Միայն հզոր ՀՀ, Արցախ ու բանակ կերտելու դեպքում կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն
09 Մայիս 2021
Այսօր, մայիսի 9-ին ՀՅԴ պատվիրակությունը այցելել է Եռաբլուր նահատակաց պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ միայն հզոր ՀՀ, Արցախ ու բանակ կերտելու դեպքում կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն։
«30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց։ Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք։ Երբ հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-նշեց նա։
Այսօր մենք ժամը 16-ին միջոցառում ունենք, որտեղ երկու քաղաքական ուժերը եւ ՀՀ երկրորդ նախագահը կստորագրեն համագործակցության փաստաթուղթ:
Անդրադառնալով առաջին նախագահ լեւոն տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որը երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում էր դաշինք կազմել եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին, նա ասաց. «Մենք առաջին նախագահի հետ միշտ ունեցել ենք շատ էական , արմատական տարբերություններ ոչ միայն Արցախի խնդրի վերաբերյալ, այլ նաեւ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ:
Այն ուժերը, որոնք Հայաստանի ապագան տեսնում են որպես հզոր, անկախ պետականություն, որը կարող է պաշտպանել իր շահերը եւ իրականության դարձնել մեր ազգային տեսլականը, ապա այդ ուժերը ընտրություններից հետո էլ կարող են համագործակցել, պարտադիր չի գնան դաշինքով:
Մենք այլ բան էինք առաջարկում, որ ուժերը, որոնք պատրաստվում են ընտրությունների, հայտարարություն ստորագրեն, որ ընտրություններից հետո որեւէ դեպքում ազգադավ ուժերի հետ չեն համագործակցելու: Այդ դեպքում կապիտուլյանտ ռեժիմը չի վերարտադրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/WXaoi83NlVc