Սիրիայի ներկա վիճակի համար օտար և կողմանակի ուժերը դերակատարում ունեն
11 Մարտ 2025
Սիրիայում վերջին օրերին կրկին լարված իրավիճակ է։ Զանգվածային բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Բերիո Հայոց թեմի Ազգային վարչության նախագահ Ժիրայր Ռեիսյանի հետ։
«Նախորդ իշխանության հեռնալուց հետո երկիրն ապրում է նոր ժամանակաշրջան՝ նոր իշխանություն իր նոր իշխանավորներով, որոնք փորձում են վերականգնել երկիրը նոր արժեհամակարգերով։ Սակայն այս ամենը չի նշանակում, թե երկիրը ամբողջովին վերագտել է իր կայուն ընթացքը՝ հատկապես, երբ օտար ու կողմնակի ուժեր դերակատար են ներկա վիճակին։
Խոսելով հայկական համայնքի մասին՝ պետք է նշեմ, որ Լաթաքիայում կա հայկական հստակ ներկայություն՝ եկեղեցի, ակումբ, դպրոց, այսինքն՝ լուրջ գաղութ, որը Բերիո թեմի հովանավորության տակ է։ Գաղութը, բարեբախտաբար, բախումների ընթացքում վնասներ չի կրել, բացի այն, որ 2 հայ զոհվել են։ Նրանք դուրս էին եկել և հայտնվել երկկողմանի կրակոցների տակ։ Խորհուրդ ենք տալիս զգույշ և ուշադիր լինել»,- նշել է Ռեիսյանը։