Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վերադարձը տեղի ունենա
08 Մայիս 2025
«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդը։ 1992 թվականի մայիսի 8-ին հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացավ ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին, որովհետև հավատում էր իր բազկին, իր ուժին, իր կամքին, և միասնականությամբ կարողացավ այդ խնդիրը լուծել։ Այն բեկումնային նշանակություն ունեցավ Արցախի ազատագրական պայքարի հարցում»,- այս մասին «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով միջացառումից առաջ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ շարունակվի Արցախի ուրացման քաղաքականությունը, որքան էլ Հայաստանի ներսի և դրսի թշնամիները փորձեն պարտադրել՝ հրաժարվել Արցախից, միևնույն է՝ չեն կարողանալու, որովհետև Արցախը հայկական է և վերադարձի իրավունքի համար անհրաժեշտ է պայքարել։
«Մենք վերադարձի իրավունքն ամբողջությամբ ունենք, միջազգային տարբեր ատյաններում այդ խնդիրը քննարկվել է, բարձրաձայնվել է, հստակ պետք է արձանագրել, որ Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն և էթնիկ զտում։ Արցախը մեր դարավոր հայրենիքն է, և արցախահայերը վերադարձի իրավունք ունեն։ Այսօր այդ իրավունքի դեմ խոսում է երկու կառավարություն՝ Ադրբեջանի կառավարությունը և Հայաստանի կառավարությունը, որտեղ Հայաստանի կառավարությունը չի առաջնորդվում հայ ժողովրդի է, հավաքական իրավունքների պաշտպանությամբ, այլ, ընդհակառակը, իր վարած քաղաքականությունը հրաժարվել է այդ ամենից»
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ որևէ մեկը իրավունք չունի այդ խնդիրը կամ հարցը փակելու։
«Եթե որոշների համար Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, ապա մեզ համար Շուշին հայոց բերդաքաղաք է, եթե որոշների համար Արցախ վերադարձը հայրենասիրական պաթոս է, ապա մեզ համար՝ ազգային նպատակ, որի համար պայքարելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վերադարձը տեղի ունենա»,- ասաց նա։