Արհամարհական և ոչ լուրջ վերաբերելով տնտեսական խնդիրներին՝ կորցրեցինք ժամանակ և կանխարգելելու հնարավորություն
10 Հուլիս 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով` կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում տնտեսական ոլորտը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, մտել է ճգնաժամային փուլ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեկը մյուսի հետ փոխառնչվող և աղերսվող խնդիրները վերաբերում են թե՛ տնտեսական ակտիվությանը, թե՛ զբաղվածությանը. չվճարվող պարապուրդում մնացողների թիվն է ավելանում, արտահանումների թիվն է պակասում, պետեկամուտներն են նվազել և այլն:«Նման իրավիճակում խոսել մեկ-երկու խնդրի մասին, ճիշտ չի լինի: Բոլոր տնտեսական ցուցանիշներով մենք ունենք բացասական կայուն միտում»,- ասաց նա:
Նա նշեց, որ ասելը, որ նման խնդիրները բացառապես Հայաստանի Հանրապետությանն են վերաբերում, ճիշտ չի լինի:
«Covid-19-ը համակել է համաշխարհային տնտեսությանը: Իր էությամբ այն գլոբալ խնդիր է, և բնականաբար եթե գլոբալ խնդիր է, բոլորը պետք է գիտակցեն, որ այս խնդիրն անհնար է լուծել լոկալ, միայն իրենց երկրում կիրառվող առանձին լուծումներով և մեթոդներով: Այստեղ աշխարհի բոլոր տնտեսական խաղացողների համախմբումն է անհրաժեշտ»,- ասաց նա՝ նկատելով, որ քանի դեռ կորոնավիրուսն անկառավարելի է, բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն:
Ամեն դեպքում, չնայած որ խնդիրները ամբողջ աշխարհին են պատուհասել, ըստ Թադևոս Ավետիսյանի, Հայաստանը պատրաստ չի եղել տնտեսական հետևանքները մինիմալացնելուն:
«Երկրի քաղաքական իշխանությունները, որոնք պատասխանատու են տնտեսության զարգացման և հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու համար ընդամենը մոտ ապագայում, փոխանակ հետևանքները կանխարգելեին և նվազագույնի հասցնող հորդորներ անեին, ծրագրեր մշակեին, խոսում էին այն մասին, որ սա մեզ համար հնարավորություն է ստեղծում համաշխարհային տնտեսությունում: Դեռ այն ժամանակ ես ասում էի, որ նման նպատակադրումը ոչ միայն պոպուլիստական է, այլ նաև վտանգավոր, որովհետև մենք փաստացի չենք կանխորոշում խնդիրը, հետևաբար կհայտնվենք ավելի վատ վիճակում, քան կանք: Արհամարհական և ոչ լուրջ վերաբերելով իրական խնդիրներին՝ կորցրեցինք ժամանակ և կանխարգելելու հնարավորություն»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը՝ Դաշնակցությունը, Կառավարությանը ներկայացրել է տնտեսական խնդիրը կանխարգելող փաթեթ, բայց դա էլ անարձագանք է մնացել. իրենց համար առաջնահերթային էր օր առաջ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
«Պարզ է, որ մենք առանց խնդիրների կամ առանց կորուստների դուրս չէինք գալու: Պարզապես խնդիրն այնպես պետք է դրվեր, որ խնդիրները կանխարգելվեին, նվազագույնի հասցվեին»,- ասաց նա:
Այս առումով, ըստ նրա, մեզ համար ուսուցողական է հարևան Վրաստանի օրինակը, որը, լինելով և՛ արտաքին տնտեսական հարաբերություններով, և՛զբոսաշրջությամբ ավելի մեծ պոտենցիալով երկիր, այս ընթացքում ունեցել է կորոնովիրուսով վարակվածների մոտ հազար դեպք:
«Ի սկզբանե նրանք գնացին կանխարգելման ճանապարհով, և լիարժեք, ոչ թե ձևական, և դա տվեց նրանց հնարավորություն կառավարելու անխուսափելի հետևանքները»:
Հիմա էլ, Թադևոս Ավետիսյանի խոսքով, դեռ ուշ չէ հասկանալու խնդիրները, վերլուծելու դրանք և գտնելու դրանց կանխարգելման մեթոդները:
«Եթե մենք դա չանենք, գահավիժելու ենք: Բայց պատկերացումս այն է, որ մեր երկրի պատասխանատուները լիարժեք չեն պատկերացնում սոցիալ-տնտեսական հասունացող այս ճգնաժամը, որը շատ արագ կարող է վերափոխվել խորը ճգնաժամի և ամենավտանգավորն այն է, որ մեզ նման աղքատության բարձր չափանիշներ և սոցիալական բարձր լարվածություն ունեցող երկրում դրանք կարող են նաև անդառնալի հետևանքներ ունենալ»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ, տնտեսական հետևանքները կանխարգելելուն ուղղված չեն նաև պետական աջակցության ծրագրերը: «Ի սկզբանե մեր հրապարակներում, հորդորներում հստակ ասում էինք, որ պետությունը պետք է գործատուների հետ գտնի բանաձևը աշխատանքից զանգվածային ազատումները սահմանափակելու: Ոչ թե պետք է մարդիկ աշխատանքը կորցնեն և պետության աջակցությունը լինի այդ մարդկանց նպաստներ տալը, այլ պետք է թև ու թիկունք լինեին գործատուներին, կիսեին գործատուի բեռը, որպեսզի նա կարողանար պահել աշխատողներին, վճարեր հարկադիր պարապուրդը»,- ասաց նա՝ նկատելով, որ նման կերպ ՀՀ իշխանությունները չվարվեցին։
Այսօր էլ, ըստ Թադևոս Ավետիսյանի, իր մտահոգությունները չեն պակասում, քանի որ տեսնում է՝ ոչինչ չի փոխվել: Նա օրինակ բերեց հանրային սննդի ոլորտում տեղի ունեցողը:
«Որոշակի գործունեություն են ծավալում, կանոններ կան, բայց պարզ է, որ եղած սահմանափակումներով բիզնեսը կրում է վնասներ, որովհետև լիարժեք չեն կարողանում տնտեսվարել, իսկ դա բերելու է սնանկացման,- նշեց նա՝ հավելելով, որ բացի եղած սահմանափակումները բարձրաստիճան պաշտոնյաները մյուս կողմից էլ հորդորում են, որ մարդիկ չայցելեն հանրային սննդի օբյեկտեր,- մի կողմից էլ՝ հոգենական ճնշում է բանեցվում: Փոխանակ չթողնեին, որ աշխատեին, ունեցած ռեսուրսը վերջականապես չսպառեին, արյունաքամ չլինեին, թողեցին, որ աշխատեն՝ դրանով նրանց տանելով սնանկացման և խորը ճգնաժամի»:
Հայաստանի սահմանները փակ են աշխարհի համար՝ Եվրամիությունը, Վրաստանը, Իտալիան Հայաստանը ներառել են այն ցուցակում, որտեղ ներառված երկրների քաղաքացիները մուտքը արգելում են:
Դա էլ Թադևոս Ավետիսյանի խոսքով իր բացասկան ազդեցությունն է ունենալու մեր քաղաքացիների արտաքին տնտեսական գործունեության վրա:
«Իսկ դա մեր կայուն զարգացման հիմնական ուղղությունն է: Մենք՝ մեր փոքր շուկայով, զարգացման բազմաթիվ խնդիրներով աշխարհաքաղաքական բազմաթիվ մարտահրավերներով, սկսած Արցախյան հիմնախնդրից, վերջացրած փակ սահմաններով, աշխարհագրական դիրքով, ծով չունենալու պայմաններում ստիպված ենք ամեն ինչ անել արտաքին տնտեսական հարաբերություններ հաստատելու համար: Իսկ երբ քեզ թույլ չեն տալիս այլ երկրներ գնալ, չես կարող գոյատևել, քանի որ արտաքին տնտեսական գործունեությունը նշանակում է հանդիպումներ, բանակցություններ՝ առևտրային, ներդրումային: Բացի այդ՝ մեր երկրի շատ քաղաքացիները մեկնում են արտագնա օրինական աշխատանքի, իսկ այդ դեպքում վճարվում են հարկեր: Երբ բացառում են քո երկրի քաղաքացիների մուտքը դեպի իրենց երկիր, նշանակում է, որ այդ ուղղություններով չեն կարողանալու արտաքին տնտեսական գործունեություն ծավալել»,- ասաց նա:
Թադևոս Ավետիսյանը նաև նկատեց, որ բացի մեր քաղաքացիներին մուտք գործելը սահմանափակելուց, երկրները նաև իրենց քաղաքացիներին են կոչ անում մեր երկիր չայցելել, քանի որ բարձր ռիսկայնությամբ է:
«Այդ դեպքում էլ չենք կարող խոսել զբոսաշրջության զարգացման մասին,- ասաց նա,- այս ամենը արդեն շատ առարկայական խոչընդոտ է դառնալու հետագա ծրագրերի իրականացման համար՝ իր հետևանքներով: Մեկ-երկուսը գուցե կարողանան հաղթահարել խնդիրըները, բայց բոլորը չեն կարող: Կախարդական փայտիկներն էլ մինչև այս պահը չեն աշխատել»:
Հռիփսիմե Հովհաննիսյան
