ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խաղաղության միֆն ու իրարամերժ տրամաբանությունները

31 Օգոստոս 2025

ԱՄՆ Նախագահի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացված համաձայնություններին անմիջապես հաջորդեց ՔՊ-ականների, նրանց արբանյակ ուժերի ու ֆեյք հասցեատերերի խանդավառ գրոհը։ Վերևից նախապես թելադրված այս քարոզչական բեմադրությունը փորձ էր տպավորություն ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողության է հասել, նույնիսկ «պալատամերձ» արվեստագետներից մեկը վարչապետի «վաշինգտոնյան սխրանքը» հավասարեցրեց Նժդեհի կողմից Սյունիքը պահելու քաջագործության հետ։ Մի քանի օր անց նույն տրամադրությունը խաղալով Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ մեծ «աչքալուսանքը» փոխանցել մամուլի ասուլիսի ճանապարհով, համոզելով իր ունկնդրին, որ հայ ժողովուրդը օգոստոսի 8-ից ապրում է բոլորովին այլ իրականության մեջ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանում։ Ակնհայտ է, որ 7 տարվա անփառունակ կառավարումից հետո Նիկոլն ու նիկոլականներն ավելի լավ բան չունեն ընտրական քվեի դիմաց ծախելու ժողովրդին, քան խաղաղության վերջնական հաստատման մասին պատրանքը։ Ինչպես այս մասին Նիկոլն ակնարկեց նույն ասուլիսում, ինքը դեռ շատ կխոսի այդ մասին, և պարզ է, որ մինչև ընտրությունները ինքն ու իր սազանդարներն անընդհատ փորձելու են խլացնել ժողովրդի ականջները այս հանկերգով։

Եթե անգամ չխորանանք Վաշինգտոնում քննարկված հարցերի մեջ, ամենացցուն փաստն այն է, որ երկրների միջև Խաղաղության ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրվել, թեև, ըստ Ալիևի հրապարակային հայտարարությունների, առկա փաստաթղթերի բոլոր պայմանները թելադրված են եղել իրենց կողմից, և Հայաստանի ղեկավարն անվերապահորեն ընդունել է դրանք։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնում ընդամենը նախաստորագրվել է Խաղաղության պայմանագրի նախագիծը, ինչը նշանակում է, որ այն մնում է իրավաբանական ոչ մի ուժ չունեցող և պարտավորություն չթելադրող թղթի կտոր։ Հասկանալով, սակայն, որ մինչև Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները այլևս ավելին չի կարող ակնկալել Ալիևից, Փաշինյանը փրփուրից կառչած խեղդվողի պես որոշել է հայ ժողովրդի վրա ծախել նախաստորագրված թղթի կտորը։ Մեկը, ով պատերազմում խայտառակ ձախողվեց թշնամուն զիջելով նրա կողմից ոչ միայն զավթված, այլև չգրավված տարածքներ, սակայն շատերին համոզեց, թե այդ տարածքները նախկինները հանձնել էին իրենից առաջ, թերևս ակնկալում է, որ նույն մարդկանց վրա կկարողանա ծախել նաև գեբելսյան այս մեծ սուտը։

Իսկ ի՞նչ հերոսական ձեռքբերման մասին է խոսքը, եթե անգամ ենթադրենք թե Նիկոլին հաջողվեր հասնելու հիշյալ պայմանագրի վավերացմանը։

Պատմությունը վկայում է, որ ավելի քան հարյուր տարի Սյունիքի ճանապարհին տիրանալու ձգտումը եղել է պանթուրանիզմի և նրա թիկունքում կանգնած բրիտանացիների տարածաշրջանի աշխարհաքաղաքական գերնպատակներից մեկը։

1918 թվականին Առաջին հանրապետության հիմնադիր և Ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանը Երևանում բանակցում էր Խալիլ փաշայի հետ: Թուրք զորահրամանատարը նույնիսկ կատարում է Արամի որոշ ցանկությունները, օրինակ՝ Արամի թելադրանքով Բաշ Գառնիի ձորերից հեռացվում են զինված թաթար բաշիբոզուկները, որոնք նեղություն էին պատճառում տեղի բնակչությանը, կամ Խալիլը սովյալ Հայաստանին է թողնում 25.000 փութ ցորեն։ Խալիլը հայտնում է, որ անգամ Ղարաբաղը պատրաստ են զիջելու, միայն թե հայերն իրենց տան Մեղրիի ճանապարհը։ Այստեղ Արամը կտրուկ մերժում է, և սրանով բանակցություններն ավարտվում են։ Թուրքերի և ադրբեջանցիների այս ռազմավարական երազանքը չմարեց նաև խորհրդային տասնամյակների ընթացքում, հայտնի է, որ կայսրության վերջին շրջանում այդպիսի խնդրանքով Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին է դիմել Հեյդար Ալիևը, բայց Դեմիրճյանը ևս ազգային ու պետական մտածողությամբ օժտված գործիչ էր, հայ ժողովրդի կենսական շահերին դավաճանել չէր կարող և նույնպես մերժել է այդ առաջարկը։

Հայաստանի անկախության շրջանում ճանապարհի նկատմամբ հետաքրքրությունը սկսում է աճել նաև Արևմուտքի մոտ, քանի որ այն, ինչին ցանկանում էր հասնել թուրքադրբեջանական տանդեմը որպես Նախիջևանը Ադրբեջանին կապող, միաժամանակ Թուրքիան Ադրբեջանին ու Միջին Ասիային կապող պանթուրանիզմի ճանապարհ, միաժամանակ դառնում էր ՆԱՏՕ-ի միջանցք։ Այդ տարիներին շրջանառության մեջ դրվեց ամերիկացի քաղաքական գործիչ և վերլուծաբան Պոլ Գոբլի առաջարկը, որը ենթադրում էր Լաչինի միջանցքը Հայաստանին զիջելու փոխարեն Ադրբեջանին զիջել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Մինչ թուրք-բրիտանական դրածոների իշխանության գալը, Հայաստանի բոլոր իշխանությունները մերժել են նաև այս ծրագիրը, թեև տարբեր բանակցությունների ժամանակ արծարծվել է Հայաստանի լիարժեք պատկանելության և վերահսկողության ներքո Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցական կապը վերականգնելու մասին։

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանախումբը, չգիտես ինչ վերերկրային իրավասություններ վերապահելով իրենց, Արցախը ծախելուց հետո այս անգամ Մեղրու՝ զուտ հայկական պատկանելություն ունեցող տարածքով անցնող ճանապարհի կառավարումը հանձնեցին (արտապատվիրակեցին) ամերիկացիներին։ Իրեն հատուկ ստախոսությամբ ու ցինիզմով Նիկոլ Փաշինյանը տարածքի այս հանձնումը նախապես համեմատել էր Զվարթնոց օդանավակայանն արտաքին կառավարման հանձնելու անհամեմատելի օրինակի հետ։ Միաժամանակ Ադրբեջանը ստացել է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի իրավունք։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ հայկական և նույնիսկ վերահսկողություն իրականացնող ամերիկյան կողմը իրավունք չեն ունենալու կանգնեցնելու և զննելու այդ ճանապարհով անցնող որևէ գնացք։ Հարցերի և մանրամասների ողջ համալիրի մեջ շատ բան հայ ժողովրդի համար մնում է մութ։

Դատելով, նախադեպերից, մենք լրջագույն մտահոգությունների պատճառ ունենք այս հարցում, քանի որ Հայաստանի, այսպես կոչված, թավշյա, ժողովրդավարական իշխանություններն արդեն յոթ տարի բանակցում և գրավոր կամ բանավոր հանձնառություններ են ստանձնում՝ դրանք թաքցնելով ժողովրդից։ Մյուս կողմից, այլևս ակնհայտ է, որ Հայաստանի ճակատագիրը տնօրինողներն ի վերջո ընդունում են Ադրբեջանի ցանկացած պահանջը։ Այստեղ հիշենք Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Զանգեզուրի միջանցքով անցնելիս ադրբեջանցին չպետք է տեսնի որևէ օտար մաքսավորի դեմք։ Մյուս կողմից, և այստեղ ընդհանրացնելով, կարելի է համոզված ասել, որ Նիկոլին իրեն ենթարկեցրած Ալիևը Խաղաղության պայմանագիրը դեռ երկար չի ստորագրելու՝ անընդհատ ավելացնելով ու խորացնելով իր նորանոր պահանջները։

Նիկոլ Փաշինյանը, խաղարկելով խաղաղության հաստատման սուտը, հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե պետական բյուջեում պաշտպանական նպատակով նախատեսվող ծախսերը հաջորդ տարի և ընդհանրապես ավելացնելու անհրաժեշտություն տրամաբանորեն չկա այլևս: Ակնհայտորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների և դրանց զարգացման հարցում Փաշինյանի և Ալիևի տրամաբանությունները հակասում են իրար: Ալիևն օրինակ կարծում է, որ ցանկացած պահի նոր պատերազմը կարող է սկսվել և այդ պատճառով ավելացնում է ռազմական ծախսերը, բանակի վերազինումն ու մարտունակությունը:

Ի՞նչ վերջնական խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Վաշինգտոնյան խաղաղության բանակցություններից ընդամենը օրեր անց ադրբեջանական զինված ուժերը դիրքային նոր առաջխաղացում իրականացրեցին Ջերմուկում, էլ չասած որ Ադրբեջանը ոչ թե պատրաստվում է դուրս գալ, այլ ավելի է ամրապնդում դիրքերը Հայաստանից գրաված տարածքներում: Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել եթե գնալով ոչ թե նվազում, այլ ավելի բարձրագոչ է դառնում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը, Բաքվում շարունակվում է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության խայտառակ դատավարությունը, բացարձակորեն մերժվում է ճանաչել իրենց բնօրրանի նկատմամբ արցախահայության իրավունքների հարցը, իսկ Արցախում ամեն օր ոչնչացվում են հայության պատմական, հոգևոր ու մշակութային հետքերը:

Դրա դիմաց Հայաստանի ղեկավարությունը վախից մերժում է հաղթանակ բառի գործածությունն առհասարակ, Նախիջևանը թուրքավարի անվանում է Նախճվան, ադրբեջանցիներից ավելի կատաղորեն պայքարում է Արցախի և արցախցիների իրավունքների համար ձայն բարձրացնողների դեմ՝ չգրգռելու համար ադրբեջանցիների զայրույթը: Ակնառու է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում եթե Ալիևի տրամաբանությունը բխում է Ադրբեջանի շահերից, ապա Փաշինյանի տրամաբանության հիմքում իր և իր թայֆայի շահերն են: Մի շարք անգամներ ազգային ուժերի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին հարցրել են, թե կարո՞ղ են Ադրբեջանի օգտին արված զիջումների դիմաց նշել ինչ որ զիջում, որ կատարել է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ:

Իշխանական թիմը մշտապես պապանձվել է և չի կարողացել ոչինչ ասել: Այնպես որ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ու պայմանագրերի կնքումը այլ բան չեն, քան միակողմանի զիջումների գործընթաց: Ով կասկած կունենա այս հարցում, թող փորձի հիշել, թե հայկական կողմի՝ 20 թվականից սկիզբ առած բազմաթիվ տարածքային զիջումների դիմաց Ադրբեջանը երբևէ կատարե՞լ կամ խոսե՞լ է իր կողմից արվող զիջման մասին: Նույն կերպ ադրբեջանական որևէ պաշտոնյա, Փաշինյանին հակառակ, երբեք չի խոսել երկու երկրների տարածքների չափերի մասին: Այս առիթով անդրադառնանք խնդրին առնչվող ևս մեկ միֆի: Հայաստանի իշխանությունը փորձում է իր տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ երթևեկ տրամադրելու զիջումը իբրև թե հավասարակշռել այս գործընթացի փոխադարձությամբ: Իսկ հավատո՞ւմ է որևէ մեկը, որ Հայաստանը և նրա բնակչությունը ազատ և անվտանգ երթևեկության հնարավորություն կստանան Ադրբեջանի տարածքով:

Եթե մարդիկ այս հեռանկարը պետք է համեմատեն անդառնալիորեն անցած ժամանակների նախադեպի հետ, ապա հիշեցնենք որ այն ժամանակ խորհրդային կայսրության սահմաններում էին ապրում բոլորը, և մետրոպոլիան էր ապահովում բոլոր տեսակի, այդ թվում նաև հաղորդակցական կապերի ազատությունը, օրինականությունն ու ապահովությունը ողջ կայսրությունում: Իսկ եթե ցանկացած փաստաթղթի ստորագրումից հետո, (ինչն առհասարակ որևէ կաշկանդիչ ուժ չի ունենում ո՛չ թուրքերի և ո՛չ էլ ադրբեջանցիների համար), Ադրբեջանի տարածքով անցնող հայերն այդպես էլ տեղ չհասնեն, դրա համար որևէ պատասխանատվություն ոխերիմ հարևանը վստահաբար չի կրելու: Վկայությունը՝ Արցախի նկատմամբ դեռ երեկ իրականացված ցեղասպանությունն է: Այնպես որ, նրանք, ովքեր նման փափագներ ունեն, ճիշտ կանեն օր առաջ հրաժարվեն այդ անուրջներից:

Համաշխարհային աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի, տարածաշրջանի ու մեր ճակատագրի հետ կապված բախտորոշ ժամանակաշրջանում Նիկոլի և ՔՊ-ականների գլխավոր հոգսն այսօր դարձել են առաջիկա ընտրությունները: Փաշինյանը ներթիմային և ներքաղաքական նախապատրաստությունների մեջ է միաժամանակ անընդհատ խոչընդոտելով, կանխելով մինչև ընտրությունների նախօրյակը ազգային ուժերի ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունը: Ազգային ուժերի նկատմամբ վերջին շրջանի հետապնդումները, քաղաքական ակտիվ կյանքից մեկուսացվածների կալանքի ժամկետների երկարաձգումները և նոր հետապնդումների, դատական գործընթացների ու ձերբակալությունների հավանականությունը բացատրվում է, նաև առաջիկա ամիսներին քաղաքական դաշտի հնարավոր ակտիվությունը վիժեցնելու ցանկությամբ: Ինչպես համոզվեցինք, Փաշինյանը դրսում փորձում է լուծել իր վերարտադրության երաշխիքների խնդիրը՝ այդ թվում նաև՝ երկրի ներսում սանձարձակ ու անօրինական գործունեության համար:

Փաշինյանը գալիք ընտրությունների հետ է կապում իր հետագա ճակատագիրը և հանուն նպատակի գնում է «վա բանկ»՝ չխորշելով զոհաբերելու և՛ մարդկանց, և՛ երկրի ճակատագիրը, բոլոր հակառակորդների գլխին դամոկլյան սրի պես կախելով բռնի իշխանափոխության կասկածանքով բանտարկության սպառնալիքը: Նա ամեն օր ավելի ու ավելի դժվարացնում է իրենից հետո Հայաստանն ու Արցախը փրկելու հնարավորությունը:

Փաշինյանը սրանով նաև ազգային ուժերին կանգնեցնում է սեփական անելիքն օր առաջ հստակեցնելու պարտադրանքի առաջ:

«Դրօշակ» թիվ 8, 2025 թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company