ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նիկոլ (Վանա Իշխան) Պողոսյան.1882-1915

03 Ապրիլ 2014

Իշխանը` Նիկոլ Պողոսյանը (Միքայելյան) XX դարասկզբի հայ ազատագրական պայքարի երևելիներից է: Ծնվել է 1882 թ. Արցախի Վարանդա գավառի Քառասնա գյուղում, ունևոր առևտրականի ընտանիքում: Փոքրուց Նիկոլի մեջ ծնողները բացահայտեցին ուսման սերը, և հայրը նրան կրթության տվեց Շուշիի թեմական դպրոցում, որն այդ տարիներին հայ կրթության առաջատար դարբնոցներից էր: Ավելորդ չէ նշել, որ Շուշիի թեմական դպրոցը դարբնոց էր նաև հայկական ազատագրական շարժման համար: Այստեղ են «թրծվել» Արամ Մանուկյանը, Մենակը, Թորգոմը և այլք:

Հենց Շուշիի թեմական դպրոցից է գալիս Իշխանի և Արամ Մանուկյանի ծանոթությունն ու մտերմությունը:

Լինելով ըմբոստ ու չհանդուրժող բնավորության տեր պատանի` Նիկոլ Պողոսյանը կոնֆլիկտի մեջ մտավ դպրոցի տնօրեն Բենիկ վարդապետի հետ և ստիպված լքեց դպրոցը` տեղափոխվելով Երևան, ուր շարունակեց ուսումը տեղի թեմական դպրոցում:

Երևանում ավելի բացահայտվեց Նիկոլի ըմբոստ ոգին, և նա անմիջապես ներգրավվեց գործող գաղտնի խմբակներում, որոնց նպատակը երիտասարդության շրջանում ազգային ինքնագիտակցության ձևավորումն էր: Այս խմբակներում էլ ծանոթացավ հայ ազատամարտի ևս մեկ նշանավոր ներկայացուցչի` Արտո Շահխաթունու հետ, որը հետագայում Արամի հետ կազմակերպեց Երևանի նահանգի ինքնապաշտպանությունը թուրքական ներխուժման դեմ:

Երևանում Նիկոլը, տակավին պատանի, ընկնում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գաղափարական ազդեցության տակ և անդամագրվում ազատագրական պայքարի ելած կուսակցությանը:

Արդեն 1902 թ., կիսատ թողնելով ուսումը, անցնում է Կարս` հայոց հեղափոխության հնոցը: Այդ տարիներին ՀՅԴ Կարսի կոմիտեն թերևս ամենակազմակերպվածն ու ամենաուժեղն էր: Այստեղ գործել է անձամբ Արամ Մանուկյանը, որը փաստորեն Կարսում ստեղծել էր պետություն պետության մեջ: Կարսի ողջ հայությունն այնքան կազմակերպված էր, որ պետական իշխանության փոխարեն շարժվում էր տեղի ՀՅԴ կոմիտեի ցուցումներով: Անգամ վիճելի հարցերը, դատարանի փոխարեն, լուծվում էին Կարսի կոմիտեի միջոցով:

Սակայն Նիկոլը Կարսում երկար չմնաց և կուսակցության առաջադրանքով Մենակի հետ մեկնեց Բասեն` կազմակերպելու տեղի հայությանը: Բասենում նա գործում էր Գրիգոր ծածկանունով:
Նիկոլը ստացավ առաջին մարտական մկրտությունը, երբ 1903 թ. Նևրուզ Օնիկի հեծյալ խմբով շարժվեց դեպի ապստամբության նախապատրաստվող Սասուն: Ճանապարհին խումբը բախվեց թուրքական կանոնավոր բանակի հետ: Արյունահեղ բախման ընթացքում թուրքերը, մոտ հազար զոհ տալով, փախուստի դիմեցին:

Այդպես էլ Սասուն չհասնելով` Նիկոլը ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կոմիտեի առաջադրանքով հաստատվեց Վանում` ղեկավարելով ՀՅԴ Լեռնապարի կոմիտեն:

Փաստորեն Վանն այդ տարիներին դարձել էր Արևմտյան Հայաստանի ազատագրական շարժումների կենտրոնը: Այնտեղ էր Երկրի զինանոցը, Վանում էին կենտրոնացած ՀՅԴ գործիչները, և պայքարը փաստացի ղեկավարվում էր Վանից: Ուստի կային մի քանի օբյեկտիվ պատճառներ. նախ` Վանը Արևմտյան Հայաստանի ամենահայաշատ քաղաքային բնակավայրն էր, բացի այդ, գտնվում էր Պարսկաստանից Թուրքիա տանող բանուկ ճանապարհին. հենց այդ ճանապարհով էին հայկական ջոկատները թափանցում Երկիր, զենք-զինամթերք տեղափոխում: Ահա ինչու ՀՅԴ ղեկավարությունը հենց Վանն ընտրեց որպես Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարի հնոց:

Այդ տարիներին Վանում հավաքվել էր Դաշնակցության սերուցքը` Իշխանը, Արամ Մանուկյանը, Մալխասը, Վռամյանը…

Վասպուրականում (Լեռնապարի կոմիտե) Իշխանը ձեռնամուխ է լինում մարտական թռուցիկ խմբերի ձևավորմանը, որոնց խնդիրն էր արագ արձագանքել հայությանը կեղեքող թուրքական և քրդական խմբերի գործունեությանը: Թռուցիկ խմբերի ստեղծումը ժամանակի պահանջ էր. Վասպուրականի գյուղերի բնակչությունը անպաշտպան էր հրոսակներից, և Իշխանի շնորհիվ հայ աշխատավորը ոչ միայն իրեն ապահով ու պաշտպանված զգաց, այլև հավատաց իր վաղվա օրվան, հաղթանակին:

Իշխանը Վասպուրականում իր թռուցիկ խմբերով բազմիցս ջարդել է քուրդ աշիրաթապետերին և թուրքական բանակի ջոկատները:

Նա առհասարակ խստապահանջ էր, աչքի էր ընկնում անհաշտ ու անկոտրում կամքով և կարճ ժամանակամիջոցում դարձավ Վասպուրականի հայության սիրելի ու առաջնորդ, իսկ թուրքական իշխանությունների համար` սարսափ: Լինելով խստապահանջ ու երբեմն նաև դաժան ղեկավար` միաժամանակ մտավորական ու հոգևոր խառնվածք ուներ: Սիրում էր երգել, ստեղծագործում էր: Անգամ Վանում երգչախումբ ու թատերախումբ էր ստեղծել, որտեղ ազատ ժամանակ անձամբ խաղում էր:

Իշխանը Վասպուրականի գյուղերում նաև խրախուսում էր ուսումը, կրթությունը: Նրա ջանքերով Աղթամարում բացվեց Կենտրոնական վարժարանը, որտեղ նաև անձամբ դասավանդում էր: Աղթամարի վարժարանը հայրենասեր սերունդ կրթելու դարբնոց էր: Այստեղ նաև ընդհատակյա թերթ էր տպում` «Արյան ձայնը»: Հետագայում` թուրքական հեղափոխությունից հետո, նա Վանում տպագրեց «Աշխատանք» թերթը, որի խմբագիրն ինքն էր: Միաժամանակ աշխատակցում էր «Դրոշակին» և ԱՄՆ-ում լույս տեսնող «Հայրենիքին»:

Վանում գործելու տարիներին Իշխանը սիրահարվեց և ամուսնացավ վանեցի Սիրանույշի հետ: Վանի նահանջից հետո Սիրանույշը որդու հետ հաստատվեց նախ Արցախում, ապա` Երևանում:

1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո որոշ ազատություն եղավ, և Իշխանն ու իր գործընկերները դուրս եկան ընդհատակից:

Սակայն հայերի գլխին աստիճանաբար կուտակվում էին սև ամպերը, և Առաջին համաշխարհային պատերազմի սպառնացող վտանգը ստիպեց ավելի շոշափելի քայլեր ձեռնարկել: Վանում կազմակերպվեց Զինվորական մարմին, որի մեջ մտան Իշխանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը:

Իշխանը Վասպուրականը բաժանեց մանր շրջանների, այնտեղ զինավառ թռուցիկ խմբեր ստեղծեց, նշանակեց պատասխանատուներ, Վանում և հարակից գյուղերում զենք-զինամթերքի պահեստներ հիմնեց: Ճիշտ է, հետագայում դաշնակցական Դավոյի դավաճանության հետևանքով թուրքերը ձեռք գցեցին հայերի զինապահեստների մի մասը, սակայն Իշխանի հեռատեսության շնորհիվ Վասպուրականի հայությունը զինվեց:

Թուրքերն իրենց դիվային ծրագիրն իրականացնելու համար արհեստականորեն հայ-քրդական բախումներ են հրահրում: Քրդերը, որոնք անկազմակերպ, ազգային ինքնագիտակցությունից զուրկ տարր էին, հեշտությամբ էին տրվում սադրանքների:

1915 թ. գարնանը թուրքերին հաջողվեց հրահրել Շատախի շրջանի քրդերին, մի քանի արյունահեղ բախումներ եղան քուրդ աշիրեթների և հայկական խմբերի միջև: Վանի կուսակալ Ջևդեթ փաշան խնդիրը «խաղաղ» կարգավորելու համար Արամ Մանուկյանին առաջարկում է Շատախ ուղարկել Իշխանին` տեղում հարցը քննելու և պարզաբանելու համար: Թվում է` անմեղ առաջարկ էր, քանզի Իշխանն իսկապես մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն հայերի, այլև թուրքերի և քրդերի շրջանում:

Իշխանը մի քանի ընկերների (Պողոս Թութունջյան` Քոթոթ, Միհրան Տեր-Մարգարյան, Վահան Խռանյան), թուրք ոստիկանապետի և ոստիկանական ջոկատի հետ ուղևորվում է Շատախ: Ճանապարհին գիշերելու համար կանգ են առնում քրդական Հիրճ գյուղում` Իշխանի բարեկամի տանը: Այստեղ էլ կատարվում է սոսկալի նախճիրը: Վանի կուսակալի ուղարկած չերքեզ մարդասպանները, ներխուժելով Իշխանի և ընկերների ապաստանած տուն, սպանում են բոլոր հայերին:

Լուսաբացին քրդերը, իմանալով եղելությունը, ըմբոստանում են. քրդի համար մեծ անարգանք է, երբ հյուրընկալության պատրվակով մարդ են սպանում սեփական տանը: Գյուղի քրդերը կատարվածի մեղավորը համարելով թուրքերին` սպանում են Իշխանին ուղեկցող թուրք ոստիկաններին: Վանի կուսակալի հրամանով կոտորվում է Հիրճի ողջ խաղաղ բնակչությունը:
Առաջին քայլն արված էր, և թուրքերը, առանց կանգ առնելու, շարունակում են իրենց գործը: Կուսակալ Ջևդեթը կարողանում է խաբեությամբ ձեռք գցել նաև Արշակ Վռամյանին և սպանել նրան: Ձերբակալությունից խույս է տալիս միայն Արամ Մանուկյանը, որն էլ պիտի լիներ Վանի հաղթական ապստամբության կազմակերպողն ու հետագայում Հայաստանի Հանրապետության կերտողը:

Արամը Վասպուրականի հայությանը ըմբոստության կոչ է անում: Հայությունը ապստամբում է Վանում և մինչև ապրիլի 2-ը հերոսական դիմադրություն կազմակերպում` բազմիցս ջարդելով թուրքական կանոնավոր զորքերը: Ապրիլին հայկական կամավորական ջոկատները և ռուսական բանակը մտան Վան:

Միայն ապրիլ ամսին` Վանի հաղթանակից հետո հնարավոր եղավ կազմակերպել Իշխանի և ընկերների մարմինների հուղարկավորությունը, որ իսկական զինվորական միտինգի վերածվեց` զորաշարժով, հայրենասիրական երգերով: Նրա դիակը դրվեց Սուրբ Վարդան եկեղեցում, ապա թաղվեց Այգեստանի հայկական գերեզմանատանը:

Վահե Անթանեսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company