Ադրբեջանը փորձում է արցախցիներիս զրկել վերադարձի կամքից
29 Նոյեմբեր 2024Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող բնաջնջման քաղաքականության եւ դրան հակազդելու քայլերի, Արցախի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության ուղղությամբ ՀՀ անելիքների շուրջ։
Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ արցախցիների իրավունքների պաշտպանությունն այսօր իրականացնում են հասարակական տարբեր կազմակերպություններ, այլ շրջանակներ կամ անհատներ, ինչը գտնում է, որ ճիշտ չէ․ «Իհարկե, Արցախի մշակութային ժառանգության, արցախցիների վերադարձի, նրանց սեփականության իրավունքի թիվ մեկ պաշտպանը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Ցավոք, մենք որեւէ համարժեք արձագանք չենք տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից։ Մենք հասկանում ենք, որ այսօր ՀՀ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, բայց այդ ճանապարհին ՀՀ-ն մոռացել է արցախցիների շահերի պաշտպանության մասին, գոնե այդպես է երևում հանրային հարթակներում»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչնչնացնելով արցախցիների սեփականությունը և մշակութային կոթողները, մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը հայկական հետքի ոչնչացումն է, երկրորդը՝ Ադրբեջանն ի վիճակի չէ լիարժեք բնակեցում իրականացնել Արցախում, որոշել է պարզապես նվազեցնել բնակարանային ֆոնդը։
Ադրբեջանն օգտվում է այն առիթից, որ ՀՀ-ի կողմից որևէ լուրջ հակազդեցություն չկա և փորձում է արագ հարցերը լուծել, նրանք նաև միջազգային իրավիճակի փոփոխության և հնարավոր ճնշումների մտավախություն ունեն։ Սերգեյ Շահվերդյանը դժվարացել է Արցախում ավերված շինությունների, կոթողների կոնկրետ թիվ շեշտել․ «Տվյալների մասին խոսելիս, խոսում ենք ընդամենը մեզ հասանելի տվյալներից։ Բազմաթիվ տեղեկություններ ենք հրապարակել Ստեփանակերտի ավերումների մասին, բայց դրանք միայն այն տեղեկություններն են, որոնք մեզ հասանելի են։ Հնարավոր է, որ ավերումները շատ ավելին են, եւ հենց այս պահին էլ դրանք ընթանում են։ Շատ քիչ տեղեկություններ ունենք Արցախի շրջաններից, գործնականում չգիտենք, թե ինչպիսինն է պատկերը»,- ասել է նա։
Ըստ առկա տեղեկատվության՝ Ադրբեջանի վարչակարգը մոտ 10 հա տարածք է ավերել Ստեփանակերտի ԱրՊՀ շրջակայքի թաղամասերում, մոտ 8,5 հա՝ քաղաքի պատմական վեց թաղամասերում։ «Ադրբեջանը փորձում է արցախցիներիս զրկել վերադարձի կամքից։ Մեր տունն էլ է ավերվել, բայց դա վերադարձի մեր ցանկության վրա ոչ մի ազդեցություն չունի, Արցախն է իմ տունը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը։
Սերգեյ Շահվերդյանը գտնում է, որ բոլոր հասանելի միջոցներով պետք է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող բնաջնջումը ներկայացնել միջազգային կառույցներին, ՀՀ-ում ներկա միջազգային կազմակերպություններին եւ ՀՀ իշխանությունների առջեւ պահանջ դնել՝ զբաղվելու Արցախի մշակութային ժառանգության պահպանությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ․