Վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային երաշխավորված անվտագնային պայմաններում
24 Դեկտեմբեր 2025
«Այն թեզը, թե իբր տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը, ամբողջությամբ ոչ միայն շուռ եկավ մեր դեմ, այլ հիմա կործանարար իր դրսևորումն է ստանում»։ Այս մասին «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսին նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Մենք ամեն օր դրա ականատեսն ենք լինում, դրանով ոչ միայն չփրկվեց Հայաստանը, այլ նաև այս իշխանությունների թեթև ձեռքով Ադրբեջանին պահանջատեր դարձրեցինք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հակամարտության հիմքը ոչ այնքան և ոչ միայն Արցախի հիմնախնդրի գոյության ու դրա հետապնդման հետ է կապված, այլ հայկական ինքնության, թուրք-ադրբեջանական տանդեմի անհանդուժողականության հետ։
Նրանց խնդիրը հայի տեսակն է և հայկական հետքի պահպանումը։ Եվ այդ պատճառի դրսևորումն այն է, որ Արցախը հայաթափելուց հետո անգամ Ադրբեջանը չբավարարվեց դրանով և հիմա ձեռնամուխ է եղել հայկական հետքի ընդհանրապես վերացմանը, որպեսզի ամբողջությամբ կարողանա իր թեզերն առաջ տանել։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կարևորել է Արցախի հարցի արծարծումը՝ շեշտելով, որ հակամարտությունը կարգավորված չէ և անհրաժեշտ է պայքարել հավաքական վերադարձի ուղղությամբ։ Այս առումով նա շեշտել է Արցախի հայկական ժառանգության փաստագրումը և Արցախի հայկական պատմության ամրագրումը։ Նրա խոսքով՝ ժառանգության պահպանման հարցն ունի խորքային նշանակություն մի քանի առումներով։
«Առաջինը, սրանով մենք պետք է փաստենք, որ հակամարտությունը, կոնֆլիկտը կա և այն լուծված չէ և քանի ժառանգության պահպանման հարց գոյությունի ունի, քանի մեր ժառանգության վերացման փաստի առաջ ենք կանգնած, մենք խնդիր ունենք այս հարցը միջազգային բոլոր ատյաններում բարձրացնելու, պաշտպանելու և հետապնդելու, որով զբաղված են ոչ թե պետությունը, այլ հանրային, հասարակական կառույցները։ Վստահ եմ, որ կգա մի օր, երբ այդ հարցը նաև պետականորեն կհետապնդենք»,- ասել է Ռուստամյանը։
Այս առումով ժառանգության փաստագրումը, պահպանումը, ըստ նրա, շատ կարևոր է և գլոբալ նշանակություն է ունենալու․ «Պետք է ամեն ինչ անել, որ պարզ հասկացվի, որ կոնֆլիկտի հիմքում դա է և այդ կոնֆլիկտը շարունակվում է։
Մշակութային ժառանգության մասին փաստերը ձեռքի տակ ունենալով պետք է նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ վերադարձի իրավունքը չի կարող սահմանափակվել անձի, անհատի վերադարձի շրջանակներում»,- նշել է նա։
Խոսքը պետք է գնա առաջին հերթին Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի մասին և այս ժառանգության առկայությունը հենց այդ հիմքերն է տալիս։ «Մշակութային ժառանգությունը հավաքականության ժառանգությունն է, կապված չէ անձի, անհատի հետ։ Վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային երաշխավորված անվտագնային պայմաններում։ Հենց այդ պայմանների բացակայությունն է, որ տեղի է ունենում նոր ցեղասպանություն այս անգամ արդեն մշակութային Ցեղասպանություն և այս հիմքերն արծարծելու համար նման փաստերը մեզ համար չափազանց կարևոր են»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Նա անընդունելի է համարել նաև արցախահայերի վերադարձի հարցը դնել ադրբեջանցիների վերադարձի հետ նույն հարթության վրա, որը, ըստ նրա՝ Ադրբեջանի երազնանքն է։
