ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հոդվածներ

«Խաղաղության օրինագիծը»՝ Ադբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն

15 Հոկտեմբեր 2025

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։

Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Արդյունքում, «Խաղաղության օրենքը» չափազանց ցածր չափանիշ է սահմանում Ադրբեջանի պատասխանատվության համար՝ իբր «կանխելով» միայն «նոր ագրեսիան», սակայն արդարացնելով և նորմալացնելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և հայկական տարածքների օկուպացիան։ Սա Հայաստանի համար էժան մխիթարական մրցանակ է, որը կփակի իրական արդարության և պատասխանատվության դռները։

Ինչո՞ւ է «Խաղաղության օրենքն» անբավարար

Պատժամիջոցներ առանց կիրարկման

Թեև Կոնգրեսը կարող է թույլատրել պատժամիջոցներ, դրանց կիրարկումն ամբողջությամբ կախված է նախագահի հայեցողությունից։ Նույնիսկ եթե որևէ անձ կամ երկիր համապատասխանի պատժամիջոցների չափանիշներին, նախագահը պարտավոր չէ դրանք կիրառել։ Բացի այդ, պատժամիջոցների մեծ մասը (ներառյալ «Խաղաղության օրենքը») նախագահին տրամադրում է լայն հայեցողական լիազորություն՝ շրջանցելու պատժամիջոցները, եթե շրջանցելը համարվում է «ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխան»։ Այս հիմնավորումն օգտագործել են հաջորդական վարչակազմերը վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ ներառյալ Թրամփի վարչակազմը, Ադրբեջանի նկատմամբ ռազմական օգնության սահմանափակումները շրջանցելու համար։

Շեղում առկա պատասխանատվության գործիքներից

Նախագահն արդեն ունի լիազորություն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները նախագահին հնարավորություն են տալիս սառեցնել ֆինանսական ակտիվները և մերժել մուտքը ադրբեջանցի այն պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ունեն նմանատիպ օրենսդրություն, ինչը նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրարկումը կարող է խթանել դրանց կիրառումը նաև այլ երկրներում։ Կան նաև գործիքներ՝ ուղղված Ադրբեջանի էներգետիկ ոլորտին՝ հատկապես նրա Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ և անվտանգության կապերի համատեքստում։ Վաշինգտոնի՝ այս գործող մեխանիզմները չկիրառելու փաստը կասկածի տակ է դնում, թե արդյո՞ք «Խաղաղության օրենքը», անգամ ընդունվելու դեպքում, երբևէ կկիրառվի։

Ամերիկյան շահերի խորացումն Ադրբեջանում

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային էներգետիկ շահերով։ Դրա վկայությունն են Թրամփի «Միջազգային Խաղաղության Ուղին» (Trump Route for International Peace — TRIPP) նախաձեռնությունը, որը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ՝ Սյունիքով «անխոչընդոտ (տրանսպորտային) հաղորդակցության» զարգացման և շահագործման համար (այն կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ), ԱՄՆ–Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը՝ պաշտպանության և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «ԷքսոնՄոբիլ» (ExxonMobil) և SOCAR ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Ադրբեջանում ամերիկյան էներգետիկ ներդրումները մեծացնելու ուղղությամբ։

Ցանկացած պնդում, թե վարչակազմը կպատժի հենց այն էներգետիկ արդյունաբերությունը, որտեղ ինքն է կայուն կերպով ընդլայնում իր ներդրումները, լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում՝ միտումնավոր մոլորեցնող։

Կենտրոնացումը «Նոր ագրեսիայի» վրա՝ անտեսելով շարունակվող խախտումները

Օրինագծի ուշադրությունը՝ «նոր ագրեսիան» կանխելուն, կատարվում է մարդու իրավունքների և անվտանգության ընթացիկ հարցերի հաշվին, որոնք մնում են չլուծված երկկողմ խաղաղության գործընթացում։ Այս խնդիրները, այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգությանն ուղղված ամենաանմիջական սպառնալիքներն են և խոչընդոտում են տարածաշրջանում արդար խաղաղության հեռանկարը։
Այս հարցերը անտեսելով՝ «Խաղաղության օրենքը» նորմալացնում և փաստացի վարձահատույց է լինում Ադրբեջանին՝ մինչ այժմ իրականացրած ագրեսիայի համար։ «Ներկա» և «նոր» ագրեսիայի միջև կամայական տարբերություն դնելով՝ Ադրբեջանը կարող է պարզապես խուսափել նոր սրացումներից, սակայն շարունակել հայ գերիների նկատմամբ բռնությունը և ամրապնդել հայկական տարածքների օկուպացիան՝ առանց «Խաղաղության օրենքի» պատժամիջոցների գործարկման։

Անպատասխան հարցեր և Հայաստանի կառավարության դերը

Թեև Հայաստանի կառավարության մերձակա շրջանակները ողջունել են «Խաղաղության օրենքը», նրանք չեն կարող բացատրել, թե ինչո՞ւ պատժամիջոցները պետք է սահմանափակվեն միայն «նոր ագրեսիայով» և չվերաբերեն Հայաստանի տարածքի շարունակվող օկուպացիային կամ հայ գերիների պատանդառմանը և խոշտանգումներին: Նրանք նաև չեն կարող բացատրել, թե ինչպե՞ս այս օրինագիծը կարող է վստահելի կերպով զսպել ապագա ագրեսիան՝ արդարացնելով ներկայիս խախտումները:

Արդեն գոյություն ունեն պատժամիջոցներ և պատասխանատվության գործիքներ, որոնք կարող են թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, կանխել ռազմական ագրեսիան և վերականգնել արդարություն՝վայելելով Կոնգրեսում երկկուսակցական ուժեղ աջակցություն: Ինչո՞ւ այս առկա պատժամիջոցները կիրառելու ջանքերը խոչընդոտել՝ առաջ բերելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որն իջեցնում է Ադրբեջանի պատասխանատվության չափանիշը՝ նորմալացնելով նրա կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան:

Վաշինգտոնի խորացող էներգետիկ ներդրումներն Ադրբեջանում լուրջ կասկած են առաջացնում՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը երբևէ կկիրառի պատժամիջոցներ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Ինչո՞ւ վարչակազմը պիտի կիրառի էներգետիկ ոլորտի պատժամիջոցներ, երբ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունն այդ երկրի հետ և մերժում անդրադառնալ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներգրավածությանը՝ Ռուսաստանին և Իրանին վերաբերող պատժամիջոցները շրջանցման գործում:

Ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունը և նրա մերձավորները խոչընդոտել ջանքերը՝ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը, հայկական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը և բռնի ուժով տեղահանված հայերի իրավունքները՝ վերադառնալու Արցախ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է իր աջակցությունը այս հարցերին: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի օգտագործել Վաշինգտոնի դերը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի վրա՝ ճնշում գործադրելու, որ ազատ արձակվեն հայ գերիները և հետ քաշեն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

Այս հարցերը միայն ընդգծում են այն փաստը, որ «Խաղաղության օրրնքը» երբեք չի նախատեսվել որպես կիրառելի և նախատեսված է որպես միայն խորհրդանշական նկատողություն Ադրբեջանին՝ առանց նշանակալի հետևանքների: Օրինագիծը ծառայում է Հայաստանի կառավարությանը և նրա մերձավորներին՝ մեղմելու մտահոգությունները խաղաղության գործընթացում Հայաստանի համար ապահովության առարկայական երաշխիքների բացակայության վերաբերյալ, միաժամանակ շեղելով ջանքերը՝ պատասխանատվություն և արդարություն ապահովելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և շարունակվող ագրեսիայի համար:

Առջևում ավելի լավ ուղի

ԱՄՆ-ն ունի առանցքային դեր՝ լուծելու մարդու իրավունքների և անվտանգության խնդիրները, որոնք դուրս են մնացել երկկողմ խաղաղության համաձայնագրից։ Արտաքին ճնշումը անփոխարինելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված իր իրավական հայցերից՝ փակելով իրավական ուղիները, որոնք կարող էին ապահովել հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը։

Արդեն համաձայնելով հրաժարվել արդարության իրավական ուղիներից՝ Հայաստանի կառավարությունն ու նրա մերձավորները այժմ ձգտում են խոչընդոտել նաև քաղաքական ուղիները՝ առաջ մղելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որի նպատակն է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների նորմալացումը՝ փոխարենը առաջարկելով ընդամենը խորհրդանշական քննադատություն։

Կոնգրեսը պետք է կենտրոնանա իրական պատասխանատվության միջոցների վրա

Ամերիկյան Կոնգրեսը պետք է իր ջանքերն ուղղի գործող պատժամիջոցների և պատասխանատվության գործիքների կիրառմանը՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար իրական հետևանքներ ապահովելու նպատակով՝ ներառյալ․

• Ազատության աջակցության օրենքի (Freedom Support Act) 907-րդ հոդվածի ամրապնդում։
Կոնգրեսը պետք է խստացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումները՝ նվազեցնելով նախագահի հնարավորությունը շրջանցելու այս արգելքները՝ մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
• Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցների կիրառում։
Կոնգրեսը պետք է պարտավորեցնի վարչակազմին իրականացնել Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար։ Սա կարող է իրականացվել՝ ընդունելով «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման օրենքը» (Azerbaijan Sanctions Review Act of 2025) և օգտագործելով Կոնգրեսի վերահսկողական լիազորությունները։

• Երկրորդային պատժամիջոցների կիրարկում՝ շրջանցումների դեմ։

Կոնգրեսը պետք է պարտադրի վարչակազմին կիրառել երկրորդային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ու անվտանգության ոլորտների պատժամիջոցները շրջանցելու փաստացի հաստատված համագործակցության համար։ Սա ավելի իրատեսական և ազդեցիկ միջոց է՝ թիրախավորելու երկրի էներգետիկ արդյունաբերությունը, հաշվի առնելով վարչակազմի վերջին քայլերն ուղղված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։
• Կոնգրեսի վերահսկողական գործիքներ։
Կոնգրեսը կարող է իր օրենսդրական վերահսկողության գործառույթն օգտագործել՝ պահանջելու վերանայել և կասեցնել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական աջակցության տրամադրումը, կիրառելով այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է Արտաքին օգնության օրենքի (Foreign Assistance Act) 502B(c) հոդվածը։

Եզրակացություն

Միայն «նոր ագրեսիայի» վրա կենտրոնանալով և անտեսելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ «Խաղաղության օրենքը» առաջնորդում է Ադրբեջանի վարքագծի նորմալացմանը և թուլացնում ջանքերն՝ ուղղված իրական արդարության և պատասխանատվության ապահովմանը նրա ագրեսիայի համար։

Հաշվի առնելով, որ երկկողմ խաղաղության համաձայնագիրը որևէ դրույթ չի ներառում՝ հայ գերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և Արցախի վերադարձի իրավունքի ապահովման համար, «Խաղաղության օրենքը» չի համապատասխանում այն վճռական քայլերին, որոնք անհրաժեշտ են՝ լուծելու տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղությանը խոչընդոտող ամենահիմնական խնդիրները։

Խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության, իսկ ագրեսիան չի կարող կանխվել, երբ այն նորմալացվում և խրախուսվում է։

Ալեքս Գալիցկի
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն

(Արեւմտահայերեն)

Խաղաղութեան օրէնքը՝ խորհրդանշական քայլ, ոչ իրական պատասխանատուութիւն

Անցեալ շաբաթ, Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու Պալատի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնաժողովի Փոխնախագահ, Քոնկրեսական Դարրէլ Իսսա ներկայացուց այսպէս կոչուած «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը» (PEACE Act)՝ օրինագիծ մը, որ ներկայացուեցաւ իբրեւ համարձակ նախաձեռնութիւն՝ զսպելու Ատրպէյճանի յետագայ նախայարձակումը Հայաստանի դէմ։

Չնայած այն պնդումներուն, թէ օրինագիծը պիտի կիրառէ «աննախադէպ պատժամիջոցներ» Ատրպէյճանի նկատմամբ, իրականութեան մէջ այն թուղթէ վագր մըն է՝ նախատեսուած կարծես կոշտ երեւալու, բայց գործնականօրէն անպէտք, անիրագործելի եւ սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները պիտի գործադրուին միայն Հայաստանի նկատմամբ «նոր նախայարձակման» պարագային՝ անտեսելով Ատրպէյճանի կողմէ ինքնիշխան Հայաստանի հողերուն շարունակուող գրաւումը, հայ գերիներու պահումն ու չարաշահումը, հայկական մշակութային ժառանգութեան եւ ունեցուածքի ոչնչացումը, ինչպէս նաեւ Արցախահայութեան ապահով եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքը։

Որպէս արդիւնք՝ օրինագիծը չափազանց ցած չափանիշ կը սահմանէ Ատրպէյճանի պատասխանատուութեան համար՝ կանխելով միայն «նոր նախայարձակումը», բայց արդարացնելով եւ բնականոնացնելով անոր շարունակուող ոտնձգութիւններն ու մարդու իրաւունքներու խախտումները։ Հայաստանի համար՝ այս աժան մխիթարութիւն մըն է, որ կը փակէ իրական արդարութեան եւ պատասխանատուութեան դռները։

Ինչո՞ւ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը Բաւարար ՉԷ

Պատժամիջոցներ՝ առանց կիրարկումի։ Թէեւ Քոնկրեսը կրնայ արտօնել պատժամիջոցներ, անոնց գործադրութիւնը գրեթէ ամբողջութեամբ կը մնայ նախագահին հայեցողութեան։ Նոյնիսկ եթէ որեւէ անձ կամ երկիր համապատասխանէ պատժամիջոցներու չափանիշներուն, նախագահը պարտաւոր չէ զանոնք կիրառել։ Բացի այդ, պատժամիջոցներու մեծ մասը (ներառեալ այս օրինագիծը) նախագահին կը շնորհեն լայն հայեցողական լիազօրութիւն՝ շրջանցելու պատժամիջոցները, եթէ ան եզրակացնէ, թէ այդ շրջանցումը կը ծառայէ Միացեալ Նահանգներու «ազգային անվտանգութեան շահերուն»։ Այս բացատրութիւնը օգտագործուած է անընդմէջ՝ տարբեր վարչակազմերու կողմէ, ներառեալ Թրամփի վարչակազմին, վերջին երկու տասնամեակներուն ընթացքին՝ շրջանցելու Ատրպէյճանին ռազմական օժանդակութեան օրինական սահմանափակումները։

Շեղում՝ արդէն գոյութիւն ունեցող պատասխանատուութեան գործիքներէն։ Նախագահը արդէն ունի լիազօրութիւն՝ պատժամիջոցներ կիրարկելու Ատրպէյճանի դէմ։ «Գլոբալ Մագնիցքի» պատժամիջոցները անոր հնարաւորութիւն կու տան սառեցնել ֆինանսական հաշիւները եւ արգիլել ԱՄՆ մուտքը այն պաշտօնեաներուն, որոնք մեղաւոր են մարդու իրաւունքներու խախտումներու մէջ։ Եւրոպական Միութիւնը, Մեծ Բրիտանիան, Քանատան եւ Աւստրալիան ունին նմանատիպ օրենսդրութիւն, այսինքն՝ ամերիկեան կիրարկումը կրնայ խթանել միջազգային մակարդակի պատասխանատուութիւնը։ Բացի այդ, գոյութիւն ունին այլ գործիքներ եւս՝ որոնք կրնան կիրարկուիլ Ատրպէյճանի ուժանիւթի ոլորտին դէմ, մանաւանդ անոր կապերուն՝ Ռուսիոյ եւ Իրանի հետ։ Ուաշինկթընի մերժումը՝ օգտագործելու այս առկայ գործիքակազմը, կասկածի տակ կը դնէ, թէ նոյնիսկ եթէ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը ընդունուի, արդեօ՞ք երբեւէ պիտի գործադրուի։

Ամերիկեան Շահերու Խորացումը Ատրպէյճանի Մէջ

Ուաշինկթընի ներգրաւուածութիւնը Հայաստան–Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին հիմնականին մէջ կը բխի իր տարածաշրջանային ուժանիւթի շահերէն։ Ատոր վկայութիւնն են՝ Թրամփի նախաձեռնած «Միջազգային Խաղաղութեան Ուղին» (TRIPP), որ Միացեալ Նահանգներուն կը շնորհէ բացառիկ իրաւունք՝ Սիւնիքով Թուրքիան Ատրպէյճանի հետ կապող «անխոչընդոտ հաղորդակցութեան» զարգացումին եւ շահագործման մէջ։ Նաեւ՝ ԱՄՆ–Ատրպէյճան փոխըմբռնման յուշագիրը՝ պաշտպանութեան եւ ուժանիւթի ոլորտներուն մէջ համագործակցութիւնը ընդլայնելու, ինչպէս նաեւ ExxonMobil եւ SOCAR ընկերութիւններու համաձայնութիւնը՝ ընդլայնելու ամերիկեան ներդրումները Ատրպէյճանի ուժանիւթի ոլորտին մէջ։

Անհաւատալի է կարծել, թէ վարչակազմը պիտի պատժէ այն նոյն ուժանիւթի ոլորտը, ուր ինք կը շարունակէ ընդլայնել իր ներդրումները։ Նման ակնկալութիւնը՝ լաւագոյն պարագային միամիտ է, իսկ վատագոյն պարագային՝ դիտաւորեալ մոլորեցնող։

Կենտրոնացումը «Նոր նախայարձակում»ի Վրայ՝ Անտեսելով Շարունակուող Խախտումները

Օրինագիծը կը փորձէ կանխել միայն «նոր նախայարձակում» մը, բայց անով կը շրջանցէ այն շարունակուող մարդու իրաւունքներու եւ անվտանգութեան խնդիրները, որոնք մնացած են անլուծելի խաղաղութեան գործընթացին մէջ։ Իսկ այդ խնդիրներն են, որոնք կը սպառնան Հայաստանի անվտանգութեան եւ արդար խաղաղութեան հեռանկարներուն։

Այս հարցերը անտեսելով՝ օրինագիծը փաստօրէն կը բնականոնացնէ ու կը վարձատրէ Ատրպէյճանի ցարդ կիրարկուող յարձակողական այժմ։ «Ներկայ» եւ «նոր» նախայարձակում բառերուն միջեւ կամայական գիծ մը քաշելով՝ Ատրպէյճանը կրնայ խուսափիլ նոր սրացումէ, բայց շարունակել գերիներու նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ ամրապնդել իր բռնագրաւումը՝ առանց պատժամիջոցներու գործարկման։

Անպատասխան Հարցեր եւ Հայաստանի Կառավարութեան Դերը

Թէեւ Հայաստանի կառավարութեան մօտ կանգնած շրջանակները ողջունած են ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը, անոնք չեն կրնար բացատրել, թէ ինչո՞ւ պատժամիջոցները պէտք է սահմանափակուին միայն «նոր նախայարձակում»ով եւ չվերաբերին Հայաստանի բռնագրաւուած հողերուն կամ հայ գերիներուն պահման եւ չարաշահման հարցերուն: Անոնք նաեւ չեն կրնար բացատրել, թէ ի՞նչպէս այս օրինագիծը կրնայ վստահելի կերպով զսպել ապագայ նախայարձակումը՝ երբ կ՚արդարացնէ ներկայի խախտումները:

Առկայ են պատժամիջոցներ եւ պատասխանատուութեան գործիքներ, որոնք կրնան թիրախաւորել Ատրպէյճանի ուժանիւթի ոլորտը, կանխել ռազմական նախայարձակումը եւ ապահովել մարդու իրաւունքներու խախտումներու համար արդարութիւն, եւ անոնք Քոնկրեսին մէջ կը վայելեն երկկուսակցական ուժեղ աջակցութիւն: Հետեւաբար, ինչո՞ւ խոչընդոտել այս առկայ պատժամիջոցներու կիրարկման ջանքերը՝ առաջ բերելով անպէտք եւ անիրագործելի օրինագիծ մը, որ կ՚իջեցնէ Ատրպէյճանի պատասխանատուութեան չափանիշը՝ բնականոնացնելով անոր կողմէ շարունակուող մարդու իրաւունքներու խախտումները եւ յարձակողական քաղաքականութիւնը:

Ուաշիկթոնի մեծցող ներդրումները Ատրպէյճանի ուժանիւթի ոլորտին մէջ լուրջ կասկած կը յառաջացնեն, թէ Թրամփի վարչակազմը երբեւէ կրնայ կիրառել պատժամիջոցներ այդ ճիւղին նկատմամբ: Ինչո՞ւ վարչակազմը պիտի կիրառէ ուժանիւթի ոլորտի պատժամիջոցներ, երբ գործօն կերպով կ՚ընդլայնէ համագործակցութիւնը այդ երկրին հետ՝ եւ հաշուի առնելով անոր հրաժարումը անդրադառնալու Ատրպէյճանի ուժանիւթի ոլորտի դերակատարութեան՝ Ռուսիոյ եւ Իրանի դէմ պատժամիջոցները շրջանցելու հարցին մէջ:

Ինչո՞ւ Հայաստանի կառավարութիւնը եւ անոր ներկայացուցիչները խոչընդոտած են ջանքերը՝ ապահովելու հայ գերիներու ազատ արձակումը, հայկական ժառանգութեան եւ ունեցուածքի պաշտպանութիւնը եւ բռնի ուժով տեղահանուած հայերու իրաւունքը վերադառնալու Արցախ, յատկապէս երբ ԱՄՆ վարչակազմը արդէն յայտարարած է իր աջակցութիւնը այս հարցերուն: Ինչո՞ւ Հայաստանի կառավարութիւնը չէ օգտագործած Ուաշինկթոնի դերը՝ պատժամիջոցներ գործադրելու Ատրպէյճանի վրայ, ճնշում բանեցնելու համար, որ ազատ արձակուին հայ գերիները եւ ետ քաշուին զօրքերը Հայաստանի ինքնիշխան հողերէն:

Անպատասխան այս հարցերը միայն կ՚ընդգծեն, որ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը երբեք նախատեսուած չէ իրական գործադրութեան համար՝ եւ նախատեսուած է միայն որպէս խորհրդանշական նկատողութիւն Ատրպէյճանի համար՝ առանց նշանակալի հետեւանքներու: Օրինագիծը կը ծառայէ Հայաստանի կառավարութեան եւ անոր մերձաւորներուն՝ մեղմելու մտահոգութիւնները խաղաղութեան գործընթացին մէջ Հայաստանի ապահովութեան առարկայական երաշխիքներու բացակայութեան մասին, միաժամանակ շեղելով ջանքերը՝ պատասխանատվութիւն եւ Ատրպէյճանի մարդու իրաւունքների խախտումներուն եւ շարունակուող յարձակողական քաղաքականութեան:

Լաւագոյն Ուղին Առաջ

Միացեալ Նահանգները կրնայ վճռորոշ դեր ունենալ մարդու իրաւունքներու եւ անվտանգութեան հարցերու լուծման մէջ, որոնք դուրս մնացած են նախաստորագրուած երկկողմ խաղաղութեան համաձայնագրէն։ Արտաքին ճնշումը անհրաժեշտ է, քանի որ համաձայնագիրը կը նախատեսէ, որ Հայաստանը հրաժարի իր միջազգային դատական հայցերէն Ատրպէյճանի դէմ՝ փակելով իրաւական ուղիները արդարութեան հասնելու համար։

Արդէն հրաժարելով իրաւական ճամբաներէն, Հայաստանի կառավարութիւնը եւ իր մերձաւոր շրջանակը այժմ կը փորձեն խոչընդոտել նաեւ քաղաքական ուղիները՝ առաջ մղելով անպէտք եւ անիրագործելի օրինագիծ մը, որ կը բնականոնացնէ Ատրպէյճանի նախայարձակումը եւ մարդու իրաւունքներու խախտումները՝ խորհրդանշական նկատողութեան ձեւաչափով։

Քոնկրեսը Պիտի Կեդրոնանայ Իրական Միջոցներու Վրայ

Քոնկրեսը պէտք է իր ջանքերը ուղղէ դէպի առկայ պատասխանատուութեան գործիքակազմներու կիրառելու՝ ապահովելու իրական հետեւանքներ Ատրպէյճանի նախայարձակ քաղաքականութեան համար, ներառեալ՝

• «Ազատութեան Աջակցութեան Օրէնքի» (FREEDOM Support Act) 907-րդ յօդուածի ամրապնդում։
Քոնկրեսը պէտք է խստացնէ Ատրպէյճանի նկատմամբ ամերիկեան ռազմական օգնութեան սահմանափակումները՝ սահմանափակելով նախագահին՝ զանոնք շրջանցելու հնարաւորութիւնը, մինչեւ որ Ատրպէյճանը՝
• ազատ արձակէ բոլոր հայ գերիները,
• ապահովէ հայկական մշակութային ժառանգութեան եւ ունեցուածքի պաշտպանութիւնը,
• եւ ամբողջութեամբ ետ քաշէ իր զօրքերը Հայաստանի ինքնիշխան հողերէն։
• Գլոբալ Մագնիցքի պատժամիջոցներու կիրարկում։
Քոնկրեսը պէտք է պարտադրէ վարչակազմին կիրարկել Գլոբալ Մագնիցքի պատժամիջոցները այն ատրպէյճանցի պաշտօնեաներու դէմ, որոնք պատասխանատու են պատերազմական յանցագործութիւններու եւ մարդու իրաւունքներու խախտումներու համար՝ ընդունելով «Ատրպէյճանի Պատժամիջոցներու Վերանայման Օրէնքը» (Azerbaijan Sanctions Review Act of 2025) եւ գործածելով իր վերահսկողական լիազօրութիւնները։
• Երկրորդային պատժամիջոցներ՝ շրջանցումներու դէմ։
Քոնկրեսը պէտք է պարտադրէ վարչակազմին կիրառել երկրորդային պատժամիջոցներ Ատրպէյճանի դէմ՝ անոր հաստատուած մասնակցութեան համար՝ Ռուսիոյ եւ Իրանի ուժանիւթի ու անվտանգութեան ճիւղերու պատժամիջոցները շրջանցելու հարցով։ Այս միջոցը աւելի իրատեսական եւ ազդեցիկ է՝ նկատի ունենալով վարչակազմի վերջին պայքարը պատժամիջոցներու շրջանցման դէմ։
• Քոնկրեսի Վերահսկողական Գործիքներ։

Քոնկրեսը կրնայ գործածել իր վերահսկողական գործառոյթը՝ պահանջելու վերանայելու եւ կասեցնելու Միացեալ Նահանգներու ռազմական օգնութիւնը Ատրպէյճանին՝ «Արտաքին Օժանդակութեան Օրէնքի» (Foreign Assistance Act) 502B(c) յօդուածի հիման վրայ։

Եզրակացութիւն

Կեդրոնանալով միայն «նոր նախայարձակման» վրայ եւ անտեսելով Ատրպէյճանի շարունակուող մարդու իրաւունքներու խախտումները ու Հայաստանի ինքնիշխան հողերու բռնագրաւումը՝ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը վտանգաւոր նախադէպ կը ստեղծէ՝ բնականոնացնելով Ատրպէյճանի վարքագիծը եւ թուլցնելով ջանքերը՝ ուղղուած իրական արդարութեան հաստատման։
Քանի որ խաղաղութեան համաձայնագիրը չի ներառեր որեւէ դրոյթ՝ ապահովելու հայ գերիներու ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը եւ Արցախի ժողովուրդին վերադարձի իրաւունքը, ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ Օրէնքը հեռու է այն վճռական քայլերէն, որոնք անհրաժեշտ են՝ ապահովելու արդար, կայուն եւ արժանապատիւ խաղաղութիւն։
Խաղաղութիւնը անկարելի է առանց արդարութեան, իսկ նախայարձակումը չի կրնար կանխուիլ, երբ զայն կը բնականոնացնեն եւ կը պարգեւատրեն։

Ալէքս Կալիցքի
Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբի Քաղաքականութեան գծով տնօրէն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company