Մեր պարտությունը նաև անկազմակերպվածության հետևանք էր
27 Սեպտեմբեր 2026
ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, արցախյան երեք պատերազմների մասնակից, զինվորական բժիշկ Տարոն Տոնոյանը: Անդրադարձ է կատարվել նորանկախ Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր փուլերին, ձեռք բերված հաջողություններին ու բացթողումներին, նաև ճակատագրական սխալներին, որոնք ի վերջո հանգեցրել են մի իրավիճակի, երբ հարցականի տակ են դրվել անգամ երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը:
Տարոն Տոնոյանը խոսել է արցախյան երեք պատերազմների մասին, համեմատություններ անցկացրել այդ պատերազմներում Հայոց բանակի՝ ղեկավարությունից մինչև զինվորներ, դրսևորած տարբեր որակների, մարտավարությունների և կազմակերպվածության մակարդակների միջև:
«Ես արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որպես դաշտային հոսպիտալի պետ, մասնակցում էի շտաբի նիստերին, ծանոթ էի մեր դիրքերի տեղաբաշխման քարտեզին, գիտեինք, թե որոնք են հակառակորդի առաջխաղացման հնարավոր ուղղությունները: Ըստ այդմ էլ այնպես էինք բլուրների հետևում տեղաբաշխում շտապօգության մեքենաները, որ հնարավորինս արագ օգնության հասնենք մեր վիրավորներին: 44-օրյա պատերազմի ժամանակ ես նույնիսկ շտաբի անդամների չեմ տեսել, չգիտեինք որտեղ են ընթանում մարտերը, ինչ վիճակ է բախումների գծում: Այսպիսի անկազմակերպվածություն երբեք չի եղել: Մենք ամենից մեծ թվով զոհեր տվել ենք ոչ թե դիրքերում, այլ անկանոն նահանջների ժամանակ: Սա փաստ է, որի համար պատկան մարմիններն ու պաշտոնյաները պետք է պատասխան տան», -նշել է Տարոն Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
