ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Առաջին աշխարհամարտը թուրք-օսմանցիների ներխուժումը Ատրպատական հայկական կոտորածները եւ հայութեան բռնագաղթը

24 Ապրիլ 2025

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՈՐՆ ՍԿՍՒԵԼ Է ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐՈՎ

Իրանահայ նշանաւոր գործիչ, պատմագէտ Անդրէ Ամուրեանը (Տէր Օհանեան) իր փաստարկները հիմնաւորել է տրամադրութեան տակ ունեցած մի քանի փաստագրութիւն-արխիւով, որի մէջ օրը օրին արձանագրւած են թուրքական ներխուժող բանակի այն բոլոր անիրաւութիւնները, սպանութիւններն ու գրգռութիւնները, որոնք կատարւել են Ատրպատականում: Այդ փաստագրութեան հեղինակը Թաւրիզի ֆրանսիական միսիոնարութեան պետ Հայր Պ. Ֆրանսէնն է, որ պատերազմի ժամանակ նշանակւած է եղել իբրեւ Իսպանիայի եւ Հոլանդիայի հիւպատոս՝ հովանաւորելու համար Ատրպատականի քրիստոնեայ տարրերին:

Ուրմիայի ֆրանսիական միսիոնարութեան կոյսերը օրը օրին օրագիր են կազմել եւ տեղեկագրել Թաւրիզ՝ Հայր Պ. Ֆրանսէնին, եւ նա դիմումներ է կատարել ու միջոցներ ձեռք առել՝ փրկելու անմեղ տարրերին, որոնք զոհն էին թուրքական վայրագութիւնների: Այսպէս, օրինակ, թուրքերը ներխուժում են Ուրմիայի ֆրանսիական միսիոնարների շէնքը եւ սպանում նրա պետ հայր Սոնտագին եկեղեցու բակում:

Նրա արեան հետքը պահւում է տարիներ շարունակ, ապա յուշարձան է կանգնեցւում անմեղ նահատակի արեան հետքի վրայ35:

Հայր Պ. Ֆրանսէնի վկայութիւնները խիստ արժէքաւոր են նրանով, որ վկաները օտարազգի են՝ ֆրանսիացի, հոլանդացի, իսպանացի, եւ օրը օրին արձանագրել են ամէն անցուդարձ36:

Սա եւս ինքնին ապացուցում է, որ Մեծ եղեռնը ոչ թէ արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ ի մասնաւորի՝ պարսկահայերի ջարդերով է սկսել:

Այստեղ կը ցանկանայինք կարճ ակնարկով անդրադառնալ Ուրմիայի, Խոյի, Սալմաստի եւ շրջանի կոտորածներից հրաշքով ազատւածների վկայութիւններին, քանի որ նրանք ժամանակին ականատես են եղել թուրքական գազանութիւններին:

Այսպէս, Խոյ գաւառի Թաղեր գիւղից Շուշանիկ Բէյութեանցը գրում է. «1914-ի դեկտեմբերեան նահանջին, երբ ռուսները Բաշկալաէն (Աղբակ) եւ Ատրպատականէն կը քաշւին, ռուսները տեղական հայերը իրենց հետ կը տեղափոխեն Կովկաս եւ Սալմաստի, Ուրմի շրջաններու նման Խոյն ալ գաղթի կը դիմէ: Դեկտեմբերի վերջերը ռուսները յայտարարեցին, որ իրենք յետ կը դառնան եւ հայերն ալ պէտք է իրենց հետ նահանջեն (ուրիշ պատմողներ կը պատմեն, թէ կամաւորները կը պարտաւորեցնեն նահանջել՝ չկոտորւելու համար): 200 տունէ բաղկացած հայ թաղամասը բռնեց գաղթի ճամբան: Գիւղին մէջ մնացին միայն մի քանի ծերեր, որոնցմէ 3-ը սպանւած են, միւսները կան»37:

Իսկ Յակոբ Խորոզեանցը, որ Սալմաստ գաւառի Հաւթւան գիւղից էր, 1916 թ. վկայել է հետեւեալը. «1914 թ. դեկտեմբերի սկզբները, Սոմայի շրջանի քուրդերը Ամիրխանի ցեղապետ Ջհանգիր աղայի առաջնորդութեամբ յարձակեցան Մահլամ եւ Սառնա զուտ հայաբնակ գիւղերուն վրայ եւ հրդեհեցին խոտի դէզերը եւ յառաջեցան դէպի այդ գիւղերը, սակայն գիւղացիներու եւ ռուսներու բուռն ընդդիմութեան հանդիպելով՝ կը փախչին: Դեկտեմբերի 18- ին, երբ ռուսները տաճկական սահմաններէն յետ նահանջեցին, ժողովուրդը իրենց հետ արտագաղթել տւին դէպի Կովկաս: Տուները մեծ մասամբ այրւած են կամ փայտերը վառելու համար քանդւած: Վառւած է Շէյթան-Աւայի դպրոցը, դատերու սրահը, Ս. Աստւածածին եկեղեցին (ուխտատեղի): Այրողները տեղական թուրքեր են: Ամբողջ Սալմաստի շրջանին եկեղեցիները աւարի են տւած, զանգակատուները ջարդւած կամ գնդակներով ծակոտւած են:

Հաւթւան՝ 650 տուն, Խոսրովա՝ ասորաբնակ, որի մէջ կայ 20 տուն հայ բնակչութիւն, Սաւրա՝ 180 տուն հայ բնկ., Հին քաղաք՝ 125 տուն հայ, Սառնա՝ 180 զուտ հայաբնակ, Մահլամ՝ 270 տուն զուտ հայաբնակ, Շէյթանաւա՝ 15 տուն հայ, Դրիշկ՝ 35 տուն հայ, Քոչամիշ՝ 25 տուն հայ, Քալաշան՝ 20 տուն, Փայաջուկ՝ 400 զուտ հայաբնակ, Ղալասար՝ 200 տուն զուտ հայաբնակ, Ախտախանա՝ 80 տուն հայ, Ղզլջամա՝ 60 տուն, Սարամերիկ՝ 85 տուն, Վարդան՝ 12 տուն, Ուլա՝ 6 տուն, Գիւլիզան՝ 4 տուն, Փաթաւոր՝ 3 տուն, բոլոր վերոյիշեալ գիւղերը գաղթի ճամբան բռնեցին դեկտեմբերի 20–24-ի ընթացքին:

Այդ ատենները Աղբակի շրջանի հայերն ալ ռուսներու հետ նահանջեցին եւ Սալմաստ եկան, որոնք սալմաստցիներու հետ Կովկաս անցան, մի մասը տեղացիներու հետ միասին Սալմաստի շրջանը մնացին:

Ատոնց մէ 700 հոգի, գլխաւորաբար տղամարդիկ, ջարդւեցան չարաչար տանջանքներով, ոմանց վիզը դրան շէմքին վրայ դրած՝ նաջախով (կացին) կտրած են, ոմանց՝ գնդակահարած, ոմանց՝ անդամահատած եւ տանջանքներով սպանած, ուրիշներուն ողջ-ողջ այգիներու պատերու տակ են թաղած: Ջարդը տեղի ունեցած է թուրք հրամանատար Խալիլ Բէյի հրամանով: Զօրքերուն մասնակցեցան Սոմայի Թիմուր աղայի եւ Ջահանգիր աղայի քուրդերը եւ հայերու ունեցած ամբողջ ստացւածքը թալանեցին:

Տեղացի թուրքերը կին ու երեխաներ պահած են (պատմողը պահողներուն անունները չի յիշեր), մի տան մէջ հաւաքած, կողոպտած, հազար ու մի անարգանքի ենթարկած են եւ ապա, ռուս զօրքի վերադարձին, վերստին, ազատւած՝ Կովկաս են անցած»38:

Որպէս վերոգրեալ վկայութեան փաստարկում՝ տեղին է ներկայացնել հետեւեալ վաւերագիրը՝ մէջբերւած «Կաւկազ» թերթում. «Խոսրովան մի մեծ գիւղ էր, ունէր 500 ընտանիք, այժմ լրիւ ամայացել է»39:

1915 թ. փետրւարի 14-ի գիշերը Խոսրովա եւ Մահլամ գիւղերում սպանւեց 707 հայ: Այդ մասին Կ. Մատիկեանը գրում է Կովկասեան բանակի հրամանատարութեանը. «Մինչեւ ամսի 14-ը հայերը շնորհիւ պարսիկների մնացել էին անվնաս: Բայց թուրքական կառավարութիւնը… սպառնաց պատժել բոլոր այն պարսիկներին, ովքեր կը թաքցնէին քրիստոնեաներին …Կայմակամ Ռուստամ Բէյը հրամայեց քրդերին ու զինւորներին պարսիկների տներից հանել քրիստոնեաներին եւ սպանել նրանց թաքցնողներին: Հրամանը կատարւեց անմիջապէս… հայերին տարան Հարիւան եւ Խոսրովա գիւղերը, որտեղ էլ …տանջանքներով սպանեցին…»40:

Յաջորդ վկայութիւնը Մկրտիչ քհնյ. Տէր Պետրոսեանինն է՝ Ուրմիա գաւառի Մահմադքեար, Նաղադէ եւ Գեարդաբադ գիւղերի կոտորածների մասին.

«1. Մահմադքեար եւ Նաղադէ գիւղերուն մասին – Պաշտօնավարութեանս վայրը՝ Սուլդուզ գաւառամասը, 1914 թ. դեկտեմբերի 7-ին Մուսուլի կողմի Դիզէի ըսւած քուրդ աշիրէթներու եւ թուրք բաշիբոզուկ զօրքերու կողմանէ յարձակումի ենթարկւեցաւ: Սուլդուզի եւ Ուրմիայի շրջանի մէջ եղած ռուս զօրքերը, որոնք թռուցիկ խումբեր կազմած այդ կողմերն էին, ընդառաջեցին: Հետեւանքը այն եղաւ, որ ռուսները նահանջեցին դէպի Ուրմիա, իսկ քուրդ խուժանը թալանի տւաւ Մահմադքեար հայ եւ ասորի գիւղը (մօտ 80 ծուխ ունեցող, կէսը հայ են, կէսը՝ ասորի), քշեցին տարին տաւար, ոչխար եւ տնային կահ-կարասիներ: Հետեւեալ օրը յարձակեցան Նաղադէ գիւղին վրայ, չթալանեցին, միայն ձիաւորներով տեղաւորւեցան հայ հարուստներուն տուները: Վերջիններս զգուշանալով, որ յարձակում գործողները կարող են սպանութիւններ, առեւանգումներ եւ բռնաբարութիւններ գործել, կապաստանին իրենց հարեւան քուրդերուն տուները: Ձիաւորները մօտ 5 օր կուտեն, կը փչացնեն հայ հարուստներուն ունեցած-չունեցածը եւ կը տանին բոլոր պղնձեղէնները, սամաւարները, կանացի զարդերը եւ այլն: Մենք այդ մասին բողոքեցինք Սոուջ-Բուլաղի մէջ եղած թուրքերու հրամանատարին, այն հրամայած էր վանեցի Ջեմալ Էֆենդիին, որ թալանւած իրեղէնները յետ տրւին եւ հայերու հետ խաղաղ ապրին: Ջեմալ Էֆենդին իրեն եղած հրամանի հիման վրայ կանչեց ինձ եւ հայ ակսակալներուն (ծերերուն) եւ խօսքը ինծի ուղղելով՝ ըսաւ. «Փափազ Էֆենդի, ժողովուրդիդ կը յայտարարես, որ իրենց գործին կենան, երկրագործը իր գործին երթայ, առեւտրականը՝ իր առեւտուրին, ես եղած անկարգութիւններուն վերջ կուտամ: Ըսէ՛ք, որ միամիտ մնան տեղի հայերը, եթէ անոնք կը կասկածին կոտորածէն, մի՞թէ մեր երկիրը քրիստոնեայ չկար կոտորէինք, որ գայինք այստեղ քրիստոնեաներ կոտորելու»: Այդ խօսքերուն վրայ մենք հանգստացած դուրս եկանք:

Այնուհետեւ քուրդ աշիրէթներուն եռուզեռը աւելի սաստկացաւ: Նոյն Ջեմալ Էֆենդիին հրամանով ոստիկանները ամէն օր կուգային եւ կը պահանջէին հաց, իւղ, գառ, ոչխար, բրինձ, տեղաշորեր, հեշտաեռ պղնձէ կաթսաներ: Ամէն ինչ, որ կը տանէին, վերադարձնել չկար: Նորէն դիմումներ եղան նոյն Ջեմալ Էֆենդիին, բայց ապարդիւն, որով վերադարձայ Ուրմի՝ իմ ծննդավայրը, դեկտեմբերի 13-ին:

2. Ուրմիի Գեարդաբադ գիւղին մասին. 1914 թ. դեկտեմբեր 13-ին ներկայացայ Ուրմիայի առաջնորդական փոխանորդ Խորէն վարդապետ Լազարեանին եւ պատմեցի եղած անցուդարձի մասին:

Դեկտեմբերի 19-ին ես մեր գիւղն էի, երբ Առաջնորդին նամակը ստացայ, որով գրած էր՝ նամակս առնելուդ պէս աշխատեցէք րոպէ առաջ ձեր հոգին ազատել, որովհետեւ ռուսական զօրքը կը նահանջէ: Ամէն ինչ թողեցինք, դուրս եկանք: Մենք Դիլմանի, Խոյի վրայով 14 օրւայ ընթացքին հազիւ հասանք Ջուլֆա՝ շնորհիւ սոսկալի ցեխին: Յղի կանայք վիժեցին երեխաները, քանի՜-քանի՜ երեխաներ տեսայ, որ ձիւնի վրայ էին ձգւած: Գաղթողներս 7-8000 հոգի էինք: Մեր գիւղը 150 տուն ունէր, բոլորը մեզ հետ գաղթեցին, միայն 46 հոգի գիւղը մնացին, մնացածներէն 14 հոգի սպանւած են, որոնցմէ 4-ը՝ տղամարդ, 3-ը՝ կին, 2-ը՝ պատանի, 2-ը՝ աղջիկ:

Սպանւածներէն դրւագ մը: Մայր մը իր երկու աղջիկները իրենց մեծ մօրը (տատ) մօտ կը թողու, կը փախչի: Մեծ մայրը երկու երեխաներն առած, գիւղի հարուստներէն մէկուն թոնիրին մէջը կը պահուըտի:

Թալանչիները կը նկատեն, որ թոնիրին մէջ մարդիկ կան, կը քարկոծեն եւ այնքան քարերով կը հարւածեն, մինչեւ 3-ն ալ շունչը կը փչեն: Ուրմիայի հարաւային կողմը եղած հայ եւ ասորի ժողովուրդը չէր կարողացած գաղթել: Ասոնք կը հաւաքւին Ուրմիայի ամերիկեան միսիոներներու հովանաւորութեան ներքոյ:

Անոնք բոլորն ալ կազատւին կոտորածէն: Միսիոներներու մօտ ապաստանած էին 16.000 հայ, ասորի, որոնք գլխաւորապէս միսիոներներու հաշւին կապրէին: Տուներու մէջ այնքան էին հաւաքւած, իրար վրայ դիզւած, որ վարակիչ հիւանդութիւնները ծայր առին, այնպէս, որ մեռնողներուն թիւը օրական 10-16 հոգիի հասաւ»41:

Տւեալ իրադարձութիւնների մասին ամերիկեան գործակալ Թ. Ալէնը տեղեկագիր է ներկայացրել, որը, բացի ասորիներից, ուղղակիօրէն առնչւում է պարսկահայերի ջարդերին: Դեռեւս աշխարհամարտի նախօրեակներին ռուսական զօրքերը գրաւել էին Ատրպատականի հիւսիսը: Գրեթէ նոյն ժամանակ Համիդիէն յարձակւեց Մարգաւարի եւ Թարգաւարի պարսկական գիւղերի վրայ: Ռուսական զօրքերի հետ այդ գիւղերի բնակիչները գաղթեցին Ուրմիա: Հոկտեմբերին թուրքերը յարձակւեցին Ուրմիա քաղաքի վրայ: Սակայն, Բլրի ճակատամարտում թուրքերն ու քրդերը պարտւեցին եւ նահանջեցին: Բայց թուրքերին յաջողւեց առաջանալ:

Դեկտեմբերի 31-ին զօրքերն ընդհանուր նահանջի հրաման ստացան: Ասորիները նոյնպէս հեռացան. նրանց զգալի մասը ճանապարհին մեռաւ: Մօտ 800 ասորի ոչնչացւեց տեղում: Յարձակման ենթարկւեցին նաեւ հայերը: Թուրքերը գրաւեցին քաղաքն ու Ուրմիայի հարթավայրը: 1915 թ. յունւարի 1-ից՝ մայիսի 24-ը «Բոլոր քրիստոնէական գիւղերն ու մուսուլմանական գիւղերում բնակւող քրիստոնեաները թալանւեցին, տղամարդիկ սպանւեցին, կանայք անարգւեցին, մօտ 200 աղջիկ գերեվարւեց: Շատերին ստիպեցին մահմեդականանալ, հազարաւորները մահացան հիւանդութիւններից»:

1915 թ. մայիսի 24-ին ռուսները վերադարձան, նրանց հետ՝ նաեւ ասորիները: Օգոստոսին նորից ռուսները նահանջեցին: Թուրքիայում բնակւող ասորիները հայերի հետ միացած՝ փախան Վանում եւ Մարմարայում գտնւող ռուսական բանակի գրաւած շրջանները: Հետագային, ռուսական բանակի հետ նահանջելով, հայ գաղթականները հաստատւում են Խոյ, Սալմաստ եւ Ուրմիա գաւառներում42:

Ուրմիայի հայերին եւ ասորիներին օժանդակող կոմիտէի նախագահ, քահանայ Ու. Շէյդը վկայում է, որ Պարսկաստանի հիւսիսարեւմտեան շրջաններում կատարւած ջարդերի ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է թուրքերի վրայ, նրանք էին կոտորած ու թալան իրականացնողները43:

Սալմաստի Սաւրա գիւղից Սիմոն Ղազարեանի` 1916 թ. տրւած վկայութեան համաձայն.

«Դեկտեմբերին ռուսներու նահանջին ատեն, ինչպէս Սալմաստի միւս գիւղերը, մեր գիւղն ալ նահանջեց: 400 տուն բնակչութիւնը վայրկենապէս գաղթի ճամբան բռնեց, 200-է աւելի անկարող ճամբորդելու, ծերեր եւ մի քանի ընտանիքներ ամբողջովին գիւղը մնացին, ամբողջ կանայք հաւաքւած են մի տան մէջ՝ թալանւած, բռնաբարւած, մեծ մասին կոտորած են, իսկ միւսները՝ փախուստի դիմած: Սաւրայէն Ջուլֆա, մինչեւ ծունկերնիս ձիւնի, ցեխի մէջ թաթախւած կը ճամբորդէինք: Շատերը մեռան, մեր տղան ցրտահար եղաւ, թաղեցինք ձեան մէջ, ճամբաներս շարունակեցինք: Ողջ մնացողները մեծ մասամբ Երկիր են վերադարձեր»44:

1915-ին ռուսական բանակը, որ առաջացել էր մինչեւ Սուլդուզ, Սոուջպուլաղ, թերեւս առ ի զգուշութիւն, կրկին յետ է նահանջում մինչեւ Ուրմիա: Տեղի հայ եւ ասորի ժողովուրդը կասկածելով, որ նրանք այդ շրջանից եւս կարող են նահանջել դէպի Սալմաստ, մտավախ, մեծագոյն մասը լքելով տունուտեղ, հապճեպ գաղթում են դէպի Սալմաստ, Ջուլֆա, Թաւրիզ եւ այլուր… Ու դեռեւս 1914-ի աշնանից առգոյ էին ռուսական նահանջի նախանշանները, որի մասին եւս «Այգ»-ը իր 1914-ի հոկտեմբերեան համարում ահազանգ է հնչեցրել, «Դրութիւնը Ուրմիայում» խորագրի ներքոյ, ընդգծելով. «…Իրօք, եթէ ռուսական զօրքը այստեղից շարժւի, Ուրմիան կորած է. այդ դէպքում մանաւանդ քրիստոնեայ ազգաբնակչութեան ապագան կը դառնայ ահաւոր»45:

Վերոգրեալի ապացոյց է նաեւ ստորեւ մէջբերւող՝ Սալմաստի Ղալասար գիւղի բնակիչ Թագուհի Օհաննէսի Վարդանեանի վկայութիւնը. «1915 թ. յունւարի 5-ին ռուսները Բաշկալէի կողմերէն նահանջելու ատէն կամաւորներու հետ միասին մեզ տեղահան ըրին, որպէսզի ետեւէն եկող թիւրքերը կոտորած չսարքէին: Մենք մինչեւ անգամ ճանապարհի հաց վերցնել չկարողացանք: Ամէն ինչ գիւղը մնաց, որը մեր գաղթելէն յետոյ թալանած են: Գիւղը մնացին ամէն տունէն մի, երկու կամ աւելի անձինք, 18 հատ գեղեցիկ կին ու աղջիկ առեւանգւած են, անպատււած, 9-է աւելի կին, երեխայ եւ մարդ անհետ կորած են: Անցեալ 1915-ի գարնան, երբ մեր մարդիկ Ղալասար գացին, այնտեղ տեսած են ջրհորի եզերքին ձգւած արիւնոտ սղոց մը. ջրհորը նայած գտած են 7-ը դիակ, որոնցմէ 4-ը՝ տղամարդու, 3-ը՝ կնոջ: Սղոցով կտրուած գլուխներէն 6-ը դիակներու մօտ ձգւած էին, միայն մէկին գլուխը չեն գտած…»46:

1915 թւականի սկզբների՝ Ատրպատականի հայութեան կոտորածների վառ վկայութիւն է ներկայացրել նաեւ անգլիացի հռչակաւոր պատմաբան Առնոլդ Ջ. Թոյնբին, հայոց ջարդերին նւիրւած իր հանրածանօթ «Մի ազգի սպանութիւնը» գրքում: Գրքի տւեալ հատւածը, որը ներկայացւում է ստորեւ, անգլերէնից թարգմանաբար մէջբերել է Անդրէ Ամուրեանը. «Հաֆթւանում եւ Սալմաստում առանց գլուխների 850 դիակներ գտնւեցին՝ միայն հորերից եւ ջրամբարներից հանւած: Ինչո՞ւ: ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀՐԱՄԱՅՈՂ ՊԱՇՏՕՆԵԱՆ ՄԻ ԳԻՆ ԷՐ ԴՐԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՄԵՆ ՄԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ: Միայն Հաֆթւանից 500-ից աւելի կանայք եւ աղջիկներ են ուղարկւած Սուջբուլաղի քուրդերին:

Եթէ կարող էք, երեւակայեցէք այս դժբախտ արարածների բախտը: Դիլմանի (Սալմաստ-Դ.Մ.) քրիստոնեաներից մի մեծ խումբ բանտ նետւեց եւ պարտադրւեցին, որ իսլամանան: Տղամարդկանց թլփատեցին: Ուրմիայի շրջակայքի ամենահարուստ գիւղը՝ Գիւլփարջան, հիմնայատակ կործանւեց, տղամարդիկ սպանւեցին, գեղեցկադէմ կանայք եւ աղջիկները առնւեցին, նոյնը պատահեց Բաբառուդին:

Հարիւրաւոր կանայք խորունկ գետը նետւեցին, երբ տեսան, որ իրենց քոյրերից շատերը աւազակախմբերի կողմից բռնաբարւում էին օրը ցերեկով, ճամբի մէջտեղը: Նոյնը եղաւ նաեւ Սուլդուզի շրջանի Միանդոաբում:

Այս խժդժութիւնները ահռելի են թւում օտարներին, բայց թուրքերի համար բոլորովին թեթեւ էին նկատւում, ինչ որ մօտերս կատարում էին իրենց հողամասի վրայ…»47:

* * *

Ամփոփելու համար, հարկ է համարւում եւս մէկ անգամ ընդգծել, որ Մեծ Եղեռնն ու Հայոց Ցեղասպանութիւնը ոչ թէ արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ ի մասնաւորի պարսկահայերի ջարդերով է սկսւել: Իսկ դա շեշտաւորելու հիմք են հանդիսանում նոյնպէս իրանական թէ՛ պաշտօնական, եւ թէ՛ փորձագիտական ու մամլոյ աղբիւրների բազմաթիւ մատնանշումները, որոնք էլ աւելի հիմնաւոր ու համոզիչ են կարող դարձնել հայ պատմագրութեան մէջ ցայժմ հպանցիկ անդրադարձումները:

Այս իրողութեան շեշտաւորումը էական է ու անհրաժեշտ նաեւ ու մանաւանդ այն առումով, երբ այսօր իսկ ականատես ենք Թուրքիայի պանթուրանական նպատակադրումների արդիականութեանը՝ ինչպէս Միջին ու Մերձաւոր Արեւելքի, այնպէս էլ հարաւային Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջանների ուղղութեամբ: Երկու դէպքում էլ, ինչպէսեւ պատմական անհերքելի փաստերի մերօրեայ կրկնօրինակներով՝ պանթուրքիզմի առաջնակարգ թիրախում են գտնւում հայկական ու պարսկական քաղաքակրթութիւնները, ներառեալ իրենց պետական, թէ ազգային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը:

Դերենիկ Մելիքեան

(Շար. 3 եւ վերջ)

——————–

35. Ամուրեան Ա., նշւ. աշխ., էջ 5:

36. Նոյն տեղում, էջ 6:

37. ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 21 շրջ., բնագիր, ձեռագիր:

38. ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 17-ի շրջ. եւ 18, բնագիր, ձեռագիր:

39. Տե՛ս. «Кавказ», 04.01.1915 թ.:

40. ՀԱԱ փաստաթղթեր, ֆ. 4712, թղթ. 2, գ. 2:

41. ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 14 շրջ.- 15 շրջ., բնագիր, ձեռագիր:

42. U.S. State Department Record Group 59, 867. 4016/39/, տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., 2-րդ հ., էջ 445:

43. Նոյն տեղում, 59, 867.4016/270/. տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., էջ 446:

44. ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 404, թ. 11 շրջ., բնագիր, ձեռագիր:

45. «Այգ» շաբաթաթերթ, 1914, հոկտ. 19, Գ տարի, հ. 23, էջ 1:

46. ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 7-ի, շրջ., բնագիր, ձեռագիր:

47. Ամուրեան Ա., նշւ. աշխ., էջ 21, 22:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company