Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել է բանակում, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվի
06 Հոկտեմբեր 2026
Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին տեղյակ են պահել, իսկ ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները։ Որևէ բան չեն արել՝ հույսը թողնելով, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի զինված ասկյարին կվնասազերծի. Հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Այստեղ արդեն ոչ միայն բանակի, այլ նաև ԱԱԾ–ի և ոստիկանության գործունեության մասին է խոսքը։ Հետևաբար, ոչ միայն ՊՆ–ի, այլ նաև այդ երկու գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է համարժեք վերաբերմունքի արժանանան։
Եթե ՔՊ-ական իշխանությունները իրոք հետաքրքրված են հասկանալու համար, թե ինչպես է ադրբեջանցին ներթափանցել Հայաստան, որպեսզի դասեր առնեն և հետագայում կանխեն նման ներթափանցումները, իրենք պետք է կողմ քվեարկեն քննիչ հանձնաժողով ստեղծելուն, որին ես կասկածում եմ»,–ասաց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նախաձեռնել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ու նաև Շաքիի դեպքը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» այդ նախաձեռնությունը և միանալու է դրան։
«Այն բարեհոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը սպանությունները և ինքնասպանություններն են, չի կարող չմտահոգել։ Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ առաջացած մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվի»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
