Արձագանք Սևրի պայմանագրին (101-ամյակի առթիվ)
19 Օգոստոս 2021
101 տարի առաջ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափար-պահանջը ստացավ իր իրավական ձևակերպումը։
Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի քաղաքական պահանջատիրության՝ միջազգային իրավապայմանագրային մարմնավորումը դարձան 1920 թ. օգոստոսի 10-ին, Անտանտի 13 պետությունների, Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև Փարիզի արվարձան Սևրում կնքված պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի կողմից քարտեզի վրա գծված ինչպես և նույն թվականի նոյեմբերի 22-ին հայ-թուրքական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթղթով ամրագրված անբեկանելի իրավարար (Arbitrage) վճիռը։ Առաջին աշխարհամարտից, Հայոց մեծ եղեռնից ու անկախ պետականության վերականգնումից հետո Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարի պայմանագրային ամրագրման փաստը նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց Հայկական հարցին։
Սևրի պայմանագիրը, ասել է թե՝ հայ ժողովրդի համար Միացյալ Հայաստանի տեսլականը, անխզելիորեն կապված է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու փոխհատուցման պահանջների հետ: Մոռացության մատնել Սևրը կնշանակի ըստ էության հաշտվել ու մոռացության մատնել նաև Հայոց ցեղասպանությունը:
Սևրյան իրադարձություններից մեկ դար անց, մեր ժամանակների աշխարհաքաղաքական մակընթացությունների ու տեղատվությունների պայմաններում ու հատկապես Արցախյան 44-օրյա ձախող պատերազմի հետևանքով մեզանում, հատկապես քաղաքական-իշխանական որոշ շրջանակների կողմից սերմանվող հոռետեսական տրամադրությունների պայմաններում, կարծում ենք, անկախ առաջացած դժվարություններից՝ տարածքների նոր կորուստ, մեծաթիվ զոհեր, շրջափակում, նոր պատերազմի սպառնալիքներ, ներքին դիմակայություններ, քովիդ կոչված հիվանդություն և այլն, հայ ժողովուրդն իրավունք չունի մոռացության մատնելու պատմականորեն ձևավորված իր արդար դատը՝ Արևմտահայաստանի մեր պապենական նահանգների պահանջատիրությունը, որը, ինչպես ասվեց, միջազգայնորեն ամրագրվեց Սևրի պայմանագրով և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռով: Հարկ է արձանագրել, որ դրանք միջազգային փաստաթղթեր են, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ և մինչ օրս միջազգային որևէ այլ փաստաթղթով անվավեր կամ չեղյալ չեն ճանաչվել: Սա նշանակում է, որ մենք իրավունքի ուժով պետք է շարունակենք մնալ մեր կորսված հայրենիքի վերադարձի պահանջատեր, պետք է շարունակենք բազմակողմ պայքարը մինչև վերջ՝ մեր հայրենի եզերքին տեր դառնալու համար: Եվ դա պետք է արտահայտվի ոչ միայն խոսքերով, կոչերով, քարոզչությամբ, փաստավավերագիր նյութեր հավաքելով ու համապատասխան գրականություն ստեղծելով, այլև միջազգային կառույցներում ու ատյաններում ազգովի ջանքեր գործադրելով, իսկ հարկ եղած դեպքում պետք է պատրաստ լինել նաև պայքարի: Յուրաքանչյուր հայ մտքով, հոգով և գործով պետք է ձգտի ու հասնի հայ ազգի նվիրական նպատակի իրականացմանը, ձգտի մեր ազգային-քաղաքական երազանքը դարձնելու իրականություն: Կրկին շեշտենք, որ Արցախյան վերջին պատերազմում ինչ-ինչ կառույցների ձախողումների պատճառով ունեցած անհաջողություններն ամենևին չեն նշանակում, թե մենք մոռացության պետք է մատնենք մեր պատմական արդար դատն ու իրավունքը՝ վերստին տեր դառնալու մեր բուն հայրենի տարածքներին:
Խորհրդային ժամանակներից և ոչ պակաս չափով նաև ներկա դժվարին ու լարված ժամանակներում մեր պարտված վիճակի հոգեբանական ծանր խորապատկերին տարածում է գտել մերժելի մտայնություն, որ եթե ուժդ չի պատում, մի՛ դիմիր մեծ, անիրականանալի պահանջների, այլ համակերպվի՛ր ու բավարարվի՛ր քո ունեցածով: Այլ խոսքով՝ ներկա պայմաններում շարունակվում է, գուցե ավելի բարձրաձայն, տուրք տրվել տերպետրոսյանական խաղաղասիրական-պարտվողական հայտնի թեզին՝ մոռացության մատնելու Հայ դատն ու պատմական հողերին տեր դառնալու երազանքային պահանջը և հաշտվելու հարևանների հետ: Նման տեսակետին կարելի է հակադարձել նրանով, որ եթե խոսքը հայրենի տարածքների կորստի, դրանց բզկտման ու իրար միջև բաժան-բաժան անելու մասին է, ապա, անկախ ունեցած ուժից ու հնարավորությունից, դրա դեմ արժանապատիվ երկիրն ու ազգը պետք է պայքարեն բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով: Եթե այսօր համակերպվենք եղած կորստի հետ, ապա վաղն արդեն նոր անդառնալի կորուստների ականատեսը կլինենք: Սա է ազգերի ու ժողովուրդների լինելիության մասին ճշմարտության փիլիսոփայությունը: Եթե անգամ այսօր կամ ժամանակային տվյալ փուլում հնարավոր չլինի մեր համազգային օրինական իրավունքները վերականգնել, ապա, չհամակերպվելով և լռելյայն չհաշտվելով հայկական տարածքների բռնագրավման (օկուպացման) փաստի հետ, պետք է մի կողմից շարունակել աշխատանքները միջազգային ատյաններում հայտարարությունների, հայտագրերի, բողոքների և այլ միջոցներով ու ձևերով, իսկ մյուս կողմից՝ իբրև պատգամ փոխանցել մեր ներկա և գալիք սերունդներին շարունակել ջանքերը՝ տեր դառնալու հայրենի եզերքին:
Միջազգային դիվանագիտության մեջ արդեն մեկուկես դար շրջանառվող Հայկական հարցի առանցքը եղել ու մնում է Արևմտյան Հայաստանի (Տաճկահայաստանի) ճակատագրի վճռման հարցը: Պատմական իրողությունն այն է, որ վերջին տասնամյակներին քաղաքականապես բուռն կերպով շրջանառվող և մեզ առավել հուզող Արցախյան հարցը չպետք է խառնել միջազգային ձևակերպում ստացած Հայկական հարցի հետ, թեև պատմական, աշխարհագրական, էթնիկ, մշակութային և այլ առումներով դրանց միջև կա ներքին հոգևոր կապ:
Արդի իրողությունների լույսի ներքո ընթերցողի մոտ ակամա կարող է հարց ծագել, թե ավելի քան մեկ դար առաջ արդեն ստորագրված (Թուրքիան չի ստորագրել) և Միացյալ և Անկախ Հայաստանի ձևակերպմամբ եզրույթ-պահանջը ներառած Սևրի պայմանագրին որ երկիրը առաջինը համապատասխան փաստաթղթերով պաշտոնապես դեմ արտահայտվեց և դրանով, փաստորեն, իր պաշտպանության տակ առավ Թուրքիային: Հիշեցնենք, որ Առաջին աշխարհամարտից հետո ծանր ժամանակներ ապրող Թուրքիայում, 1919 թ. երկրորդ կեսից՝ նրա անատոլիական մասում, Մ. Քեմալ փաշայի նախաձեռնությամբ գլուխ բարձրացրեց թուրքական ազգայնական քեմալական շարժումը, որն իր սուր ծայրերից մեկով ուղղված էր Հայկական հարցի դեմ: 1920 թ. հունվարի 28-ին թուրքական պառլամենտի (մեջլիսի) կողմից ընդունվեց, այսպես կոչված, «Ազգային ուխտը» (Misak-iMilli), որում նշվում էր Թուրքիայի անբաժանելիության մասին, և այն մեծապես ուղղված էր Հայկական հարցի դեմ : Եվ ահա, միմյանց ռազմավարական շահերի համընկնման հիման վրա, 1920 թ. ապրիլից տեղի ունեցավ միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի, ասել է թե՝ Լենին-Քեմալ մերձեցում, և կնքվեց դաշինք: 1920 թ. օգոստոսի 24-ին որպես հետևանք խորհրդա-թուրքական (Գ. Չիչերին-Բ. Սամի բեյ) մոսկովյան բանակցությունների (Սևրի պայմանագրից ուղիղ 14 օր անց) նախաստորագրվեց 8 կետանոց «բարեկամության» պայմանագիրը, որն իր սուր ծայրով ուղղված էր հենց Սևրի պայմանագրի չճանաչմանը, փաստորեն՝ հայ ժողովրդի իղձերի խորտակմանը : Այն հետո ամրագրվեց Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի (իրականում մարտի 18-ի) ռուս-թուրքական երկրորդ, այժմ արդեն «բարեկամության և եղբայրության» (Գ. Չիչերին-Յու. Քեմալ բեյ) պայմանագրում : Հետևանքն այն եղավ, որ Վ. Լենինի գլխավորած Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունն առաջինը ճանաչեց թուրքական «Ազգային ուխտը», իսկ շատ շուտով՝ 1920 թ. ամռան-աշնանը, ոսկով, զենք-զինամթերքով և այլ միջոցներով աջակցեց քեմալական բանակին, ինչի հետևանքով Հայաստանը ծանր պարտություն կրեց, նրա տարածքները բզկտեցին ու բաժանեցին միմյանց միջև, իսկ Սևրի մեծախոստում պայմանագիրն ու վիլսոնյան իրավարար վճռով ձևավորվելիք ավելի քան 160 հազար քառ. կմ տարածքով Միացյալ Հայաստանի պայմանագրային պահանջը մնացին օդից կախված ու անկատար: Կրկին ուզում ենք արձանագրել պատմական այն փաստը, որ Խորհրդային Ռուսաստանը առաջին երկրներից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ չի ճանաչել Սևրի պայմանագիրը, այդ թվում նաև՝ այդ պայմանագրի «Հայաստան» բաժնի 88-93-րդ հոդվածներով ներկայացված Միացյալ և Անկախ Հայաստանի տեսլականի իրագործումը : Իսկ հայ բոլշևիկ, ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանը Սևրի պայմանագիրը բնորոշել է իբրև «Թուրքիային ուժով պարտադրված երկրորդ ասիական Վերսալ»:
Վերադառնալով մեր ժամանակներին և ավելի քան մեկ դար առաջ ձևավորված Հայկական հարցը սևրյան ձևակերպմամբ դիտարկելով ռուս-թուրքական հարաբերությունների ներկա համապատկերում և համեմատելով այն մեր ժամանակներում Հայաստան-Արցախ հիմնահարցի առնչությամբ Ռուսաստան-Թուրքիա, ավելի կոնկրետ՝ Պուտին-Էրդողան քաղաքական-դիվանագիտական խաղերի հետ՝ դժվար չէ տեսնել որոշակի ընդհանրություն ու նմանություն մեկ դար առաջ և մեր օրերում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունների միջև: Այսպես՝ եթե այն ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքները բզկտելու հիմնական դերակատարը քեմալական Թուրքիան էր՝ Ք. Կարաբեքիր փաշայի բանակով, որը ծանր պարտության մատնեց Հայաստանին, ապա մեր ժամանակներում այդ դերակատարությունը ստանձնել է հիմնականում Թուրքիայի կողմից հովանավորվող ու սպառազինվող Ադրբեջանը: Եվ այդ ամենը տեղի է ունենում, իհարկե, ոչ բացահայտ, կարծես ՌԴ իշխանությունների թողտվության ու լուռ համաձայնության պայմաններում: Ադրբեջանը, արտաքին աջակցություն ստանալով, 44-օրյա պատերազմի հետևանքով տեր է դարձել Արցախի Հանրապետության տարածքի նշանակալի մասին, այդ թվում՝ մեզ համար Կարսի համարժեքը հանդիսացող Շուշի քաղաք-ամրոցին, Հադրութին և այլ շրջանների: Դա դեռ բավական չէ, հայ-ադրբեջանական պետական սահմանների ճշգրտման անվան տակ Ադրբեջանը փաստորեն ներխուժել է ՀՀ տարածք և Նախիջևանի երկրամասի հետ անմիջական սահմանային կապ հաստատելու նպատակով ու ինչ-ինչ ուժերի թողտվությամբ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Ակներև է, որ սա շատ մեծ վտանգներ պարունակող քաղաքական խաղ է, որին պետք է ազգովի պատրաստ լինենք դիմակայելու և հակահարված տալու: Այս կապակցությամբ սույն հրապարակման սկզբում նշել ենք պատմությամբ փորձարկված այն հայտնի միտքը, որ որքան զիջող ու համակերպվող ես լինում ազգային-պետական շահերի պաշտպանության հարցում, ժամանակի ընթացքում նույնքան և ավելի մեծ կորուստներ ես ունենում: Ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում: Ով կմտածեր, որ Ղարաբաղի հարցը «լուծելուց» հետո Ադրբեջանը, ըստ ամենայնի Թուրքիայի հովանավորությամբ, կհավակնի տեր դառնալու Սյունիքին, Սևանա լճին (ըստ իրենց՝ Գեոկչային) և նույնիսկ «Էրիվանին»՝ դրանք հայտարարելով ադրբեջանական պատմական տարածքներ:
Ամփոփենք: Չնայած արտաքին ու ներքին դժվարություններին՝ չպետք է երկրորդական պլան մղել ու մոռացության մատնել հայոց պատմության նվիրական էջերից մեկը համարվող Սևրի պայմանագիրը, նրա հիմնական իմաստն ու բովանդակությունը կազմող Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը՝ միշտ լավատես լինելով, որ մի հաղթական գեղեցիկ օր հնարավոր կլինի այն կյանքի կոչել: Պետք է քաջ գիտակցել, որ ավելի քան մեկդարյա Սևրի պայմանագիրը և ավելի քան 160 հազար քառ. կմ տարածք ընդգրկող Միացյալ Հայաստանի մասին միջազգային իրավական փաստաթղթերը առաջին հերթին վերաբերում են հիմնական պատասխանատու կողմին՝ Թուրքիային: Եվ դժվար չէ կռահել, որ մեր ժամանակներում Էրդողանի գլխավորած Թուրքիան, Անդրկովկասյան տարածաշրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի միջոցով քաղաքական, պատերազմական, սահմանային և այլ սադրանքներ, բախումներ ու պատերազմներ հրահրելով, բացի դեպի Արևելք ուղղված պանթուրքական նկրտումներից ու Անդրկովկասում հաստատվելու ռազմավարական պլաններից (ի դեպ, դրա արտահայտություններից մեկը կարելի է համարել այս տարվա ամռանը ցուցադրաբար Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, դաշինքը՝ իհարկե ի հեճուկս մեծ չափով նաև Ռուսաստանի ռազմավարական շահերի), նաև նպատակ է հետապնդում շեղելու Հայաստանի ու հայ ժողովրդի ուշադրությունն իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ ունեցած սևրյան պահանջ-իրավունքից:
Սույն հրապարակումից բխող մյուս հետևությունն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների առնվազն 100-ամյա փորձն ու դասերը փաստում են, որ երկկողմանի այդ մերձեցումը, չասենք դաշինքը, հիմնված նրանց ռազմաքաղաքական շահերի վրա, եղել է ժամանակավոր, արհեստական ու շինծու, քանզի ամեն անգամ, երբ Թուրքիան, լինի քեմալական թե էրդողանական, ստանալով Ռուսաստանի աջակցությունը, լուծում է իր ռազմավարական խնդիրները, այնուհետև առանց որևէ պարտավորություն զգալու քաղաքականապես շրջվում է դեպի Արևմուտք կամ մեկ այլ ուղղությամբ: Արդյոք այս անգամ Ռուսաստանը անհրաժեշտ հետևություններ կանի՞: Մեր կարծիքով՝ ահա սա է Սևրի պայմանագրի 101-ամյա խորհուրդը:
Արարատ Հակոբյան
պատմ. գիտ. դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
