Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ հայրենիքի փրկության համար
29 Ապրիլ 2021
Օրեր առաջ մենք այստեղ էինք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու, մեր համակրանքը և աջակցությունը ցույց տալու մեր հպարտ և արժանապատիվ սյունեցիներին այն սյունեցիներին, որոնք պետության բացակայության պայմաններում պահպանում են սեփական հողը, պահպանում են պետականության հեղինակությունն ու արժանապատվությունը և երկրի ապագան. ասաց գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Այսօրվա ազգադավ իշխանություններին այսպիսի իրավունքների համար պայքարող քաղաքացի պետք չէ և բոլորս ականատես եղանք՝ ինչպես վարչապետի աթոռին սոսնձվածի հրամանով անմիջապես ձեռնարկվեցին միջոցառումներ և բերման ենթարկվեցին մեր հայրենակիցները:Այս իշխանությունները, որոնք դավաճանել են ազգային և պետական շահը ո՛չ օրենքի, ո՛չ իրավունքի արժեք չունեն և նրանք ուզում են լռեցնել այն ձայնը, որը պայքարում է հայրենիքի փրկության համար»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նա նաև շեշտեց՝ հնարավոր չէ լռեցնել դաշնակցության անդամներին նման քաղաքական հետապնդումներով:
«Մեզ հնարավոր չէ լռեցնել և երեկ դաշնակցության անդամներ՝ Իշխան Սաղաթելյանին, Տարոն Տոնոյանին և Արծվիկ Մինասյանին քննչական մարմինները ներկայացնում են ծանուցագրեր և, իհարկե, դա պատահականություն չէ և տեղավորվում է քաղաքական ճնշումներ և ռեպրեսիաներ իրականացնելու այս իշխանության փիլիսոփայության մեջ»,- նշեց նա:
Որպես խոսքի ամփոփում Լիլիթ Գալստյանը շեշտեց՝ դաշնակցականները չեն պատրաստվում լռել և պայքարելու են հանուն Հայաստանի փրկության:
«Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ հայրենիքի փրկության համար, ազգադավ իշխանություններից երկիրը փրկելու համար և պայքարում ենք ապագայի համար: 3 տարի այս իշխանությունները ուզում էին ուզումպացնել իշխանության բոլոր ճյուղերը, այդ նույն համառությամբ նրանք կազմաքանդում են նաև իրավական մարմիններին՝ խամաճիկային գործիք դարձնելով նրանց»,- նշեց Լիլիթ Գալստյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/3sWqUmBT_yA
