Պետպարտքի բարձր աստիճան ունեցող երկրները ներդրումների ներգրավման առումով ռիսկային են
19 Փետրվար 2020 Հայաստանի hաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման ոլորտում որոշակի բացթողումներ ու ռիսկեր է հայտնաբերել, որը երեկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը։ Հաշվեքննիչ պալատի արձանագրած բացթողումների ու ռիսկերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ:Հաշվեքննիչ պալատի նշած փաստին, որ 2008-2018 թվականների ընթացքում պետական պարտքի ծավալը գրեթե կրկնապատկվել է և նախարար Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմանը, թե պետական պարտքի աճը վկայում է, որ երկրի նկատմամբ վստահությունը մեծացել է, տնտեսագետը պատասխանեց, որ երեք կետով, այն է՝ պետական պարտքի աճը բացարձակ թվով, ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ և այն, որ արդեն արտոնյալ պայմաններով չենք պետական պարտքը վերցնում, համադրելի դիտարկենք ամբողջության մեջ, ազդակը բացասական է: Նա պարզաբանեց, որ ունենալով որոշակի դրական մեսիջներ՝ այդուհանդերձ բացասական է:

«Դրականն այն է, որ այո, եթե պետական պարտքի չափը որոշակիորեն մեծանում է, կարելի է ինչ-որ տեղ դիտել, որ պետությանը, եթե դեռ պարտք տալիս են, ուրեմն, թերևս, կայունություն նկատում են, բայց ամենակարևորն այն է, որ պարտքն աճել է համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ, այսինքն՝ ՀՆԱ-ն ավելի դանդաղ է ավելացել, քան պետական պարտքը: Սա իրոք մտահոգիչ է, որովհետև պետական պարտքի ավելացումը ՀՆԱ-ի նկատմամբ թիրախավորվում է նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ արժույթի միջազգային հիմնադրամը վերին շեմեր է դնում, որ եթե 60 տոկոսից ավելի ՀՆԱ-ի մեջ ունես պետական պարտք, արդեն տնտեսությունը համարվում է այդ մասով ռիսկային: Սա մտահոգիչ է, և մենք վաղուց հասել և հատել ենք այդ մտահոգիչ շեմը»,- ասաց նա:
Բացի այդ տնտեսագետը նշեց, որ պետական պարտքի բարձր աստիճան ունեցող երկրները նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից են ռիսկային: «Քանի որ որքան բարձր է ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի տոկոսը, այնքան բարձր է ռիսկը դրա սպասարկման հետ կապված՝ տոկոսների վճարում, նաև մայր գումարի մարում: Եթե հանկարծ մենք ունենանք պարտքային ճգնաժամը, նման պայմաններում ֆինանսական շուկան ինքնաբերաբար կմտնի անկայունության փուլ: Կարճ ասած՝ պարտքի կառավարման ռիսկը, ռիսկ է ներդրումային ֆինանսական շուկայի համար: Սա չափելի բան է և անկախ նրանից՝ ով ինչ է ասում, ակնհայտ է, որ մենք այդ կարմիր գիծը՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը մենք անցել ենք»,- պարզաբանեց տնտեսագետը:
Ավետիսյանի համար մտահոգիչ է նաև այն, որ 2008-2018 թվականի ընթացքում ակնհայտ է, որ ՀՆԱ-ն ավելի դանդաղ է աճել: «Ցանկացած պարտք, պարտավորություն փոխատվական շուկայում երկու գործոնի ազդեցությամբ է՝ տոկոսադրույք և ռիսկայնություն: Այսինքն՝ եթե տոկոսադրույքը բարձրանում է, կարող ես թանկ ռեսուրսներ վերցնել: Այսինքն՝ այնպես չէ, որ եթե մեզ պարտք են տալիս, ապա մենք կայուն ենք: Եթե սկսեն մեզ բարձր տոկոսներով էլ պարտք չտալ, դա կլինի արդեն պարտքային ճգնաժամ: Երբ մենք ոչ արտոնյալ տոկոսադրույքներով էլ չկարողանանք պարտք վերցնել, կնշանակի, որ մեր երկրում միջազգային խաղացողների կողմից կգնահատվի պարտքային ճգնաժամ: Այսինքն՝ միանշանակ չես կարող ասել, որ եթե մենք կարողանում ենք պարտք վերցնել, մեզ պարտք են տալիս, ուրեմն մենք կայուն ենք դեռ»,- ասաց նա:
Նա նշեց, որ կարևոր հանգամանքի մասին չի խոսվում՝ ներգրավված պարտքերը որ ուղղություններով են օգտագործվել, արդյունավե՞տ են ծառայել, դրվե՞լ են դրանք երկրի կայուն զարգացման հիմքում, թե՞ ուղղակի ընթացիկ ծախսերն են ֆինանսավորվել: Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ 2018-2019 թվականներին կապիտալ ծախսերը պետական բյուջեում աննախադեպ թերակատարվել են և 2019-ին պետությունն իր կապիտալ ծախսերը 60 տոկոսով թերակատարել է: Նա նաև ընդգծեց, որ բյուջեի թերակատարում ունենալու պարագայում պետությունը հավելյալ պարտքեր ներգրավեց 2019-ին:
«Այսինքն՝ ձևավորվել են պետական պահուստներ, բայց միևնույնն է, տարվա վերջին տեսանք ընթացիկ պարտք, որը տրամադրվեց ոչ թե արտոնյալ, այլ համեմատաբար բարձր տոկոսներով: Սա նշանակում է, որ 2020 թվականին կայունություն չենք տեսնի և չենք տեսնի, որ հարկային եկամուտներն ավելանան: Ի վերջո, ստվերի կրճատումը կար, դա անվերջ փչվող փուչիկ չէ և ստվերի կրճատման հիմքով էլ նորից լրացուցիչ մուտքեր ակնկալելը իրական չի լինելու: Ըստ իշխանության՝ դրանք կաճեն և մենք ավելի մեծ ցուցանիշներ կունենանք, այդպես չէ և ակնհայտ է, որ 2020-ի համար ֆինանսական շատ հստակ տեսանելի ռիսկեր ունենք: Ուստի փորձել են եղած ռեզերվներն ավելացնել, որ կարողանան դիմակայել, կատարել նաև 2020 թվականի համեստ ցուցանիշները, որոնք բյուջեում են դրված, իսկ այնտեղ ընդամենը 4.9 տոկոս տնտեսական աճ է դրված»,- ընդգծեց տնտեսագետը:
Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի այն գնահատականին, որ պարտքի հետ կապված ռիսկ է այն, որ Հայաստանն այլևս աղքատ երկրների շարքին չի դասվում և չի կարողանում օգտվել արտոնյալ վարկերից, Թադևոս Ավետիսյանն ասաց, որ սա իրական ռիսկ է և անհրաժեշտ է շատ ավելի ուշադիր լինել արդյունավետության տեսանկյունից:
«Բնական է, որ այդպես պետք է լինի, եթե երկրում եկամուտներն ավելանում են, մեկ շնչի հաշվով որոշակի ցուցանիշներ բարելավվում են, արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերն այլևս հասու չեն լինում: Նման դեպքում, երբ արդեն շուկայական տոկոսադրույքով ես վերցնում, շատ ավելի երկար և խորքային մտածված պիտի լինի և ուղղություններն էլ են նեղանում ու չես կարող վերցնել օրինակ՝ ընթացիկ ծախսերի համար վարկ, այն պարզ պատճառով, որ այդ գումարը բավականին թանկ է սպասարկման տեսանկյունից: Այս դեպքում այդ գումարը պետք է ծախսես այնպես, որ ավելի մեծ էֆեկտ բերի կայուն զարգացման տեսանկյունից»,- շեշտեց Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ երբևէ ներքին աուդիտ չի անցկացվել պետական պարտքի մասով, տնտեսագետը հայտարարեց, որ դա ընթացիկ կառավարման և նաև համակարգային խնդիր է: «Պետք է հստակ համակարգ լինի, աուդիտի հստակ կանոնակարգումներով, չափանիշներով, որը ոչ միայն պիտի դիտարկվի որպես տեխնիկական մաս, այլ պիտի կապվի բուն նպատակի և դրա արդյունավետության հետ: Պետք է իրականացվի արդյունքների մոնիտորինգ, գնահատում և այստեղ համակարգ պետք է աշխատի: Աուդիտը պետք է դիտարկի, որ եկած միջոցներն արդյո՞ք արդարացված են և այդ վերլուծությունների արդյունքները պետք է հիմք լինեն՝ անհրաժե՞շտ է նորից պարտք վերցնել, ի՞նչ տոկոսադրույքով, որտեղի՞ց, ի՞նչ նպատակով, սա պետք է լինի հստակ եղած ռեսուսրների օգտագործման արդյունքի վրա»,- ասաց նա
Խոսելով Հաշվեքննիչ պալատի գնահատած ռիսկին, թե պետական պարտքի սահմանման առումով կա մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն, նա ասաց, որ համաձայն է և այստեղ որոշակիացման մասին է խոսքը: «Երբ խոսում ենք ցուցանիշների՝ արտաքին պարտքի, դրա չափի ու հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, աուդիտի մասին, առաջնային խնդիր է առաջանում, որ սահմանես, թե որն է դա և որն է դրա շրջանակը, այդ հասկացությունները որոշակի պետք է լինեն: Չպետք է նույն երևույթի նկատմամբ տարբեր գնահատումների ժամանակ ունենաս տարբեր ցուցանիշներ: Այդ ամբողջական համակարգը պետք է որոշակի սահմանվեն, հակառակ դեպքում այստեղ շատ ուղիղ ռիսկ կա, և կոպիտ ասած ոնց ուզես կարող ես «սղացնել», եթե որոշակի չի արտաքին պարտքի սահմանումը»,- հայտարարեց նա:
Հեղինակ Ամալյա Առաքելյան