Տնտեսական աճ ապահովելու համար պետք է մեծացնել տնտեսության պոտենցիալը
04 Փետրվար 2020 Կարծում եմ, որ 2020թ. համար 8-9 տոկոսը տնտեսական աճի ակնկալիքն իրատեսական չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, ըստ որի բոլորով պետք է աշխատենք, որ 2020թ. ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ:Ինչ վերաբերում է այն հրապարակմանը, ըստ որի 2019թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8%, ապա Արթուր Խաչատրյանը կասկած հայտնեց, որ դա արդյո՞ք իրական տնտեսական աճ է, թե ի հայտ է եկել ստվերի կրճատման արդյունքում: «Միշտ ասվում էր, որ ստվերը կազմում է Հայաստանի տնտեսության 30-40 տոկոսը: Հիմա՝ հարկային վարչարարության բարելավման արդյունքում, ստվերի որոշ մասը դուրս է եկել և հայտնվել է վիճակագրության մեջ: Ուստի, չի կարելի պնդել, թե ունենք 7,8 % տնտեսական աճ: Կարծում եմ, որ «հեղափոխական» աճ գոյություն չունի, ուղղակի ստվերի մի փոքր մասն է կրճատվել», - շարունակեց նա:

Նա նկատեց, որ հունվարի 25-ին հրապարակված 100 փաստերում է թաքնված ամբողջ գաղտնիքը, և Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018թ. մայիսի համեմատ 2019թ. վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: «Երբ կառավարությունը «գաղտնազերծի», քանի նոր աշխատատեղ է ստեղծվել, այդ ժամանակ էլ կիմանանք, որքան է կազմել իրական աճը, որքան է 120 մլն ավելի տպված ՀԴՄ կտրոնի արտացոլումը»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ տնտեսական աճ ապահովելու համար պետք է մեծացնել տնտեսության պոտենցիալը, դրա համար պետք են պետական և մասնավոր ներդրումներ: «Ցավոք, մենք տեսանք, որ 2019թ. բյուջեի կապիտալ հոդվածները թերակատարվեցին, պետությունը ձախողեց պետական ներդրումները և զարգացմանը միտված թիրախային ծրագրերը: Արտասահմանյան ներդրումներ մենք էլի չենք տեսնում, հետևաբար, առանց կարողության մեծացման հստակ քաղաքականության, ես կարծում եմ, որ այդ 8-9 տոկոսը կմնա ուղղակի՝ որպես բարի ցանկություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին 2050թ. տնտեսության 15 անգամ մեծացնելու ուտոպիան: Ավելին` ասեմ, որ մեր տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցան 2019թ. մեքենաների ներմուծումն ու արտահանումը, դա էլ որ «ցամաքեց», ես չգիտեմ, թե ինչպես է ապահովվելու նույնիսկ 2020թ. բյուջեով նախատեսվող 4,9 տնտեսական աճը»,-ասաց նա:
Նա նշեց, որ ամեն դեպքում, եղած տնտեսական աճը քաղաքացու վրա էական ազդեցություն չի ունեցել: «Աճի մի մասն արդեն կար: Նախկինում քաղաքացիների մի ստվար զանգված աշխատավարձի մի մասը ստանում էր կանխիկ, մի մասը՝ փոխանցումով: Հիմա այդ կանխիկը ներառել են օրինական աշխատավարձի մեջ: Սակայն ակնկալվող գազի գների բարձրացումը, ինչպես նաև հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ կարգավորումները, կբերեն գների աճի: Հիմա ինչ-որ «փորձագետներ» համարում են, որ դա կունենա ընդամենը կես տոկոսի աճի ազդեցություն, սակայն, եթե հաշվի առնենք, որ մեր հայրենակիցների զգալի մասը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և եկամուտի ամենամեծ մասը ծախսում է սննդամթերք գնելու վրա, ապա առաջնային սննդամթերքի գների բարձրացումը շատ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա»,-ասաց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսությունը՝ նախկին նախարարը նախ նշեց. «Գյուղատնտեսությունը որպեսզի զարգանա, պետք է ունենալ հզոր կառույց` նախարարություն, որը պետք է զբաղվի գյուղատնտեսության իրական զարգացմամբ: Մեր ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից, եթե դրան գումարենք վերամշակումը, ապա կլինի 25 տոկոսի կարգի: Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ հարկատուն «Գրանտ տոբակոն» է, որը գյուղատնտեսության վերամշակմամբ է զբաղվում: Գյուղատնտեսությամբ զբաղվող կառույցը պետք է ունենա, գործիքակազմ, հստակ գյուղատնտեսական քաղաքականություն, որը չկա: Պասիվ սուբսիդավորումներով ակնկալել գյուղատնտեսական աճ՝ կարծում եմ, որ իրատեսական չէ»,-հավելեց նա: