ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հարցազրույցներ

Կանգնած ենք ճակատագրական գալիքի առջև

05 Դեկտեմբեր 2024

Զրույց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արվեստի վաստակավոր գործիչԴավիթ Գասպարյանի հետ

Արտաշես Շահբազյան – Պարո՛ն Գասպարյան, մի քանի տասնամյակ դուք աշխատել եք մեր երկրի կրթական, գիտական ասպարեզներում, առնչվել եք մշակույթի ոլորտին: Ձեր դիտարկմամբ անկախությունից հետո գիտական, բարոյական և այլ առումներով, ի՞նչ փոփոխություններ են կրել տվյալ համակարգերը և մեր հասարակական կյանքն առհասարակ:

Դավիթ Գասպարյան – Հարգելի՛ Արտաշես Շահբազյան, դուք ինձ զրույցի եք հրավիրել «Դրոշակ»-ի բարձր ամբիոնում, կփորձեմ լինել առավել ինքս ինձ նման՝ անկեղծ ու բաց:
Խոսքս սկսեմ մի պարզ թվաբանությամբ. իմ գիտակցական կյանքը խորհրդային և անկախության շրջաններում բաժանվում է գրեթե հավասար՝ 35-ական տարիների, որոնց նախորդում են գիտակցության գալու առաջին 7 տարիները: Այս երկու շրջաններն էլ աչքիս առջև են՝ իրենց թերություններով ու առավելություններով:

Անկախությունը մեր երազանքն էր դեռևս առաջին հանրապետության շրջանից, խորհրդային տարիներին՝ ի դեմս Չարենցի ու մյուսների, սակայն անկախությունն ու ինքնուրույն պետականության երազանքները մնացին սերունդներին: 1988 թվականի ոգևորությունը, որը մեզ դուրս բերեց հրապարակ, ունեցավ արդյունքներ, ձեռքբերումներ, սակայն վերջնարդյունքում հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև: Անկախություն ձեռք բերած երկիրը գոնե մեկ քայլ առաջ պետք է գնար իր նախկին վիճակից, փոխարենը՝ գլխիվայր անկում՝ մութ ու ցուրտ, ունեզրկում, աղքատություն և մի ազգային խայտառակություն, որը կոչվում է արտագաղթ, ինքնահիասթափություն և անճարակությունից ծնված անտարբերություն: Ըստ էության, հայն սկսեց վերածվել հակահայի, սերունդները սկսեցին կորչել տեսադաշտից, օտարանալ սեփական ինքնությանը:

Պետք է խոսենք կրթության, գիտության ու մշակույթի մասին, սակայն այդ ամենի հիմքը նախևառաջ տնտեսությունն է: Խորհրդային շրջանում աշխատող տնտեսություն գոյություն ուներ, եղած գործարաններն ու մյուս ձեռնարկություններն արագորեն սեփականաշնորհվեցին, փակվեցին ու փոշիացվեցին, որպեսզի աշխատավորն աշխատավարձ չստանա, պետությունից ակնկալություն չունենա, պետությունն ինքն իրեն ազատի քաղաքացիական պարտականությունից։

Այդ ամենի ետևում օտարի ձեռքն էր, նրանց, ովքեր շահագրգռված էին, որ Հայաստանը թուլանա, չդառնա ինքնուրույն: Եվ այս ամենին հետևեց բարոյական անկումը, որի հետևանքները տեսանք կրթության, գիտության, մշակույթի ասպարեզներում ու կենցաղում: Այն մակարդակը, որին հասել էինք այդ ասպարեզներում, շատ արագ կորցրինք: Ռաբիսը, գռեհկությունը, ամենացածրաճաշակ զվարճալի ծրագրերըը դարձան իշխող և գրավեցին իրական արժեքների տեղը: Եկավ գիտության ընթացքի կասեցման ժամանակը, գիտական հիմնարկները պահպանվեցին, բայց չզարգացան: Անկախությունից հետո իշխանության եկածները տնտեսական, քաղաքական, գիտամշակութային ասպարեզներում ներգրավելու, առաջ քաշելու իմաստով հենվում էին միջինից ցածր որակ ունեցող կադրերի վրա, որոնք կորցնելու բան չունեին, բայց գտնելու բան ունեին: Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, նա, ով պետք է ղեկավարեր և զարգացման ընթացքը կանխորոշեր, ինքը դարձավ ենթակա, և ուրիշները պետք է որոշեին, թե զարգացման ընթացքի մեջ նա պե՞տք է մնա արդյոք: Կադրային քաղաքականության փոփոխության հետ ինստիտուտների վիճակը վատացավ: Ես, օրինակ, 30 տարի աշխատել եմ Գրականության ինստիտուտում, լաբորանտից հասել գիտական գծով փոխտնօրենի աստիճանի, ամենաերիտասարդ տարիքում պաշտպանել դոկտորական ատենախոսություն: Ամեն տարի մոտ 15-20 անուն գիրք էինք հրատարակում՝ 3, 5, 10 հազար տպաքանակով: Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի տասը հատորյակն սկսեցինք տպագրել 70.000 տպաքանակով: Սա քիչ էր, պահանջարկ կար, կառավարությանը հայտ ներկայացրինք, որպեսզի տպաքանակը հասներ 100.000:

Ա. Շ. – Հանրագիտարանը տպագրվում էր 100 հազար օրինակ, 20, 30, 50 հազար տպաքանակով դասական ու նույնիսկ ժամանակակից գրողների գործերն էին տպագրվում։

Դ. Գ. – Այո՛, բայց Թումանյանի վերջին հատորն արդեն անկախության շրջանում տպագրվեց 500 օրինակով և երկար մնաց գրախանութների դարակներին, փոշիների մեջ: Այդպես եղավ, որովհետև, հոգեբանորեն մարդուն փոխեցին, շեղեցին իր առանցքից: Այս ընթացքում գիտության ասպարեզում ծաղկեց ոչ արհեստավարժ մոտեցումը: Գիտական հաստատություններում, որպես տնօրեններ, փոխտնօրեններ, գիտական ղեկավարներ հայտնվեցին պատահական մարդիկ: Օրինակ, երբ անդրադառնում ես, թե ինչ թերուսներ են ղեկավարել ասպիրանտներին, այդ երիտասարդները մեղքդ գալիս են:

Դպրոցի կառուցվածքը փոխվեց, գիտական համակարգը խեղվեց: 12-ամյա կրթական համակարգն աղետ դարձավ: Հիմա ի՞նչ վիճակ է՝ ավարտական դասարանի աշակերտը մեկ ոտքով դպրոցում է, մյուս ոտքով կրկնուսույցների դռանն է և այս ընթացքում էլ պետք է պարբերաբար ներկայությունը հաստատի զինկոմիսարիատներում: Աղետ դարձան վերջին շրջանում կրթական ոլորտում կատարված փոփոխությունները: Դասագրքերի նոր սերունդն է ընթացքի մեջ, ինչ էլ լինի՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դպրոց մտնեն հնարավորինս վստահելի գրքեր, և դպրոցը հեռու պահենք անհարկի ցնցումներից: Աշակերտին լավ դասագիրք է անհրաժեշտ, իսկ թե վերևներում ինչ են վիճում ու բանավիճում, նրա համար չէ, այլ կրթության ոլորտի չինովնիկների:

Ա. Շ. – Ասում են՝ անգամ Րաֆֆին է հանվել դպրոցական ծրագրերից:

Դ. Գ. – 8-րդ դասարանի դասագրքում Րաֆֆին ներկայացված է «Խենթը» վեպով, իսկ 10-րդի ծրագրում «Սամվել»-ը ներառված է լրացուցիչ կարգով՝ QR կոդի տեսքով, որը գործնական և արդյունավետ չէ: Այլ օրինակ՝ 9-րդ դասարանի դեռևս գործող, բայց հաջորդ տարվանից նախկին դարձող դասագրքում կա Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբան»-ը, նոր ծրագրով «Աբովյան» թեման ընդհանրապես հանվել է 9-րդ դասարանի ծրագրից: Համաշխարհային գրականությունից նույն 9-րդ դասարանի գործող դասագրքում կա Շեքսպիրի «Համլետ»-ը, նոր ծրագրում Շեքսպիրն ընդհանրապես հանված է:

9-րդ դասարանի «Գրականության» նոր դասագրքում երեք մեծ թեմաներ են՝ առաջինը՝ առասպելներ, վիպերգեր, էպոս: Այստեղ պետք է սկսել Մաշտոցից, անցնել Խորենացի և հասնել մինչև էպոս: Երկրորդը՝ հայ միջնադարյան տաղերգությունն է, երրորդը՝ կատակերգությունն է՝ ներկայացված Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ով: Մինչդեռ ժամանակագրական կարգով Դեմիրճյանն ուրիշ տեղ է, ուրիշ կառուցվածքի մեջ:

Անկախ ժամանակի փոփոխություններից՝ աշակերտը մնում է աշակերտ և անհրաժեշտ է, որ նա գրականությունից չհիասթափվի: Ոչ թե չոր, անհոգի, անկենդան դասագիրք պետք է տալ աշակերտին, այլ հոգի դնել դասագրքի մեջ: Բանավեճերի և պարզաբանումների փուլը թեև չի փակվել, բայց պետք է առաջ նայել: Դրա համար նեղացած, խռոված մարդու պես պետք չէ երես թեքել այդ գործից, այլ անհրաժեշտ է շարունակել ստեղծել նոր որակյալ դասագրքեր և դրանով կանխել այդ գործում աշխուժացած բազմաթիվ պատահականությունների վտանգավոր գործունեությունը: Այն տպավորությունն է, թե բոլորը դասագիրք են գրում:

Առհասարակ, կրթությունը, գիտությունը, մշակույթը թանկ հաճույք են, որոնց համար պետք է վճարել, որոնց համար պայմաններ պետք է ստեղծել, պետք է աչքի լույսի պես պահպանել, իսկ մենք շատ անփույթ վարվեցինք։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, 1943 թվականին հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, իսկ 80 տարի անց հարց է դրված այն փակելու մասին:

Ա.Շ. – Եվ պատրանք չունենանք, թե, ինչպես ներկայացվում է, ակադեմիան փակելուց հետո նրա գործունեությունը և գիտական հանրույթը ներգրավվելու են բուհական համակարգի մեջ։ Տեղի ունեցողն այլ բան չի նշանակում, քան ակադեմիական գիտական համակարգի փոշիացում: Այսինքն՝ խնդիրը բոլորովին էլ շենքերին, նյութատեխնիկական բազային կամ աշխատակազմերին չի վերաբերում:

Դ. Գ. – Իրավացի եք, մեր իրականության մեջ եթե մի բան փոխվում է, ապա ոչ թե կատարելագործում, զարգացում է տեղի ունենում, այլ հետքայլ, անկում կամ ոչնչացում: Երբ, օրինակ, ասում են գիտական քաղաք, ես դրան չեմ հավատում: Չեմ հավատում նաև գիտությունը համալսարանական կենտրոնների հետ միավորելու նախաձեռնությանը, ըստ որի՝ արտասահմանում այդպես է: Բայց սա գիտությունը կազմակերպելու, կառավարելու արդյունավետ ձև է, որն իրեն արդարացրել է նախկինում: Բացի դա, բուհական համակարգը ներկայումս լավ վիճակում չէ: Այս տարի միայն ուսանողների 6 հազարից ավելի տեղ թափուր մնաց՝ դիմորդ չունենալու պատճառով: Սա մեծ աղետ է: Մենք շատ սթափ պետք է նայենք այս հարցերին և կրթությունն ու գիտությունը չոչնչացնենք:

Նաև մեկ ուրիշ միտում է նկատվում՝ իբր հեղափոխական ալիքի վրա եկած երիտասարդությունն այնքան խոշոր գիտական մտքի տեր է, որ ավագ տարիքի մասնագետներն արդեն պետք է արհեստականորեն հեռանան: Ըստ նրանց՝ ավագները չեն կարող լինել գիտական թեմաների ղեկավարներ, չեն կարող հայտ ներկայացնել և գիտական խմբեր ղեկավարել։ Արդեն երիտասարդ նորերը պետք է ղեկավարեն, իսկ գիտնականն այն մարդն է, ով տարիների ընթացքում անընդհատ գիտելիքներ է կուտակում: Այսինքն՝ այս մոտեցումն իր հերթին գիտության մահն է գուժում:

Նաև հայտարարել են, որ գիտական չեն համարվելու հայերեն տպագրված գրքերն ու հոդվածները. Ըստ այդմ՝ գիտական կարող են համարվել միայն օտար լեզուներով օտար, անմատչելի և հայ գիտնականի համար թանկ վճար պահանջող ամսագրերում տպագրածը: Սա ծաղր չէ՛, հապա ի՜նչ է: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան գիտության գաղութացում:

Ա. Շ. – Այսինքն՝ եկել է մի սերունդ, ավելի ճիշտ սերնդի մի շերտ, որը բառացիորեն իշխելով մեր կյանքի բոլոր բնագավառներում, որոշում է, որ օրինակ, ակադեմիա մեզ պետք չէ, ուսումնական, գիտական ու մշակութային հաստատություններ է փակում կամ միավորում, որոշում է, որ բուհերը մայրաքաղաքից պետք է դուրս բերվեն և կուտակվեն մեկ այլ տեղում, փոխում է տասնամյակների կրթական, գիտական, մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ հայեցակարգեր և դրանց փոխարեն ուզում է ստեղծել նորերը: Չգիտեմ՝ հրաշամանուկներ են սրանք, թե ինչ են, որ այսքան անսխալական են համարում իրենց, չեն խորհրդակցում, հաշվի չեն առնում կարծիքներն այն մարդկանց, հաստատությունների և հանրույթների, որոնք ամբողջ իրենց գործունեության ընթացքում զբաղվել են այդ հարցերով: Ապշեցուցիչ է ազգի, պետության գործերը, ճակատագիրը հեղափոխական այսպիսի հախուռնությամբ, թեթևորեն տնօրինելու ինքնավստահությունը, որը, չգիտես, իրենց արածը խորությամբ չհասկանալու հետևա՞նք է, բացարձակ անպատասխանատվության դրսևորո՞ւմ, թե՞ արտաքին թելադրանքի հլու կատարում, կամ գուցե այս ամենն իրար հետ:

Դ. Գ. – Գլոբալիզմի ձեռքը սերունդներին հակադրում է իրար: Ամեն երկիր գնում է բարեփոխումների, առաջին հերթին ազգային ավանդույթները պահպանելու, ազգային շահը կենսագործելու ճանապարհով, մենք շատ հեշտությամբ մեր ունեցածը տալիս ենք ուրիշներին: Հայաստանի բուհերում ընդունելության քննություններին առաջարկվում է՝ ուզում ես հայոց լեզու հանձնիր, ուզում ես՝ անգլերեն: Այդպես չպետք է լինի. մեր բուհերում հայոց լեզուն պետք է հանձնեն պարտադիր, իսկ անգլերենը՝ որպես օտար լեզու: Սա նշանակում է հային փոխել, դարձնել այլ, այսպես չպետք է լինի:

Ա. Շ. – Այսինքն, եթե ընդունենք անգամ, թե վաղը այս սկզբունքներով մարդիկ կդառնան լավ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, արվեստագետներ, բայց իրենց էությամբ հայ չեն լինի՝ արդեն հարց է առաջանում՝ էլ ո՞ւմ են պետք այդպիսի մասնագետները: Մի պահ ետ գնանք մեր կողմից իրավացիորեն քննադատվող խորհրդային ժամանակի կադրերին: Մեծ գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Մերգելյանը, Ալիխանյան եղբայրները, մեր լավագույն գրողներն ու արվեստագետներն իրենց էությամբ, ուղն ու ծուծով հայ մարդիկ էին, Հայաստանի քաղաքացի, նրանց գործունեության հիմնական իմաստն իրենց ժողովրդին ու իրենց երկրին ծառայելն էր:

Դ. Գ. – Այս նոր ալիքը եկավ ընդդեմ ազգային շահի, ընդդեմ ազգային արժեքների, ընդդեմ հայրենիք ու հայրենասիրություն հասկացությունների, և սրա հետևանքները դրսևորվեցին Արցախի կորստի, Հայաստանի պատառոտվելու, մեր մյուս-մյուս կուրուստների ձևով: Այսպես չի կարող շարունակվել՝ մենք տարածքներ ենք կորցնում, ժողովրդի ինքնավստահությունն ենք կորցնում, հայի հայ կոչվելու հպարտությունն ենք կորցնում: Այսպես մենք պետականությունն ենք կորցնելու: Ժամանակին խոսակցություն եղավ ազգային հպարտության ու ազգային սնապարծության մասին: Ազգային հպարտություն ունեցող ղեկավարությունն ամեն ինչ պետք է աներ թշնամու զնդաններից ազատելու հայ գերիներին: Իսկ Արցախի բռնագաղթն այնպես եղավ՝ կարծես ամեն ինչ այդպես էլ ծրագրվել էր և շատ արագ տրվեց մոռացության և դուրս մղվեց քաղաքական օրակարգից: Իսկ աշխարհի արձագանքը՝ քար լռություն: Եթե մեր ցավից պաշտոնական ամբիոններից մենք չենք խոսում և անգամ արդարացնում ենք թշնամու գործողությունները, ուրիշն ինչո՞ւ պիտի խոսի:

Ա. Շ. – Սևակն էլ ժամանակին հոդված գրեց ազգային արժանապատվության և ազգային սնապարծության մասին:

Դ. Գ. – Ես հենց դա եմ ակնարկում: Մեզ ոչ թե ազգային սնապարծություն է պետք, այլ ազգային ինքնագիտակցություն, որը և ազգային արժանապատվության հիմքն է և մղում է ազգային հոգեկերտվածքի պահպանման: Այս հողի վրա հայ մարդը պետք է ամուր կանգնի, բազմանա, ոչ թե փախչի և դրսում «փիքր անի» հայրենիքում կորցրած տարիների մասին: Մենք վատ միջավայր ու մթնոլորտ ստեղծեցինք հայրենիքի, հայրենի արժեքների, հայոց լեզվի ու գրականության, հայկականության, հայ ավանդույթների շուրջ:

Մենք մեր իրատեսությունը կորցրել ենք. կա՛մ չպատճառաբանված լավատես ենք, կա՛մ մահացու հոռետես:

Վերադառնանք գիր-գրականությանը: Ի՞նչ կատարվեց. այն ժողովուրդը, որը հերթ էր կանգնում, հերթում առաջացած հրմշտոցից ցուցափեղկի ապակիներ էր կոտրում գիրք գնելու համար, իր անձնական գրադարանը հանեց թափեց փողոց կամ կոպեկներով տվեց գրավաճառներին։

Ա. Շ.- Տուն չկար, որ գրադարան չունենար, պարզ մարդիկ պատմավեպերն անգիր հատվածներով գիտեին, ընտանիքի անդամներով նստում կարդում էին։ Ոչ միայն դասական, այլև անգամ ճանաչված կենդանի գրողների գործերը, անկախ տպաքանակից, արագորեն սպառվում էին, շատերը նախօրոք բաժանորդագրվում էին, որ անպայման կարողանան ձեռք բերել։

Դ. Գ.- Մի՛ մոռացիր, տանը կուտակած ավելորդ թուղթ էինք հանձնում և դրա դիմաց գիրք գնելու արտոնություն ստանում: Աչքիս առաջ է, թե ինչպես էին բակերում, տաղավարներում, այգիներում տարիքն առած մարդիկ հավաքվում և մեկը մյուսին լրացնելով պատմում իրենց ծննդավայրից գաղթի, փախեփախի և հերոսական դիմակայության դրվագները, պատմում կարդացած պատմավեպը, կարդում և գիրքը մեկ-մեկու փոխանցում։ Եվ այս կենդանի գրադարանը մեր պատմությունն էր, ազգային հիշողությունն էր պահպանում, ազգային հեգեկերտվածք էր ձևավորում։

Հետո պետական հրատարակչությունների գործունեությունը մարեց, նրանց փոխարինելու եկան մասնավոր հրատարակչությունները։ Ի՞նչ տեղի ունեցավ գրահրատարակչության ասպարեզում։ Իմ օրինակով ասեմ։ «Ողբերգական Չարենցը» գիրքս խորհրդային վերջին տարում՝ 1990 թվականին, հրատարակվեց 15.000 տպաքանակով։ Գրականագիտական բնույթի այս գիրքը սպառվեց մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ 2020-ականներին լույս տեսած իմ վերջին գրքերը տպագրվում են 200-300 տպաքանակով, այդքանն էլ չի սպառվում։ Գրքի սպառման հոգսը մնացել է հեղինակի վրա, ընդամենը մի գրախանութ կա, միայն «Բուկինիստ»-ը, որ հավատարիմ մնաց գրքին։ Երևանում կար 75 գրախանութ՝ ի՞նչ եղան։

«Գարուն» ամսագիր ունեինք, որը ժամանակին լույս էր տեսնում 140 հազար տպաքանակով։ «Գրական թերթ»-ը լույս էր տեսնում 40 հազար տպաքանակով։ Իմ «Փակ դռների գաղտնիքը» հոդվածաշարից հետո, որ «Գրական թերթ»-ում տպագրվեց 1990 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին, թերթի տպաքանակը հասավ 120.000-ի: Մարդիկ կարդում էին, նրանց առջև բացվում էին ճշմարտության դռները:

Այսօր այդպիսի բան չկա։ «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր կար կրթական ոլորտին, դպրոցներին հասցեագրված՝ դա էլ չկա։ Շատ ուրիշ մասնագիտական թերթեր ու ամսագրեր կային, բոլորը փակվեցին։

Ա.Շ. – Իհարկե չի կարելի ժխտել, որ այսօր բազմաթիվ մասնավոր հրատարակչություններ կան, որոնք գրքեր ու որոշ ամսագրեր են տպագրում, բայց ինչ է նրանց տպագրածը։ Առաջնորդվելով բիզնես շահերով, նրանք հիմնականում տպագրում են այն, ինչը եկամուտ կբերի՝ կարևոր չէ, թե ինչ է։ Պետության դերն այն է, որ առաջնորդվելով հասարակությանը կրթելու, դաստիարակելու, լուսավորելու, ազգային ոգի ներարկելու և նման նպատակներով թե՛ գրատպության, թե՛ ցանկացած այլ բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն, ինչպես և ուղղորդում է ընդհանուր գործընթացը՝ անգամ եթե այդ քաղաքականությունը ոչ թե շահ է բերում այլ հավելյալ նյութական ներդրում է պահանջում։ Պետությունը նախկինում իրականացնում էր պետական քաղաքականություն, մանուկների համար, երիտասարդության համար, հասարակության մյուս խավերի համար։ Այդ իմաստով այսօր բարձիթողի վիճակ է, իսկ Ադրբեջանը անցնող տասնամյակներին վարել է այդ քաղաքականությունը, մանկապարտեզից սկսած իր ժողովրդին ներարկել է, օրինակ, թե Արցախն իրենց հարազատ հողն է, որը հայերը խլել են։ Այդ պատճառով էլ մի ադրբեջանցի չգտնվեց, ով հրաժարվեր Ղարաբաղից, և ասեր՝ չպատերազմենք, մենք էլ հանգիստ ապրենք ու բարգավաճենք։ Հարյուր տարվա ընթացքում չգտնվեց մի թուրք, ով ասեր, թե իրենք ցեղասպանություն են իրականացրել, և այդ հողը պատկանել է հայերին՝ եկեք վերադարձնենք։ Ազգային, գաղափարական, ռազմավարական խնդիրներից պետությունն իրավունք չունի ձեռքերը լվանալու և ասելու, թե ամեն ինչ մասնավոր է, այս մեկն էլ թող մասնավորն անի։

Դ. Գ. – Դժբախտաբար, մենք կորցրինք շատ արժեքներ՝ ընտանիք, հայրենիք, հայրենասիրություն, հավատարմություն ազգային արժեքներին, լեզվի հանդեպ հատուկ վերաբերմունք չմշակեցինք։ Այսօր լեզվի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է ամենուր՝ դպրոցներում, բուհերում, հեռուստատեսությամբ ու մամուլում, համացանցում։ Գրքեր են տպագրվում չխմբագրված, առանց մասնագիտական վերահսկողության։ Խորհրդային, ստալինյան բռնաճնշումներից հետո բավական բան էր փոխվել։ Լավ, և շատ գրականություն տպագրվեց 1980-ականների հրապարակայնության շրջանում։

Ա.Շ. – Կարելի է ասել, որ այս գործընթացը սկսվեց 1960-ականներից։ Ազգային հարցի հետ կապված բավականին ընդլայնվեցին ազատությունների սահմանները։ Ջոն Կիրակոսյանի և ուրիշների ցեղասպանության մասին աշխատությունները մի՞թե այդ ժամանակաշրջանում չեն լույս աշխարհ եկել։ Փաստացի 1960-ականներին վերածնունդ եղավ մեր երկրում և ոչ միայն գիր-գրականության ասպարեզում։ Հիշենք՝ ինչ վերելք ապրեցին ճարտարապետությունը, թատրոնը, կինոն, երաժշտության բնագավառը, և, իհարկե, սրան զուգահեռ, գիտությունը, գիտական հաստատություններ հիմնվեցին ու գործեցին, որոնք, առանց չափազանցության, համաշխարհային ճանաչում և հռչակ ունեին։

Դ. Գ. – Ազգային ինքնագիտակցության վերելք եղավ, որն սկսվեց 1965 թվականին՝ առիթը ցեղասպանության 50-րդ տարելիցն էր։ Ես ինքս էլ, դեռևս դպրոցական, մասնակցել եմ այդ ցույցին։ Լավ հիշում եմ, սև հագուստներով ուսանող աղջիկներ ու տղաներն կային, շատ հզոր երթ եղավ, որն ուղղվեց «Կոմիտասի» այգի։

Մինչ այդ, ազգային վերելքի առիթ էր ծառայել Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալը։ Հայ մարդը դարձել էր համաշխարհային դեմք։ Սա հային հայ դարձրեց. ա՛յն հային, որի ներսում մինչ այդ իշխում էր ջարդված, կոտրված, ծեծված գաղթականի, հիվանդի, արտագաղթողի հոգեբանությունը։ Մեր փոքրաքանակ ժողովրդի զավակն աշխարհի շախմատի չեմպիոն էր դարձել, և սա ազգային ինքնագիտակցության, հպարտության հսկայական ալիք բարձրացրեց:

Հպարտության մի նոր ուժ արթնացրին Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը… Հետո տպագրվեցին Շիրազի գրքերը, Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, Սահյանի բանաստեղծությունները։ Սա ժողովրդին համախմբեց, միավորեց այս ամենի շուրջ։

Ա.Շ.- 1988 թվականին հրապարակ դուրս եկած սերունդը, որն այնուհետև գնաց Արցախն ազատագրելու, հենց այդ մշակույթով, այդ մթնոլորտով դաստիարակված, կրթված սերունդն էր։

Դ. Գ. – Դա ոգեղեն տարերքի սերունդն էր, որի մեջ էինք նաև մենք։

Ա.Շ.- Հակառակ այսօրվա սերնդի մի հատվածի, որն ամբողջովին հեռացած է այդ արժեքներից, այդ ոգու կրողը չէ, խորթ է ազգային բարձր ու կենսական նպատակներին։ Երբ անդրադառնում ես, թե անցնող տասնամյակներին ինչ տեղի ունեցավ մեր կրթության, գիտության, մշակույթի հետ, հասկանում ես, որ մեր այսօրվա վիճակն ուղղակի հետևանքն է տեղի ունեցածի։

Դ. Գ. – Գլոբալիզացիայի ձեռքը մեր իշխանությունների աջակցությամբ սերնդին ուղղորդում է դեպի համաշխարհայնացում։ Մենք չափազանց բարդ իրավիճակում ենք, եկեք մեր շուրջը նայենք. մեր հարևանները 80, 90 միլիոն են դարձել, տնտեսապես, քաղաքականապես ամուր են, ուժեղ են։ Ինչո՞վ են զբաղված մեր շուրջը, և մե՞նք ինչ ենք անում, ում ինչ ենք ուզում ապացուցել։ Մենք պետք է ունենանք մեզ պաշտպանող դիվանագիտություն, որը զրոյական կետում է։ Կարո՞ղ է ամեն պատահական մարդ բանակ ղեկավարել, պաշտպանության նախարար նշանակվել, երկրի դիվանագիտությունն իրականացնել։

Իսկ գլոբալիստներին մեր երկիրը պետք է ընդամենը երկու բանի համար՝ տարածություն և շուկա: Եվ այս տեսանկյունից, ըստ նրանց, մեզ էլ ինչ գիտություն, մշակույթ, կրթություն, տնտեսություն, ռազմական ուժ: Ինչ հայրենիք, ինչ ազգային արժեքներ, ինչ ազգային շահ… Այսպես գալիս է մեծ այլասերման ժամանակը, ամեն ինչ պետք է ենթարկվի դեգեներացման: Ամեն ինչ տրորելով՝ մեծ քայլերով առաջ է գալիս դեգեներատը:

Ա.Շ. – Նրանք, ովքեր քիչ թե շատ փորձ ունեին, դուրս մղվեցին։ Բոլոր թերություններով հանդերձ, ձևավորվել էր կադրային մի համակարգ, որը դժվար ժամանակների միջով էր անցել, փորձ էր ձեռք բերել։ Այս շերտը դուրս մղվեց, որովհետև մեղադրվեց, թե ծառայել է նախորդ վարչակազմին։ Նրա փոխարեն եկավ կադրային ու կենսափորձի առումով չհասունացած մի տեսակ, որը առնչություն չէր ունեցել պետականաշինությանը, երկրի պաշտպանության գործին, և իր միակ չակերտավոր առաքինությունը եղավ այն, որ իշխող թիմի մաս էր կազմել, այսպես ասած, «Թավշյա հեղափոխության» ծնունդն էր։

Գլոբալիզացիայի առումով հետևյալն ասեմ։ Սորոսը ամբողջ աշխարհում սնկի պես աճեցրել է «Բաց հասարակություն» անունով հասարակական կազմակերպությունների ցանց։ Անունը, այս դեպքում, ուղղակիորեն արտահայտում է այդ կազմակերպության և՛ էությունը, և՛ նպատակը։ Բառացիորեն նշանակում է բացել հասարակությունները, կոտրել նրանց հոգեկերտվածքի, արժեքային համակարգի, պատմական հիշողության ու նպատակների պաշտպանող պատյանը և ներխուժել դրա մեջ ու տարածել իր վերազգային, գլոբալիստական ու հասարակությունները քայքայող, այլասերող «արժեքները»։ Այդպիսի հազարավոր գրասենյակներ էին գործում Ռուսաստանում՝ բոլորը փակեցին։ Սորոսի և սորոսականության վարակի դեմ իրենց դռները փակեցին բոլոր առողջ հասարակությունները, փակեցին նրա ծննդավայր երկրի՝ Հունգարիայի դռները, փակ են նրա առաջ նաև իր պատմական հայրենիքի Իսրայելի դռները։

Բայց նա, հանձինս մեր երկրում և դրսերում համապատասխան մշակում անցած սորոսաճտերի, իր ավերիչ գաղափարներն ու նպատակները հաջողությամբ արմատավորեց մեզանում։ Բերեմ մեկ օրինակ այդ ազդեցության. վերջերս մեր երկրի ղեկավարն ասաց, թե ժողովուրդը չի ցանկանում տառապել, պայքարել, կրել անցյալից ժառանգություն հասած բեռը՝ իր ճակատագրի խաչը, ցանկանում է բարեկեցիկ ապրել ուբազմանալ։ Սա այլ բան չէ, քան գլոբալիզմի կամ, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» նպատակը։ Այսինքն՝ մարդկության «ընտյալ» միլիարդի մեջ չմտնողներին վերածել մարդկային տեսքով կենդանու, որը կապրի միայն ուտելու և բազմանալու բնազդներով։ Փոքր պետություններն ու ազգերը պետք է ոչնչանան, կորցնեն սեփական ինքնությունը, ձուլվեն անդիմագիծ, սպառող զանգվածի մեջ։ Իսկ ահա մեր պետության այսօրվա իշխանությունն այսպիսի քարոզ է անում, խաչակրաց արշավանք է իրականացնում կրթության, գիտության, ազգային հիշողության և ազգային իդեալների դեմ, ցանկանում է ձևավորել հենց այն հողը, որտեղ ծիլ կտա այդ զոմբիացած հասարակությունը։ Եվ, ցավով պետք է արձանագրենք, որ նրանց ազգակործան ծրագիրն արդեն երկփեղկել է մեր հասարակությունը, ձևավորել է անտարբերների, սեփական ինքնության կողմնորոշիչները կորցրած զանգված։ Ի՞նչ է նշանակում, օրինակ, դառնալ թուրքասեր կամ թուրքական գերիշխանությունը ընդունող հայ։ Սա նույնն է, թե որսը կամովին գնա մտնի իրեն հոշոտել ցանկացող գիշատիչ գազանի երախը։

Զարմանալի է թվում, սակայն, տեսնում ենք՝ ինչպես մեզանից շատ անգամ մեծ ու հզոր երկրներ մտահոգություն են հայտնում, թե սպառնալիք է կախված իրենց պետականությունների գլխին։ Էլ ինչ խոսք կարող է լինել փոքր պետությունների ու փոքրաթիվ ժողովուրդների դեպքում։ Իսկապես էլ այդպիսի ծրագիր ունի գլոբալիզմը, ըստ որի մեծ շռայլություն է, որ ինչ որ փոքրաթիվ ժողովուրդներ ունենան պետություն, ինքնուրույնություն, սեփական մշակույթ ու նպատակներ և խնդիրներ ստեղծեն մեծերի կամ, այսպես ասած, իրեն ընտրյալ համարող «ոսկե միլիարդի» համար։

Դ. Գ․- Այո՛, մենք այսօր կանգնած ենք ճակատագրական գալիքի առջև։ Ամեն ինչ արվում է ժողովրդի մեջ մեռցնելու հողի, հայրենիքի գիտակցությունը։ Անկախությունից հետո մեր ժողովուրդը լավ չէր ապրում, սակայն քանի կար ազատագրված Արցախը, մենք մեր նեղություններին շատ ուշադրություն չէինք դարձնում։ Բայց հիմա, երբ Արցախը չկա, մեր կրած դժվարությունները, մեր կորցրածը, մեր կիսատ թողածը, մեր չստեղծածը շատ ավելի ակնհայտ են երևում։ Եվ առավել ծանր ձևով է մեր առջև ծառանում ազգի վիճակը։

Պատահական մարդը, երբ ստանձնում է իր հնարավորություններից շատ մեծ պատասխանատվություն, դառնում է չարիք։ Հիմա ինչ պիտի անենք, որպեսզի կասեցնենք դեպի կործանում տանող այս գահավիժումը։

Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, պետք է վերականգնենք մեր տնտեսությունը, հայի մեջ վերականգնենք ազգային արժանապատվությունը, հայ լինելու հպատությունը, ինքնահարգանքը, պայմաններ ստեղծենք, որպեսզի մարդիկ ոչ թե թշնամանան իրար հետ, այլ սիրեն ու հարգեն իրար, բազմանան այս հողի վրա՝ շատանան։

Ա.Շ. – Մեր հասարակությունը պառակտվել է հենց այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի հեշտ կառավարել և տանել այն ուղղությամբ, ուր տանում են։ Միասնական հասարակության հետ հնարավոր չէ այդպես վարվել։ 1988 թվականին ինչպե՞ս մենք դարձանք միասնական՝ ազգային գաղափարը միավորեց։ Գաղափարն է, որ մարդկանց կարող է միավորել, իսկ վատ գաղափարը բաժանում ու քայքայում է հասարակությունները… Պարո՛ն Գասպարյան, մեր զրույցի ընթացքում ներկայացված բոլոր վատ և մտահոգիչ արձանագրումներից հետո ուզում եմ խոսակցությունն ամփոփել կրկնելով ու շարունակելով ձեր վերջին մտքերը երկիրը պահպանելու, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, հայ մարդու արժանապատվությունն ու ինքնահարգանքը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Այլապես հոռետեսությունն այն հոգեվիճակն է, որին, թերևս, մեզ ցանկանում են մղել այս երկիրն ու պետությունը քանդել ցանկացողները, որպեսզի հանգիստ պայմաններում ավարտին հասցնեն իրենց սև գործը։

Եզրափակենք, ասելով, որ, այո՛, պիտի գործ անել, պայքարել ինքներս մեզ այս անդունդից դուրս բերելու և գրավելու համար այն լուսավոր բարձունքը, որին արժանի է հայ ժողովուրդը։

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

Զրույցը վարեց «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
Արտաշես Շահբազյանը

«Դրօշակ» թիվ 11 2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company