Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը կմտնի հավելյալ պատասխանատվության տակ
16 Հուլիս 2025
Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ ուղարկած իր ուղերձում հերթական անգամ հրավիրել է Հայաստան:
«Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ»,- նշել էր նա:
Նույն օրը Փաշինյանը մեկնել է Փարիզ և այցի շրջանակում հանդիպել նախագահ Մակրոնի հետ, որի շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Ավելի ուշ Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ շեշտել է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար»:
Իսկ ավելի վաղ Մակրոնը ՀՀ ներքին հարցերին միջամտելու փորձ է արել՝ X-ի իր միկրոբլոգում գրելով. «Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»:
Նշենք, որ հունիսի 29-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Փաշինյանի և Մակրոնի միջև:
Այլ հարց է, որ Փաշինյանը և նրա թիմը Մակրոնի նշված ձևակերպումը միջամտություն չի համարում ՀՀ ներքին գործերին, նույնը նաև Թուրքիայի դեպքում է:
Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեպքում, ով հայտարարել էր, թե «Հայ Առաքելական եկեղեցու դեմ չարդարացված հարձակումներ են», ընկալումն այլ է, և հաշվի առնելով նաև ռուսական պետական լրատվամիջոցներով ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը, ՀՀ-ում ՌԴ դեսպանին նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտագիր է հանձնել Հայաստանի ներքին գործերին կոպտագույն միջամտության վերաբերյալ:
Այս համատեքստում հավելենք, որ, ի տարբերություն ՀՀ գործող իշխանությունների, Փաշինյանի վարած ներքին քաղաքականությանը համերաշխություն հայտնելու Մակրոնի քաղաքական քայլի առնչությամբ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում Փաշինյանի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկանալի և դատապարտելի էր համարել:
Վերադառնանք Փաշինյանի՝ Մակրոնի Հայաստան այցի հետ կապված հրավերներին և չարդարացված ակնկալիքներին:
168.am-ը 2024 թվականի հոկտեմբերի սկզբին գրել էր Փաշինյանի՝ Ֆրանսիա կայացած, և Մակրոնի՝ Հայաստան չկայացած այցերի մասին:
Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի անգամ մեկնել է Ֆրանսիա. 2024 թվականի դեկտեմբերին աշխատանքային այցով, 2025 թվականի փետրվարին դարձյալ աշխատանքային այցով, 2025 թվականի հուլիսի 14-ին, մինչ այդ՝ այս տարվա մայիսին Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպել էր Տիրանայում:
Ինչո՞ւ 2021 թվականից իրականություն չի դառնում վարչապետ Փաշինյանի՝ Մակրոնին Հայաստանում դիմավորելու և տեսնելու ցանկությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նախ նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի փոխարեն՝ չի կարող պատասխանել՝ ինչո՞ւ Փաշինյանի հրավերները չի ընդունում:
«Եթե կան պաշտոնական հրավերներ, և նախագահ Մակրոնը չի գալիս Հայաստան, իմ անձնական մեկնաբանությունը հետևյալն է՝ Ֆրանսիայի նախագահն այս առումով ուշադրության չի արժանացնում Փաշինյանին, որովհետև նա ինքն է անընդհատ արդեն որորերդ անգամ վազում Եվրոպա, Ֆրանսիա: Մյուս կողմից, այս հարաբերությունը պետք է դիտարկել Եվրոպական միության ծիրի մեջ, որովհետև մեկ Բրյուսել է վազում, մեկ՝ Փարիզ:
Կրկնում եմ՝ Փաշինյանն է գնում նրանց մոտ, ուստի նրանք Երևան գալու առանձնապես անհրաժեշտություն չեն տեսնում: Ինքն է գնում, նրանք էլ թելադրում են իրենց համար կարևոր արևմտյան քաղաքականությունը, և այդ ցուցումները տառ առ տառ փորձում է Փաշինյանը կատարել: Այսպես հեշտ է՝ գնում է նրանց ոտքերին, թելադրում են, և իրենց ուզածը կատարվում է: Բացի այս, Երևան գալով հավելյալ պատասխանատվության տակ կմտնեն Արևմուտքի ղեկավարները, տվյալ դեպքում՝ Մակրոնը, ինչի կարիքը չկա, չեն տեսնում: Եթե Մակրոնին Փաշինյանը մի քանի անգամ հրավիրել է, և նա չի եկել Հայաստան, և չնայած սրան՝ ինքն անընդհատ Փարիզ է գնում, սրա պատասխանը նաև Փաշինյանը պիտի տա՝ ուր մնաց Հայաստանի, հայկական պետության արժանապատվությունը, ինչո՞ւ չէ՝ դիվանագիտական էթիկան»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Միաժամանակ, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նշեց, որ 2026 թվականին Ֆրանսիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որին մեկ տարի հետո հաջորդելու են նախագահական ընտրությունները, և անկախ ամեն ինչից՝ հայկական քվեն հաշվի առնում են Ֆրանսիայում:
«Մակրոնը, ամեն դեպքում, հասկանում է, որ Փաշինյանի հետ իր հարաբերությունները ֆրանսահայ համայնքի մեծ մասին հաճելի չեն, իսկ մեր Կոմիտեի հայտարարությունն էլ շատ հստակ էր՝ մենք դատապարտում ենք պրոփաշինյանական կեցվածքը, ուստի փորձում են կամ փորձելու են զգույշ լինել՝ հայկական քվեները ստանալու ակնկալիքով: Ըստ այդմ՝ Մակրոնը ստիպված է վարել մե՛կ նալին , մե՛կ մեխին խփելու քաղաքականություն»,- եզրափակեց նա:
Հայաստան Մակրոնի չկայացած այցերի համատեքստում հավելենք, որ 2021 թվականի հուլիսին «Ազատության» հետ զրույցում այդ ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով.
«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահն այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն՝ ըստ այդ նպատակի»: