Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հանրապետության անցման ընտրանքի շուրջ
29 Մայիս 2025
Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմության նորագույն շրջանի հիմնարար խնդիրների դասավանդման գործում տարածում է գտել մի թյուր, կեղծ գիտական տեսություն: Անսկզբունքային մոտեցում է ցուցաբերվում հայ ժողովրդի պատմաքաղաքական ու պետականու-թյան զարգացման նորագույն շրջանի կարևորագույն պատմափուլերից մեկի՝ հայկական պետականության վերածննդով պայմանավորված և Սարդարապատյան հերոսամարտի մայիսյան փոթորկալից հորձանուտում ծնված հանրապետական տիպի հայկական պետության նկատմամբ, որը եռափուլ զարգացում ապրեց՝ իր վերելքներով և վայրէջքներով հանդերձ։
Այն հատկապես ցայտուն դրսևորվեց 1980-ական թթ. վերջին 1990-ական թվականների կեսերին՝ նորանկախացման առաջին փուլի ընթացքում: Այն տեսակետն էր առաջարկվում, և այսօր էլ այդ թյուր մոտեցումների կողմնակիցները պնդում են, որ Հայաստանի Առաջին հանրապետությանը (1918 թ. մայիս – 1920 թ. դեկտեմբեր) հատուկ են եղել պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները, իսկ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ ոչ: Ելնելով պատմահասարակական զարգացման ոչ իրատեսական, միակողմանի և թյուր ըմբռնումից, այդ հեղինակները, «հիմք» ընդունելով կուսակցական-քա-ղաքական նեղ նպատակադրումները, մերժում են այն, ինչ միանշանակ բացասման ենթակա չէ: Դրանով իսկ խախտվում է պատմական ժամանակագրությունը, աղավաղվում են պատմաքաղաքական ակնհայտ իրողությունները, խզվում է դեպքերի ու զարգացումների պատմաքաղաքական շղթան, տեղը ռեալ ոչինչ չի դրվում, ժառանգորդության ոչ մի կապ չի նշվում հնի ու նորի միջև:
Դրան զուգահեռ կա հեղինակների մի այլ խումբ, որն այդ տեսա-կետը չի բաժանում : Հանրահայտ է, որ երբ պատմությունը փորձում են «մեկնաբանել» ոչ գիտակ մարդիկ, ապա պատմության վիճակը բավական ողբալի է դառնում: Առաջանում է մի «նոր» կեղծ գիտական տեսություն (ասել է՝ հակագիտություն), որը հավակնում է ճշմարիտ և իսկական պատմության դեր կատարել: Տվյալ դեպքում այս հեղի-նակները, ըստ երևույթին, ունեն պատմության իրենց յուրահատուկ ըմբռնումը, որը սակայն, ամենևին էլ չի կարելի ընդունել որպես ճշմարտություն: Այս առումով միանգամայն բնութագրական է ՀՅ Դաշնակցության հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկի՝ Քրիստափոր Միքայելյանի «Ամբոխային տրամաբանություն» աշխատության մեջ արտահայտված հետևյալ հիմնարար միտքը. «Ով սովոր է հասարակական երևույթները քիչ շատ կանոնավոր կերպով ընդհանրացնելու, և իհարկե, գիտե, թե որքան ուժեղ է իրերի ընդհանուր հոսանքը պատմական առանձին դեպքերի, առանձին անցքերի դեմ. նա գիտե, որ տարիներն ու տասնյակ տարիները, որոնք կարող են նշանակություն ունենալ անհատի կյանքում, պատմության մեջ մի-մի վայրկյաններ են լոկ, որոնց հիման վրա դժվար է որևէ գուշակություն անել, նա գիտե, թե որքան անիմաստ է ամբոխային տրամաբանության սովորական ընթացքը.- ամեն երևույթ դատել այն անմիջական տպավորությունների համեմատ, որ ստանում է անհատը կյանքի այս կամ այն հարվածներից, նա գիտե, ինչ է նշանակում խոսել «առիթի» կամ «պատրվակի» մասին այնտեղ, ուր կան ներքին, հիմնական պատճառներ : Ամփոփելով միտքը՝ հեղինակը գալիս է խիստ տրամաբանական եզրահանգման. «Բայց եթե պատմական երևույթները պետք է քննվեն ոչ թե իրենց ժամանակի և տեղի հետ սերտ կապված պայմաններում, այլ ցանկությունների տեսակետից, ո՞ւր կարող են վերջանալ այս տեսակ գանգատների սահմանները»:
Ո՞րն է այս դիտարժան նախաբանի իմաստը: Խնդիրն այն է, որ որոշ հեղինակներ, Հայաստանի Առաջին հանրապետությունից հետո, որը պատմական դեպքերի ու իրադարձությունների երկաթե տրա-մաբանությամբ իր սկիզբն առավ 1918 թ. մայիսյան՝ Սարդարապատյան հերոսամարտերի ընդերքում և իր որոշակի ավարտն ունեցավ 1920 թ. դեկտեմբերին, թուրք-հայկական աղետալի պատերազմի և մեծ տերությունների կողմնակալ դիրքորոշման հետևանքով դադարեց գործել, ժամանակագրական առումով ոչինչ չեն տեսնում: Նրանք չեն ուզում տեսնել, որ Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը, որը ստեղծվեց Ալեքսանդրապոլի՝ հայերի և թուրքերի միջև կնքված 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրի հետևանքով և Հայաստանի դաշնակցական կառավարության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված՝ Երևանյան համաձայնագրի հիման վրա և գոյատևեց մինչև 1991 թ. սեպտեմբերը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն էր: 1921-1991 թթ. Հայաստանի Երկրորդ հանրապետությունում կուտակվեց հասարակա-կան-քաղաքական ինքնագիտակցության և ինքնակառավարման եզակի փորձ, առանց որի անհնարին կլիներ Երրորդ հանրապետության կայացումը: Իսկ 1991 թ. ծնված հանրապետությունը հանիրավի դիտում են որպես Երկրորդ, այլ ոչ թե Երրորդ հանրապետություն:
Ուշագրավ է, որ դեռ 1919 թ. դեկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում ներքին գործերի նախարար Ա. Գյուլխանդանյանը, որը երազում էի իր ղեկավարած կառույցն ուժեղացնելու համար համալրել համալսարանական կրթությամբ արհեստավարժ կադրերով, բավական պատկերավոր ու հիմնավոր պատճառաբանելով վերափոխումների անհրաժեշտությունը, ասում էր. «Հայ ժողովուրդը, որը միշտ հիացել է իր պատմությամբ, դարերով կռվել է իր քաղաքական ազատության համար, և երբ այսօր Հայաստանի անկախությունը փաստ է, ժողովուրդը յուր ամբողջությամբ չի ընդունում…, որ այժմյան Հայաստանի Հան-րապետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ շարունակությունը նվիրական պատմական Հայաստանի և որ տարբերվում է հենց միայն նրանով, որ այժմ… հաստատվել են հանրապետական կարգեր: Բայց որպեսզի հայ ժողովուրդը զգա և գիտակցի, որ նա ապրում է յուր նախնիների հարազատ հողի վրա, որ նա ուրեմն մեր երկրի տերն ու տիրականն է եղել հազարավոր տարիներով, է այժմս և պիտի լինի միշտ, անհրաժեշտ է նրա՝ այժմյան մեր երկրի մասին ունեցած մտապատկերները կապել անցյալի հետ: Այդ բանը խոշոր քաղաքական նշանակություն
ունի» :
Տարբեր բնագավառների մի շարք «մասնագետներ», հրապարակախոսներ, քաղաքական առաջնորդներ ոչ միայն մի ամբողջ ժողովրդի տասնամյակների պատմությունն են անտեսում, այլև տեսնում են միայն պետության (հանրապետություն, միապետություն, սահմանադրական միապետություն և այլն) սև-սպիտակ, բուրժուական և ոչ բուրժուական, սոցիալիստական, կապիտալիստական լիարժեք և ոչ լիարժեք, բռնատիրական և ընկերավարական տիպերը, որոնց տարբերությունները այնքան էլ մեծ չեն, բայց հաճախ խիստ անշահավետ և անհեռանկարային են «մեծ քաղաքականության», գոյատևման ու զարգացման տեսանկյունից:
Էլ չենք ասում այն մասին, որ չի գտնվի քիչ թե շատ լուրջ որևէ մասնագետ, որ համարձակվի, ասենք թե, նույնիսկ Արտաշիսյան հարստության ողջ ժամանակաշրջանը դիտել միայն որպես լիարժեք հզոր և անկախ պետականության (մեր քննարկման առումով ժամանակաշրջանը և պետության տիպը, ձևը՝ միապետական-հանրապետական, բուրժուական-սոցիալիստական, բռնատիրական-ժողովրդավարական, պետք է երկրորդվեն և կարևորություն չունենան, ասենք դա իրականում այդպես էլ կա) զարգացման պատմություն: Այդ նույնը կարելի է ասել նաև հայոց պետականության զարգացման մյուս բոլոր փուլերի մասին: Հետևաբար, պատմությունն արժևորելիս չի կարելի առաջնորդվել մտացածին պատմական կատեգորիաներով, արհեստածին ու կամայական չափանիշներով և պետություն չտեսնել այնտեղ, որտեղ այն եղել է՝ անկախ դրա քաղաքական կարգից:
Հարկ է ընդգծել, որ հայ ժողովրդի զարգացման պատմության բարձրակետը համարվող Տիգրան Մեծի ժամանակաշրջանի պետության մասին խոսելիս մենք շեշտում ենք հզորության պահն ամբողջովին վերցրած, սակայն, ասենք, Տիգրան Մեծի թուլության կամ հայոց պետականության թուլության պահերը, Հռոմի գերիշխանու-թյունն ընդունելը, պատմապահի թելադրանքով պարտադրված փոխզիջումների գնալը և այլն, բոլորովին էլ չենք դիտում որպես պետության չգոյություն կամ, առավել ևս, բացակայություն, այլ ընդամենը՝ տկարության, ժամանակավոր թուլության պահ:
Եթե հարցին մոտենանք գռեհիկ պատմագիտության տեսանկյունից, ապա շատ ավելի բացասաբար պետք է արտահայտվենք Արշակունիների ժամանակաշրջանի պետության մասին, պետություն, որի գահակալներն օտար ծագում ունեին։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, թե դա հայկական պետականության զարգացման հերթական փուլ չէր, թեկուզև որոշակի առումով՝ ոչ կատարյալ և խեղված: Ամենևին: Չէ՞ որ հենց այս ժամանակաշրջանում Մեծն Մեսրոպ Մաշտոցն արարեց Հայոց գրերը՝ հենվելով պետականության հուսալի կառույցի վրա՝ ի դեմս Վռամշապուհ արքայի, որը դրա խորհրդանշողներից էր, և հոգևոր ուժի՝ Սահակ Պարթևի վրա, ի դեմս եկեղեցու, որպես հոգևոր կառույցի: Ժողովուրդների զարգացման պատմությանը քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք գիտե, որ լինում են պետության զարգացման վայրէջքների և վերելքների պահեր: Այսինքն, չի կարելի բացարձակացնել խմբակային, նեղ ու ոչ լիարժեք գնահատականները հարմարեցնելով ամբոխային տրամաբանության կամ աշխարհաքաղաքական վայրիվերումների պահանջներին և պատեհապաշտությամբ թելադրված պարտադրանքին:
Առաջին հայկական պետություն-հանրապետությունը մայրամուտ ապրեց 1920 թ. դեկտեմբերին, սակայն փոխարինվեց սոցիալիստական-կոմունիստական հանրապետությամբ։ Իր բազմաթիվ ստվերոտ և անընդունելի, ժխտման ենթակա կողմերով հանդերձ, նա մի պահ ուներ զինված ուժեր՝ բանակ, 1921 թ. ստեղծված ռազմական դպրոց, պետական զանազան հաստատություններ, նախարարություններ, իրավապահ և անվտանգության մարմիններ, անգամ Սահմանադրություն: Վերջապես, այդ պետությունը, ուներ սահմաններ և դրոշ, բավականին խորհրդանշական պետական զինանշան, օրհներգ, մայրենի լեզվով դասավանդվող և պետության կողմից հովանավորվող ու ղեկավարվող կրթական գրեթե կայացած, հաջող համակարգ և այլն: Անշուշտ, այդ Սոցիալիստական հանրապետությունը գտնվում էր Մոսկվայի չթուլացող ազդեցության և թելադրանքի ոլորտում, այնտեղից գալիս էին բացասական և դրական բնույթի հրահանգչական և իրավական ակտեր, սակայն չպետք է մոռանալ, որ բացարձակ անկախ և ազատ պետություններ երբեք չեն եղել, (որպես օրինակ, կարելի է վկայակոչել թեկուզև ներկայիս արևմտաեվրոպական երկրների գերակշռող մեծամասնությանը, որոնք իրենց պատմաքաղաքական զարգացումը ներկա փուլում իրագործում են միասնական Եվրոպայի շրջանակներում, և շատ դեպքերում ուղղորդվում են ԱՄՆ-ի կողմից, շատ դեպքերում էլ կորցնելով ինքնուրույն պետական վճիռներ կայացնելու իրավունքը)։ Եղել է մեծ, հերոսական, հաճախ ռոմանտիկ ձգտում, մանավանդ երբ խոսքը վերաբերում է փոքրաքանակ ժողովուրդներին։ Սակայն դա ամենևին էլ չի նսեմացնում և ոչ մի ժողովրդի պատմություն: Հետևաբար, կարծում ենք, տեղին է շեշտել, որ այդ «ժամանակաշրջանի համար Հայաստանի խորհրդայնացումը պետք է դիտել որպես պատմական իրողություն, աշխարհաքաղաքական դատապարտվածության հետևանք, թեկուզև սոցիալիստական հեռանկարի առումով: Ռուսաստանում իշխանության ղեկին անցած բոլշևիզմն արդեն 1920 թ. զորեղ գործոն էր, և դրա հետ հաշվի չնստել հնարավոր չէր, առկա հնարավորությունների ու ուժերի անհավասարության պատճառով:
1920 թ. սկզբներին ակնհայտ դարձավ. խորհրդային ուժերը հաղթող էին դուրս եկել Անտանտի կողմից բացահայտորեն ֆինանսավորվող և ռազմապես աջակցվող սպիտակ ուժերի դեմ առճակատումից։ Նույն թվականին բոլշևիկյան ուժերը սրընթացորեն տեղաշարժվեցին դեպի Կովկաս՝ այն վերանվաճելու հստակ մտադրությամբ, հանձինս որի՝ ՀՀ դաշնակցական առաջնորդները տեսան մի նոր լուրջ վտանգ: Ակնհայտ էր, որ Խորհրդային Ռուսաստանն անվերապահորեն չէր աջակցի դեպի Արևմուտք հակված, բոլշևիկների դեմ անսքող անբարյացակամություն տածող քաղաքական ուժի կողմից կառավարվող հանրապետությանը։
Ռազմաքաղաքական իրավիճակի թելադրանքով Հայաստանը չկարողացավ և չէր էլ կարող գործնականում համաձայնության գալ մեծ տերություններից որևէ մեկի հետ, ինչը ճակատագրական հետևանքներ ունեցավ հայ ինքնության, հայ ազգի հետագա հեռանկարների և անվտանգային շահերի ապահովման առումով: Հա-յաստանի և Թուրքիայի միջև Սևրի դաշնագրի ուրվականը կար, իսկ Հայաստանի և Խորհրդային Ռուսաստանի միջև կախվել էր ՀՀ խաբուսիկ հույսը` անտանտյան դաշնակիցների և ԱՄՆ-ի օժանդակության վերաբերյալ։ Կար իրավիճակի անորոշության զգացողություն: ՀՀ հետախուզական ծառայության մի շարք ներկայացուցիչներ, բարձրագույն սպայական-հրամանատարական և կուսակցական-քաղաքական որոշ շրջաններ ավելի զգուշավոր էին այս կամ այն երկրին նախապատվություն տալու հարցում, նույնիսկ աղոտ կասկածներ կային, թե ով է իրականում ուժեղ` բոլշևիկյան Ռուսաստա՞նը, Կոլչա՞կը, թե՞ Դենիկինը, անգլիացինե՞րը, ամերիկացինե՞րը, թե՞ այլ ուժեր: Այդ մասին էր հենց զգուշացնում գեներալ Գ. Ղորղանյանը 1919 թ. հունվարի 20-ին Թիֆլիսից ՀՀ արտգործնախարար Սիրական Տիգրանյանին ուղղված գաղտնի զեկույցում. «Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի չափազանց զգուշավոր: Մենք չենք կարող և չպետք է վարենք բացառապես անգլիամետ կամ ռուսամետ քաղաքականու-թյուն: Մենք պատերազմի հենց սկզբից մեր ճակատագիրը կապել ենք Համաձայնության երկրների հետ և դրանից չենք հրաժարվել մինչև վերջին օրը: Այժմ մենք բոլորին պիտի հասկացնենք, որ մեր հարցերի լուծումը սպասում ենք ոչ թե Անգլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից կամ Ամերիկայից առանձին-առանձին, այլ Համաձայնության երկրներից: Մեր ճակատագիրը պետք է -րոշի Դաշնակիցների խորհրդաժողովը Փարիզում: Իսկ մինչ այդ որոշումը սխալ կլիներ մեր բարեկեցությունը կապել Համաձայնության անդամ այս կամ այն երկրի հետ, քանի որ հնարավոր չէ կանխատեսել այդ երկրի դիրքորոշումը ապագա խորհրդաժողովում: Հնարավոր է, որ մենք ժամանակավոր հաջողություն ունենանք, սակայն, հնարավոր է նաև, շատ բան կորցնենք»:
Այդ հույսերը տարան ՀՀ ճակատագրական մեկուսացմանը և անկ-մանը: Երբեք էլ էական օգնություն դաշնակիցների կողմից չեղավ, մի-այն եղան սնամեջ հայտարարություններ: Իսկ հարևանների հետ տար-բեր պատճառներով այդպես էլ հնարավոր չեղավ լեզու գտնել: Եվ սակայն բոլշևիկներին Դենիկինի բանակի պարտությունից հետո միայն՝ 1920 թ. հունվարին, Դաշնակիցները Անդրկովկասյան հանրա-պետությունները ճանաչեցին իբրև անկախ պետություններ նպատա-կադրելով Կովկասը և Պարսկաստանը ետ պահել բոլշևիկյան ազդեցությունից: Այս հանգամանքը իրատեսորեն է գնահատում Ռիչարդ Հովհաննիսյանը, նշելով, որ արևմտյան կողմնորոշումը ռիսկ էր, քանզի այն Հայաստանը ետ էր շպրտում Ռուսաստանին մեր նկատմամբ «կախվածությունից» դեպի «ավելի հուսալի, ավելի հզոր» երկրները, որոնք այդքան շատ բան էին «ներդրել» հայկական ողբերգության մեջ : Քաղաքական-ռազմական կառավարող շրջանները հույսեր էին փայփայում, որ Դաշնակիցները կկերպարանափոխվեն և հանուն Անտանտի գծով իրենց կրտսեր եղբայրակցի և պատերազմում ծանր կորուստներ ունեցած Հայաստանի ու հայ ժողովրդի, արդյունավետ քայլեր կձեռնարկեն, և հողմացրիվ կանեն Կարմիր-բոլշևիկյան «ցնցոտիավոր» բանակներին, որոնք սակայն իրենք ջարդուփշուր արեցին թե՛ Կոլչակի, թե՛ Դենիկինի, թե՛ Վրանգելի, թե՛ Անգլիայի կազմակերպած, այսպես կոչված, «14 երկրների» և թե՛ առհասարակ մնացյալ բոլոր սպիտակ բանակները: Դա դիպուկ է նկատել Տ. Դևոյանցը. «Բայց Տրոցկիներն ու Չիչերինները չկան այլեւս: Նրանց փոխարինել է Սովետական մի նոր դիւանագիտութիւն, որ այժմ զբաղուած է իր նախորդների զիջած հողամասերը հաւաքելով եւ կցելով Խորհրդային Ռուսաստանին: Այսպէս նա վարուեց Լադվիայի, Լիտուանիայի, Էսդոնիայի, Ֆինլանդիայի, Բեսարաբիայի ու Բուկովինայի հետ: Այդպէս պի-տի վարուի նաեւ իր կորցրած միւս հողերի հետ» :
Իրավիճակի այդ սրընթաց գահավիժումները նկատել են նաև Կով-կասի գծով անգլիացի հետազոտողներ Դ. Մ. Լանգը և Ք. Ջ. Ուոքըրը. «1920 թ. ընթացքում աշխարհի իրավիճակը այնպիսի դրամա-տիկ փոփոխություններ կրեց, որ այլևս իմաստազրկվեցին դաշնակից տերությունների՝ Հայաստանին տված խոստումները… բուռն վիճաբանություններից հետո… դաշնակցական կառավա-րությունը որոշեց խաղաղ կերպով իշխանությունը հանձնել բոլշևիկներին և ինչպես առածն է ասում, նրանք գերադասեցին «կարմիր լինել, քան մեռած» :
Այսպիսով, Հայաստանի, այսպես կոչված, «սովետիզացիան» այլընտրանք չուներ և դա աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակի ակնհայտ իրողությունն էր և տրամաբանական արդյունքը: Ընդհանուր առմամբ, դա բավականին հստակ է զգացել Ալ. Խատիսյանը. «Բոլշեւիկները եւ անոնց ետեւէն նոյնիսկ ռամկավարները կ’սեն, թէ Դաշնակցականները հասցուցին Հայաստանը ողբերգական վիճակի 1920 թ. վերջը, իսկ բոլշեւիկները եկան եւ փրկեցին Հայաստանը Թուրքերէն: Բացարձակապէս սուտ է այս: Եւ եկած եմ այն անխախտ համոզման, որ Դաշնակիցները լքեցին Հայաստանը, որ Թուրքերը ատկէ լայ-նօրեն օգտուեցան, բայց Թուրքերու գլխավոր զինակիցները բոլշեւիկներն էին, որ ոյժ եւ հնարավորություն տուին Թուրքերու հարձակելու Հայաստանի վրայ: Այդ` անվիճելի փաստ է: Փաստ է նույնպէս, որ ի-րար օգնելէ ետքը, իրար մեջ բաժնեցին Հայաստանը: Եւ բոլշեւիկները ըրին այդ` ոչ թէ առանձին թշնամութենէն դեպի Հայաստանը, այլ դրդուած իրենց «համաշխարհային» քաղաքականութենէն, որուն համար անոնք պէտք կը զգային շահելու Թուրքերու բարեկամութիւնը` զոհաբերելով Հայաստանը: Եւ բոլշեւիկները Թուրքերուն տուին այն, ինչ որ անոնք կ’ուզէին Կարսը, Սուրմալուն, Արտահանը, մնացածը, ինչ-որ Թուրքերուն պէտք չէր, այսինքն` Հայերով բնակուած շրջանները, Ռուսերը առին» :
Քաղաքական իրադրությունը անդրկովկասյան տարածաշրջանի և Հայաստանի շուրջ 1919 թ. վերջում – 1920 թ. սկզբներին կտրուկ փոխվել էր, սկիզբ դնելով շրջադարձային իրողությունների, նոր ընտրանքների և դրանցով իսկ պայմանավորված արտաքին քաղաքական իրական վտանգների: Թուրքական ազգայնական շարժումն այդ պատմափուլում կտրուկ վերելք էր ապրում, Թուրքիան վերակենդանանում էր քեմալականների իշխանության ներքո՝ հենց արդեն իսկ իր հետ թաքուն բարեկամության ձգտող ՀՀ նախկին դաշնակիցների հետ, որոնց արտաքին քաղաքական շրջադարձի և թողտվության շնորհիվ Թուրքիան արագ ջարդուփշուր արեց Հայաստանին և Հունաստանին արդեն 1920-1921 թթ., հայերին պարտադրելով անվերապահորեն հրաժարվել մեծ զգացմունքայնությամբ փայփայած Սևրի դաշնագրից ու հայկական մեծ երազանքից։ Հայությանը դուրս նետեցին համաշխարհային շահերի այդ տիրույթից՝ Հայաստանը դիտարկելով ընդամենը մի միջանցք Արևմուտքն ու Արևելքը իրար շաղկապելու համար։ Այդ նույն ընթացքում քեմալականների բարեկամ կոմունիստները հաղթանակած դուրս եկան դրսի թելադրանքով անընդմեջ հրահրվող, երկարատև քաղաքացիական պատերազմում։ Հայկական քաղաքական շրջաններն աղոտ պատկերացումներ ունեին, որ ներքաղաքական բախումները Ռուսաստանում հրահրվում են դրսից, նպատակ հետապնդելով վերջնականապես հյուծել Ռուսաստանը, ջախջախել այն։ Ինչպես որ այսօր են աշխարհի միահեծան տերերը ձգտում կյանքի կոչել այդ ծրագիրը, ինչից Հայաստանը անմասն չի կարող մնալ և անկախ իր ցանկությունից կարող է հայտնվել աշխարհաքաղաքական մեծ բախումների հորձանուտում:
Ադրբեջանում առաջխաղացող թուրքերի ու Կարմիր բանակի աքցանում հայտնված Հայաստանը հայտնվեց երկփեղկված վիճակում։ Հայաստանը սրընթացորեն գլորվեց Սևրի երազային բարձունքներից և ջարդուփշուր եղավ, իսկ Հայաստանի նախկին դաշնակիցները առանց տատանման և երկմտանքի գծեցին Թուրքիայի հետ մերձենալու և բարեկամության ուղենիշները։
Անդրկովկասյան տարածաշրջանի շուրջ ռազմաքաղաքական իրադրության շրջադարձային փոփոխությունների շրջանում նախապատվությունը տրվեց Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը, երբ քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում գրեթե ավարտվեց, իսկ Ռուսաստանում, քաղաքացիական կռիվներին օժանդակած և ինտերվենցիան ուղղորդող եվրոպական երկրները պարզապես լքեցին այն։ Նրա հետ նաև լքեցին իրենց պաշտպանած ազգային հանրապետություններին, որոնք ակնկալիքները շաղկապել էին Եվրոպայի հաղթող երկրների հետ։
Ստեղծված ցայտնոտային իրավիճակում դաշնակիցներից լքված Հայաստանին այլ ելք չէր մնում, քան գնալը այլընտրանք չունեցող քաղաքական համաձայնության Խորհրդային Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդի համար ձեռք բերելով գոյատևման անդամահատված և փաստացի ոչ լիարժեք, սակայն տվյալ պահի թելադրանքից բխող տարբերակի։ Դե իսկ ՀՀ նախկին դաշնակիցներն իրենք ևս տագնապե-լով աշխարհաքաղաքական ուժերի այս նոր համադրությունից, սեփական կամքով ուղիներ որոնեցին եզրեր գտնելու թե՛ Խորհրդային Ռուսաստանի, և թե՛ քեմալական Թուրքիայի հետ, զուգընթաց ձգտելով վերականգնել կորսված դիրքերը և հեղինակությունը մուսուլմանական աշխարհի երկրներում, որի ուղղությամբ նոր, հայության և Հայաստանի Հանրապետության համար խիստ անընդունելի և աղետա-բեր ռազմավարության հիմքը դրվեց Բոլշևիկյան Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված Արևելքի ժողովուրդների 1-ին համագումարում։ Հայաստանը աներկբայորեն զոհաբերվեց համաշխարհային հեղափոխության կեղծ և եսակենտրոն շահերին ։ Հայաստանի շահերը և գոյության խնդիրը ստորադասվեցին մուսուլմանական աշխարհում դիրքերի ձեռքբերմանը, իսկ Թուրքիան վստահաբար այն ուղղորդեց բրիտանական և Անտանտի դաշնակիցների կայսերապաշտական ռազմավարության ծավալման դեմ։ ՀՀ դաշնակիցներն արդեն 1920-1923 թթ. վերջնականապես հրաժարվեցին թե՛ Սևրի պայմանագրից, և թե՛ հայկական հանրա-պետության գոյության երաշխավորի դերից, բացառելով ռազմուժի կիրառումը հայկական հարցի լուծման համար։
Թուրքիայում, թե՛ քեմալականների, և թե՛ նախկինների կողմից Սևրի մերժմանը զուգընթաց ակնհայտ էր նաև Հայաստանին օգնելու հաղթող երկրների հրաժարումը նախկին խոստումներից, ինչն էլ համանման ձևով կրկնվեց 1920 թ. վերջին և հանգեցրեց հայկական վերջնագրային կապիտուլյացիային։ Այլընտրանք չկար, և հայ ժողովուրդը կանգնեց խորհրդայնացման անխուսափելի փաստի առաջ:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Հայաստանի ճանաչումը զուգակցվեց Օսմանյան կայսրության հետ կնքված պայմանագրի հետ։ Հայաստանի դե յուրե ճանաչումը հաստատվեց 1920 թվականին, Սևրի պայմանագրով, ինչն այս միջազգային համապարփակ պայմանագրի արժեքն է։ Այսինքն, տերությունները Սևրում միանշանակ արձանագրեցին Միացյալ և Անկախ Հայաստանի իրավաքաղաքական լինելությունը, որից հետո տեղի ունեցան հետընթաց գործընթացները։
ՀՀ արտաքին-քաղաքական հետագա ընտրանքի և առաջնահերթության վերաբերյալ ցանկանում ենք հատուկ նշել, որ խոսքը ոչ թե արևմտյան-եվրոպա-ամերիկյան կողմնորոշումից հրաժարվելու, և նախապատվությունը խորհրդային-ռուսական նոր իմպերիային տալու և վերջինիս շատ դեպքերում կայսերական, անհիմն և ոչ արդար պահանջները բավարարելու մասին է։ Խոսքն այն մասին է, թե ինչպես դաշնակիցների ընդհանուր շահերի շրջանակում մաքառած հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը դուրս պետք է գային այն աշխարհաքաղաքական աքցանից, որը ստեղծվեց 1920 թ. վերջին։
Քանզի նաև ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ցանկանար թե չցանկանար, միևնույն է, բոլշևիկյան Ռուսաստանը նրա կամքը հաշվի չէր առնելու։ Ամեն ինչ հաշվարկվում էր, և դիտարկվում պահի աշխարհաքաղաքական տրամաբանության տիրույթում։ Ի վերջո, սևրյան «մտասևեռումը» պայմանավորված էր նաև բոլշևիկյան «նոր» Ռուսաստանի արտաքին-քաղաքական շահերի եսակենտրոնությամբ, վերջինիս անորոշ, ոչ բավականաչափ հստակ դիրքորոշմամբ։
Մյուս կողմից, Դաշնակիցների անորոշ վերաբերմունքն էապես նպաստեց ՀՀ արտաքին-քաղաքական հաշվարկների ձախողմանը, բոլշևիկյան քարոզչությանը և առաջխաղացմանը։ Եվ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությանը պարտադրված բռնի խորհրդայնացումը նրա հետագա գոյատևումը հանրապետության կարգավիճակով արտացոլում է Սևրի ողջ հոլովույթը, աշխարհաքաղաքական պարտադրանքի պահը dejure ճանաչված Միացյալ և Անկախ Հայաստանի ճակատագրում, միաժամանակ փաստելով հայկական պետության լինելության անժխտելիությունը այն ստորագրած և չտորագրած պետությունների խմբի կողմից։
Հենց այդ հանգամանքն էլ գլխավոր անանց արժեքն է, օրակարգային լինել՝ կախված աշխարհաքաղաքական ուժերի ու պատմական պահի թելադրանքից։
Խորհրդային, համայնավար համակարգն իր բոլոր բացասական երանգավորումներով ու ծանր հետևանքներով հանդերձ, որոշակի դեր կատարեց ազգապահպանման գործում, մասամբ փրկեց բռնի ուծացումից ու ֆիզիկական ոչնչացման դեռևս առկա վտանգից: Այն փակեց մի կարգի հեռանկարների ճանապարհը և քողարկված վիճակում պահեց մի այլ որակի հնարավորությունների ու հեռանկարների համակարգ, որը պարզորոշվեց 1980-ական թվականների վերջին 1990-ական թվականներին» ՀՀ անկախացմամբ և Արցախյան զարթոնքով:
Այսինքն, անցում կատարվեց հանրապետությունից-հանրապետու-թյուն (ժողովրդավարական, սոցիալիստական Հայաստանից՝ Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի): Ուրեմն, հայ ժողովրդի հասարակական-քաղաքական զարգացման կոմունիստական փուլը ևս պետք է դիտել որպես նրա պետականության զարգացման պատմաժա-մանակագրական փուլ՝ կարևորելով նրա անցած ողջ ուղին, իսկ այդ հանրապետության պատմությունը համարել Հայաստանի Երկրորդ հանրապետության պատմություն (1920 թ. դեկտեմբեր – 1991 թ. սեպտեմբեր):
Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության սովետական (խորհրդային) ձև ընդունելը չպետք է դիտել որպես պետականության վերացում, բացարձակացնելով արժեքային առումով պարտադրված տվյալ իրողության իմաստը: Պարզապես պետությունն իր գոյությունը շարունակեց սովետական (խորհրդային) ձևի և ընդհանուր միության շրջանակում, հետևաբար, միանգամայն իրավացի են այն հեղինակները, որոնք Հայաստանի Առաջին հանրապետությունից հետո (1918-1920 թթ.) որպես Երկրորդ հանրա-պետություն ընդունում են սոցիալիստական այն պետությունը, որը պատմության մեջ հայտնի է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն անվանումով:
Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը երկար մի շղթա է, և ամեն մի սերնդի կերտածն այդ շղթայի մի կարևոր օղակն է: Առանց պատմական ժառանգականության ոչ մի ժողովուրդ չի կարող գոյություն ունենալ: Պատմության շղթան դադարում է գոյություն ունենալուց, երբ փլուզվում են նրա տարբեր օղակները: Հասկանալի է, որ այդ շղթաներից մեկն էլ հենց այդ պետության սոցիալիստական այն կառույցն է, որը հանիրավի մերժվում է: Այդ յուրաքանչյուր շղթայից անտեղյակ, ազգային հիշողությունից զուրկ, անառագաստ ժողովուրդը դատապարտված է կործանման:
Վատ-լավ հիշողություն չկա, կա հիշողություն, առանց որի աներևակայելի է պատմության ընթացքի լիարժեք և ամբողջական ըմբռնումը:
Այդ տրամաբանությամբ էլ, անհրաժեշտ է հատուկ նշել, որ այն ժամանակ, երբ Արևմտահայաստանի հայ ժողովուրդն ապրեց ցեղասպանության բոլոր հնարավոր ու անհնարին սարսափները (տեղահանություն, զանգվածային կոտորածներ, կրոնափոխություն և այլն) և զրկվեց իր հարազատ բնակավայրում՝ Մայր հայրենիքում ապ-րելու՝ Աստվածատուր իրավունքից, բոլորովին այլ ճակատագիր ունե-ցավ Արևելյան Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի կազմում: Հայաստանը հայտարարվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն և տարածքային ինքնավարության քիչ թե շատ իրական կարգավիճակով մտավ Խորհրդային Միության մեջ: Արևելահայաստանը և Արևելյան Հայաստանում փրկություն գտած հարյուր հազարավոր արևմտահայեր ստացան տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացման քիչ թե շատ լիարժեք հնարավորություններ: Կարճ պատմական ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության և մշակույթի երկիր, ինչը տեսանելի չէ Երրորդ հանրապետության օրոք:
Հայ ժողովուրդը փրկվեց պանթուրքիզմի կողմից մշտապես սպառ-նացող ֆիզիկական ոչնչացման վտանգից : Միաժամանակ, պատմության դառը դասերից քաղած անվիճելի ճշմարտություններից է նաև այն իրողության գիտակցումը, որ հայ ժողովուրդը, ազգային շահից ելնելով, իր պատմական ճակատագրի ընթացքը գծելիս, պետք է խորապես հաշվառի Ռուսաստանի գործոնը, անկախ այն բանից, թե ինչ գույն ու ռեժիմ ունի այդ երկիրը՝ ցանկալի՞ է, թե՞ ոչ: Պետության լիարժեքության գաղափարի մասին վերոհիշյալ տեսակետների միջև որևիցե հակասություն տեսնելն անմիտ զբաղմունք է: Օրինակի համար, պետք է ասել, որ հենց Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ որպես քիչ թե շատ լիիրավ պետություն, հայ ժողովուրդն էլ մեծ ավանդ ներդրեց ֆաշիզմի դեմ ողջ առաջադեմ մարդկության մղած պայքարում: Հայ ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ ակտիվ մասնակցություն ունեցան ժողովուրդների այդ մեծ պատերազմին՝ տալով մոտ 300 հազար զոհեր: Ինչպես կարելի է պետություն չտեսնել այնտեղ, որտեղ այն կար: Հենց սոցիալիստական այդ հանրապետության ջանքերով էր, որ 1941-1945 թթ. Համաշխարհային մեծ պատերազմի առաջին փուլում ձևավորվեցին վեց հայկական հրաձգային դիվիզիաներ, իսկ մի քանի դիվիզիաներ էլ կիսով չափ համալրվեցին հայ մարտիկներով (61-րդ, 136-րդ, 138-րդ, 151րդ, 320-րդ, 406-րդ դիվիզիաների անձնակազմի կեսից ավելին հայեր էին, իսկ 28-րդ և 38-րդ բրիգադներում մարտնչում էին բազմաթիվ հայ մարտիկներ): 76-րդ հրաձգային դիվիզիան գոյություն ուներ դեռ Հայաստանի խորհրդայնացման տարիներից: Իսկ դրանցից մեկը՝ 89-րդ Թամանյան դիվիզիան, անցավ շուրջ 3700 կմ մարտական փառապանծ ուղի և այն ավարտեց 1945 թ. մայիսի 9-ին՝ Բեռլինում, որտեղից Ադոլֆ Հիտլերի նախորդները 1915 թ. ոգեկոչել էին իրենց եղբայրակից եղեռնագործներին՝ թուրքերին: Ի դեպ, հենց մայիսի 9-ին ազատագրվեց պատմական Շուշին արդեն թուրքերի եղբայրակից ազերիների ստրկությունից:
«Պրավդա» թերթը, Խորհրդային Հայաստանի 25-ամյակին նվիրված առաջնորդողում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը, գրել է. «Հայաստանում չեն որոտացել թնդանոթները, Հայաստանը չի իմացել գերմանական արշավանքի սարսափները: Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ Դոնի և Կուբանի, Ուկրաինայի և Բելառուսիայի դաշտերում վճռվում է նաև նրա ճակատագիրը, պաշտպանվում է նաև նրա անկախությունը, ազատությունը, երջանկությունը: Այդ պատճառով հայ ժողովրդի զավակները Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ոտքի ելան ի պաշտպանություն Խորհրդային հայրենիքի և անձնուրաց կերպով մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ: Սովետական Միության հերոսների փառապանծ ընտանիքին մաս կազմեցին հայ ժողովրդի 100-ից ավելի զավակներ: Հազարավոր հայ ռազմիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով: Նրանք կռվել են Մոսկվայի, Ստալինգրադի մատույցներում, Ղրիմում, նրանք պաշտպանել են Լենինգրադը, նրանք հարձակվել են Քյոնիգսբերգի, Օդերի, Ֆրանկֆուրտի և Բեռլինի վրա: Համաշխարհային երկրորդ պատերազմի պատմության մեջ վառ էջ է գրել Հայկական Թամանյան 89-րդ դիվիզիան, որը Գրոզնու մատույցներից հասել է մինչև Բեռլին» :
Այս փաստը հատկանշական է այն առումով, որ երբ որոշվում էր Բեռլինի գրոհին զորամիավորումների մասնակցության հարցը, ազգային զորախմբերից միայն 89-րդ Թամանյան հայկական դիվի-զիային իրավունք վերապահվեց մասնակցելու պատմական այդ գործողությանը: Դրանով իսկ կարծես թե դատապարտվում էին Հիտլերը և նրա նախորդները, որոնք փորձում էին պատմական հիշողությունից զրկել սերունդներին։ Փաստվեց, որ ինչպես ինքը, այնպես էլ նրա եղեռնագործ նախորդները, որոնք մասնակցել էին հայկական ցեղասպանության ծրագրավորմանն ու իրագործմանը, կանգնելու են մարդկության արդար դատաստանի առջև: Եվ այդ արդար դատաստանն իրագործողներից էր Հայաստանում կազմավորված Թամանյան 89-րդ դիվիզիան, այն դեպքում երբ որ այսօր էլ միտումնավոր խեղաթյուրվում են ֆաշիզմի դեմ ժողովուրդների այդ ահեղ գոտեմարտի իրողությունները, փորձելով դրանք ներկայացնել ընդամենը որպես «Արևմուտքի հաղթանակ», մեղանչելով համընդհանուր, պատմություն դարձած ճշմարտությունների դեմ:
Հայաստանը պետություն էր և Երկրորդ աշխարհամարտին հաջորդած տարիներին, ընդունելով հայրենադարձներին՝ (Ստալինյան բռնություններով հանդերձ) կառավարությունը հանդես եկավ համապատասխան որոշումներով, որոնց հիմքում ընկած էին հեռահար նպատակադրումներ:
Պետք է նշել նաև, որ սոցիալիստական Հայաստանը՝ որպես պետություն, 1960-ական թվականներին ապրեց Ազգային զարթոնք, զարգացման մի քանի տասնամյակի ընթացքում ստեղծվեցին անկախ ու լիարժեք պետականության նոր կարգավիճակի հասնելու որոշակի նախադրյալներ: Այդ ամենը ակնհայտորեն վկայում է, որ չի կարելի տալ հապճեպ գնահատականներ պատմության գլխավոր իրողություններին: Հայաստանը պետություն-հանրապետություն էր անգամ սոցիալիզմի այն դժվար օրերին, երր իշխում էր ստալինյան բռնապետական վարչակարգը, և մնացած բոլոր ժամանակներում՝ լինեն դրանք խրուշչովյան հալոցքի, թե բրեժնևյան լճացման տարիները կամ պետական, ազգային զարգացման այլ պատմական ժամանակաշրջաններ: Պետությունը և ժողովուրդը զբաղված էին կառուցողական աշխատանքով: Հսկայական գործա-րաններից ու ֆաբրիկաներից զատ ստեղծվեցին առողջապահական, մշակութային, կրթական ու գիտական բազմազան օջախներ, մարզական և այլ հիմնարկություններ (Հայաստանի գիտությունների ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, «Հրազդան» մարզադաշտը և այլն), ինչպես նաև Մեծ Եղեռնի զոհերի անզուգական և ինքնատիպ հուշահամալիրը։ Իրականացվեց Հայոց պետականությունը խորհրդանշող հուշարձանների՝ Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին նվիրված հուշահամալիրների շինարարությունը: 1965 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցան պատմական աննախադեպ և կարևոր իրադարձություններ՝ Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի առիթով։ 1968 թ. աշնանը պետական շուքով նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը, որին ներկա գտնվեցին հազարավոր հյուրեր արտասահմանյան երկրներից: Արդարև, սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ պետականության դրսևորում:
Հաջողությամբ նշվեցին նաև հայոց մեծագույն մտավորականներ Հ. Թումանյանի և Կոմիտասի, Իսահակ-յանի 100-ամյա և այլ հոբելյաններ: Ուրեմն, կար այդ պետականությունը, ապրում և ոչ հազվադեպ հերոսանում էին հայեր, որոնք պահպանում և փայփայում էին Հայաստանը՝ որպես պետություն, ստեղծում և զարգացնում էին արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, դպրոցը, մշակույթը:
Հայ ժողովրդի պատմության պարբերացման հարցերը որոշելիս անպայման պետք է դրսևորել ոչ թե գաղափա-րախոսական, կուսակցական, նեղ խմբակային շահեր, այլ ազգային պետականության նկատմամբ ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում: Եվ այսպես, անժխտելի իրողություն է, որ 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին հանրապետությունից հետո եղել է ոչ թե դատարկ տարածություն, այլ Երկրորդ՝ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը (1920 թ. վերջ – 1991 թ. վերջ) և միայն այնուհետ՝ 1991 թ. ծնված Հայաստանի Երրորդ հանրապետությունը, որն արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում: Հետևապես, պատմական ճշմարտությունը պահանջում է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս, թվով Երրորդ հանրապետությունը հենվել է Երկրորդ՝ սոցիալիստական հանրապետության պետական-քաղաքական կառույցների վրա:
Առաջինից Երկրորդ` Խորհրդային Հանրապետությանն անցման փաստի վերաբերյալ իր իմաստուն գնահատականն է տվել ՀՀ տարեգի-ր Սիմոն Վրացյանը. «Բնավ պիտի չզարմանաք, եթե վաղը Մայիսի 28-ն էլ յուրացվի բոլշևիկների կողմից։ Թող յուրացնեն, կարևորը այն չէ, թե ով է հեղինակը պատմական դեպքերի, կարևորը դեպքերն են։
Որևէ ուրացումով կամ փաստերի խեղաթյուրումով կարելի չէ հերքել և այն փաստը, որ 1920 թ. դեկտ. 2-ին, կամ, եթե հաճելի է, նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր պե-տության ստեղծումը, այլ գոյություն ունեցող հանրապետության վարչաձևի փոփոխություն. ժողովրդական անկախ հանրապետության տեղը հաստատվեց խորհրդային անկախ հանրապետություն…
Այսպիսով, պատմական իրողություն է, որ ներկա Խորհրդային Հայաստանը շարունակությունն է Հայաստանի Հանրապետության: Եթե տեղի չունենային այն մաքառումները, որոնք հանգեցրին հայկական անկախ պետության ստեղծման 1918 թ. Մայիսի 28-ին, եթե գոյություն չունենար Հայաստանի Հանրապետությունն իր ազգային կազմով ու նկարագրով, այսօր գոյություն չէր ունենա և Խորհրդային Հայաստանը:
Վարչաձևերը ժամանակավոր երևույթ են: Ժամանակավոր են և վարիչները: Հավերժական են ազգերն ու հայրենիքները` հայրենի հողի վրա նստած ժողովուրդները: Հավերժական է ազա-տատենչ հայ ժողովուրդը, որ մահվամբ մահը կոխելով` կերտեց հայրենիքի անկախությունը:
Մենք հավատում ենք, որ Հայաստանը նորից կլինի ազատ և անկախ, ավելի լայն ազգային սահմաններով»:
Եվ դեռ ավելին, ըստ Ս. Վրացյանի․ «Մենք բացեցինք առաջին ճեղքը համաշխարհային դրամատիրության մեջ…
Ո՛չ թե պետք է ընդօրինակել մեր գործելակերպը, այլ անկախորեն խորհրդածել նոր յուրատեսակության, պայմանների և արդյունքների պատճառների մասին, պետք է իրագործել 1917-1921 թվականների փորձի ոչ թե տառը, այլ ոգին, միտքը, դասերը։
Հայաստանի խորհրդայնացումը տեղի էր ունեցել անկախության պահպանության պայմանով, Հայաստանի Հանրապետության տեղը պիտի բռներ անկախ խորհրդային հանրապետությունը»։
Այսպիսով, հայ ժողովրդի հասարակական-քաղաքական զարգաց-ման սոցիալիստական փուլը ևս պետք է դիտել որպես պետականության զարգացման պատմաժամանակագրական հաջորդական փուլ, իսկ այդ հանրապետությունը համարել Հայաստանի Երկրորդ հանրապետություն (1920 թ.–1991 թ.):
Ս. Սարինյանը նկատել է. «Մեր նորագույն պատմության մե-ծագույն ստեղծագործությունը եղավ հայոց առաջին հանրապետությունը, որ միջազգային ճանաչում տվեց Հայաստանին, որպես պետական-քաղաքական սուբյեկտի: Ինչ վերաբերում է երկրորդ հանրապետությանը, այդ պատմական մի ամբողջ ֆորմացիայի կրողը եղավ նա` տնտեսական, սոցիալական, մշակութային, ազգաբանական համակարգով, եւ որքան էլ կայսերապատկան ենթակայության մոդելում, այնուամենայնիվ, պետություն էր վարչատնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային հաստատությունների կառուցվածքով եւ խորապես նպաստել է հայոց պետական ազգի եւ քաղաքական սուբյեկտի հոգեբանական կազմույթին: Երրորդ հանրապետությունը նախորդների տրամաբանական շարունակությունն է եւ ընդհանրության մեջ նրանք նշանավորում են հայոց պատմության ժամանակը` անկախ պետականության կայացման դարաշրջանը»:
ՎԱՆԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ