Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
30 Մայիս 2025
Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:
«Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ամբողջ քաղաքականությունն այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումներն արդարացնելու և այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա հռետորական հարց տվեց, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ գրառումը համընկավ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում, կամ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը համընկավ Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հետ։
Պատգամավորն անդրադարձավ նաև սահմանային կրակոցները հերքելու ադրբեջանական կեղծիքին՝ ասելով. «Իսկ ո՞վ է կրակել Խոզնավարում՝ հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկի՞նը, Բլո՞կը, Գրիբայեդո՞վը»։
Նա հայտարարեց, որ կրակոցներով և Բերձորում նոր օդանավակայանի բացմամբ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար։
«Իսկ Փաշինյանը և իր իշխանությունը փոխանակ հիմքեր ստեղծեն ՀՀ-ն պաշտպանելու համար, մեղավորներ են փորձում կարգել»,- ասաց Արթուր Խաչատրյանը և բացատրեց, որ դրանով փորձում է հայտարարել, թե հնարավոր ադրբեջանական հարձակման պատճառը Մայր Աթոռի կազմակերպած խորհրդաժողովն էր և Արցախի նոր նախագահի ընտրությունը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ հոգևորականի հասցեին արված հայհոյախառն ու վիրավորական գրառումներին, Արթուր Խաչատրյանն ասաց. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է:
«Այդ գրառումն անհարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանություն էր, նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ: Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության և խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին: Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն: Դրանից բացի, իրավապահ մարմինները, որ ավելի շատ մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարցում, մարդկանց ազատությունից են զրկում նաև նրանք անելու բան ունեն, ինչպես նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշեն»,- ասաց նա:
Նկատելով, որ իրավապահ մարմինները ավելի մեղմ գրառումների հետևից են գնում՝ Խաչատրյանն ասաց, որ այդ կառույցները պարտավոր են գնալ Փաշինյանի գրառման հետևից։
Մանրամասները՝ տեսանյութում