Չենք եկել այստեղ, որ կոմպլիմենտներ անենք․ Արթուր Խաչատրյան
18 Օգոստոս 2021
parliamentmonitoring.am-ի հարցազրույցը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
-Պարոն Խաչատրյան, խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունն ու քննարկումները ձգվեցին շուրջ երկու շաբաթ ։ Եթե ամփոփենք այս գումարման խորհրդարանի առաջին նիստերը, ինչպե՞ս կգնահատեք դրանք։
-Խորհրդարանական երկու շաբաթները, իրոք, շատ ծանր էին․ ձևավորվեց խորհրդարանի ղեկավար կազմը։ Տպավորություն ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը հրահանգ էր ստացել խոսել կառուցողականությունից, բայց իր քայլերով ու գործողություններով ապակառուցողական վարքագիծ էր դրսևորում։ Մասնավորապես, որևէ կերպ չցանկացան ականջալուր լինել այն պնդումներին, որ մեր երկու գործընկերներն ապօրինի են զրկված ազատությունից։ Նույնիսկ չցանկացան դատախազին հրավիրել Ազգային ժողով, որպեսզի նա մեկնաբանի, թե ինչ իրավունքով են պատգամավորները, առանց խորհրդարանի համաձայնության, գտնվում կալանքի տակ։
– ԱԺ կանոնակարգը սահմանո՞ւմ է այդպիսի ընթացակարգ։
-Այո, իհարկե։ Իհարկե, խորհրդարանը կարող է դատախազին կանչել և պարզաբանում, հաշվետվություն պահանջել։
Ձեր առաջին հարցի վերաբերյալ ուզում եմ շարունակել՝ ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է ամեն կերպ խուսափել Արցախի հարցի քննարկումից։ Այն պնդումները, որ լսում ենք մեծամասնության ներկայացուցիչներից, ուղղակի զավեշտալի են։ Ասում էին՝ Արցախի ու Հայաստանի միջև ինտեգրացիոն գործընթացները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, չենք ուզում Արցախի հարցը իջեցնել հանձնաժողովային մակարդակի, կա Արցախ-Հայաստան բարեկամության խումբ։
Այս հայտարարությունները դատարկ պատրվակներ էին Արցախի հարցը քննության առարկա չդարձնելու և Արցախի մասով Կառավարության գործունեությունը վերահսկողության տակ չպահելու համար։ Ես էլ իմ ելույթում ասացի՝ եթե Արցախ-Հայաստան ինտեգրացիան բարձր մակարդակի վրա է, առաջարկում եմ խորհրդարանական բարձրագույն մակարդակով այց կազմակերպել Արցախի Հանրապետություն սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը։ Տեսնենք՝ խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ խոսնակը ինչպես կարձագանքեն այդ առաջարկին։
-Ասում եք՝ պատրվակ էր, իրականում ի՞նչ խնդիր ունի մեծամասնությունը՝ չհամաձայնելու Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծմանը։
-Իրականում նրանք պարզապես չեն ցանկանում Արցախի հարցին անդրադառնալ, չեն ցանկանում, որ Արցախի հարցով կառավարության գործունեության մասին հանրությունն առավել տեղեկացված լինի։ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե ինքը Արցախի հարցի վերաբերյալ ժողովրդի թիկունքում որևէ համաձայնության չի գնա, նոյեմբերի 9-ին ապացուցեց, որ ճշմարտությունը, մեղմ ասած, աղճատել է, և հիմա էլ կա ռիսկ, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցում ժողովրդի թիկունքում կգնա համաձայնության։
Չեն ուզում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որպեսզի այդ հարցը հանրության քննարկման թեմա չդառնա։ Որովհետև եթե կա հանձնաժողով, ապա այն կարող է կառավարությանը կանչել քննարկման, կազմակերպել լսումներ, հարցը դարձնել հանրության սեփականությունը։
Առաջին երկու շաբաթների ընթացքում իշխանության պատգամավորները չարաշահեցին իրենց՝ թվաքանակով ավելի մեծ լինելը։ Արտահերթ ելույթների, մեկնաբանությունների իրավունքը նույնպես չարաշահվեց, ինչն էլ դահլիճում կրքերի բորբոքման պատճառ դարձավ։ Նույնիսկ իշխանական պատգամավորներից մեկը իրեն թույլ տվեց տեղից վեր կենալ ու սրընթաց դեպի դահլիճի կենտրոն գնալ։ Իսկ այդ վարքագիծը հրահրեց տհաճ միջադեպ, որին ականատես եղանք։
ԱԺ նախագահը նույնպես չարաշահեց իր լիազորությունները՝պարբերաբար նկատողություն, խիստ նկատողություն հայտարարելով։ Այս առումով երևի ռեկորդ է սահմանվել, ինչը, վստահ եմ, սեփական ուժերի նկատմամբ անվստահության նշան է։
Եվ ընդհանրապես, այդ մետաղորսիչները, անվտանգության աննախադեպ միջոցառումները, ԱԺ-ում անվտանգության ծառայողների մեծ քանակը տհաճ տպավորություն են թողնում։ Ուշագրավ է, որ անվտանգային այս աննախադեպ միջոցառումներն իրականացվեցին այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հայտնվեցին խորհրդարանում։
-Գուցե իսկապե՞ս վախենում են ձեր խմբակցությունից։
-Ես բացատրություն չունեմ։ Ճիշտ է, Հովիկ Աղազարյանը փորձել էր սրամտել և ասել էր՝ մեզ իրենցից ենք պաշտպանում։ Բայց, կարծում եմ, Աղազարյանը մի քիչ գերագնահատել է իր կարողությունները և դերը հայ իրականության մեջ։
-Դուք ասում եք՝ հրահանգ է իջեցվել լինել կառուցողական, մեծամասնությունն էլ ասում է՝ ձեզ են հրահանգել խորհրդարանում իշխանությանն անընդհատ մեղադրել՝ որակելով «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ» և այլն։ Ի դեպ, իշխանական պատգամավորները չեն թաքցնում, որ այդ որակումներից նեղվում են։
-Ես էլ նեղվում եմ, որ իրենք թշնամուն հող են տվել ու կապիտուլյացիայի են տարել երկիրը։ Իրենք սկզբում ասացին՝ վիրավորական որակումներ մի արեք, հետո միտքը փոխեցին ու ասացին՝ մի ասեք բառեր, որոնցից դիմացինը կարող է վիրավորվել։ Կներեք, բայց մենք չենք եկել այստեղ, որ դիմացինին կոմպլիմենտներ բաշխենք։ Այո, հողատու են, այո, կապիտուլյանտ են։
-Պարոն Խաչատրյան, նման միջավայրում ինչպե՞ս եք պատկերացնում եթե ոչ կառուցողական, ապա գոնե արդյունավետ օրենսդրական քննարկումները։
-Շատ դժվար հարց եք տալիս, կապրենք, կտեսնենք։ Բայց, այո, առանց այն էլ իրավիճակը շատ լարված է, իսկ նախագահողներն էլ իրենց, մեղմ ասած, ոչ բարձրորակ նախագահությամբ ավելի են լարում են իրավիճակը՝ անընդհատ միջամտություններով, նկատողություններ հայտնելով, արտահերթ ելույթներ ունենալով։
-Ի՞նչ եք կարծում, էթիկայի հանձնաժողովը ինչ-որ կերպ կզսպի՞ պատգամավորներին կամ կկանխի՞ նման իրավիճակները։
-Այո, իհարկե։ Եթե հաջողվի էթիկայի հանձնաժողով ստեղծել և հնարավոր լինի անաչառ քննել նման դեպքերը, այո, հանձնաժողովը կարող է զսպող գործոն դառնալ։ Եթե նեղվում են, որ պատգամավորների մի մասն ասում է Նիկոլ, թող դիմեն դատարան կամ պահանջեն էթիկայի հանձնաժողովի ստեղծում։
-Բայց իշխանությունն օգնեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն ընտրվեն խորհրդարանական մարմիններում։ Դա կառուցողական աշխատանքի հիմք չէ՞ր։
-Դա օգնություն չէր, և օգնության խնդիր էլ չկար։ Կա Սահմանադրություն, որն ասում է՝ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը և երեք հանձնաժողովի նախագահները պետք է լինեն ընդդիմությունից։ Այսինքն՝ եթե մեր թեկնածուներին չքվեարկեին, հարցը կգնար մինչև անվերջություն։ Փորձում են սա ներկայացնել որպես փոխօգնություն, որպես բարի կամքի դրսևորում, բայց Սահմանադրության իմպերատիվ պահանջն է։
Փորձեցին մեզ նաև պարտադրել, որ գնանք, ասենք՝ Իշխան Սաղաթելյանի համար այսքան ձայն տվեք, բայց մեր մոտեցումը չփոխվեց։ Պարտավորություն կատարելը չի կարելի ներկայացնել որպես մեծահոգություն։ Դա կեղծ թեզ է։
-Պարոն Խաչատրյան, շուտով Կառավարությունը ԱԺ է ներկայացնելու իր ծրագիրը։ Կարելի՞ է ասել, որ դուք ի սկզբանե դեմ եք նախատրամադրված ներկայացվելիք ցանկացած ծրագրի՝ որպես արմատական ընդդիմություն։
-Ոչ, իհարկե։ Եթե կառավարությունը բանական ծրագիր ներկայացնի, օրինակ, Արցախի հարցի վերաբերյալ, ինչո՞ւ պետք է դեմ լինենք։ Եթե բանական ծրագիր ներկայացնի տնտեսական վիճակի կարգավորման մասին, ինչո՞ւ պետք է դեմ լինենք։ Բայց հիմա իրենք պաշտպանվում են, ասում են՝ եղել է Քովիդ։ Միևնույն ժամանակ, հիշենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսը կարող է ընձեռել նոր հնարավորություն, օրինակ, Հայաստանը կարող է 30 մլրդի ապրանք արտադրել ու արտահանել համաշխարհային շուկա։ Հասկանում եք չէ՞, որ նման բան չեղավ։ Հիմա էլ ասում են՝ Քովիդը խոչընդոտ էր։ Դե թող կողմնորոշվեն՝ ի վերջո խոչընդոտ է եղե՞լ, թե՞ նոր հնարավորություն։
Դեմ քվեարկելը չի նշանակում, որ մենք եկել ենք՝ ամեն ինչին դեմ քվեարկելու համար։ Նշանակում է, որ համաձայն չենք վարվող քաղաքականությանը և թեկնածուներին։
