Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ձեր իշխանության երկարաձգմանը
07 Օգոստոս 2026
Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առաջին հայացքից՝ համոզիչ, անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ակնհայտ է, որ ՔՊ-ն փորձում է ավելի խորքային հարց լուծել՝ խորհրդարանական երկրում փրկել ամենացածր վարկանիշ ունեցող պետական ինստիտուտի՝ Ազգային ժողովի հեղինակությունը, որովհետև գիտակցում եք, որ այդ պատկերի հիմնական պատասխանատուն դուք եք՝ քաղաքական մեծամասնություն։
Բայց այս դահլիճում ոչ միայն բարեվարքության կարմիր գծերն են հատվել, այլև քաղաքական կարմիր գծերը։ Այստեղ հնչել են հայտարարություններ, ընդունվել կամ որդեգրվել է քաղաքական կուրս, որը ութ տարի առաջ ամենաթշնամական տեքստերում անգամ անկարելի էր պատկերացնել։
Որքան էլ փորձեք պարտությունների և զիջումների չվերջացող շարանը վաճառել որպես խաղաղություն, ձեր քաղաքական կենսագրությունից, ցավոք, նաև Հայաստանի պատմությունից չջնջվող փաստ են պատերազմը, Արցախի հայաթափումը, ներազգային պառակտումը, Հայ Առաքելական Եկեղեցու, մեր ինքնության ու արժեքների դեմ արշավն ու Ամենայն Հայոց Վեհափառին դատարանի առջև կանգնեցնելը»,- նշեց նա։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
