ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Ազգային կառույցների, մասնավորապես Հայոց եկեղեցու և ՀՅ Դաշնակցության նկատմամբ փաշինյանական քաղաքականության հետքերով

08 Հուլիս 2025

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, ինքնահռչակ «ժողովրդի վարչապետը» Հայաստանը հայտարարեց «ժողովրդավարության բաստիոն» և, չնայած դրան, լայն արշավ սկսվեց քաղաքական մրցակիցների, նախկին իշխանության կողմնակիցների և պարզապես փաշինյանական իշխանության տեսակետը չկիսողների դեմ:

Իրավիճակն ավելի բարդացավ 2020 թ. պատերազմում Նիկոլ Փաշինյանի դավաճանությունից հետո, երբ փաշինյանական իշխանության դեմ սկիզբ առավ ժողովրդական ընդվզումների լայն ալիքը:
Մի շարք առարկայական ու ենթակայական պատճառներով ժողովրդական մի քանի շարժումները չհասան իրենց հիմնական նպատակի իրականացմանը, Հայաստանը էլ ավելի խորն ընկղմվեց քաղաքական ճգնաժամի մեջ:

2023 թ. Արցախի հայաթափումից հետո, փաշինյանական վարչակազմը սկսեց իր հակահայկական քաղաքականությունը վարել ավելի բացահայտ, ավելի տեսանելի և ավելի ակնհայտ, բոլոր հարվածներն ուղղելով ազգային արժեքների, և դրանք պաշտպանող կառույցների՝ մասնավորապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Դաշնակցության դեմ:

Հակաեկեղեցական սրացումներն ավելի սաստկացան, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, «Սրբազան» շարժումը, որի մասին խոսելու առիթ ունեցել ենք, հետևաբար չենք կրկնվի, ասենք միայն, որ եկեղեցու դեմ հարձակումների առաջին փուլում կեղտոտ արշավ իրականացնողները սկսեցին հայոց եկեղեցուն մեղադրել հարկեր չվճարելու մեջ, ինչը հերքվեց ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով, երբ պարզ դարձավ, որ Հայոց եկեղեցին ՀՀ հազար խոշոր հարկատուներից մեկն է1:

Ամեն ինչ այսքանով և հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելով չավարտվեց, հակաեկեղեցական արշավը նոր թափ հավաքեց 2025 թ.:

Մայիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառը՝ Շվեյցարիայում մասնակցեց եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հայտարարեց, որ 2020 և 2023 թվականներին Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով Արցախը հայաթափված է, Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ բռնազավթված են, իսկ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Այս ամենի կողքին Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ նրանց նկատմամբ իրականացնելով ցուցադրական, շինծու դատավարություն, որը խախտում է միջազգային իրավական նորմերը2։

Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է, որ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի. «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում է Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը»3։ Վեհափառը ասվածին հավելում է, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը միացել է նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս մայիսի 22-ին հայտարարել էր, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը, որպես թե, «յուրացրել են» այդ տարածքները4։

Հայոց եկեղեցու դեմ ուղղված Ալլահշուքյուր Փաշազադեի ատելության խոսքին ու Կովկասի մահմեդականների վարչության կողմից «Երևանի մասնաճյուղ» «ղազիյաթ» ստեղծելու որոշմանը հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության լայնածավալ արշավը եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ:

Փաստորեն, համերաշխություն հայտնելով Երևանում «ղազիյաթ» ստեղծելու Ադրբեջանի հոգևոր առաջնորդի գաղափարին, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդից մահմեդականներ կերտելու իր «առաքելությանը», որի նախերգանքը մայիսի 29-ին արված. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ»5 արտահայտությունն էր, որը զայրույթ առաջ բերեց նույնիսկ իրենց աթեիստ համարող հայերի շրջանում։ Դրան հաջորդեց Փաշինյանի ֆեյսբուքյան էջում Սրբազանների հասցեին գռեհիկ բառապաշարով անպատշաճ գրառումը, որը կրկնելն անգամ ամոթ ու անպատվություն է ցանկացած բարոյական մարդու համար:

Այնուհետև, Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված անձը՝ հիշեց, որ անցյալում սուտ լուրեր հորինող ու տարածող դեղին մամուլի խմբագիր էր եղել, և այդ ոճով սկսեց Հայոց կաթողիկոսին անուղղակի մեղադրել «կուսակրոնության ուխտը խախտելու» և «զավակ ունենալու» մեջ:

Բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյախառն գրառումների (որոնց չենք անդրադառնա, գրառում կատարողի մակարդակին չիջնելու համար) և կաթողիկոսին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հայոց եկեղեցու հոգևոր խորհուրդը շատ զուսպ, բայց կարևոր շեշտադրումներով հայտարարություն տարածեց. «Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Ի վերջո այս ամենին հետևեց իշխանության բռնի փոփոխության մոգոնված մեղադրանքով Բագրատ Գալստանյան և Միքայել Աջապահյան Սրբազանների ինչպես նաև մի շարք ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը։ Սրբապղծության հասնող աննախադեպ բռնություն էր մեծաթիվ ուժայինների կողմից Էջմիածնի Մայր տաճարի վեհարանի վրա գրոհը Աջապահյան Սրբազանին ձերբակալելու նպատակով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։

Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին, հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության….»6:

Իհարկե, Հայաստանի վարչապետի աթոռին հայտնվածը սա չհասկացավ և շարունակեց իր իսկ հորինած կեղծիքը իրականության տեղ հրամցնել հանրությանը.

«Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»7, և որքան էլ, որ տեղեկացված մարդիկ փորձեցին բացատրել, որ մեղադրանքներն անհիմն են, և որ պետության ղեկավարը իրավունք չունի, որոշելու ո՞վ պետք է լինի կաթողիկոս, որ կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, միևնույն է, իրեն «հայոց եկեղեցու հավատավոր զավակ» հռչակած ինքնակոչ «ժողովրդի վարչապետը» իր տգետների թիմով, մնաց նույն հակաեկեղեցական դիրքերում, իսկ նպատակը հայ ժողովրդին իր եկեղեցուց կտրելն ու քրիստոնեական հավատքից հնարավորինս հեռացնելն է, Երևանում «ղազիյաթ» ստեղծելու նպատակ ունեցող Փաշազադեի գործը հեշտացնելու համար:

Հայոց կաթողիկոսին և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին իրենց զորակցությունը հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Պոլսի հայոց պատրիարքարանը և մի շարք այլ նվիրապետական աթոռներ, հայոց կաթողիկոսի դեմ ամենաստոր միջոցներով արշավ սկսած քաղաքական թիմին իր պատասխանը տվեց նաև հայ ժողովուրդը, որը կեսգիշերն անց հավաքվեց Զվարթնոց օդանավակայանում դիմավորելու և իր աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վեհափառը, դիմելով ժողովրդին, ասաց. «Մեր խորը գոհունակությունն ենք ուզում հայտնել և մեր գնահատանքը ձեզ, որ այս ուշ ժամին համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքն արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված, եկեղեցու՝ մեր և եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելինե՛ր, գիտենք, որ այդ արտահայտությունները՝ հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին, խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Ամո՛ւր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։
Հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»8։ Իր զսպվածության և շրջահայացության շնորհիվ փաստորեն Վեհափառը կանխեց այն, ինչին այդքան շատ ձգտում է Հայաստանի վարչապետի աթոռին հայտնվածը՝ քաղաքացիական բախումները և ներքին արյունահեղությունը, ինչը միակ բանն է, որ վերջին 7 տարիներին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում անել, չնայած մեծ ցանկությանը:

Հունիսի 17-ին իշխանություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել ռուսաստանահայ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, նշելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»9 – վերջինիս այս հայտարարությունը խուճապի մատնեց սեփական ստվերից վախեցող «ժողովրդի վարչապետին», որն իր ձեռքում գործիք դարձած իրավապահներին ուղղորդեց ձերբակալելու Սամվել Կարապետյանին, այդպիսով կոպտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը:

Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը, մոտավորապես ժամը 04:00-ին Սամվել Կարապետյանը բերման ենթարկվեց, նրա նկատմամբ երկամսյա կալանավորման որոշում կայացվեց։ Ձերբակալման ժամանակ դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն. «Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը, մեկ է, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են»10, փաշինյանական իշխանության կողմից միամիտներին խաբելու համար առաջ քաշված հերթական կեղծ թեզը ՀԷՑ-ի պետականացումն է, ինչը գրեթե անհնար է, նախ ֆինանսական մեծ ծախսերի պատճառով, հետո էլ այն կարող է սեփականության իրավունքի խախտման համար միջազգային դատական ատյաններում Հայաստանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, բացի այդ, անգամ ամենամիամիտ մարդու համար է պարզ, որ Փաշինյանի սիրելի օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, (որի ձեռքում կենտրոնացված է Հայաստանի հարստության առյուծի բաժինը) երբեք թույլ չի տա, որ ՀԷՑ-ը պետականացվի….

Սամվել Կարապետյանին ձերբակալելու հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Փաշինյանը իր հովանավոր Էրդողանի կողմից կանչվել է պատմական Կ. Պոլիս (Ստամբուլ), որտեղ մեկնելու օրը՝ հունիսի 20-ին, նա տվեց քաղաքական բռնաճնշումների ու ձերբակալությունների նոր փուլի մեկնարկը:

Նախ՝ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտարարություն տարածեց. «Հարգելիներ, հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան Պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:

Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառն անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»11, կարճ ժանակ անց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն տարածեց. «Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից, փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»12։ Իհարկե ազգային ամեն ինչի դեմ պայքարող ու Էրդողանին հաճոյանալ փորձող փաշինյանական վարչակազմի կողմից դաշնակցականների նկատմամբ բռնաճնշումները նորություն չեն վերջին 7 տարիների համար, և զարմանալի ու անսպասելի էլ չէ, քանի որ հայ իրականության մեջ հիմնականում Դաշնակցությունն է Թուրքիայի կոկորդին կանգնած այն ոսկորը, որը խանգարում է նրան կուլ տալ Հայաստանը:

Կատարված աշխատանքի այսպիսի հաշվետվությամբ Փաշինյանը ներկայացավ Էրդողանին, որի վերաբերյալ թուրքական կողմը հայտարարություն է տարածել. «Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծվել երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը»: Այսքանը ՀՀ կառավարության հայտարարությունն է։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության առաջին կետում ասվում է, որ քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Նա հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը»13։ Մի քանի կցկտուր խոսք թուրքական կողմից, իսկ Հայաստանի իշխանական շրջանակներում, վախեցած լռություն, որին կարող է հաջորդել մեծ փոթորիկը։ Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում, երբ Սյունիքի «միջանցքի» հարցում հայկական շահերը պաշտպանող (իր իսկ շահերից ելնելով) միակ երկիր Իրանը զբաղված է Իսրայել-ԱՄՆ տանդեմի դեմ իր գոյության իրավունքը պաշտպանելով, Հայաստանի համար կարող է հերթական ցեղասպանության իրավիճակը ստեղծվել:

Այն, որ Հայաստանն առաջիկա ամիսներին ավելի ծանր մարտահրավերների առջև է կանգնած լինելու, փաստում է նաև Փաշինյանի ջղագրգիռ կեցվածքն ու անգամ նրա «կնոջ» և ողջ թիմի՝ իրենց քննադատող հասարակ քաղաքացիների նկատմամբ ատելության ու թշնամանքի հրահրումը…։ Այս ամենը, իհարկե, պայմանավորված է, ոչ թե նրանով, որ իշխող ռեժիմն անհանգստացած է Հայաստանի ճակատագրով, որն ինքն ամեն վայրկյան ավելի խորն անդունդն է գլորում, այլ սեփական ճակատագրով, որովհետև որքան վատանում է երկրի վիճակը, այնքան Փաշինյանը կորցնում է իր լեգիտիմությունն ու աջակիցներին՝ մնալով միայն իր կամակատարը դարձած ոստիկանական բիրտ ուժի հույսին, որով էլ առայժմ երկրի ներսում կարողանում է պահել իշխանությունը՝ լավ հասկանալով, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Միաժամանակ արտաքին ասպարեզում էլ է երբեմնի «ժողովրդավար» Փաշինյանը կորցնում իր դեմքը, մնալով միայն Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցության հույսին, սակայն այդ աջակցությունն էլ, անկախ թուրքական կողմի կամքից, կարող է ինչ-որ պահի ավարտվել, պայմանավորված Իրան-Իսրայել պատերազմի հետևանքներով… Այս ամենի գիտակցումն էլ Փաշինյանին մղում է էլ ավելի խորացնել բռնաճնշումները, ապօրինություններն ու հաշվեհարդարները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ առանց այդ էլ ամեն ինչ կորցրած Հայաստանին վերադարձնելով 1990-ականների բռնապետական շրջան:

Այս իրավիճակում Հայաստանի ժողովրդի և ընդդիմադիր ուժերի (մասնավորապես՝ ՀՅԴ-ի կամ «Հայաստան» դաշինքի) առջև ծանր խնդիր է դրված պաշտպանել Հայաստանի ժողովրդավարական կարգերը բռնապետի վերածված Փաշինյանից և հնարավորինս արագ իշխանափոխության միջոցով ազատել Հայաստանը նրա տիրապետությունից՝ այդպիսով հնարավորություն ստանալով պաշտպանել Սյունիքն ու Հայաստանի մնացորդացը։ Հակառակ դեպքում՝ Փաշինյանի պաշտոնավարումը կհանգեցնի Հայաստանի պետականության լուծարմանը, որի նշույլներն արդեն երևում են ինչպես Հայաստանում 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրով, այնպես էլ Երևանում «ղազիյաթ» ստեղծելու ադրբեջանական նպատակին ու Էջմիածինը «ադրբեջանական» հռչակելու քաղաքականության հետ փաշինյանական վարչակազմի համերաշխությամբ…

Մոտենում է, այն անխուսափելի օրը, երբ հայ ժողովուրդն ի՛նքը պետք է որոշի, ուզո՞ւմ է, որպես հայրենիք ու պետություն ունեցող ազգ իր տեղն ունենալ արևի տակ, թե՞ թույլ է տալիս լուծարել Հայաստանի Հանրապետությունը և վերածվել որևէ երկրի կազմում գոյատևող կրոնական համայնքի:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.https://www.pastinfo.am/hy/news/2025/06/20/%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/1935695
2. https://armenia.news-pravda.com/armenia/2025/05/27/18043.html
3. Նույնը
4. https://www.azatutyun.am/a/kovkasi-mahmedakanneri-varchoutyouny-erevani-masnachyough-e-steghtsoum/33421146.html
5. https://168.am/2025/05/29/2222336.html
6.https://www.panorama.am/am/news/2025/06/02/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%20%D4%B1%D5%A9%D5%B8%D5%BC%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/3132807
7. https://a1plus.am/hy/article/488463
8. https://www.hetq.am/hy/article/174870
9. https://newsarmenia.am/am/news/armenia/ekeghetsu-koghqin-em-tqatc-vonem-irents-vra-el-irents-eltsantsi-vra-el-samvel-karapetyan/
10. Նույնը:
11. https://t.me/srbazan_payqar/5881
12.https://www.yerkir.am/hy/article/2025/06/20/294714
13.https://yerkir.am/hy/article/2025/06/20/294743

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ

1.https://www.pastinfo.am/hy/news/2025/06/20/%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/1935695
2. https://armenia.news-pravda.com/armenia/2025/05/27/18043.html
3. https://www.azatutyun.am/a/kovkasi-mahmedakanneri-varchoutyouny-erevani-masnachyough-e-steghtsoum/33421146.html
4. https://168.am/2025/05/29/2222336.html
5.https://www.panorama.am/am/news/2025/06/02/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%20%D4%B1%D5%A9%D5%B8%D5%BC%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/3132807
6. https://a1plus.am/hy/article/488463
7. https://www.hetq.am/hy/article/174870
8. https://newsarmenia.am/am/news/armenia/ekeghetsu-koghqin-em-tqatc-vonem-irents-vra-el-irents-eltsantsi-vra-el-samvel-karapetyan/
9. https://t.me/srbazan_payqar/5881
10.https://www.yerkir.am/hy/article/2025/06/20/294714
11.https://yerkir.am/hy/article/2025/06/20/294743

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 6, 2025թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company