Մշակութային գենոցիդ է
23 Նոյեմբեր 2024Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը, թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
Նա նշեց, որ եկեղեցին պահպանական գոտի ունեցող հուշարձան էր, սակայն այսօր, ցավոք, ավերված է և տեղը միայն երևում է քարակույտ։
«Մշակութային գենոցիդ է։ Ադրբեջանը շատ վաղուց անցել է բոլոր կարմիր գծերը, բայց որևէ ճնշումենր չկան թշնամու վրա, շատ ավերվածությունների մասին տեղյակ չենք նույնիսկ»,-ասաց նա։
Հարցին, թե՝ հայկական կողմը բարձրաձայնե՞լ է այս խնդրի մասին և արդյո՞ք միջազգային կազմակերպությունները կարող են նպաստել այս խնդրի լուծմանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․
«Համապատասխան մշտադիտարկում չի իրականացվում միջազգային կազմակերպությունների կողմից, նրանք կարծես ձեռքերը բարձրացնում են և ասում՝ մենք ոչինչ չենք կարող անել Ադրբեջանի դեմ։ Սա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն անտարբեր է հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, նույն կերպ չկա որևէ արձագանք ՀՀ իշխանությունների կողմից»։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է հստակ ճնշման մեխանիզմեր կիրառել, և եթե ՄԱԿ-ը կամ համապատասխան կառույցներն ունենան կամք և վճռականություն, ապա հնարավոր կլինի գոնե եղած հուշակոթողները փրկել։