Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է
19 Սեպտեմբեր 2025
Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի անց, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։
Այստեղ էին նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի Ազգային ժողովի պատգամավորները:
Բոլոր ազգային կառույցները, որոնք ազգային խնդիրներով զբաղվում են, բնականաբար հարվածի տակ են, այդ թվում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ իբրև ազգային կառույց, համահայկական կառույց, մեր ինքնության պահպանման և հայապահպանության հարցում մեծ դերակատարություն և պատմական դերակատարություն ունեցող կառույց, բնականաբար, դարձել է թիրախ. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Եկեղեցին ցանկացած հայն է և բնականաբար ամբողջությամբ պետք է կանգնել եկեղեցու, մեր ինքնության պաշտպանման կողքին։ Քաղաքական ուժերը այդտեղ իհարկե առաջնահերթ անելիք ունեն, դրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանության պնդումներին, որ իրենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի իշխանությունն են, և օբյեկտիվորեն այս պահին չունեն հնարավորություն իրենց մանդատից դուրս վերցնել պարտավորություններ, այդ թվում նաև Արցախի հարցում, Սաղաթելյանն ասաց. «Սուտ են ասում, 2021 թվականին իրենք մարդկանց խոստացել են Արցախի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով. ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու։ Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում:
Ինքը գործիք է դարձել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքերը։ Սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման անձամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, Արցախում էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ 23 թվականի այս օրը, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա լեգիտիմացնում է Ալիևի քայլերն ու գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը իր վարած քաղաքականության։ Հիշեք, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։
Փաշինյանը մի օր պետք է պատմի, թե պատերազմից առաջ՝ հարձակման նախօրեին, ինչ է պայմանավորվել Ալիևի և Էրդողանի հետ։ «Պետք է պատմի, թե Ալիևի, Էրդողանի հետ ինչ է խոսել պատերազմից առաջ՝ 2023 թ.-ին։ Արդյո՞ք ինքն ամբողջությամբ տեղյակ էր այդ մասին և արդյո՞ք նաև երաշխիք էր տվել, որ ՀՀ-ն որևէ կերպ չի հարձակվելու, որևէ ծպտուն չի հանելու և լուռ նստելու է ու տեսնի, թե ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ Փաշինյանն իր այսօրվա քայլերով փորձում է ամբողջությամբ մոռացության տալ և կոծկել ամեն ինչ, ինչպես նաև ցանկացած քայլ անել՝ Ադրբեջանին ու թուրքերին դուր գալու համար։ Նա պնդեց, որ Փաշինյանը խաղաղության հետ որևէ կապ չունի, և այն ծրագիրը, որ առաջարկում էր, խաղաղ հանձնվելու ծրագիր է։
Մանրամասները՝ տեսանյութում