ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպարտ ու արժանապատիվ մարդկանց ժառանգությունն են

29 Մայիս 2025

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին նվաճած պատմական հաղթանակները, շոշափելիորեն զգացել ենք, որ մեր միասնականությամբ ունակ ենք հրաշքներ գործելու։ Այսօր մայիսը և մայիսյան հիշարժան օրերը անցկացնում ենք գլխիկոր, նվաստացած, սեփական կողմնորոշիչներն ու հենարանները կորցրածի շփոթմունքով։ Սեփական իշխանության թշնամական լռության պայմաններում մի քանի կազմակերպություններ և անհատներ հիշեցին եռատոնի մասին, և վստահություն հայտնեցին, որ ոչինչ ավարտված չէ, վերադարձ լինելու է, և Շուշիի ազատագրումը կրկնվելու է։

Հայաստանի վարչապետը թոկը վիզը գցած կենդանու պես մեկնեց Մոսկվա և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշող առաջնորդների կողքից քարշ եկավ օտարի, արհամարհվածի, ավելորդի հոգեբանությամբ։

Այն պարագայում, երբ հայ ղեկավարը հաղթողների այդ շքերթում իրեն պետք է պահեր ամենահպարտ կեցվածքով, քանի որ ցեղասպանություն ու պատերազմներ տեսած իր ժողովուրդը, թվաքանակի համեմատ, ամենամեծ մասնակցություն, ամենաշատ հերոսներ և զոհեր տված ժողովուրդներից մեկն էր համաշխարհային այդ պատերազմում։ Թե՛ այն օրերին, և թե՛ դրանից հետո հայ ժողովուրդը բնազդով գիտակցել է, որ գերմանական ֆաշիզմը թուրքական ֆաշիզմի շարունակությունն է, որ իրենից հեռու թվացող այդ պատերազմում եթե դարձյալ հաղթեր ռասիզմը, հայության վերջին կղզյակն էլ կարող էր խորտակվել դարչնագունած պանթուրքիզմի նոր հորձանքի հարվածից։

Թուրքիան, կրկնելով Առաջին համաշխարհային պատերազմում որդեգրած իր կողմնորոշումը, Երկրորդ աշխարհամարտի ճիշտ նախօրյակին Բարեկամության և չհարձակվելու մասին պայմանագիր կնքեց Նացիստական Գերմանիայի հետ։ Մշտական շփումների ընթացքում թուրքերը հավաստիացնում էին նացիստներին, որ նրանք կարող են հաշվարկ անել ապագայի բարեկամ երեք թյուրքական պետությունների աջակցության վրա։ Թուրքիայի կողքին երկրորդ այդպիսի պետությունը լինելու էր Անկախ Ադրբեջանը, իսկ երրորդը, ըստ նրանց, կձևավորվեր Ռուսաստանի թուրքացեղ ժողովուրդներից։ 1941-42 թվականներին իրատեսական թվացող այս քննարկումներին մասնակցում էին նաև ադրբեջանցիները, մասնավորապես Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն։

Գերմանացիները մշտապես պահանջում էին, որ թուրքերը ներգրավվեն ռազմական գործողությունների մեջ, սակայն վերջիններս, իրենց հատուկ շրջահայացությամբ, ձգձգում էին ժամանակը, թերևս հիշելով նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած իրենց ճակատագրական սխալի մասին, ինչը դարձավ Օսմանյան կայսրության խորտակման պատճառ։ 1944 թվականին, հատկապես Ստալինգրադի խորտակիչ պարտությունից, Դաշնակիցների կողմից երկրորդ ճակատի բացումից և խորհրդային զորքերի հաղթական մուտքից հետո Եվրոպա, Թուրքիան խզեց գերմանացիների հետ կնքած պայմանագիրը։ Բնականաբար, հայ ժողովրդի համար ոչ մի կասկած չկար, թե ֆաշիստական Թուրքիան կոնկրետ, որ ճակատում և ում դեմ էր պատերազմելու։ Այդ իսկ պատճառով հայ ժողովուրդն այդ պատերազմին մասնակցեց, ինչպես կմասնակցեր հայրենական պատերազմի՝ ավելի քան 600 000 հայորդիներով, որոնց կեսից ավելին զոհվեցին։ Մասնակցեց հերոսաբար, ոչ միայն խորհրդային, այլև դաշնակից պետությունների զորքերի ու դիմադրական շարժումների կազմում, իր սեփական զորամիավումներով հաղթական ուղի անցավ՝ հերոսության հավաքական ու անհատական փայլուն էջեր գրելով։ Հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ այս պատերազմում եղավ միասնական՝ իր հայաստանյան և սփյուռքյան թևերով։

Մենք մեր հայրերից սովորեցինք հարգել և հպարտանալ նրանց հայրերի հերոսությամբ, 4 տարի տղամարդկանցից զրկված «Թիկունքի» տոկունությամբ։ Հայաստանի գրեթե ամեն բնակավայր ունեցավ հիշատակի հուշարձան, որի վրա արձանագրվեցին տվյալ վայրից նահատակվածների անունները, ստեղծվեցին այս հաղթանակի գործում հայության հերոսական մասնակցությանը նվիրված գրքեր, ֆիլմեր, երգեր, կերպարվեստի ստեղծագործություններ։ Հետստալինյան ձնհալի շրջանում այս հաղթանակի զգացողությունը կարևոր հոգեբանական գործոն դարձավ մեջքը շտկող հայ ժողովրդի համար և մաս կազմեց նրա հոգեկերտվածքին։

Հայ ժողովրդի ղեկավարը հաղթանակի 80-ամյակի միջազգային տոնակատարությանը մասնակցեց ոչ որպես հաղթողների ներկայացուցիչ և չցանկացավ զորաշքերթին հայկական ռազմական ստորաբաժանումները մասնակից դարձնելով շեշտել իր ներկայացրած երկրի ավանդն ու դավանած արժեքները։ Նույն այդ ղեկավարի ցուցումով, զուգահեռաբար, Հայաստանում պետական քարոզչամիջոցներն ու իշխանության մանկլավիկներն իրականացրին Երկրորդ աշխարհամարտի հաղթողների գնահատականների վերաքննություն, տասնամյակներ անց Հայաստանը, ի դեմս իր ղեկավարների, ըստ էության, կանգնեց ֆաշիզմի ու նրա կողմնակիցների կողքին։ Հերթական անգամ Հայաստանը ներկայացնող ղեկավարը հայտնվեց պատմության հակառակ կողմում, արհամարհեց սեփական ժողովրդի պատմական հերոսական անցյալը՝ սրբացած նահատակների հիշատակը, և փորձեց այդ արժեքները վարկաբեկել հանրության աչքում։ Ավելին, իրեն ապահովագրելու համար մինչ Մոսկվա մեկնելը վազեց Էստոնիա, որտեղ իր հարգանքն արտահայտեց կոմունիզմի զոհերի հիշատակին (այդ զոհերի թվում նրանք են ովքեր երկրորդ աշխարհամարտի ժամանակ համագործակցեցին նացիստների հետ, իսկ խորհրդային միության փլուզումից հետո հերոսացվեցին)։ Այնինչ, թերևս ճիշտ պահն էր, օրինակ, այդ օրերին Հայաստանում բողոքի գործողություններ կազմակերպել այն բանի համար, որ Ադրբեջանն Արցախում զանգվածաբար պղծում և ավերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակների, հերոսների և մարշալների հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Այնինչ գերմանական ֆաշիզմի դեմ տարված պայքարի ու հաղթանակի պատմությունն աղավաղելուց, նսեմացնելուց հետո նույն ղեկավարն արդեն բոլորովին այլ տրամադրությամբ օրեր անց հայտնվեց Ալբանիայում և շնիկի պես պոչը խաղացնելով սկսեց պտույտներ տալ, և քծնել դեռ երեկ Արցախի ցեղասպանությունն իրականացրած և այսօր Հայաստանի օկուպացիային ձգտող թուրքադրբեջանական եղբայրության առաջ։ Քաղաքական բևեռների միջև գեղջկական խուսանավումներով զբաղված ղեկավարը, այլևս ամեն կողմից գտնվելով ճնշման տակ, ճգնում է բավարարել բոլորի ակնկալիքները և հայտնվել է քաղաքական խամաճիկի դերում։

Մի կողմից, նա ունակ չէ չկատարելու արևմտյան տերերի քաղաքական թելադրանքները, մյուս կողմից, հասկանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը տնտեսական, էներգետիկ ու նաև քաղաքական առումներով կործանարար կլինի Հայաստանի համար։ Երրորդ և չորրորդ կողմերից նրան պատին է սեղմում թուրքադրբեջանական տանդեմը, այլևս չընդունելով խոստումները կատարելու ժամանակի ձգձգումը՝ հասկանալով, որ բարոյապես և քաղաքականապես սպառված իշխանությունը նվազ հնարավորություն ունի վերընտրվելու և դրանից հետո պարտավորությունները կատարելու համար։ Արևմուտքը չի աջակցում նման իշխանությանը թուրքադրբեջանական ճնշմանը դիմակայելու համար, հյուսիսը այլևս չի վստահում կեղծ հավաստիացումներին և մեծացնելով ճնշումը պահանջում է կողմնորոշվել, թշնամին կրակոցներով սպառնում է նոր պատերազմով, իսկ երկրի ներսում ակնառու է համաժողովրդական հակակրանքն ու ակտիվացող դժգոհությունը։ Իշխանությունն ինքնապահպանման համար կառչած է գալիք ընտրություններում հաղթելու գաղափարից, բայց տեսնում է, որ դա իր համար անհնարին է դարձել անգամ ամենակոպիտ ու վաղուց մոռացված ընտրակեղծիքների պարագայում անգամ։ Ամեն դեպքում, թե՛ այլևս անհեթեթության և ծաղրանքի վերածված խաղաղության պայմանագիրը և թե՛ Եվրոպական խաբուսիկ հեռանկարը պահպանելով որպես վերջին խաղաթղթեր՝ երկրի համապարփակ ճգնաժամի պայմաններում, իշխանությունը մտել է նախընտրական ինքնանպատակ իրարանցման մեջ։ Երկրի համար ճակատագրական ժամանակներում իշխանության պահպանման այս ճիգի մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդիվ։ Թերևս այս թեման չպետք է արծարծվեր «Դրօշակի» մայիսյան համարում, եթե, դժբախտաբար հայկական իրականությունը չլիներ այնպիսին, որպիսին այն դարձել է այսօրվա իշխանության ամբողջական մեղքով ու պատասխանատվությամբ։ Կասկած չկա, որ նույն նսեմացնող, իրականությունը կեղծող ու խեղաթյուրող մթնոլորտն է մեզ սպասվում նաև առաջիկայում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության և պետականության վերականգնման մեծ տոնի օրերին։

Փաստն այն է, որ ներկայիս իշխանական խմբակն անհաղորդ է իրեն ծնած ժողովրդի անցած պատմական ուղուն, նրա մաքառումներին, հերոսական և ողբերգական էջերին։ Կար ժամանակ երբ դժվար էր ըմբռնելը, թե այդ ինչպես ծնունդով հայ մարդիկ բոլշևիկի հագուստը հագած եկան այս ժողովրդին ղեկավարելու որպես թշնամու դրածոներ։ Այսօր, սակայն, մեր աչքով տեսանք, թե ինչպես օտարի ձեռքի տակ ձևավորված անձինք կարող են սեփական ժողովրդի հանդեպ վերածվել օտարի կամակատարի և Հայաստանի նկատմամբ նրանց հավակնություններն իրականացնողի։
Իրավունք չունի որևէ ժողովրդի առաջնորդելու այնպիսի ղեկավարություն, որը չի կրում նրա արժեքներն ու իդեալները, չի վստահում նրա ուժին և պատրաստ չէ նրա հետ մաքառելու, այլ կարող է միայն հանձնվել և հանձնել, պարտությամբ և անվերջանալի զիջումներով մուրալ հակառակորդի ողորմածությունը։ Այդպիսի իրավունք չունի մի ուժ, որի քաղաքական դավանանքին և հոգեկերտվածքին խորթ ու անընդունելի է պայքարի, ինքնազոհաբերության գաղափարը, որը կառչած է օտարի փեշերից և ունակ չէ գոյացնելու համազգային համերաշխություն։

Պատմական շրջադարձի պահերին ի հայտ եկող առաջնորդների ուժի աղբյուրը բխում է սեփական ժողովրդի ընդերքից, և նա պատմական օրինաչափությամբ ասպարեզ է իջնում ժողովրդին նրա երազած ուղով տանելու և ոչ թե շեղելու այդ ուղու պատմական ընթացքից՝ համապատասխան սեփական և արտածին ըմբռնումների։

Հայ ժողովուրդն իր աստեղային ժամերն է ապրել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ ազգի դարավոր երազանքներն օրվա սերունդները որդեգրեցին որպես քաղաքական պատվեր և այրեցին իրենց այդ պատմական առաքելության ճանապարհին։ Այսօրվա բախտախնդիրների մեղքով ներկա ժամանակը դարձել է նույնքան պատմական, նույնքան ճակատագրական և պահանջում է այդ բեռան տակ մտնելու պատրաստ, հանձնառու տեսակ։

Առջևում մայիսի 28-ի տոնն է։ Մայիսի 28-ը պատկանում է նրանց, ովքեր հավատում են, և պատրաստ են գնալու ազգային վերածնության դժվարին ճանապարհով։ Նայեք այսօրվա արթնացող հայությանը և կտեսնեք, որ նա փակում է դռները հայրենիքի տեսլականներին, արժեքային ու հոգևոր ըմբռնումներին խորթ, բարոյապես սպառված, ոչնչապաշտ, կամակատար ու սողացող տեսակի առջև։

Մայիսի 28-ը հպարտ ու արժանապատիվ մարդկանց ժառանգությունն է, մնացածը կրողն են բոլշևիզմի կամ կոսմոպոլիտիզմի պիղծ, քսու և ապականված մտածողության։ Այո, մենք ականատես ենք, թե ինչպես է դանդաղ ուռճանում հայ ժողովրդի ըմբոստանալու համաժողովրդական ներուժը՝ ինչը որ տեղի ունեցավ 107 տարի առաջ, ճիշտ այս օրերին։ Քաղաքական մուրացկաններն աշխարհի հզորների և անգամ սեփական ժողովրդի դահիճների ոտքերն ընկած աջակցություն են աղերսում հայ ժողովրդից իրենց պաշտպանելու համար և իշխանության դիմաց գրավ են դնում Հայաստանի ճակատագիրը՝ այնպես, ինչպես տեղի ունեցավ այն նույն տարիներին։ Բայց ինչպես այն ճակատագրական օրերին, քաղաքական դիմակայության այս նոր Սարդարապատում ևս հաղթելը վիճակված է հայ ժողովուրդին։ Առջևում մեծ մարտահրավերներ կան և դժվարին անելիքներ, բայց այդ ճանապարհը սկսվում է երկիրն օտարի հինգերորդ շարասյունից ազատագրելուց, և այդ ազատագրման մտասևեռումն ամեն օր ավելի է ամրապնդվում Սարդարապատ կերտած ժողովրդի այսօրվա սերունդների հոգում։

Դրօշակ թիվ 5, 2025-թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company