Հայաստանը միջազգային դիվանագիտական փաստաթղթերում. բախտորոշ պայմանագրեր
19 Օգոստոս 2021
Իր պատմության տարբեր շրջափուլերում Հայաստանը հայտնվել է հակամարտությունների ու պատերազմների թատերաբեմում, երբեմն էլ երկու կամ ավելի պետությունները իրենց հակասությունները հարթել են Հայաստանի հաշվին գործարքներ կնքելով: Մեր պատմության ընթացքում բազում անգամներ օտարները կնքել են փաստաթղթեր, ըստ որոնց` մեր ճակատագիրը տնօրինվել է այլոց կողմից: Այդ փաստաթղթերի մի մասը Հայաստանի բաժանման վերաբերյալ պայմանագրերն էին, որոնցով Հայաստանի արևելյան ու արևմտյան մասերը տարբեր ժամանակներում բաժանվել են երկու կամ ավելի պետությունների միջև: Հայաստանը այլ պետությունների միջև բաժանվել է առնվազն հինգ անգամ՝ 387 թ.՝ Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև, 591 թ.՝ Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև, 1555 թ.` Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, 1639 թ.` Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, 1921 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի միջև:
Հայաստանի կամ գոնե նրա արևելյան հատվածի համար ոչ պակաս ճակատագրական էին 1812-1813 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո կնքված ռուս-պարսկական պայմանագրերը, որոնցով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին:
Այսպես` 1813 թ. հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: «Համաձայն այս պայմանագրի` Պարսկաստանը Ռուսաստանին զիջեց Դերբենտի, Ղուբայի, Բաքվի, Շիրվանի, Շաքիի և Ղարաբաղի խանությունները: Այսրկովկասի ամբողջ տարածքը, բացառությամբ Երևանի ու Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Մեղրիի, անցավ Ռուսաստանին» : Կարճ ժամանակ անց բռնկված ռուս-պարսկական նոր պատերազմի հետևանքով 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները, Արևելյան Պարսկաստանի կազմում մնաց Մեծ Հայքի նահանգներից միայն Պարսկահայքը, պարսկահայությանը թույլատրվեց տեղափոխվել Ռուսական կայսրության տարածք, ինչի հետևանքով մոտ 40-50.000 պարսկահայեր տեղափոխվեցին Արևելյան Հայաստան:
Իսկ ի՞նչ տվեց արևելահայությանը Ռուսաստանի տիրապետությունը: Չնայած Ռուսաստանի վարած և տարիների ընթացքում առավել խստացվող գաղութային քաղաքականությանը` այնուամենայնիվ չենք կարող չարձանագրել, որ «Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի նվաճումը դրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանի որ վերջինս ազատագրվեց պարսկական լծից: Պարսկաստանի տիրապետության տակ հայերը զրկված էին ոչ միայն նյութական ապահովությունից, այլև կյանքի տարրական պայմաններից: Արևելյան Հայաստանում հայերի թիվն ավելի փոքր էր, քան մուսուլման բնակչությանը: Ռուսաստանին միավորվելուց հետո Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից հայերի գաղթի արդյունքում այս վիճակը փոխվեց: Մինչև Ռուսաստանին միանալը Արևելյան Հայաստանում հայերը ազգաբնակչության 33,8 տոկոսն էին, թուրքերը` 49,7 տոկոսը, քրդերը՝ 16 տոկոսը: 30-ական թվականներին հայերը ազգաբնակչության 58,8 տոկոսն էին, թուրքերը` 34,4 տոկոսը, քրդերը՝ 6,6 տոկոսը» :
Այս ամենից բացի` ռուսական տիրապետության շրջանում, երբ հայերը ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն ստացան, աստիճանաբար բարձրացավ արևելահայության կրթական մակարդակը, արևելահայ երիտասարդները տարիների ընթացքում սկսեցին ուսանել նախ ռուսաստանյան, ապա եվրոպական առաջատար բուհերում` իրենց հետ հայկական շրջանակներ բերելով ավելի առաջադիմական և լուսավոր գաղափարներ:
Բավականաչափ կրթված ու գիտակից արևելահայությունը սկսեց հակվել Արևմտյան Հայաստանը ևս Ռուսական կայսրությանը միացնելու և Օսմանյան կայսրության տիրապետության տակ ստրկացած արևմտահայությանը կյանքի անմարդկային պայմաններից դուրս բերելու մտքին: Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանի տարածքներին, ապա դրանք ռուս-թուրքական մի քանի պատերազմների ընթացքում ու կնքված պայմանագրերով ձեռքից ձեռք անցան:
Հայաստանը միջազգային դիվանագիտական փաստաթղթերում հայտնվեց 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, մասնավորապես` Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովներում: Այս երկու վեհաժողովների փաստաթղթերով միջազգային դիվանագիտության ասպարեզ մտավ Հայկական հարցը, ինչը ճակատագրական նշանակություն ունեցավ հայության համար:
Ահա թե ինչ էր նախատեսում Հայաստանի համար Սան Ստեֆանոյի պայմանագիրը. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի` տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»:
Սան Ստեֆանոյի պայմանագրով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարենորոգումներ կատարել Արևմտյան Հայաստանում, իսկ Կարսը, Արդահանը, Ալաշկերտի հովիտն ու Բայազետը անցնում էին Ռուսաստանին: Հիշյալ պայմանագրով Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը անհանգստություն պատճառեց Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Վերջիններիս պահանջով և Օտտո Բիսմարկի նախաձեռնությամբ Բեռլինում գումարվեց վեհաժողով` Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար:
Բեռլինի վեհաժողովում Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխվեց 61-րդի և վերաձևակերպվեց այսպես. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը» : Անգլիայի պահանջով Թուրքիային վերադարձվեցին Ռուսաստանի կողմից գրավված Էրզրումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին Կարսը, Արդահանը և Արդվինը, որոնցից էլ կազմվեց Կարսի մարզը, որը գոյություն է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:
1912-1914 թթ. ընթացքում մեծ պետությունների կողմից կազմվեց և ներկայացվեց հայկական բարենորոգումների փաթեթ, որը ստորագրեցին Օսմանյան կայսրությունը (ներկայացուցիչ՝ մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշա) և Ռուսաստանը: Փաթեթով առաջարկվում էր հայկական վեց վիլայեթներից կազմել երկու մեծ նահանգ, որոնք լինելու էին եվրոպական տեսուչների վերահսկողության ներքո, որոնց հանձնարարված էր հայ բնակչության խնդիրների լուծումը: Հայ ժողովրդի բախտը, սակայն, այս անգամ էլ չբերեց. 1914 թ. պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, և հոկտեմբերին պատերազմի մեջ մտած Օսմանյան կայսրությունը չեղյալ հայտարարեց հայկական բարենորոգումների ծրագիրը: Մինչ այդ բարենորոգումների իրականացման ուղղությամբ որոշակի քայլեր արդեն կատարվել էին. «1914 թվի գարունը և ամառը անցան բարենորոգումների գործի կազմակերպման աշխատանքներով: Պետությունների առաջարկած թեկնածուներից Բ. Դուռը ապր. 2 (15)-ին ընդհանուր քննիչներ ընտրեց հոլանդացի Վեստենենկին և նորվեգացի Հոֆին և մայիսի 10 (23)-ին ստորագրեց նրանց հետ վերջնական պայմանը: Նախնական անհրաժեշտ աշխատանքները իրականացնելուց հետո Հոֆը մեկնեց իր պաշտոնատեղին` Վան. կարճ ժամանակից հետո պիտի մեկներ և Վեստենենկը: Ճիշտ է` թուրք կառավարությունը և Իթթիհատը չէին թաքցնում իրենց դժգոհությունը հայերից և անհամաձայնությունը բարենորոգումների ծրագրի հանդեպ: Ճիշտ է` ճանապարհին և Վանում թուրք իշխաններն ու հասարակությունը թշնամանքով ընդունեցին Հոֆին, իսկ Վանում թուրք պաշտոնյաները նույնիսկ հրաժարվեցին նրան ենթարկվել, բայց և այնպես «բարենորոգումները սկսել էին գործադրել», իսկ այս ինքնին արդեն կարևոր նվաճում էր համարվում» :
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի վերաբերյալ պայմանագրերը հիմնականում կնքվում էին առանց Հայաստանի մասնակցության: Այդ առումով բացառիկ էր Սևրի պայմանագիրը, որը թերևս միջազգային միակ հայանպաստ փաստաթուղթն է, որի կնքմանը մասնակցել է նաև Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն:
Սևրի պայմանագիրը կնքվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, որի հիման վրա նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հրապարակում է իր իրավարար վճիռը, որի համաձայն` այդ պահին 70.000 քառ. կմ տարածք զբաղեցնող Հայաստանի Հանրապետությանը միացվելու էին տարածքներ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից, և ՀՀ տարածքը կազմելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ:
Սևրի պայմանագրի` Հայաստանին վերաբերող կետերն ու Վիլսոնի իրավարար վճիռը, սակայն, մնացին թղթի վրա: 1920 թ. դեկտեմբերի 2-ին բոլշևիկա-թուրքական խարդավանքների սարդոստայնն ընկած Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացավ, ու թեև Հայաստանի խորհրդայնացման պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը մինչև 1920 թ. սեպտեմբերի 27-ը եղած սահմաններում, այնուամենայնիվ, խորհրդային իշխանությունը, ինչպես պարզվեց հետագայում, դրժեց իր խոստումը` հերթով խախտելով երևանյան համաձայնագրի բոլոր կետերը:
Հայաստանի և հայության համար ճակատագրական էր 1921 թ. մարտի 16-ին (իրականում 18-ին) կնքված ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» պայմանագիրը, որը ինչ-որ առումով կարելի է համարել նաև Հայաստանի հինգերորդ բաժանման պայմանագիր, քանի որ այդ պայմանագրով ոչ միայն Խորհրդային Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի անունից հրաժարվեց Սևրի պայմանագրից, այլև փաստացի ճանաչված Հայաստանի Հանրապետության 70.000 քառ. կմ ինքնիշխան տարածքը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև` Հայաստանին թողնելով մոտավորապես 30.000 քառ. կմ տարածք: Առանց Հայաստանի մասնակցության կնքված, բայց, ըստ էության, Հայաստանի ճակատագիրը որոշած Մոսկվայի ապօրինի պայմանագրի առաջին հոդվածով սահմանվում էր. «Կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայն է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով հարկադրեն ընդունել: Ռուսաստանի կառավարությունը համաձայն է չճանաչել Թուրքիային վերաբերող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության չճանաչած որևէ միջազգային ակտ» :
Դժվար չէ կռահել, որ այս կետը վերաբերում էր նաև Սևրի պայմանագրին և դրանից բխող Վիլսոնի իրավարար վճռին: Պայմանագրի նույն հոդվածով սահմանվում էր. «Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից` անցնում է Խեդիսմթա սարի վրայով, առաջանում Շավշետ սարի և Կաննի դաղի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետև` անցնում Արդահանի ու Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ` Արփաչայ և Արաքս գետերի հնահունով` մինչև Ստորին Կարասուի գետաբերանը» : Սա նշանակում էր, որ Թուրքիային էր անցնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության Կարսի մարզը, այլ նաև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում: Իր բաժինը պոկելուց հետո, Թուրքիան պահանջեց, որ Նախիջևանի մարզը դրվի Ադրբեջանի հովանավորության տակ: Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանվում էր, որ Նախիջևանի մարզը պետք է որպես ինքնավար տարածք անցնի Ադրբեջանի «խնամակալության» ներքո` պայմանով, որ Ադրբեջանը այդ խնամակալությունը չի զիջի երրորդ պետության, իսկ այդ «երրորդ պետությունը» Հայաստանն էր:
Նման պահանջը պայմանավորված էր Թուրքիայի առ այսօր շարունակվող պանթյուրքիստական նկրտումներով: Պանթյուրքիզմի նպատակը «Մեծ Թուրանի» ստեղծումն է, որի ճանապարհին որպես սեպ խրված է Հայաստանը: Նախիջևանի` Հայաստանին չպատկանելը ապահովում է Թուրքիայի կապն Ադրբեջանի հետ, և կարելի է ասել, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիան իրականություն կդարձներ իր պանթյուրքիստական ծրագրի սկզբնական մասը, մանավանդ որ կարճ ժամանակ անց մի անօրինական որոշմամբ Ադրբեջանին միացվեց նաև հայկական Արցախը: Մնում էր Զանգեզուրը, որի` Ադրբեջանին միացվելու դեպքում պանթյուրքիզմի առաջին մասը կարելի կլիներ իրականացված համարել, բայց Զանգեզուրի պաշտպանները Նժդեհի գլխավորությամբ խառնեցին պանթյուրքիստների ծրագրերը՝ հերոսական պայքար մղելով այնքան, որ ի վերջո խորհրդային կառավարությունը տեղի տվեց, և Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում: Այդպիսով Հայաստանը փրկվեց լիակատար օղակումից ու աստիճանական ոչնչացումից: Մոսկվայի պայմանագրից է բխում 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիրը, որը ստորագրել է նաև Խորհրդային Հայաստանը:
1921 թ. Մոսկվայի բոլշևիկա-քեմալական ու դրան հաջորդած Կարսի պայմանագրերով գծվեց հայ-թուրքական ներկայիս սահմանը, իսկ Նախիջևանը, որը Ադրբեջանի հետ ցամաքային անմիջական կապ չուներ, «ինքնավար մարզի» կարգավիճակով կցվեց Ադրբեջանին:
Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարևոր մի պայմանագրի կողմ հանդիսացավ իր խորհրդայնացումից մոտ 74 տարի անց՝ 1994 թ. մայիսի 12-ին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հանրապետությունների միջև կնքվեց անժամկետ հրադադարի պայմանագիր: Հատկանշական է, որ այդ փաստաթղթում դրված է մինչ օրս չճանաչված Արցախի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը: Հրադադարի պայմանագրում, որը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մասնավորապես նշվում է. «Արձագանքելով Բիշքեքում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված` կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին`
1. Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:
Մայիսի 12-ին մինչև 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատիպ փաստաթղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:
2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին` մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:
3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:
4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:
Հրադադարից 19 տարի անց իրենց տեսակետներն են հայտնում 1994-ի քաղաքական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչները» :
Եվ չնայած զինադադարի պայմանագրի վերաբերյալ հակադիր տեսակետներին` Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը այն կնքել էին որպես հաղթող պետություններ, մեր կարծիքով, անհարկի մեծահոգություն դրսևորելով ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ և նրան ավելի ծանր պայմաններ (եթե ոչ կապիտուլյացիա) չպարտադրելով, ինչը, գտնում ենք, Հայաստանի այդ օրերի իշխանության դիվանագիտական մեծագույն ձախողումն էր, ինչը, ինչպես հարկն է, չամրապնդեց մարտադաշտում տարած մեծագույն հաղթանակը: Ինչևէ, որոշակի խախտումներով զինադադարի պայմանագիրը գործեց մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ, որը կանգնեցվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված` հրադադարի մասին համաձայնագրով, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն 1994 թ. մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի՝ Արցախի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ, և, ի տարբերություն մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը դրեց ծանր դրության մեջ, Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի 75 %-ը, որի մեծ մասը թշնամուն պարզապես հանձնվեց: Այդ փաստաթղթում սահմանված է հետևյալը.
«1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը» :
Ինչպես տեսնում ենք, կնքված համաձայնագիրը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից` որոշակիորեն շոշափելով նաև ՌԴ շահերը: Կուզեինք ընդգծել հատկապես հետևյալ հատվածը. «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»: Սա նշանակում է, որ Զանգեզուրի (Մեղրիի) ճանապարհը Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ բացելուց հետո (առանց որի հնարավոր չէ Ադրբեջանին տրանսպորտային ճանապարհ տրամադրել) Թուրքիան առավել, քան երբևէ, կմոտենա իր պանթյուրքիստական ծրագրի իրագործմանը, և եթե ավելի քան մեկ դար առաջ` 1918 թ. մայիսին, հայ զինվորականության վճռականության և դիկտատոր Արամ Մանուկյանի նվիրումի ու տքնաջան աշխատանքի, այնուհետև Նժդեհի գլխավորած Զանգեզուրի հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ վիժեցվեց պանթյուրքիզմը, ապա այսօր նաև Հայաստանի ղեկավարության հանցավոր անտարբերության ու դավաճանական պահվածքի պատճառով Թուրքիան իրականացնում է այն, ինչը չէր կարողացել անել ավելի քան 100 տարի, ծրագիր, որի իրագործմանը ոչ միայն չի խանգարում, այլ նաև ցավալիորեն օժանդակում է Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը, և հայության համար կործանարար հետևանքներ ունեցող այս ծրագիրը թերևս հնարավոր կլինի վիժեցնել հայ քաղաքական ղեկավարության փոփոխությամբ և զինվորականության կողմից ձեռնարկվելիք վճռական քայլերով: Այս անգամ ևս կհաջողվի՞ արդյոք հայ զինվորականությանը փակել պանթյուրքիզմի ճամփան և ապահովել Հայաստանի գոյությունը, կախված է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումից և սպասվող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններից:
_____________________________________________________
Ծանոթագրություններ
1. Մկրտումյան Լ. Ա., Հայոց պատմություն, Եր., 2016, էջ 220:
2. Նույն տեղում:
3. http://www.historyofarmenia-am.armin.am /am/Encyclopedia _of _armenian _history _San _Stefanoyi _paymanagir 1878.
4. Կիրակոսյան Ա. Ջ., Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք), Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2006, էջ 8:
5. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 6:
6. Նախիջևանը՝ Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային. Մարտ 16, 1921, https://www.aniarc.am/2019/03/16/march-16-1921-russo-turkish-treaty/:
7. Նույն տեղում:
8. https://bit.ly/3lF1GjX.
9. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.
Օգտագործված գրականության ցանկ
ա) Գրականություն
1. Կիրակոսյան Ա. Ջ., Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք), Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2006:
2. Մկրտումյան Լ. Ա., Հայոց պատմություն, Եր., 2016:
3. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
բ) Համացանցային նյութեր
1. http://www.historyofarmenia-am.armin.am /am/Encyclopedia _of _armenian _history _San _Stefanoyi _paymanagir 1878.
2. Նախիջևանը՝ Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային. Մարտ 16, 1921, https://www.aniarc.am/2019/03/16/march-16-1921-russo-turkish-treaty/:
3. https://bit.ly/3lF1GjX.
https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.
Անի Մելքոնյան
