Հակասություն կա վարչապետի հայտարարած թվերի եւ կառավարության ծրագրի միջեւ
12 Օգոստոս 2019 Ժողովրդագրության ոլորտը բավականին բարդ ոլորտ է, եւ ցավով պիտի արձանագրենք, որ մեր հասարակությունը արդեն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիության ցուցանիշները էապես բացասական միտում ունեն եւ արդեն տարիներ շարունակ, եւ դա շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած նպատակին, ըստ որի՝ 2050 թվականին ունենալու ենք 5 միլիոն բնակչություն, եւ դրա իրագործման հնարավորությանը։«Մենք ունենք լուրջ խնդիրներ ժողովրդագրության ոլորտում, եւ պատահական չէ, որ օրվա իշխանությունները եւս այս ոլորտին ուշադրություն են դարձնում։ Այո, ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել, մահացության ցուցանիշը, որ մինչեւ 2017 թվականը ուներ նվազման միտում, ցավոք արձանագրել է արդեն աճի միտում։ Եվ նաեւ մենք ունենք միգրացիայի բացասական մնացորդ, որը մի փոքր նվազել է, բայց այնուամենայնիվ մենք այդ ցուցանիշը ունենք։ Եթե մենք հետեւում ենք պաշտոնական վիճակագրությանը, 2019-ի 1-ին կիսամյակում միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -6 գործակից, նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ - 6 գործակից, իսկ 2017-ին մի փոքր ավելի է եղել՝ - 8 գործակից, բայց այնուամենայնիվ սա շարունակում է»։

Տնտեսագետն ընդգծեց, որ ծնելիությունը խթանելու միանվագ նպաստը արդյունավետ չէ․ «Եվ մտահոգիչ է նաեւ, որ ծնելիությունն է նորից շարունակաբար նվազում՝ չնայած նրան, որ նախորդ տարի կառավարության գրեթե մի անբողջ նիստ նվիրվեց այն դրական մեսիջին, որ այ տեսեք՝ երկրորդ երեխայի համար մենք կատարում ենք դարակազմիկ փոփոխություն եւ միանվագ 100 հազար դրամով բարձրացնում ենք երկրորդ երեխայի նպաստը՝ 50-ից դարձնելով 150 հազար, եւ այ սպասեք՝ հիմա ինչպիսի արդյունքներ են լինելու։ Հենց այդ ժամանակ էլ բազմաթիվ անգամ առիթներ ենք ունեցել ասելու, որ սա մոտեցում չէ, սա ոչ թե կխթանի, այլ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի ունենալու, եւ այստեղ այլ լուծումներ են պետք առաջադրել։ Մի քանի միլիարդ դրամ ծախսվեց բյուջեից, արդյունավետությունն էլ գնահատվում է պարզ թվերով՝ երկրորդ երեխայի ծնունդները նվազեցին։ Դա նաեւ միջազգային դրական փորձին է հակասում, չի կարելի երեխա գնելու տրամաբանությամբ ժողովրդագրական քաղաքականություն վարել, այսինքն՝ մենք գումար ենք տալիս, դուք ունեցեք երեխաներ։ Այս մոտեցումը վաղուց վերացել է, օրինակ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, դրական փորձ ունեցող ցանկացած երկիր բերում է Իսրայելի օրինակը։ Այստեղ համակարգային լուծումներ են պետք, պետք են լուծումներ, որ մայրերը կարրողանան արագորեն երեխայի խնամքը համադրել եւ վերադառնալ աշխատանքի։ Բնակարանային ապահովման խնդիր մենք ունենք եւ ամենատարբեր խնդիրներ»։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ մինչեւ իշխանափոխությունը այդ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները ձեւակերպվել էին ռազմավարական ծրագրում, որը սակայն անհասկանալի պատճառով դուրս եկավ օրակարգից․ «Եկավ նոր օրակարգ, որը ավելի շատ ուներ պոպուլիստական հնարավորություն եւ անաշխատ քվեներ բերելու լիուլի ներուժ։ Ի դեպ 5 միլիոնի 2050-ի սցենարը նույն նախորդ իշխանությունների նույն ժողովրդագրական ռազմավարության սցենարն է, այսինքն՝ աստիճանաբար գոնե հեռահար թիրախներով օդից գետնին ենք հայտնվում, այդ ծրագիրը բավականին լուրջ քննարկումներ է անցել, մասնագիտական լուրջ ներդրում կա այդ ծրագրի մշակման մեջ եւ նաեւ միջազգային կազմակերպությունների եւ միջազգային փորձագետների հետ է քննարկվել, նրանց մասնակցությունը կա այս ծրագրում, եւ հուսանք չեն հապաղի եւ օր առաջ կանդրադառնան, «քարերը փեշերից կթափեն» եւ այդ ծրագիրը կբերեն օրակարգ, որոշակի շտկումներով կընդունեն, կվերցնեն պարտավորություններ իրականացնելու` չմոռանալով նաեւ, որ մինչեւ 2050 թիվը մենք պիտի ապրենք եւ մինչեւ 2050 թիվը ընթացիկ, միջնաժամկետ ծրագրեր են պետք եւ բացի հորդորներից հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ օր առաջ սպասում են աշխատանք գտնելու, վերադարձել են տարբեր երկրներից, որ գտնեն իրենց ապագան, այս բոլոր բառերը իրենք մասնագիտական իմաստով, քաղաքական իմաստով պետք է տեսնենք ծրագրերով, պետք է տեսնենք պետական բյուջեում, միջնաժամկետ ծախսային ծրագրերով, բայց մենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով առնվազն պետական բյուջեում այդպիսի հատկորոշումներ չենք տեսնում»։
Տնտեսագետը նաեւ հակասություն է տեսնում վարչապետի հայտարարած թվերի եւ նույն վարչապետի կառավարության ծրագրի միջեւ․ «Նույնիսկ այդ երկարաժամկետ թվերում, եթե նկատել եք, արդեն տարբերություններ կան: Մի քանի ամիս առաջ պարոն վարչապետը, նույն քաղաքական ուժը՝ 72 տոկոս ստացած, շատ հստակ իրենց ծրագրում սեւով սպիտակի վրա գրել էին, որ 20 տարի հետո 2038 թ-ին, մենք 6 միլիոն բնակչություն ենք ունենալու: Եթե այս 2 թվերին էլ հավատալու պարագայում, 2038-ին 6 միլիոն ենք դառնալու, հետո նվազելու ենք եւ դառնալու ենք 5 միլիոն արդեն 2050-ին: Այդքան էլ լավ չէ այդ սցենարը, հետեւաբար ես պետք է չհավատամ 6 միլիոնին եւ հավատամ 5 միլիոնին, որն ավելի իրատեսական է»։
Ավետիսյանի խոսքով՝ 15 ամիսների ընացքում օր օրի հաստատվեցին իրենց մտահոգությունները․ «Այս իրավիճակում մեծ քայլով 2050-ը տեսնենք՝ 5 միլիոն բնակչությամբ, մի տեսակ շոկային վիճակ է առաջացնում մասնագիտական շրջանակներում, եւ դա կարող է լուծվել, եթե միայն մենք թողնենք մեր մասնագիտությունը, մոռանանք հիմնական կանոնները եւ պատկերացնենք, որ հեքիաթում ենք եւ հրաշքներ են լինելու»: