Պարտությունը պարտության հետևից բերում եք՝ ժողովրդին մատուցում որպես մեծ հաջողություն
15 Մայիս 2025
Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ պետք է, որ այդ գիծն ավելի բացահայտ դառնա հայ ժողովրդի համար. այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով հանձնաժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներին։
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով ԱԺ հայտարարության նախագիծ։ ՔՊ-ականները բացասական եզրակացություն տվեցին նախագծին։
Ռուստամյանը մանրամասնեց, թե որն է այդ գծի էությունը. «Դուք անընդհատ ասում եք՝ այս հայտարարությունն անկախ Հայաստանի շահերից չի բխում, իրականում անկախ Հայաստան ասածը դուք պատկերացնում եք ձեր նոր թեզը՝ «իրական Հայաստանը», իսկ «իրական Հայաստանի» համար սպառնալիք եք համարում հայկական և հաղթանակ բառերը։ Այս երկու բառերը չեք կարողանում իրար հետ կապել։ Դուք բոլոր հաղթանակները, որոնք հայությունն ունեցել է, ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում։
Դուք պարտություններով պետք է կերտեք «իրական Հայաստանը», ինչն էլ անում եք։ Պարտությունը պարտության հետևից բերում եք՝ ժողովրդին մատուցում որպես մեծ հաջողություն։
Զորահանդես էինք անում Ստեփանակերտում։ Հիմա դուք «Ստեփանակերտ» անունը կտա՞ք։ Չէ, «Խանքենդի» կասեք։ Այս ձևով ո՞ւր եք տանում այս ժողովրդին, ինչու եք խաբում, որ իրենց բերում եք ապագա։ Ի՞նչ ապագա, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նվաստացած և անվտանգությունն ամբողջությամբ հանձնած ապագա կա՞»։
Մանրամասները՝ տեսանյութում