Համամասնականով Փաշինյանը իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի
04 Ապրիլ 2021
Համամասնականով Փաշինյանը իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի. Արթուր Խաչատրյան
Փակ համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը իշխանություններին ձեռնտու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ապրիլի 1–ին խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով հանվեց ռեյտինգային ընտրակարգը եւ ներդրվեց փակ համամասնականը։
«Պարզ է, որ վարչապետն ու իր քաղաքական խմբակը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի առավելություն ստանան մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպես որ ինքն արեց 2018թ.–ին, որովհետեւ միայն ինքը գիտեր ընտրությունների օրը, մնացածը չգիտին, այդ նույն շղթայի մի օղակն է դատական իշխանության ուզուրպացիայի իրեն ենթարկելու փորձերը, ՏԻՄ–երում ղեկավարներ նշանակելը, պետական միջոցներով քարոզարշավ կազմակերպելը՝ ինչ տեղի ունեցավ, երբ Արմավիրի մարզում վարչապետը հայտարարեց, որ գյուղերից մեկում ասֆալտ են անելու։ Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրակաշառք, որի դեմ ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր, բայց իշխանավոր Փաշինյանը որոշել այդ արսենալը օգտագործել։ Փակ համամասնականը թույլ է տալիս վարչապետին իրեն ավելի լոյալ մարդկանց անցկացնել խորհրդարան, իսկ եթե ռեյտինգային լիներ, եւ որեւէ մարդ շատ ձայն հավաքեր, այդ դեպքում շատ դժվար կլիներ ասել՝ դիմումդ գրի, մի անցի խորհրդարան, այս դեպքում ինքն իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի»,– ասաց Արթուր Խաչատրյանը։
Որեւէ մեկը Փաշինյանին, կամ իր խմբակի մեկ այլ անդամին, իրավունք չի տալիս մեր ժողովրդի պատմական իրավունքները զիջել եւ մեր հիշողությունն ու ցավը ուրանալ․ ասաց Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի եւ վարչապետի՝ Թուրքիայի հետ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ մտցնելու վերաբերյալ հայտարարություններին։
«Երբ մենք ուժեղ ու միահամուռ էինք, թուրքերն ու ադրբեջանցիները չհանդգնեցին մեր դեմ պատերազմ սկսել։ Նրանք մեր դեմ պատերազմ սկսեցին, երբ ներքինից մենք թուլացանք, պետությունը սխալ ուղով գնաց, պետության ղեկին կանգնեցին մարդիկ, որոնք չունին ազգային իդեալներ, ազգային տեսլական, եւ հիմա մենք ասում ենք, որպեսզի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցենք, որտեղ մենք կկարողանանք ուժեղ դիրքերից խոսել, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Որեւէ մեկի մտքով չանցնի, թե զենքով կարող է գալ եւ հայի դեմ կռվել։ Շատ են շահարկում, թե դաշնակցությունը կողմ է պատերազմին, ոչ, դաշնակցությունն ասում է, որ եթե չես ուզում, որ պատերազմ լինի, պետք է պատերազմին պատրաստ լինես»,– ասաց Խաչատրյանը։
«Թշնամությունը ծագեց 1000 տարի առաջ, երբ թուրքերը Ալթայից ներխուժեցին Հայաստան, գրավեցին մեր քաղաքն ու գյուղերը, կոտորեցին մեր ժողովրդին, եւ շարունակեցին կոտորել սրանից մի քանի ամիս առաջ։ Ինչքան էլ, որ մենք ասենք՝ բարեկամություն, դրանից մենք բարեկամ չենք դառնա, իրենք պանթուրքիստական ծրագրեր ունեն։ Եթե մենք ուզում ենք, որ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորվեն, պետք է թուրքերը հասկանան, որ ով փորձի մեզ վատություն անել, քառակին կստանա։ Դա է միակ տարբերակը թուրքերի հետ խաղաղ ապրելու համար։ Ով սուրը բարձրացնի, սրով էլ կընկնի։ Մենք ունենք պատմական իրավունքներ, ինչը չի նշանակում, որ մենք վաղը թուրքերի հետ պատերազմ ենք սկսելու, դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակները եթե լինեն մեզ համար բարենպաստ, մենք մեր պատմական իրավունքներին տեր կկանգնենք։ Որեւե մեկը Փաշինյանին, կամ իր խմբակի մեկ այլ անդամին, իրավունք չի տալիս, մեր ժողովրդի պատմական իրավունքները զիջել եւ մեր հիշողությունն ու ցավը ուրանալ»,– ասաց Արթուր Խաչատրյանը։
Դաշնակցական գործչի համոզմամբ՝ նման մակարդակով հայտարարությունների նպատակը խամաճիկային պետություն ունենալն է։
«Խամաճիկ դառնալ թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքում։ Փորձում են ուրանալ ցեղասպանությունը, մեր իրավունքները…. Անտրամաբանական է մտածել, որ թուրքի առաջ ծնկի եկած մարդը կարող է վեր կենալ, շալվարը թափ տալ եւ հավասարը հավասարի հետ նստել եւ խոսել։ Պարտվածը պետք է գնա, գան նոր ուժեր, որոնք կարողանան հայ–թուրքական հարաբերությունները բերել որակական նոր հարթության վրա։ Երբեք հարաբերությունների բարելավում մեր շահի հաշվին չպետք է լինի։ Եթե թուրքերն ընդունեն Ցեղասպանությունը, վերացնեն դրա հետեւանքները, այո, իհարկե, հարաբերությունների բարելավում պետք է լինի»,– հավելեց նա։
