«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտվել ժամանակին
02 Հոկտեմբեր 2026
2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը վերջինիս համար ակնհայտորեն ձախողված էր։ Տարիներ շարունակ Փաշինյանի երկակի խաղերի դեմ աչք փակող Ռուսաստանի իշխանությունը հստակ հասկացնում է, որ երկու լարի վրա խաղալու երջանիկ ժամանակն անցել է, և Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ գործողություններով պետք է փաստի՝ ինքը Ռուսաստանի և ԵԱՏՄ կառույցի հե՞տ է, թե՞ վերջինիս հակառակորդ ճամբարում։
Ռուսաստանը նաև բացահայտորեն նշում է այն կոնկրետ վնասները, որոնք կրելու է Հայաստանը, հակառակորդ ճամբարին միանալու դեպքում՝ գազի մի քանի անգամ թանկացում (իսկ գուցե ընդհանրապես Հայաստանին մատակարարման դադարեցում), նմանատիպ ելք ատոմակայանի հումքի, նավթի, ադամանդի և այլ ապրանքների Ռուսաստանից ներմուծման պարագայում, որոնք Հայաստանին տրամադրվում են Ռուսաստանի ներքին գներով։ Ռուսաստանը կարող է արգելել առանց պատենտի հարյուրհազարավոր հայաստանցիների արտագնա աշխատանքը Ռուսաստանում, ինչը կհարկադրի այդ մարդկանց մեծ մասին վերադառնալու Հայաստան, ինչն էլ այստեղ կարող է կտրուկ սրել սոցիալական կացությունը։ Չխոսենք այլևս հայաստանցի արտադրողների առջև ռուսական շուկայի վերջնականորեն փակվելու դեպքում արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունից առհասարակ զրկվելու և հայկական գյուղատնտեսության ոչնչանալու հեռանկարի մասին։ Եվ սա դեռ ամենը չէ։
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկից վերադառնալով փորձեց ներկայացնել, թե ոչ մի սարսափելի բան չկա, Ռուսաստանի ղեկավարի հետ տեղի է ունեցել գործնական ու արդյունավետ խոսակցություն։ Այլ կերպ նա թերևս չէր էլ կարող վարվել, որովհետև նախ կփաստեր, որ ինքը ընտրություններում չպարտվելու համար նախորդող օրերին խաբում էր ժողովրդին, ներկայացնելով՝ թե Պուտինի ու ԵԱՏՄ ղեկավարների հետ շատ լավ հարաբերություններ ունի և բոլոր հարցերը կկարգավորի։ Էլ չխոսենք Արևմտյան դրախտի դռները հայ ժողովրդի առջև բացելու խոստման մասին, ինչը նույնպես կեղծ դուրս եկավ կարճ ժամանակ անց։ Եթե Փաշինյանը գոնե այս անգամ ասեր ճշմարտությունը, ժողովրդի առջև կպարզեր ոչ միայն իր պատեհապաշտ քաղաքականության փակուղում հայտնվելը, այլև կվկայեր այն խիստ մտահոգիչ հեռանկարի մասին, որն ամենամոտ ապագայում սպասվում է հայ ժողովրդին։ Այդ պատճառով էլ վարչապետ Փաշինյանը և իր սազանդարները սկսեցին «երգել» այն մասին, որ ոչ մի մտահոգիչ բան չկա, չորս կողմից շրջապատված ենք գազ ունեցող երկրներով, իսկ թուրքական տանդեմն ու Եվրոպան պատրաստակամ սպասում են ամեն ինչով աջակցելու Հայաստանին։
Եվ սա այն դեպքում երբ, իբրև թե գաղտնաբար, նույն Եվրոպան ադրբեջանական խողովակներով գազ է ներմուծում Ռուսաստանից: Այնպիսի տպավորություն է, որ դեռևս ընտրական գործընթացներից առաջ լայն առումով իր պարտված վիճակը գիտակցած Նիկոլը խաղում է ժամանակի վրա, թերևս հույս փայփայելով, որ ինչ-որ տեղից իր համար մի լույս կբացվի։ Անկախ ընտրություններում ձեռք գցած համեստ արդյունքից և արտաքին շռայլ խոստումներից՝ Փաշինյանը տեսնում է, որ երկրի ներսում ինքը զուրկ է ժողովրդական հենարանից, իսկ դրսի հովանավորների խոստացածն ու տվածը համարժեք չեն իրար։ Հայտնվելով թույլ և խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ Փաշինյանն ինքն իրեն դնում է ավելի մեծ կախման մեջ արտաքին ուժերից։ Վերջիններիս քաղաքականության նկատմամբ իր կայուն նվիրվածությունը փաստելու համար նա հարկադրված հրապարակայնորեն սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույն ժամանակ փորձելով իր ամուր բարեկամական զգացումների մասին հավաստիացնել անձնական հանդիպումներում։ Այստեղ, թերևս, պետք է արձանագրել, որ սրանով նա նախևառաջ կատարում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող գլխավոր շահառուների՝ թուրքադրբեջանական տանդեմի պահանջը։
Գաղտնիք չէ, որ վաղուց Հայաստան-թուրքական տանդեմ հարաբերություններում Փաշինյանը որդեգրել է վերջիններիս փաստաբանի դերը՝ ընդդեմ սեփական երկրի և ժողովրդի շահերի։ Փաշինյանը ոչ միայն պաշտպանեց ու արդարացրեց այս տանդեմի սանձազերծած պատերազմական հանցագործությունները, հետապնդեց ու պատժեց Արցախի պատերազմի հերոսներին, շարունակում է ճնշել Արցախի և նրա իրավունքների անունից Հայաստանում ծրագրվող ցանկացած նախաձեռնություն։ Իր քաղաքականությամբ նա ոչ միայն նպաստեց, որ արցախցիների ինքնորոշման պայքարն Ադրբեջանն աշխարհին մատուցի որպես զավթողական նպատակով Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի դեմ, այլև այսօրվա իր լռությամբ նպաստում է, որ Ադրբեջանն առանց մտահոգության ոչնչացնի Արցախի հայկական պատմական ու
հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Ավելին, ՔՊ-ական իշխանության նպաստավոր լռության պայմաններում Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում է Հայաստանն Արևմտյան Ադրբեջան ներկայացնելու գործնական ծրագիրը։ Հայաստանի իշխանությունը որևէ հակառակություն չի դրսևորում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների աճող պահանջների նկատմամբ և շարունակաբար գնում է հերթական զիջումների։ Ընդամենը մի քանի օր առաջ տարածվեց այն լուրը, թե Հայաստանը Տավուշի մարզում սահմանային նոր դիրքեր է զիջել Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունը կաշվից դուրս գալով ուզում է ապացուցել, թե պատերազմի սպառնալիքը վերացնելու համար նորանոր տարածքներ պետք է զիջել, չխոսել Հայաստանի իրավունքների մասին, Արցախ անունը չտալ առհասարակ, մոռանալ պատմությունը, վերացնել փառքի անկյուններն ու հերոս նահատակների նկարները։ Այսպիսի ցուցումներ են ստանում մասնավորապես կրթական հաստատությունների պատասխանատուներն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները՝ նույն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն օր ու ամեն ժամ իրականացնում է ճիշտ հակառակը՝ ագրեսիվ հռետորաբանությամբ ուղեկցվող կոնկրետ գործողություններ Հայաստանի նկատմամբ։
Եթե Հայաստանի իշխանությունը ապուշ չէ, ապա ապուշի տեղ է դնում մի ողջ ժողովրդի, երբ խոսում է «անօրինկանորեն տիրապետած» տարածքների վերադարձի մասին, սահմանագծման և սահմանազատման շրջանակում, այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները հանգիստ նստած են վերջին տարիներին Հայաստանից զավթած տարածքներում և դուրս գալու փոխարեն ավելի են ամրապնդում զավթած դիրքերը։ Արդյո՞ք առաջին հերթին այդ տարածքներից նրանց դուրս գալը չպետք է նախորդեր մնացած տարածքների հետ կապված հստակեցումներին: Եվ արդյո՞ք այդ դեպքում կա երաշխիք, որ իր կողմից տարածքային կամ այլ բնույթի որևէ զիջման մասին երբևէ չհայտարարած Ադրբեջանը հայկական կողմի բոլոր զիջումներից հետո պատրաստակամ կլինի ինչ-որ բան զիջելու:
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին «կարողացավ համոզել» այն կեղծիքի մեջ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն արմատապես փոխում է, որովհետև ռուսները չօգնեցին հայերին թուրքադրբեջանական ագրեսիայի ժամանակ և դեպի ո՞ւր է նա վերակողմնորոշում Հայաստանը՝ ճիշտ այդպես՝ դեպի այդ նույն ագրեսիան իրականացնողները։ Թերևս նա մտածում է որ եթե մինչ այժմ հնարավոր է եղել խաբել նման աճպարարություններով, ապա ինչո՞ւ չի կարելի նույնպես վարվել այսուհետև։ Ստացվում է որ Հայաստանի հետ թուրք-արևմտյան սկսվող «փայլուն» գործակցության մեջ Հայաստանի համար նախատեսված է կատարողի ու զիջողի դերը, իսկ իր գործակիցներին՝ պահանջողի ու ստացողի։ Պետք է ընդունել, սակայն, որ մեկ հարցում հատկապես Արևմուտքն իսկապես շոշափելի ու գործնական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի իշխանությանը։ Խոսքը քաղաքական հովանավորության մասին է, որը տարիներ շարունակ դրսևորվում է Հայաստանի բռնապետական իշխանության խայտառակ գործունեության նկատմամբ, ինչի վերջին ցայտուն օրինակն էլ ակնհայտ աջակցությունն էր ընտրություններում։
Արևմուտքը կարծես չնկատեց, որ այդ խայտառակ ընտրություններից հետո Փաշինյանը ոչ միայն խլեց խորհրդարան անցած ուժերից մեկի քվեները և արգելափակեց նրա մուտքը խորհրդարան, այլև բանտարկեց այդ ուժի ղեկավարին և առանց դատ ու դատաստանի պետականացրեց նրա մասնավոր բիզնեսները։ Արևմուտքը հավանաբար չնկատեց, որ մինչ այդ նույն ճակատագրին էր արժանացել նախընտրական պայքարի մասնակից մյուս ուժի առաջնորդը, իսկ հետագայում այս շղթան ամբողջացավ խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավարի ձերբակալությամբ։
Պետք է ենթադրել, որ Արևմուտքն այս հարցերում ունի իր տրամաբանական պատճառները, օրինակ շատ ակնհայտ է, որ ի դեմս ձերբակալված և սեփականազրկված հայ խոշոր գործարարների, տեղի է ունենում Հայաստանի խոշոր բիզնեսի վերակողմնորոշում Ռուսաստանից դեպի Արևմուտք, իմա Թուրքիա և Ադրբեջան։ Նկատենք, որ բարդ այս իրավիճակում չեն դադարում Նիկոլ Փաշինյանի համառ ճիգերը Ռուսաստանից խլելու Հայկական երկաթուղու կառավարման իրավունքը և հանձնել այն թյուրքական պետության։ Պատահական չեն ադրբեջանական արթնացած պահանջները Հայկական ատոմակայանի փակման վերաբերյալ, այն խոստմամբ, թե իրենք Հայաստանին էլեկտրաէներգիա կմատակարարեն։ Այստեղ իհարկե տեղի է ունենում շահերի մեկ համընկնում ևս, առաջիկա շրջանում Հայաստանին սպասվող դժվարին ժամանակների նախօրյակին Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է հնարավոր մրցակիցներին։
Վերջին շրջանում անընդհատ խոսելով տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին՝ իրականում ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը տանում է հիմնական կախման թուրքական տանդեմից, որի պարագայում անխուսափելի է քաղաքական կախումը: Եվ տեսնում ենք, որ բացահայտ և ոչ բացահայտ կերպով թուրքամետ իշխանության նոր գործընկերներն ամեն կերպ ոգեշնչում և պարտադրում են այս շրջադարձը: Իհարկե միաժամանակ այնքան չարժևորելով Հայաստանի իշխանությանը, որ զանազան միջազգային ամբիոններից Հայաստանի հետ վերջնական խաղաղության հաստատման մասին ճառելով՝ նույն ժամանակ շարունակում են ավելացնել ճնշումը Հայաստանին պարտադրվող զիջումների հարցում:
Սեպտեմբերը մեզ համար Հայաստանի և Արցախի անկախության հռչակման ամիսն է: Նորանկախության հռչակումից հետո Հայաստանը երբեք այսքան կախման մեջ, այսքան պարտված և նսեմացած չի եղել արտաքին ուժերից, ինչպես այժմ: Եթե նախորդ իշխանությունների առաջնորդությամբ և մեծ զոհողությունների գնով հաջողվել էր հող ազատագրել և Արցախի Հանրապետությունը հռչակել, ապա այս նոր իշխանությունը, խայտառակ պարտություն կրելով, ուղղակի հանձնեց Արցախը: Եվ նույն ժամանակ ոչ մի իշխանություն այսքան ինքնագոհ չի եղել, չի ճամարտակել Հայաստանի աննախադեպ անկախ գոյավիճակի մասին և չի մեղադրել նախկիններին Հայաստանն օտարի ազդեցությանը ենթարկելու մեջ: Թերևս իշխանությունը հաշվարկ է անում ժողովրդի կարճ հիշողության վրա, երբ ներկայացնում է, թե մինչ իրենց տերուտնօրինումը Արցախը թոկ էր Հայաստանի վզին, իսկ Հայաստանը գաղութային ենթակայության մեջ էր Ռուսաստանից: Երևի տեղին է հիշել այն միտքը, որ մարդկային լկտիությունը սահման չունի:

Հայաստանի իշխանությունների ողջ քաղաքականությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Հավանաբար նրանք հաշվարկ են անում, որ երկիրը սուզելով վախի մթնոլորտի մեջ, ձերբակալելով ու չեզոքացնելով ընդդիմությանը, և Հայաստանի շահերը ծախելու ճանապարհով ապավինելով արտաքին ուժերի աջակցությանը՝ կկարողանան ապահովել իրենց երկարակեցությունը: Իսկ գուցե նրանք հիմքե՞ր ունեն այդպես մտածելու: Եթե ընդդիմադիր ալիքը պետք է դրսևորվի միայն խորհրդարանի պատերի ներսում, ապա կասկած չկա, որ այս ուժը կհասնի նաև հաջորդ ընտրություններին, և ևս մեկ անգամ կզավթի իշխանությունը: Առայժմ երկրի ընդդիմադիր ներուժը չի կարողացել ստիպել նրանց ազատորեն չիրականացնելու այն ապօրինությունն ու սանձարձակությունը, որոնք վերջինիս գործելակերպն են արտաքին խրախուսիչ լռության և աջակցության պայմաններում:
Ներկա պարագայում և, թերևս, ցանկացած դեպքում, քաղաքական ուժի գլխավոր խնդիրը ժողովրդի հետ կապն է և նրա հետ աշխատանքը։ Պետք է արձանագրել, որ սա շատ լավ ըմբռնում է Նիկոլ Փաշինյանը, և եթե նա չլիներ Հայաստանի ամենաամբոխավար ղեկավարը, ոչ հնարավորություն կունենար բազմելու Հայաստանի գահին, ոչ էլ այսքան ժամանակ մնալու իր տեղում։ Հիշենք, որ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ, 8 տարի առավոտից գիշեր լինելով հանրության աչքի առջև, նա դարձյալ ոտքով շրջեց ողջ Հայաստանով, հաճախ տհաճ ընդունելության արժանանալով փողոցներում ու հրապարակներում, լայն շփումներ ունեցավ ժողովրդի հետ։
Թերևս արժե նշել, որ բալագանային թատրոնի վերածված այսօրվա խորհրդարանի գոյությունն էլ շատ ձեռնտու է նրան, որովհետև այդտեղ ոչ միայն իր, այսպես կոչված, լեգիտիմությունն է հաստատում, այլև մշտական բախումների ու լեզվակռվի արենայի վերածած խորհրդարանն աշխարհին մատուցում է որպես իր հաստատած «ժողովրդավարության» առհավատչյա։ Խորհրդարանական այդ մթնոլորտում իր դրական ներկայությունն արդարացնելու համար ընդդիմությունը պետք է անմիջական գործունեության հետ զուգակցի ժողովրդի, հասարակության տարբեր շերտերի հետ ամենօրյա շփումները։ Մի բան, ինչի մասին, ի դեպ, ընդդիմությունը նաև հայտարարել էր մինչև նոր խորհրդարանի աշխատանքների սկսվելը։
Նման գործունեությունը, նախ և առաջ կփաստի, որ ընդդիմության նախընտրական հանդիպումները միայն քվե ձեռք բերելու համար չէին, այլ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելու, նրա ուժին հենվելու, խորհրդարանում նրա ամենօրյա հոգսերի մասին բարձրաձայնելու համար։
Ժողովրդի հետ մշտական և զուգահեռ աշխատանքը նաև կուժեղացնի ընդդիմությանը, վերջինիս դրսևորման հնարավորությունը դուրս բերելով խորհրդարանի նեղլիկ պատերից, տարածելով այն երկրով մեկ, և հետադարձ ուժով ժողովրդական տրամադրություններն ու պահանջները բերելով բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Ընդ որում, այդ աշխատանքը պետք է տարվի հանրության բոլոր շերտերի հետ, մանավանդ որ մասնավորապես փաշինյանական խոստումներին ու սպառնալիքներին հավատացած, արտաքին տարբեր ուժերի ուղղակի և անուղղակի քարոզչությանը կուլ գնացած զանգվածներին մոլորությունից դուրս բերելու պարտականությունը ազգային ուժերինն է։ Ակնհայտ է, որ հենց մոլորեցված զանգվածների կեցվածքն է ապահովում Հայաստանը դեպի անդունդ հրող իշխանական հակահայ քաղաքականության հնարավորությունը։ Իր հերթին հանրության հետ աշխատելը չի նշանակում միայն հրապարակային հանդիպումներ, այլ մատչելի, համբերատար ու ժամանակատար խոսակցություն տարբեր շերտերի, նրանց հոգսերի և պատասխանատվությունների շուրջ։
Մյուս կողմից, արագորեն ծավալվող աշխարհաքաղաքական նոր զարգացումները հղի են անկանխատեսելի նոր իրողությունների ու կացությունների ձևավորմամբ: Ակնհայտ է մի բան՝ երբ ուժեղ չես և համապատասխան չափով պատրաստ չես՝ որևէ նոր իրավիճակի դեպքում շահող չես կարող դառնալ: Իրենց պարտադրող իրողություններն այսօր պարտադրում են նաև ազգային ուժերի համապատասխան գործողությունները: Այս դեպքում կամ կսանձես և քեզ կենթարկեցնես ժամանակը կամ ժամանակի անիվները կանցնեն վրայովդ:
