22-ին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 15-րդ Շրջանային ժողովի եզրակացությամբ՝ «¬Հայաստան» թերթը գտնվել է իր բարձրության վրա : Այն Սոֆիայից տեղափոխվում է Ֆիլիպե: Չնայած ֆինանսական միջոցների սղությանը և շրջանների անբավարար աջակցությանը, թերթը կարողանում է լուրջ քարոզչություն իրականացնել : Օննիկ Վարդանյանի խմբագրած թերթը մինչև 1923 թ. հրատարակվում է եռօրյա պարբերականությամբ: Դրանից հետո, չնայած նյութական դժվարություններին, որոշվում է «Հայաստան»-ը հրատարակել գոնե որպես շաբաթաթերթ՝ հետագայում օրաթերթի վերածվելու հարցը պահելով օրակարգում: Այս հարցը մեծապես պայմանավորված էր Կ. Պոլսում դաշնակցական թերթ պահելու հնարավորությամբ : Կ. Պոլիսը 1922 թ. վերջին քեմալականների կողմից գրավվելուց հետո այնտեղ այս հարցը գործնականում վերացավ: Նորից «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր դարձավ Հովհաննես Դևեճյանը : Պարբերականը շարունակում էր ներկայացնել ոչ միայն հայ ազգային, այլև բուլղարական, ինչպես նաև միջազգային ընկերվարական կյանքը:
Բուլղարիայի դաշնակցական կազմակերպությունը մեծապես օգտակար է եղել Սոֆիայում հիմնված ՀՀ հյուպատոսարանին : Վերջինս ինչպես առաջին հանրապետության օրերին, այնպես էլ նրա անկումից հետո որոշ ժամանակ լրջորեն զբաղված էր Բուլղարիայում ապաստանած ՀՀ քաղաքացիների և Մեծ եղեռնից մազապուրծ արևմտահայերի հարցերով: Հայտնի է, որ 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո մեծաթիվ մտավորականություն ստիպված տարագրվեց Պարսկաստան: ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպությունն անտարբեր չմնաց նրանց ճակատագրի հանդեպ:
Ֆիլիպեի կոմիտեն տեղի Հայ Օգնության Միության հետ 30.000 լևայի օգնություն ցույց տվեց Թավրիզում ապաստանած հայ մտավորականներին, ովքեր այդ օրերին գործնականում զրկված էին ապրուստի տարրական հնարավորություններից :
ՀՅԴ Բուլղարիայի 16-րդ Շրջանային ժողովը (1922 թ. հունիս-հուլիս) յուրաքանչյուր կոմիտեի վրա բարոյական պարտավորություն է դրել ՀՀ-ից գաղթած ընկերների համար գործ գտնելու : Հարկ է նշել, որ դա հաջողվել է որոշ չափով իրականացնել :
Կարևորելով Հայաստանի անկախության վերականգնման խնդիրը՝ Շրջանային Ժողովը քննարկում է նաև ազգային մյուս կուսակցությունների հետ համագործակցության հարցը, թեև մյուսները պատրաստ չէին դրան: Այդուհանդերձ, Կենտրոնական կոմիտեն անհրաժեշտության դեպքում պատրաստ է եղել համագործակցության, անշուշտ կուսակցության ծրագրից բխող խնդիրների լուծման շուրջ միայն :
Հայաստանի անկախության վերականգնման հիմքում Շրջանային ժողովը դնում է Սևրի պայմանագիրը: Այդ կապակցությամբ, առաջիկայում գումարվելիք ՀՅԴ 10-րդ Ընդհանուր Ժողովին հետևյալ բանաձևն է հղվում. «¬Ընդունելով միանգամայն, որ հայ ժողովուրդի գոյութեան եւ զարգացման միակ պայմանը անկախութիւնն է, որ այդ անկախութիւնը կարելի եւ հնարաւոր է միայն հայ ժողովուրդի երկու հատուածներու ամբողջացումով մէկ հողամասի վրայ, որ Սեւրի դաշնագիրը հանդիսաւորապէս նուիրագործած է արդէն անոր Միացեալ եւ Անկախ գոյութեան անհրաժեշտութիւնը, որ այդ դաշնագիրը թէեւ քաղաքական արտաքին պատճառներով ցարդ չէ գործադրուած, եւ սակայն ուրիշ դաշնագրով մըն ալ վերջնականապէս չէ փոխարինուած, Շրջանային Ժողովը կ’որոշէ առաջարկել 10-րդ Ընդհանուր Ժողովին շարունակել հայ ժողովուրդի դատի լուծումը իբրեւ հիմք ունենալով Սեւրի դաշնագիրը՝ ի հարկին ընդունելով պարտադրուած զիջումները» : Միաժամանակ առաջարկություն է արվում պահանջել մեր պատվիրակությունից՝ չընդդիմանալ Հայկական տուն ստեղծելու եվրոպական պետությունների առաջարկած գաղափարին, միայն թե հնարավոր ամեն ինչ անել, որ «այդ տունը ըլլայ ներկայ Հայաստանի սահմանին մօտ նահանգներուն մէջ» : Անկախության գաղափարին հավատարիմ մնալու սկզբունքը պահպանվում է նաև հաջորդ Շրջանային ժողովում :
Հետաքրքիր է Խորհրդային Հայաստանի հանդեպ որդեգրելիք դիրքորոշման վերաբերյալ ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպության բարձրագույն ժողովի մոտեցումը. «Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութիւնը, անկախ անոր պարտադրուած ներկայ ռեժիմէն, է եւ կը մնայ միակ հիմքը ապագայ Միացեալ Հայաստանի, որ Հայկական Հարցի վերջնական լուծումը մեծ չափով կապուած է նաեւ Ռուսաստանի հետ, ընդունիլ Հայաստանի խորհրդային ռեժիմի ժամանակաւոր գոյութիւնը իբրեւ փաստ եւ ամէն կերպ աշխատիլ համաձայնութեան գալ Խորհրդային Ռուսաստանի հետ, այդ միջոցով ապահովելու համար Միացեալ եւ Անկախ Հայաստանի իրագործումը» : Ինչպես տեսնում ենք, խորհրդային իշխանությունների մերժած Դաշնակցության արտասահմանյան կազմակերպությունները անտեսում էին իրենց հանդեպ ցուցաբերված բացասական վերաբերմունքը և ջանքեր գործադրում Խորհրդային Հայաստանի շենացման համար:
1923 թ. տեղի ունեցած հաջորդ՝ 17-րդ Շրջանային Ժողովը նույնպես հորդորում է՝ հաշվի առնելով, որ Խորհրդային Հայաստանը հանդիսանալու է ապագա անկախ Հայաստանի հիմքը, ամեն ինչ անել հանուն Խորհրդային Հայաստանի տնտեսական վերաշինության : Նույն որոշումն ընդունվում է նաև 1924 թ. ապրիլ-մայիսին գումարված 18-րդ Շրջանային ժողովում :
ՀՅԴ Բալկանների 17-րդ Շրջանային ժողովը հանձնարարում է ԿԿ-ին՝ Բուլղարիայում գործող հայկական մյուս կուսակցությունների հետ համախորհուրդ ստեղծել Բուլղարահայ ազգային կենտրոնական վարչություն՝ Բուլղարիայի օրենքներին համահունչ : Ցավոք, դա չի հաջողվում մյուս կուսակցությունների որդեգրած ապակառուցողական կեցվածքի պատճառով , որը պայմանավորված էր Խորհրդային Միության թելադրանքով:
Բուլղարիայի ներքաղաքական կյանքում Դաշնակցությունը չեզոքություն է պահպանում՝ չարգելելով, որ անհատ ընկերներ առնչություն ունենան հակադաշնակցական քաղաքականություն չունեցող կուսակցությունների հետ :
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Բուլղարիայում շարունակեց գործել նաև 1924 թվականից հետո: Մինչև Երկրորդ աշխարհամարտը բավական աշխույժ աշխատանքներ են իրականացվել: Սակայն երբ խորհրդային բանակը 1944 թ. աշնանը մուտք գործեց Բուլղարիա, տեղի կառույցն անցավ ընդհատակյա գործունեության: Միայն 1990 թվականից հետո, երբ Բուլղարիայում կործանվեց ամբողջատիրական վարչակարգը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործունեությունը վերականգնելու հնարավորություն ստացավ:
Այսպիսով, 1894-1924 թվականներին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բավական լայնածավալ գործունեություն իրականացրեց Բուլղարիայում: Ստեղծված նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ կուսակցությունն օգտագործեց բազում հնարավորություններ ուժեղացնելու արևմտահայ ազգային-ազատագրական պայքարը: Արևմտյան Հայաստան զենք-զինամթերք, մարտական և կազմակերպական գործիչներ տեղափոխելու առումով Բուլղարիայի դաշնակցական կազմակերպության դերն առավել քան կարևոր էր: Դաշնակցության Բուլղարիայի կառույցի ջանքերով մեծ օգնություն ցուցաբերվեց ցեղասպանության հետևանքով այնտեղ ապաստանած հայ գաղթականությանը: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին մեծ էր պետականության կայացմանը ցուցաբերված աջակցությունը: Առաջին Հանրապետության անկումից հետո էլ հատկապես ՀՅԴ շնորհիվ Բուլղարիայի հայ գաղութը կարողացավ ինքնակազմակերպվել և դիմագրավել նոր մարտահրավերներին:
Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ